Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի բլոգեր Լապշինին դատապարտել է 3 տարվա ազատազրկման: Առանց Ադրբեջանին տեղյակ պահելու Արցախ այցելած Լապշինը մեղավոր է ճանաչվել համաձայն Ադրբեջանի Քրօրենսգրքի 318.2 հոդվածի, որն էՙ «հանցավոր խմբի կազմում Ադրբեջանի պետական սահմանի հատում»:
Ավելի վաղ Լապշինը դատարանում հայտարարել էր, որ չի ընդունում իր մեղքը, ապա շեշտել, որ «Լեռնային Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում»: Լապշինի փաստաբանն իր հերթին դատարանին հայտնել էր, որ իր պաշտպանյալը որեւէ հոդվածում չի նշել, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է խախտվի: Դատախազը Լապշինի համար պահանջում էր 6,5 տարվա ազատազրկում: Բայց Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը, մանավանդ Լապշինի հիշյալ հայտարարություններից հետո, որոշել է, որ բլոգերը այդքան էլ ծանր հանցագործություն չի արել: