Նյութերին ծանոթացավ եւ զրուցեցՙ ՀԱՍՄԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ
Վայոց Ձորի Ջերմուկ առողջարանային քաղաքից մոտ 10 կմ հեռավորության վրա է գտնվում Ամուլսարը, որտեղ 2006 թվականից սկսած երկրաբանահետախուզական աշխատանքներ է իրականացնում բրիտանական «Lydian International» ընկերության «Լիդիան Արմենիա» ենթաընկերությունը: Վերջինս նշված սարի ընդերքում հայտնաբերել է ոսկի, որի հաշվեկշռային պաշարները նախնական տվյալներով հասնում են ավելի քան 70 տոննայի:
Նշված տեղանքում հանքարդյունաբերական միջազգային ներդրումային խոշոր ծրագիր իրականացնելու, ոսկու, ինչպես նաեւ թանկարժեք այլ մետաղների պաշարները կորզելու նպատակով բիտանական «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության «Լիդիան Արմենիան» ընկերությունը խոստանում է Հայաստանում (2016-2018 թթ.) ներդնել 370 միլիոն դոլար` զուգահեռաբար (տասը տարվա ընթացքում) ստեղծելով նաեւ 700 աշխատատեղ:
– Ամուլսարի հանքի շահագործումը ի՞նչ ազդեցություն կունենա Ջերմուկ առողջարանային քաղաքի, նրան հարակից տարածաշրջանի բնակչության առողջության եւ շրջակա միջավայրի վրա:
Այս եւ թեմային առնչվող մյուս հարցերի պատասխանները փորձեցինք պարզել ՀՀ ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի եւ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարության գիտնականներից եւ մասնագետներից: Վերջինները սկզբում սիրով հանձն առան աջակցել, իսկ հետագա օրերին ինչ-ինչ պատճառաբանություն-պատրվակներով հրաժարվեցին հանդիպել եւ պատասխանել «Ազգ»-ի ներկայացրած հարցերին:
Իմանալով, որ Ամուլսարի հանքավայրը մինչեւ անցած տարեվերջ եղել է ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի բաժնի վարիչ, գլխավոր գիտաշխատող, երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր երջանակահիշատակ Հրաչյա Ավագյանի ուսումասիրությունների դիտակետում, որոշեցինք դիմել նրա այրուն` տիկին Մարիա Գաբրիելյանին : Տիկինը սիրով մեզ տրամադրեց Հ. Ավագյանի «Ամուլսարի ոսկու հանքավայրը», «Ամուլսարի ոսկու «հանքավայրի կորզաթափոնների» եւ դրանց էկոլոգիական հետեւանքների գնահատումը» գիտական աշխատությունները, ինչպես նաեւ նշված տեղանքի հանքավայրի աշխատանքների հետ կապված մյուս ձեռագիր ուսումնասիրությունները: Վերոնշյալ նյութերը լիովին օգնեցին գտնել մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները, որոնք ներկայացնում ենք ընթերցողին:
– Ըստ Հ. Ավագյանի, Ջերմուկը, որն իր հանքային աղբյուրների շնորհիվ համարվում է ֆիզիոթերապեւտական միջոցներով (արեւ, լույս, օդ, ջուր) բուժման բարձր վարկանիշ ունեցող կենտրոն, Ամուլսարի հանքավայրի շահագործումից հետո կկորցնի առողջարանային գոտի լինելու համարումը:
Ոսկու հանքի շահագործման, պայթեցում-ցնցումների հետեւանքով առաջին հերթին կանհետանան, կոչնչանան Ջերմուկի ջրի աղբյուրները, որոնք իրենց բաղադրութամբ եզակի համարում ունեն աշխարհում եւ համարժեք են Չեխիայի Կառլովի Վարիի ջրերին: Դրա հետեւանքով կտրուկ կնվազի բուժում ստացողների եւ զբոսաշրջիկների թիվը, իսկ սպասարկման ոլորտում աշխատող բնակչության մեծամասնությունը կմատնվի անգործության: Բացի դրանից, ապրուստի միջոցներից կզրկվեն հանգստացողներին մի քանի ամսով իրենց տները վարձով տրամադրող տեղացիները:
– «Այնպես որ, եթե վերոնշյալ հանքավայրը շահագործվի, ապա պետք է խաչ քաշենք առողջարանային կենտրոն համարվող Ջերմուկի կենսագրության վրա, որը Հայաստանի յուրահատուկ գեղատեսիլ վայրերից մեկը լինելուց բացի նաեւ եվրոչափորոշիչներով կառուցված միակ առողջարանն է եւ համարվում է նաեւ ընտանեկան հանգստի գոտի», – իր աշխատությունում նշել է Հ. Ավագյանը:
Այսօր համայնքի բնակչությունը, որը դեռեւս ունի ընտրության երկու ուղի` դառնալ զբոսաշրջության կամ հանքարդյունաբերական կենտրոն: Ըստ Հ. Ավագյանի, բնակչությունն ընտրել է առաջին տարբերակը: Այդ նպատակով ջերմուկցիները բազմաթիվ անգամ հավաքվել եւ իրենց խոսքն են ասել այս ծրագրի կասեցման վերաբերյալ` իրականացնելով նաեւ ստորագրահավաք:
Կառավարությունը դեռեւս 2008 թվականին որոշում է ընդունել Ջերմուկը ճանաչել որպես զբոսաշրջության կենտրոն: Հիմա այդ որոշումն ու Ամուլսարի հանքավայրի շահագործումը հակասում են իրար` ի չիք դարձնելով այդ որոշումը:
«Այն, ինչ նախատեսվել է հանքի շահագործումով իրականացնել, հանցագործություն է ոչ միայն Ջերմուկի, այլեւ Սեւանա լճի էկոհամակարգերի նկատմամբ, որտեղ կուտակված են մեր քաղցրահամ ջրերի պաշարները»,- գրել է Հ. Ավագյանը:
– Ամուլսարի հանքի շահագործումը ի՞նչ ազդեցություն կունենա տարածաշրջանի կենդանական եւ բուսական աշխարհի վրա:
– Ըստ գիտնականի նյութերի, «Լիդիան Արմենիան» ընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ հանքավայրի շահագործման համար օգտագործելու է ցիանիդի լուծույթ, որի ներգործությունը, ըստ փորձագետների, վտանգավոր է հատկապես վերին շնչուղիների համար: Բացի դրանից, ոսկու կորզումից առաջանալու են կապարի էլեմենտներ, որոնք կնպաստեն հատկապես քաղցկեղային, սրտանոթային հիվանդությունների ու հետծննդյան արատների ավելացմանը:
Ոսկու պաշարների հետ կան նաեւ թանկարժեք եւ ծանր մետաղներ` կոբալտ, պղինձ, երկաթ, նիկել, սնդիկ, ցինկ, վոլֆրամ, բիսմուտ, քրոմ, ինչպես նաեւ վնասակար թունավոր տարրեր` մկնդեղ, սելեն, տելուր, բերիլիում, կադմիում, որոնք հանքաշահագործման ընթացքում դուրս կբերվեն ընդերքից: Մնալով կորզաթափոնների մեջ, դրանք հետագայում կաղտոտեն- կվտանգեն ինչպես շրջակա միջավայրը, այնպես էլ կենսառեսուրսներն ու էկոհամակարգերը:
Ամուլսարի հանքի բաց եղանակով պայթեցումների ժամանակ, (քաղաքաշինությանը հասցվելիք հնարավոր վնասներից բացի), անխուսափելի է նաեւ ծանր եւ վտանգավոր մետաղներից առաջացող հանքային փոշին, որի էլեմնենտները մթնոլորտային օդի հոսքերի եւ քամիների միջոցով կտեղափոխվեն մինչեւ Ջերմուկ եւ հարակից բնակելի տարածքներ` ճանապահին «հանգրվանելով» նաեւ արոտավայրերի, խոտհարքերի, արտերի բուսականության վրա` դրանց միջոցով ներթափանցելով կենդանական աշխարհ:
Բացի դրանից, հանքարդյունաբերությունը բացասական ազդեցություն կունենա ինչպես համայնքներում արտադրվող սննդամթերքի շուկայական վարկանիշի, այնպես էլ բնակիչների տնտեսության վրա` նվազեցնելով նաեւ վերջիններիս կենսապահովման այլընտրանքային հնարավորությունը:
Նշեմ, որ անկախ փորձագետների հավաստմամբ` տարածաշրջանում կբարձրանա նաեւ ռադիոակտիվ ֆոնի մակարդակը` վնասելով «ՀՀ Կարմիր գրքում» գրանցված բուսական ու կենդանական աշխարհի տեսակներին, որոնց առկայության պարագայում, ըստ օրենքի, ոչ մի հանքարդյունաբերություն նշված տեղանքում չպետք է իրականացվի: Իսկ ինչ վերաբերում է ծրագիրն իրականացնողների այն խոստումներին, թե տարածքից կտեղափոխվեն անհետացող բույսերն ու կենդանիները եւ նոր պայմաններ կստեղծվեն դրանց հետագա զարգացման համար (միգուցե տեղափոխվեն), սակայն անհետացող բույսը կամ կենդանին կարող է գոյատեւել, զարգանալ միմիայն իրեն հարազատ միջավայրում:
– Ծրագրով (տեւողությունը 10,4 տարի է) Ամուլսարի ընդերքից նախատեսվել է արդյունահանել տարեկան 10 մլն տոննա հանքաքար: Նման տեմպերով շահագործումից հետո ինչպիսի՞ պատկեր կստանա Վայոց ձորի տարածաշրջանում գտնվող այդ տեղամասը:
– Ըստ Հ. Ավագյանի, նման կուտակային տարրալուծման եղանակով ոսկու կորզումից հետո Ամուլսարի լանջերին մնալու են ծանր մետաղներով եւ թունավոր տարրերով ավելի քան 122 մլն տոննա փշրված ու մանրացված հանքաքարեր, ինչպես նաեւ նույն տարրերով ավելի թույլ հանքայնացված առնվազն 342,7 մլն տոննա մակաբացման (ժայռազերծման) հետեւանքով առաջացած ապարներ: Այնինչ, ըստ գիտնականի, նման հանքարդյունաբերությունը կա՛մ չպետք է թույլատրվեր, կամ էլ պետք է (անգամ անհրաժեշտության դեպքում) շահագործվեր առնվազն 120-150 տարում:
– «Հետազոտության նախնական տվյալները դեռեւս բնութագրական չեն Ամուլսարի ոսկու հանքատեղիի (կամ հանքային մարմնի) համար եւ մենք իրավունք ունենք մտածելու, որ մետաղատարրերի քանակը հաշվարկվածից առնվազն 10 անգամ կարող է ավելի լինել, որի դեպքում թունանյութերի եւ ծանր մետաղների ընդհանուր քանակը կհասնի մինչեւ 8 մլն տոննայի», – նշել է Հ. Ավագյանը: Նա միաժամանակ հավելել է, որ բնական այն ռեսուրսները, որոնց օգտագործումը կատարվում է ոչ ռացիոնալ եղանակով եւ չի ապահովում երկրի իրական տնտեսական աճը, այն պարզապես թալան է, որը աղքատացնում է ինչպես ներկա, այնպես էլ ապագա սերունդներին:
– Հանքավայրի շահագործումն ու պայթեցումները (մասնավորապես) ի՞նչ ազդեցություն կգործեն Ամուլսարի կողքով անցնող Որոտանի թունելի վրա, որի շինարարության վրա ծախսվել են միլիոնավոր ռուբլիներ (դոլարներ), որով Արփայի եւ Որոտանի ջրերը տեղափոխվում են Սեւանա լիճ,- հարցրինք աշխարհագրագետ, Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության անդամ Լեւոն Գալստյանին:
– Ամուլսարի ոսկու ծրագիրը, որը հավերժական թթվային ռումբ է, էկոլոգիական աղետի պատճառ կդառնա ոչ միայն Ջերմուկի հանքային աղբյուրների, «Որոտան-Արփա» ջրատար թունելի, Սպանդարյանի եւ Կեչուտի ջրամբարների, այլեւ Սեւանա լճի, Արփա եւ Որոտան գետերի ավազանների համար, – ասաց Լ.Գալստյանը: Հանքի շահագործման դեպքում հարյուրավոր տարիների ընթացքում ծանր, վտանգավոր եւ ռադիոակտիվ մետաղներով շարունակական աղտոտման կենթարկվեն ինչպես մեր հանրապետության, այնպես էլ տարածաշրջանի քաղցրահամ ու հանքային ջրերի կարեւորագույն պաշարները:
Ամուլսարի հնարավոր շահագործման դեպքում, ինչպես քանակական, այնպես էլ որակական առումով շատ լուրջ փոփոխություններ կկրեն նաեւ ստորգետնյա ջրերը: Դրանց հետեւանքով կվտանգվեն ոչ միայն «Որոտան-Արփա» թունելի ինֆրաստրուկտուրային կառուցվածքները, այլեւ Կեչուտի ջրամաբարը: Հագեցած լինելով ապարների թթվային դրենաժի արդյունքում առաջացած բազմաթիվ քիմիական միացություններով, բնականաբար այդ ջրերում առկա կլինեն նաեւ Ամուլսարի տարածքում եղած բոլոր ծանր եւ վտանգավոր մետաղները (կապար, մկնդեղ, կադմիում, բերիլիում, քրոմ, մոլիբդեն, ցինկ, սնդիկ, թորիում, ուրան եւ այլն): Այդ թունավոր մետաղների միացություններով հագեցած ջրերը, որոնք հետո հոսելով Սպանդարյանի, Կեչուտի ջրամբարներ` այնտեղից էլ «Արփա-Սեւան» թունել ջրատար` կտեղափոխվեն Սեւանա լիճ` հիմնովին փոխելով նրա ջրերի կազմն ու որակը:
Ըստ Լ. Գալստյանի, այդ փոփոխված ջրերի ազդեցությունը Սեւանա լճի եւ Արփա գետի ջրերի որակի վրա ոչ մի կերպ մոդելավորված եւ գնահատված չէ անկախ փորձագիտական խմբի կողմից: «Լիդիանը» բացառում է Ջերմուկի հայտնի հանքային բուժիչ ջրերի վրա որեւէ բացասական ազդեցությունՙ պնդելով, որ իզոտոպային հետազոտությունը հաստատել է, որ այդ ջրերը ոչ մի ֆիզիկական կապ չունեն Ամուլսարի ջրային համակարգի հետ: Սակայն դա ամենեւին էլ միանշանակ չէ:
Եվ վերջապեսՙ նատրիումի ցիանիդի միջոցով կույտային տարրալվացման եղանակի կիրառման մասին, որն ուղղակիորեն կապված է լուրջ առաջնային եւ երկրորդային ռիսկերի հետ, իսկ վերջիններս շատ դեպքերում անկառավարելի են եւ անվերահսկելի:
– «Լիդիան Արմենիա» ընկերությունը երբվանի՞ց է նախատեսել Ամուլսարի հանքի շահագործումը եւ ներկայումս ինչպիսի՞ աշխատանքներ է իրականացնում նշված տեղանքում,- հարցրինք էկոլոգ-իրավաբան, «Հայաստանի անտառներ» բնապահպանական հասարակական կազմակերպության տնօրեն Նազելի Վարդանյանին:
– Չնայած «Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարել է, որ հանքի շահագործումը սկսելու է 2018 թվականի գարնանից, սակայն ներկայումս նշված տեղանքը փակ է եւ անմատչելի թե՛ լրագրողների, թե՛ տեղի բնակիչների համար, – ասաց Նազելի Վարդանյանը:
Նա նշեց, որ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագիրը, որը բացասական գնահատականի է արժանացել միջազգային եւ տեղի կազմակերպությունների կողմից, իրականացվում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքի կոպիտ խախտումներով:
Այնինչ Ջերմուկը ազդակիր համայնք է ու եթե քննարկումներ չեն կատարվում եւ ժողովրդի կարծիքը հաշվի չի առնվում, ուրեմն այդ փորձաքննությունը չի կարող օրինական ճանաչվել:
Էկոլոգ-իրավաբանը նշեց մի շատ կարեւոր հանգամանք եւս: Նրա խոսքերով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքով սահմանված է, որ «Շրջակա միջավայրի վրա գնահատման մեթոդիկան» պետք է ընդունվի ՀՀ կառավարության կողմից, սակայն մինչեւ օրս այն հաստատված չէ: Եթե այն չկա, նշանակում է փորձաքննություն իրականացնող մարմինը ռեալ գնահատում չի կարող իրականացնել, որովհետեւ մեթոդիկա չունի, իսկ առանց ազդեցության գնահատման հնարավոր չէ փորձաքննություն կատարել, հետեւաբար բոլոր կայացրած փորձաքննական եզրակացությունները անօրինական են եւ պետք է անվավեր ճանաչվեն:
Բացի դրանից, Գնդեվազից մեկ կմ հեռավորության վրա սկսվել է ցիանային արտադրության ոսկու կորզման ֆաբրիկայի տեղակայումը, որը անխուսափելիորեն կհանգեցնի համայնքի վերաբնակեցման վտանգի: Տեղանքը, որով անցնելու է հանքաքարով բեռնված ծանր տեխնիկան, անխուսափելիորեն կենթարկվի կենսապայմանների վատթարացման, որի հետեւանքով համայնքում ոչ միայն գյուղատնտեսությամբ զբաղվելը, այլեւ ապրելն անհնար կդառնա:
«Հայաստանի անտառներ» հ/կ տնօրենը նշեց, որ հանքավայրի շահագործման աշխատանքներից արդեն տուժել են նաեւ հարակից բնակավայրերի շինությունները, դրանց տերերը բնապահպաններին ցույց են տվել պայթյունից վնասված պատեր:
Այնինչ նախկինում Ջերմուկում, նույնիսկ շինարարական աշխատանքների դեպքում, պայթեցումներ չէին կատարում, քանի որ յուրաքանչյուր ցնցում կարող էր հանգեցնել հանքային ջրերի աղբյուրների կորստի:
Ըստ Ն. Վարդանյանի, Ամուլսարում ոսկու բաց եղանակով արդյունահանման ծրագրի իրականացման եւ հանքանյութը վերամշակող ցիանային ֆաբրիկայի կառուցման դեմ բողոքի ցույցով արդեն հանդես են եկել տարածքին հարակից Վայոց ձորի Գնդեվազ գյուղի 210 բնակիչներ:
Հավաքելով նույնքան ստորագրություն` նրանք նամակով դիմել են գլխավոր բաժնետերՙ Համաշխարհային բանկի մեջ մտնող Միջազգային ֆինանսական կորպորացիային (IFC), ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, ինչպես նաեւ ընկերության մյուս ֆինանսավորող` Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկին (EBRD)` պահանջելով չֆինանսավորել Ամուլսարի ծրագիրը:
«Մեր իրավունքների խախտումը տեղի է ունենում IFC եւ EBRD-ի հովանավորչությամբ եւ «Լիդիան Արմենիա» ընկերության ոչ իրավական ճանապարհով հարցերի լուծմամբ: Այն բնակիչները, ովքեր չեն պատրաստվում Գնդեվազը լքել եւ ստիպված են իրենց հողերը վաճառել, դառնում են այդ մանիպուլյացիայի զոհերը»,- բողոքում նշել են գյուղացիները:
Գնդեվազցիները միաժամանակ IFC-ից պահանջել են անհապաղ դադարեցնել համայնքի բնակչության համար մեծ վտանգներ պարունակող հանցավոր ծրագրի ֆինանսավորումը, հաշվի նստել համայնքի հետ` չխախտելով վերջինիս իրավունքները:
Դիմում-բողոքը ստորագրել են 210 գնդեվազցիներ: Բացի դրանից, Գնդեվազի բնակիչները դիմել են դատարան` հանքավայրի շահագործման թույլտվությունը անվավեր ճանաչելու հայցով:
Հ.Գ. Մեր կողմից հավելենք, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը (հիմնադրվել է 2005 թվականին) հայկական երկրաբանահետախուզական կազմակերպություն է, որը Հայաստանում մասնագիտանում է նոր հանքավայրերի հայտնագործման ուղղությամբ: Ընկերությունն իր լայնամասշտաբ երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքում հայտնաբերել է ներկայումս իր առաջնային ծրագիր հանդիսացող ոսկու հանքավայր Ամուլսարը, որը վերջին 22 տարում իր ընդերքում պարունակող հանքանյութով առաջինն է Հայաստանում:
«Լիդիան Արմենիայի» բաժնետոմսերի 95 տոկոսը պատկանում է օֆշորային «Lydian International» ընկերությանը: Վերջինիս առավել խոշոր բաժնետերերն են` Միջազգային ֆինանսական կորպորացիան (Համաշխարհային բանկի խումբ) եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը: