Վերջերս ուսանողներիս հետ սահմանադրությունների մասին էինք զրուցում: Ինձ համար անսպասելի պարզվեց, որ նրանցից շատերը գիտեն միայն, որ այդպիսի անվանումով ինչ-որ բան կա, բայց ինչի մասին է, ինչ իրավանորմեր է պարունակում այն, տեղյակ չէին, կամ նրանց բոլորովին դա չէր էլ հետաքրքրում:
Անկեղծ ասածՙ մեծ ցավ ապրեցի. չէ՞ որ սահմանադրությունը լոկ ինչ-որ փաստաթուղթ չի, այլ Հայաստանի իրավական համակարգի հիմքն էՙ երկրի հիմնական օրենքը, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր օրենքներն ու իրավական ակտերը: Սահմանադրությունը նաեւ արժեքաբանական-գաղափարական փաստաթուղթ է, որը սահմանում է հասարակության կազմակերպման ամենահիմնական սկզբունքները, որոնց գործնական կիրառմանը եւ ամրապնդմանը պետք է ձգտի պետությունը: Այն մեր պետության, հայո՛ց պետության ու պետականության վկայականն է, մայր օրենքը:
Մտածեցի, որ մենք` ավագ սերնդի ներկայացուցիչներս, մեր մեղքի բաժինն ունենք այդ տխուր իրողության համար, քանի որ բավարարվում ենք միայն մասնագիտական ֆակուլտետներում խոսել, ներկայացնել երկրի հիմնական օրենքը, այնինչ, փաստորեն, անհրաժեշտություն կա նաեւ մյուսների համար դա անել: Առիթը ներկայացել է, կփորձեմ որոշ չափով շտկել ստեղծված տխուր կացությունը, ինչը կարեւոր է մի քանի առումներով: Նախ` ժամանակակից գլոբալիզացված աշխարհում, որտեղ ամենօրյա շփումներ կան տարբեր ժողովուրդների ներկայացուցիչների հետ, անհրաժեշտություն կա, որ յուրաքանչյուր քաղաքացի պատկերացում ունենա իր երկրի իրավահամակարգի մասին եւ անհրաժեշտության դեպքում կարողանա պատշաճ ներկայացնել այն գոնե մասնավոր զրույցների մակարդակում: Հետո էլ դարեր շարունակ հայ ժողովուրդը պայքարել է անկախության, ազատ ապրելու համար: Իսկ անկախության կարեւորագույն վկայականը սահմանադրությունն է:
Հայաստանի երրորդ հանրապետությունը որպես անկախ եւ ինքնիշխան պետություն, բնականաբար եւս պետք է ունենար իր սահմանադրությունը: Հենց գիտակցության մղումով էլ որոշ հասարակական-քաղաքական ուժեր եւ կուսակցություններ սկսեցին աշխատանքներ տանել նորանկախ պետության սահմանադրություն ստեղծելու ուղղությամբ: Դրանցից ամենալուրջ մոտեցումը հանդես բերեցին եւ հետեւողական եղան Հ.Յ. Դաշնակցությունը եւ Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցությունը (ՀՌԱԿ):
ՀՌԱԿ-ը 1994թ. սեպտեմբերին մասնագիտական հատուկ խումբ ստեղծեց, որի աշխատանքներն արդյունավետ իրականացնելու համար տեղ հատկացվեց հենց կուսակցության կենտրոնական գրասենյակում: Խումբը ղեկավարելու համար հրավիրվեց նշանավոր իրավաբան Վլադիմիր Նազարյանը: Նրան սիրահոժար օգնում էին իր ուսանողներից Արմեն Հարությունյանը (հետագայում ՀՀ կառավարման դպրոցի տնօրեն, իսկ ավելի ուշ` ՀՀ ՄԻՊ նախագահ) եւ մի քանի այլ իրավաբաններ: Միեւնույն ժամանակ, ՀՌԱԿ հանրապետական վարչության հրավերով եւ Դյուսելդորֆի համալսարանի դասախոսներից Միհրան Դաբաղի միջնորդությամբ Հայաստան այցելեց գերմանացի հայտնի սահմանադրագետ, Չեխիայի հանրապետության սահմանադրության հեղինակ Օտտո Լուհդերհանդը, որը մասնագիտական արդյունավետ օժանդակություն ցույց տվեց Վլ. Նազարյանի խմբին: Աշխատանքները մեծ թափով ու բավականին արդյունավետությամբ ընթանում էին: Սահմանդրության ՀՌԱԿ նախագիծը գրեթե ավարտված էր, երբ Վլ. Նազարյանն ու իր թիմը նույն առաքելությամբ հրավիրվեցին եւ աշխատանքի ընդունվեցին ՀՀ Ազգային ժողովում, որտեղ էլ փաստորեն ավարտին հասցրեցին սկսած գործը: Այնպես որ, ՀՀ Սահմանադրության 1995 թ. առաջին տարբերակը ոչ միայն մեծ նմանություններ ունի սահմանադրության ՀՌԱԿ նախագծի հետ, այլեւ ընդհանուր գծերով գրեթե նույնն է` անշուշտ ավելի մանրամասն եւ մասնագիտական առումով ավելի հղկված ու ավարտուն տեսքի բերված:
Հուլիսի 5-ը համարվում է ՀՀ Սահմանադրության օրը, որովհետեւ 1995 թվականի հուլիսի 5-ին (1) «Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը եւ բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»(2):
ՀՀ Սահմանադրությունը որպես երկրի գլխավոր իրավական փաստաթուղթ, հենց առաջին հոդվածում հռչակում է մեր երկրի տեսակը. այն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Իսկ երկրորդ հոդվածում սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, որը այդ իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեuված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: Իշխանության յուրացումը որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից համարվում է հանցագործություն:
Կարեւորությամբ հաջորդ խնդիրը մեր պետության համար մարդն է: Ուստի պատահական չէ, որ թիվ 3 հոդվածը նվիրված է հենց նրան. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների եւ ազատությունների անքակտելի հիմքն է: Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են: Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով եւ ազատություններովՙ որպես անմիջականորեն գործող իրավունք: Այստեղ իհարկե որոշ անհամապատասխանություն կա սահմանադրության իրավանորմի եւ առօրյա իրականության միջեւ, սակայն հուսանք, որ ժամանակի ընթացքում դա կհաղթահարվի եւ մարդը որպես մեծագույն արժեք իսկապես կգնահատվի նաեւ մեր երկրում: Եվ հենց դա կլինի հզոր գործոն արտագաղթը դադարեցնելու համար: Քանի որ գաղտնիք չի` արտագաղթողների ճնշող մեծամասնությունը հեռանում է համատարած անարդարությունների եւ չգնահատված լինելու արդյունքում:
Սահմանադրության մեջ ամրագրված իրավանորմերի եւ մեր առօրյա կյանքի անհամապատասխանություններն ավելի ակներեւ են դառնում երբ համեմատում ես ՀՀ Սահմանադրության երկրորդ գլխում ամրագրված մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները եւ ազատությունները սահմանող նորմերը իրական կյանքում իրականացվող գործառույթների հետ: Հատկապես թիվ 23 հոդվածում սահմանված մարդու արժանապատվությունն անխախտելի է սահմանումը շատ հաճախ պարզապես ոտնահարվում է: Ինչ արժանապատվության անխախտելիության մասին կարող է խոսք լինել, երբ աղբամանները քչփորելու համար մարդիկ իրար են դանակահարում: Իսկ այդպիսի օրինակների պակաս չկա. մեր արժանապատվությունը ոտնահարվում է խանութում, պետական շատ հիմնարկներում, շատ գործատուների կողմից: Տարիների գիտական մեծ վաստակ ունեցող ակադեմիական գիտաշխատողին, ուսուցչին ու այդպես շատերին 100-120 հազար դրամ, այդ նույն ժամանակ պետական, բանկային ու իրավական բնագավառի պաշտոնյաներին 600 հազարից մինչեւ միլիոններ վճարելով եւ այլն:
Սահմանադրական իրավանորմի եւ առօրյա կյանքի միջեւ ամենամեծ անհամապատասխանությունը 28-րդ հոդվածի դեպքում է: Այն սահմանում է, որ բոլորը օրենքի առջեւ հավասար են: Իսկապես, շատ դեպքերում սա կարող է ծիծաղ առաջացնել: Ինչ հավասարության մասին է խոսքը: Ում համար գաղտնիք չէ, որ մեր հասարակությունն արդեն տասնյակ տարիներ երկփեղկված է արտոնյալների եւ հասարակ մահկանացուների եւ, որ ամենացավալին է, այդ վիհը գնալով խորանում է եւ իշխանության կարեւորագույն լծակներն հիմնականում այդ արտոնյալների ձեռքում են: Իսկ վերջին տարիներին արդեն պարզորոշ նկատվում է այդ լծակների ժառանգաբար փոխանցելիության գործընթաց: Հետո էլ դժգոհում ենք, որ մեր երիտասարդները լքում են հայրենիքը, բանակը բավարար չափով չի համալրվում, դիմորդներ չկան եւ այլն: Իսկապես, պետք ազգովին սթափվենք, ձերբազատվենք այս խիստ բացասական եւ տխուր իրողություններից, այլապես հետեւանքներն անդառնալի կլինեն: Հարկավոր է ազգովին գիտակցենք, որ դա ոչ այլ ինչ է, եթե ոչ` ազգային անվտանգության կարեւորագույն բաղադրիչ:
Ընդամենը 9 օր առաջ նշեցինք Սահմանադրության օրը: Ժողովրդի ճնշող մեծամասնությունը դրան վերաբերվեց սոսկ որպես հերթական ոչ աշխատանքային օրվա: Իսկ մեր պապերը դարեր շարունակ երազել են, պայքարել այն ունենալու համար, պատրաստ են եղել հանուն դրա զոհել ամեն ինչ: Իսկ ի՜նչ ուրախությամբ կտոնեին, ինչ տոնախմբություններ կկազմակերպեին…: Սակայն մենք հերթական օրն ապրեցինք, տոն չեղավ, ինչը տխուր է ու մտահոգվելու առիթ է տալիս:
Բոլոր դեպքերում պետք է արձանագրենք, որ մեր Սահմանադրությունը մեր նվաճումն է, մեր հավերժության հերթական փաստը, մեր լինելիության գրավոր առհավատչյան, մեր ուժի, հպարտության, մեր հավատի վկայությունը:
1) 2005թ. նոյեմբերի 27-ի հանրաքվեով կատարվեցին ՀՀ Սահմանադրության առաջին փոփոխությունները: Երկրորդ փոփոխությունները կատարվել են 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեով:
2) 1995 թ. ՀՀ Սահմանադրությունը բաղկացած էր 9 գլուխներից եւ 117 հոդվածներից, իսկ 2015 թ.` 16 գլխից եւ 220 հոդվածից: