Գերմանիան կմնա՞ արդյոք «Ինջիրլիքում»
Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը հունիսի 5-ին մի խումբ պատգամավորների հետ պետք է այցելեր Թուրքիայի հարավումՙ Ադանայի մոտ գտնվող «Ինջիրլիք» ռազմակայան: Ավելի վաղ նա Վաշինգտոնում այցելության հարցը քննարկել էր ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի հետՙ հուսալով, թե ԱՄՆ-ը կկարողանա ճնշում գործադրել Թուրքիայի վրա: Այցի կապակցությամբ վերջերս Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բանակցել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Բանակցություններն արդյունք չէին տվել: Դրանից հետո Գերմանիան Թուրքիային 2 շաբաթ ժամանակ էր տվել «Ինջիրլիքի» հետ կապված վեճը հարթելու համար: Եվ դարձյալ ապարդյուն:
Անկարան ռազմակայան այցելելու մտադրություն հայտնած Բունդեսթագի մի շարք պատգամավորների մեղադրեց PKK-ի հետ կապեր ունենալու մեջ, իսկ հետո Բեռլինից պահանջեց իր հետ համաձայնեցնել «Ինջիրլիք» այցելելու մտադրություն ունեցող պատգամավորների ցանկը, որպեսզի այնտեղ չլինեն «ահաբեկիչներին բացահայտորեն հովանավորողներ»: Ի վերջո, հենց հունիսի 5-ին, Անկարան արգելեց պատգամավորների այցը:
Առաջին հայացքից թվում է, թե Անկարայի եւ Բեռլինի փոխադարձ խիստ մեղադրանքները հուզական բնույթ են կրում, եւ թե հետագայում երկու երկրների հարաբերությունները կկարգավորվեն: Գուցեեւ այդպես է, թեեւ պետք է նշել, որ Գերմանիան շրջափակել է Եվրոմիությանը Թուրքիայի անդամակցության մի շարք նախագծեր, հրաժարվել է Թուրքիայի քաղաքացիներին շնորհել անայցագիր ռեժիմ, սկսել է Անկարային խստիվ քննադատել մարդու իրավունքների եւ ազատությունների ոտնահարման առնչությամբ: Անցյալում եւս նման բաներ եղել են, սակայնՙ ոչ այսպիսի խստությամբ: Փորձագետների Թուրքիա-Եվրոմիություն ներկայիս հակամարտությունը կարելի է աննախադեպ համարել վերջին 30 տարում:
Ի դեպ, փարիզյան ահաբեկչություններից հետոՙ 2015 թ. դեկտեմբերին, Գերմանիան միացավ «Իսլամական պետության» դեմ պայքարող միջազգային կոալիցիային: «Ինջիրլիք» ուղարկվեցին հատուկ օպտիկական սարքերով հանդերձավորված «Տորնադո» ռազմօդանավեր եւ մեկ Airbus A310 MRTT լիցքավորիչ օդանավ: Գերմանիայի հետախուզության տվյալները անմիջականորեն հաղորդվում են Քաթարում գտնվող միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի միացյալ շտաբին, որտեղ գտնվում են Բունդեսվերի եւս 8 կապավորներ: «Ինջիրլիք» ռազմակայանում գերմանական զորաբաժնի հետ կապված խնդիրները ծագեցին 2016-ի հունիսին, այն բանից հետո, երբ Բունդեսթագը 1915 թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայերի կոտորածները ճանաչեց որպես ցեղասպանություն: Թուրքիան այդ քայլը գնահատեց իբրեւ դավաճանություն, քանի որ Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունը եւ Գերմանիան դաշնակիցներ էին: Սակայն Բեռլինում հայտարարեցին, որ գոյություն ունեն բազմաթիվ ապացույցներ այն բանի, որ Գերմանիան իմացել է երիտթուրքերի այն ժամանակվա կառավարության իրականացրած հայերի էթնիկական զտումների մասին:
Դա լրջորեն թուլացրեց մինչեւ օրս Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ժխտող Անկարայի միջազգային դիրքերը: Սակայն գերմանացի բազմաթիվ փորձագետների գնահատումների համաձայն, Գերմանիան չվախեցավ առերեսվել իր սեփական անցյալի հետ, եւ Թուրքիային նույնպես կոչ է արվում «ընդունել իր քաղաքակրթային ձախողումը եւ այն դարձնել իր ժամանակակից քաղաքական եւ պատմական գիտակցության մասը»: Անկարան պատրաստ չէր իրադարձությունների նմանօրինակ ընթացքին: Թուրքիայի վարչապետ Բենալի Յըլդըրըմը հայտարարեց, որ իր երկիրը «կգտնի համարժեք պատասխան, բայց խաղասեղանին չի դնի Գերմանիայի հետ իր սերտ հարաբերությունները»:
Պատասխան իրոք եղավ. Թուրքիայի կառավարությունը գերմանացի մի խումբ պատգամավորների արգելեց այցելել «Ինջիրլիք», որտեղ տեղաբաշխված են մոտ 260 գերմանացի զինծառայողներ: Երկկողմ հարաբերություններում էլ ավելի շատ բարդություններ ծագեցին Թուրքիայում 2016 թ. հուլիսի 15-ի պետական հեղաշրջման փորձից հետո: Գերմանիայում քննադատաբար վերաբերվեցին Թուրքիայի ներսում նախագահ Էրդողանի ձեռնարկած բռնություններին: Բեռլինը սկսեց քաղաքական ապաստան տրամադրել Գերմանիայում գտնվող թուրք զինծառայողներին: Դրանից հետո գերմանացի խոհրդարանականների «Ինջիրլիք» կատարելիք այցելությունների արգելքները սկսեցին հաջորդել մեկը մյուսին: Այնուհետեւ Բունդեսթագում սոցիալ-դեմոկրատների խմբակցությունը միաձայն քվեարկեց «Ինջիրլիքից» գերմանացի զինծառայողներին Հորդանան, Կիպրոս կամ Քուվեյթ տեղափոխելու օգտին: Ի պատասխանՙ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ «եթե նրանք ուզում են զորքը դուրս բերել, ապա դա իրենց գործն է, եւ որ Թուրքիան որեւէ մեկին չի աղերսի եւ կասիՙ ցտեսություն»:
Բեռլին-Անկարա բախումը բարդություն է ստեղծում ՆԱՏՕ-ի համար, որտեղ միաժամանակ զարգանում են միանգամից երկու, բայց ըստ էության միատեսակ հակամարտություններՙ «Ինջիրլիք»-ը Թուրքիայի ու Գերմանիայի միջեւ եւ քրդերը Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջեւ, նշում է «Ռեգնում» գործակալության վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը : Ի հավելումն այս ամենի, նախագահ Էրդողանը վերջերս առաջարկեց Ավստրիային բացառել ՆԱՏՕ-ի հետ գործընկերային բոլոր ծրագրերիցՙ այն բանի համար, որ Վիեննան Բրյուսելին կոչ է անում Թուրքիայի հետ դադարեցնել Եվրոմիությանն անդամակցելուն վերաբերող ամեն տեսակ բանակցությունները: Փորձագետները կանխատեսում են նաեւ թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածության սրում Ռաքքայի համար առաջիկա պայքարի կապակցությամբ, որի մեջ ամերիկացիները ներգրավել են սիրիացի քրդերին: Այս ամենը ստվեր է գցում ՆԱՏՕ-ի 2018 թ. կայանալիք հաջորդ գագաթաժողովի վրա: Էրդողանը դաշնակիցներին հրավիրեց իր մոտ, բայց Գերմանիան, Ֆրանսիան, Հոլանդիան եւ Դանիան հանդես եկան գագաթաժողովը Բրյուսելումՙ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում անցկացնելու օգտին: Նրանց պաշտպանեցին դաշինքի անդամ ուրիշ 18 պետություններ: Այդ հարցի առթիվ վերջնական եւ պաշտոնական որոշումը կընդունվի հունիսինՙ ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ:
Արեւմուտքի մամուլը գրում է Թուրքիայի նկատմամբ հարաճուն օտարացման մասին: Դա ՆԱՏՕ-ում առավելապես մահմեդական բնակչություն եւ կարեւոր ռազմավարական դիրք ունեցող միակ երկիրն է: Մամուլը նաեւ գրում է «Եվրոպայի եւ ՆԱՏՕ-ի համար ասիմետրիկ բազմաբեւեռ ռիսկերի պայմաններում դաշինքի ներսում առաջացող պառակտման մասին»: Սիրիայի հարցում Գերմանիայի եւ ԱՄՆ-ի հետ վատացող հարաբերությունների պայմաններում Անկարան մերձեցել է Ռուսաստանի եւ Իրանի հետ, ինչը կայուն հրամայական է դառնում տարածաշրջանում Արեւմուտքի քաղաքականության համար: Ըստ որում, նշվում է, որ «ՆԱՏՕ-ի բոլոր պետությունների մեջ Թուրքիան հսկայական թվով ներքին մարտահրավերներ ունեցող միակ երկիրն է, երբ «Ինջիրլիք» ռազմակայանը դարձել է վտանգավոր»: Բացի դրանից, Էր-Ռիադում օրերս կայացած արաբա-իսլամա-ամերիկյան գագաթաժողովի արդյունքները փոխեցին տարածաշրջանային խնդիրների ընկալման կիզակետը: Ի հայտ եկան շատ հարցեր այն կապակցությամբ, թե ինչպիսի վերջնական ձեւ կընդունի նոր ռազմական դաշինքը Էր-Ռիադի գլխավորությամբ, ինչպիսի տեղ կզբաղեցնի (եւ կզբաղեցնի՞ արդյոք) Թուրքիան այդ դաշինքում, ինչպիսի ազդեցություն կգործի ամերիկա-իսլամական դաշինքը Սիրիայի ճգնաժամի վրա, որի մեջ ակտիվորեն ներքաշված են թուրքերը:
Ձեռնարկչության ամերիկյան ինստիտուտի գիտաշխատող Մայքլ Ռուբինը National Review հրատարակության մեջ գրում է այն տարօրինակ կացության մասին, երբ «Արեւմուտքի համար խնդիրը ոչ թե ՆԱՏՕ-ից Թուրքիայի հեռանալու հավանականությունն է, այլ նրա մնալըՙ սեփական ապագայի համար բեռը դաշնակիցների ուսերին բարդելու պայմանով»: Այնպես որ Թուրքիա-ՆԱՏՕ հակամարտության ինտրիգը դեռ նոր-նոր է ծավալվում: Սպասվում են մի շարք սուր սյուժեներ: