Մեր թերթի վաղեմի բարեկամ, բարեկամության արժեքը շատ լավ իմացող, սկզբունքային եւ անկաշառ մարդ, հայրենասիրությունն ու մարդասիրությունը գործնականորեն կիրառող, բարեհոգի, նուրբ հումորի տեր Ռոմեն Կոզմոյանը օրերս դարձավ 80 տարեկան: Շնորհավորում ենք ոչ միայն խմբագրության, այլեւ հոբելյարի բազմահարյուր ընկերների, բարեկամների, երախտագետ հայրենակիցների անունիցՙ Սփյուռքի տարածքում թե Մայր հայրենիքում: Քաջառողջություն եւ գործունեության հարատեւություն ենք մաղթում նրան եւ նոր գրքերի ծնունդՙ վավերական ու վավերագրական:
«ԱԶԳ»
Վիլյամ Սարոյանը Լենինգրադիցՙ Մոսկվայով գալիս էր Հայաստան: 1976 թվականն էր, Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում Մոսկվա-Երեւան ինքնաթիռը ուշանում է 4 ժամ: Սարոյանն անհանգիստ է: Ու որպեսզի ժամանակը շուտ անցնի, կամ զուտ հետաքրքրությունից դրդված (ո՞վ գիտի մեծերին), հարցնում է կողքին կանգնած, իրեն ուղեկցող տղաներից մեկին. «Ինչո՞ւ քու անունդ Ռոմեն է, դուն հայ չե՞ս»: Տղան էլ բացատրում է, որ իր ծնողներն իրեն կոչել են ի պատիվ Ռոմեն Ռոլանի: Սարոյանը հետաքրքրվում է. «Անիկա ի՞նչ ըրած է հայու համար»: Տղան որոշ բաներ պատմում է… Հետո, մի քանի օր անց Երեւանում Սարոյանն ու Ռոմեն անունով տղան նորից են հանդիպում: Վերջինս մոտենում է, վստահ, որ Վարպետն իրեն կհիշի, բարեւում է, իսկ Սարոյանն ասում է. «Բարեւ, դուն ո՞վ ես»…
Ռոմեն Կոզմոյան: Եթե եղել եք Սարդարապատի թանգարանում ու Մահապարտների գնդի նկարը տեսել եք, ապա այդ նկարի կենտրոնում նստած հոգեւորականը նրա պապն է, իսկ ցածի շարքի աջից երկրորդը քեռին էՙ Մուկուչը: Ինքըՙ Կոզմոյանը, նախնիների մասին այս բացահայտումն արել է, երբ 50 տարեկան էր ու մայրը նրան պատմեց այդ նկարի ու նրա հերոսների մասին, որոնք բոլորն էլ շատ «բան ըրած են հայու համար», որոնց բոլորից Կոզմոյանն ինքն է ժառանգել-սովորել «շատ բան անել հայու համար», բոլոր հայերիՙ կոմունիստ, դաշնակցական, հնչակյան, ռամկավար, սփյուռքահայ, հայաստանցի :
«Հայաստանցի պարոնը»
– Հայաստանցի պարոն, դուն Արարատը տեսե՞ր ես: Ճի՞շտ է, որ Արարատը ամենաբարձր լեռն է:- Խարտյաշ, վճիտ աչքերով կիպրոսահայ Տիգրանիկն է: Կիպրոսի Մելգոնյան կրթական հաստատության մարզադաշտում ՀԲԸՄ-ի Երիտասարդական Ընկերակցության կազմակերպած 9-րդ Նավասարդյան խաղերն են (այդպիսի ժամանակներ կային): Աշխարհի բոլոր վայրերից ժամանել են: Հայեր ենՙ Ժնեւից, Հալեպից, Փարիզից, Ամմանից, Դամասկոսից, Բեյրութից, Երուսաղեմից… Հայեր են: Այնտեղ է նաեւ Կոզմոյանը, նա «հայաստանցի պարոնն» է: Տիգրանիկն էլի է հետաքրքրվում հայաստանցի պարոնից. «Դուն ո՞ր խումբին հետ ես, հայաստանցի պարոն»: Կոզմոյանն էլ պատասխանում էՙ Բեյրութի, Հալեպի, Երուսաղեմի, նայած թե ո՞ր խումբն է այդ պահին մարզադաշտում: «Հայաստանցի պարոնը բոլորին հետ է», ուզում է Տիգրանիկին պատասխանել Կոզմոյանը, բայց չի պատասխանում, նա ուրախ չէ, նա ուզում է, որ այդ երիտասարդների կրծքերին Փարիզ, Ամման, Դամասկոս,… անունները ջնջվեն:
Ավելի ուշՙ 1983-ի մարտի 26-ին, Բեյրութի «Զարթօնք» թերթը պետք է փնտրի «սփյուռք» բառը բառարաններում եւ արձանագրի, որ ինչ լավ է, որ այդ բառը բառարաններում չկա: Քանի որ սփյուռքն ապրում է մի հույսով, որ իր անունը չհասցնի մտնել բառարան…Չնայած, ինչո՞ւ չմտնի, թող մտնի, գրում է «Զարթօնքը», մտնի որպես չմոռացվող պատմություն, որպես հատուցման ազդակ եւ որպես ապագայի դաս:
«Հայաստանցի պարոն» Ռոմեն Կոզմոյանը մասնագիտությամբ դիվանագետ է: Երկար տարիներ աշխատել է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեումՙ Արեւելյան երկրների բաժնի վարիչ, այնուհետեւ Լիբանանումՙ ԽՍՀՄ դեսպանատանը: Բեյրութից վերադարձից հետո աշխատել է նույն կոմիտեում, որպես նախագահի տեղակալ… Հիմա նա նորից սփյուռքի հետ է, արդեն շուրջ 45 տարի, 45 տարիՙ վարագույրի հետեւում:
«Ամբողջ կյանքում վատ բան չեմ արել. վախենում եմ». Ռոմեն Կոզմոյան
1960-ականներն են, մասնակի ներգաղթի ժամանակները: Կոզմոյանն ինքը, ինչպես ինքն էՙ վստահաբար համեստորեն ասում, ներգաղթի հետ կապ չի ունեցել, նրա առաքելությունը եղել է ժամանողների անձնագրային տվյալների ճշտումը:
Այդ ժամանողներից մեկն էլ Օհան հայրիկն էր. Բաթում էր ժամանել Սիրիայից: Ավելի ճիշտՙ բերել էին 5 թոռները. մեծ Օհանը, փոքր Օհանը, Րաֆֆին, Օսաննան ու Սալբին: Օհան հայրիկը փոքրիկ մորուքով, վտիտ, սառը մի մարդ էր, որը շնչում էր, սակայն միայն շնչում էր: Ոչ ուտում էր, ոչ խմում, ոչ խոսում, պառկած էր պատգարակին, ու թոռներն ասում էին. «Քսան օրե ավելի այս վիճակին մեջ է, չէինք ուզեր բերել, բայց փափագն էր: Ըսավՙ մեռնիմ ալ նե, ինձի Հայաստան տարեք»: Կոզմոյանը, չնայած մեծ ծանրաբեռնվածությանը, չի կարողանում կտրվել հայրիկից, որն ինչ-որ առումով հայրենիք ներգաղթյալի խորհրդանիշ էր դարձած: Օհան հայրիկի կողքին Կոզմոյանը հիշում է իր պապիկին, որը Սարդարապատից հետո ծառայության անցավ ռուսական բանակում, ապա մահացավ Բաթումում եւ հուղարկավորվեց տեղի հայկական եկեղեցու բակում:
Ներգաղթյալներին բերող քարավան-գնացքը հասավ Ալավերդի: «Հայրիկ, հասանք, հայրենիք հասանք»: Օհան հայրիկի թոռներն էին: Կոզմոյանն այսօրվա պես հիշում է. Օհան հայրիկը բացեց աչքերը, ժպտաց: Նրան իջեցնում են ցած, նա փլվում է գետնին, համբուրում հողն ու մի կերպ նորից բարձրանում գնացք:
Արդեն Վանաձորում ներգաղթյալների գնացքը դիմավորում են փողային նվագախմբով, ծաղիկներով: Կոզմոյանը դիմում է Օսաննային, որ պապիկին մոտեցնեն գնացքի պատուհանին, որպեսզի նա էլ տեսնի ընդունելությունը: Օսաննան էլ պատասխանում է. «Հայրիկի լուսամուտը Ալավերդիի մեջ հավերժ փակվեցավ»…
Հետո Կոզմոյանը պետք է գրի. «Իմ կյանքում Օհան հայրիկի մահը միակն էր, որը կարծես թե թեթեւացած սրտով ու հոգու հանգստությամբ ընկալեցի: Մարդն իր երազին հասավ, տա Աստված, որ նրա հոգին էլ գնա մեզ անհայտ մի այլ աշխարհ, ուր Հայրենիք չկա…»:
«Դեսպանի այգին»
Լիբանան ներխուժած իսրայելացի զինվորներով լցված Բեյրութում ԽՍՀՄ դեսպանատունն իր խնդիրներն ուներ: Չնայած աշխատակիցներն աշխատավարձը ժամանակին էին ստանում, իսկ դեսպանատունն էլ ուներ էլեկտրականության սեփական աղբյուրը, որի խաթարվելու դեպքում այն անվճար վերանորոգվում էր պարոն Սանջյանի միջոցներով, բայց խնդիրներ կային: ԽՍՀՄ բեյրության դեսպանատան տարածքում, վարչական շենքի 2 պատերին կից դեսպանատան այգին էր, ավելի ճիշտՙ «Դեսպանի այգին»: Կոզմոյանը հիշում է, որ խաղաղ օրերին դեսպան Սոլդատովը երեկոյան ժամերին տիկնոջ հետ երկար նստում էր այդ այգում եւ կամ զրուցում էր այնտեղ բարձրաստիճան դիվանագետների հետ: Կոզմոյանն այդ այգին մտնողների ցանկում չէր: Բայց մի օր, դեսպանատան հերթապահ զինվորը հայտնում է, որ դեսպանը Կոզմոյանին խնդրում է մտնել այգի: Սոլդատովը հետաքրքրվում է Կոզմոյանի ընտանիքից, Բեյրութում մենակ ապրելու դժվարություններից, ապա խնդրում, որ Կոզմոյանն իրեն մանրամասն պատմի տեղի հայ համայնքի կյանքից: Հանկարծ դեսպան Սոլդատովն ուղիղ հարցնում է. «Ո՞վ է Սարգիս Սարգիսյանը»: Կոզմոյանը բնականաբար ճանաչում է, ներկայացնում է, եւ Սոլդատովն էլ հայտնում է, որ Սարգիս Սարգիսյանը երկու օր առաջ ուշ ժամի եկել է դեսպանատուն ու խնդրել, որ իրեն ներքին հեռախոսով կապեն դեսպանի հետ. խիստ կարեւոր ասելիք ունի: Դեսպանի հանձնարարությամբ Սարգիսյանը մտել է ընդունարան, սեղանին դրել ձեռքի պայուսակը, եւ հայտնել, որ պայուսակի մեջ գումար է, բերել է, քանի որ գիտի, որ դեսպանատունը դրամի կարիք ունի: Սոլդատովը խնդրել է Կոզմոյանին, որ Սարգիսյանին հայտնենՙ ինքն ու իր տիկին Ռուֆինան զգացված եւ հուզված են… Կոզմոյանն իհարկե այդ մասին ոչ իր գրքում է գրել, ոչ էլ ինձ է ասել, բայց կարծում եմ հասկանալի է, թե ինչո՞ւ էր դեսպան Սոլդատովը հենց Կոզմոյանին կանչել «Դեսպանի այգի»ՙ պարզելու, թե ո՞վ է վերջինիս ծանոթ հնչակյան Սարգիս Սարգիսյանը: Սոլդատովը նաեւ նշել է, որ դեսպանատանն աջակցելու առաջարկ ինքը ստացել է մեկ այլ բեյրութահայիցՙ ռամկավար Զավեն Կոստանյանից, իսկ առաջարկը ստացել է Բեյրութում սովետական դեսպանատանն աշխատող հայ դիվանագետներից մեկի միջոցով: Կոզմոյանը պարզում է. այդ դիվանագետը Էդվարդ Նալբանդյանն էր, որն, ինչպես Կոզմոյանն է հիշումՙ «Դեսպանի այգում նստելու իրավունք ուներ եւ Սոլդատովի սանն ու սիրելի էր»:
***
Կարելի է երկար բացել կամ բաց թողնել 45 տարի փակ մնացած այս վարագույրը, որը կոչվում է Ռոմեն Կոզմոյան: Բայց, թերեւս, ավելի կարեւոր բան կա: Ապացուցել, հավատացնել, համուզել նրան, որ անշուշտ, դեպի աշուն չի գնում նա, որ նրանՙ իր այդքան սիրած դեղին տերեւները չէ, որ սպասում են, որ նա դեռ շատ գործեր ունի անելու, ավելինՙ քան արել է, իսկ արել էՙ անվերջանալի շատ, որ նա այսօր կիպրահայ Տիգրանիկի պատկերացրածՙ աշխարհի ամենաբարձր լեռան գագաթին է, որտեղ օրն ուշ է մթնում: