Պեկինում ավարտվեց «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համաժողովը, որին մասնակցում էին 29 երկրների ղեկավարներ
Ներդրումների առումով Չինաստանը շատ գրավիչ երկիր է: Պատահական չէ, որ համաժողովում ԱՄՆ գլխավոր ներկայացուցիչը ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի արեւելա-ասիական ծրագրերի տնօրեն Մեթյու Պոտինգերն էր: Մինչդեռ իրեն «առաջին ջութակի» դեր է վերագրում Մեծ Բրիտանիան, որը իրեն անվանում է Չինաստանի «բնական դաշնակիցը»ՙ դրանով իսկ ոչ պաշտոնական ազդանշան ուղարկելով ԱՄՆ-ին: Հատկանշական է, որ Պեկինի համաժողովը տեղի ունեցավ «Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարների իտալական Բարի քաղաքում կայացած երկօրյա հանդիպումից հետո եւ ՆԱՏՕ-ի բրյուսելյան գագաթաժողովից 11 օր առաջ, որտեղ նախագահ Թրամփը ստիպված կլինի համակերպվել Չինաստանի հարաճուն դերի հետ կամ դրան հակադրել որեւէ խելամիտ բան:
«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» կարգախոսով Պեկինում անցկացված համաժողովի բացման ելույթում ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը հայտարարեց. «Մենք հույս ունենք ստեղծել ներդաշնակորեն համագոյակցող ընտանիք եւ հասնել փոխշահավետ համագործակցության նոր մոդելին»: Չինաստանը չի դիմի հնացած աշխարհաքաղաքական խուսավարումների:
Ինչպես նշում է «Ռեգնում» գործակալությունը, Չինաստանի նախաձեռնությունը մինչեւ օրս արժանացել է 100-ից ավելի կազմակերպությունների հավանությանը, որոնցից ավելի քան 40-ը արդեն համագործակցության պայմանագրեր են ստորագրել ՉԺՀ-ի հետ:
Սի Ցզինպինի խոսքերովՙ Չինաստանը առաջիկա 3 տարում նոր զարգացող երկրների բնակչության կյանքի բարելավման նպատակով այդ երկրներին եւ դրանց օժանդակող միջազգային կազմակերպություններին կհատկացնի 60 մլրդ յուան (8,7 մլն դոլար):
Ծրագրի շրջանակներում սննդի գծով զարգացող երկրներին կհատկացվի 2 մլրդ յուան մարդասիրական օգնություն:
«Նոր մետաքսի ճանապարհ» ծրագրի երկրներում Չինաստանը կնախաձեռնի «Երջանիկ տուն» 100 նախագիծ, աղքատության դեմ պայքարի եւ առողջության պահպանման 100-ական նախագիծ:
Բացի դրանից, 1 մլրդ դոլար կհատկացվի «ճանապարհի» երկրների համար շահավետ նախագծեր իրականացնող կազմակերպություններին:
Սի Ցզինպինը հայտարարեց, որ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում գործընկերներ կարող են դառնալ ինչպես Եվրոպայի, Ասիայի եւ Աֆրիկայի, այնպես էլ երկու Ամերիկաների պետությունները: Նա ավելացրեց, որ մասնակից բոլոր երկրները կկիսեն նախաձեռնության օգուտները:
«Սինհուա» գործակալությունը մեջբերում է ՉԺՀ նախագահի այն խոսքը, թե Չինաստանն ու Ռուսաստանը կարեւոր դեր են խաղում տարածաշրջանի կայունության եւ ընդհանուր խաղաղության ապահովման գործում:
Իր հերթին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Սիրիայի եւ ԿԺԴՀ-ի խնդիրների կարգավորման մեջ կարեւոր դեր կատարող Ռուսաստանն ու Չինաստանը մշտապես նպաստել են տարածաշրջանի կայունությանը: Նա հավանություն տվեց «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» գաղափարին եւ կոչ արեց ամրապնդել երվասիական համագործակցությունը: Նրա խոսքեորվՙ ՉԺՀ նախաձեռնությունը հիմք է ծառայում եվրասիական լայնածավալ համագործակցության համար:
Համաժողովում ելույթ ունենալովՙ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց, որ իր երկիրը, նկատի ունենալով սեփական աշխարհաքաղաքական կարեւոր դիրքը, հավանություն է տալիս «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը եւ «21-րդ դարի մետաքսի ծովային ճանապարհ» գաղափարին:
Էրդողանը պատրաստակամություն հայտնեց օժանդակելու չինական նախագծերին, որոնց շնորհիվ հին առեւտրական ուղիները կարող են վերականգնվել Եվրոպան ու Ասիան Աֆրիկային կապող ենթակառույցի շրջանակներում եւ դրանից էլ դուրս:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերովՙ ներկայումս ԵԱՏՄ-ի հետ համագործակցության հարցերը քննարկվում են ինչպես Չինաստանի, այնպես էլ Իսրայելի հետ:
ՉԺՀ հանրային անվտանգության նախարարությունը եւ Ինտերպոլը համաձայնագիր են ստորագրել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի շրջանակներում ռազմավարական համագործակցության մասին: Ինտերպոլի գլխավոր տնօրեն Յուրգեն Ստոկը նշեց, որ կազմակերպությունը ձգտում է նախագծի բոլոր մասնակիցների միջեւ տեղեկատվության փոխանակման հիմքեր ստեղծել: Չինաստանը եւ Ինտերպոլը կմիավորեն ջանքերը տարածաշրջանային անվտանգությունն ապահովելու նպատակով, ինչպես նաեւ համատեղ կպայքարեն ֆինանսական եւ այլ կարգի հանցագործությունների դեմ:
ՉԺՀ փոխվարչապետ Չժան Գաոլիի խոսքերովՙ նախագծի շնորհիվ մինչեւ 2022 թվականը Չինաստանի ներմուծումների ծավալը կհասնի 8 տրիլիոն դոլարի, իսկ ՉԺՀ տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումները կհասնեն 600 մլրդ դոլարի: Աշխարհում երկրորդ հզորագույն տնտեսությունը հանդիսացող Չինաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել ժամանակավոր տնտեսական դժվարություններ ապրող երկրներին: Մետաքսի նոր ճանապարհը ստեղծելիս կանցկացվեն կողմերի խորհրդակցություններ, որոնք կհանգեցնեն փոխշահավետ գործարքների:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարեց, որ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագիծը կվերաձեւի աշխարհի քարտեզը եւ կստեղծի տնտեսական նոր հարաբերություններ: Բելառուսը այդ նախագծին միացած առաջին երկրներից մեկն է: Լուկաշենկոն առաջարկում է արդի համաշխարհային խնդիրները (ահաբեկչություն, գաղթ, կլիմայական փոփոխություններ) լուծել ոչ թե զենքի կիրառմամբ, այլ միջպետական հարաբերությունների նոր մոդելի ձեւավորման միջոցով: Նրա բնորոշմամբ, չինական նախագիծը ենթադրում է ոչ թե ՉԺՀ շահերի միակողմանի պարտադրում, այլ միավորիչ համագործակցություն:
Russia Today հեռուստաընկերության հաղորդման համաձայն, Ռուսաստանը ոչ միայն կօժանդակի մեկ գոտի, մեկ ճանապարհ նախագծին, այլեւ ակտիվորեն կմասնակցի դրան: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախագիծը համարում է հույժ արդիական եւ անհրաժեշտ: Նրա խոսքերովՙ նախագիծը ոչ միայն կմիավորի Եվրոպայի եւ Ասիայի երկրներին, այլեւ կարտահայտի արդի տնտեսության իրողությունները:
Համաժողովի շրջանակներում կազմակերպված մամլո ասուլիսում Պուտինը հայտարարեց. «Վերջերս ԱՄՆ-ում շարունակվող ներքաղաքական պայքարը «որոշակի նյարդայնություն» է ստեղծում ողջ աշխարհի ոչ միայն քաղաքականության, այլեւ տնտեսության մեջ», այդ մասին հաղորդում է ռուսական ՁԹՃ հեռուստաալիքը: Նախագահի խոսքերով Եվրոմիությունը նույնպես ունի բազմաթիվ խնդիրներ:
Խոսքը մասնավորապես BREXIT-ի մասին է, ուստի անչափ կարեւոր են Եվրոպայում կայունությանը նպաստող ազդանշանները: Այս առումով չինական նախաձեռնությունն անչափ օգտակար է եւ արդիական:
Իրանական Press TV հեռուստաալիքի տվյալներով, միայն 2014-2016 թթ. Չինաստանը 304,9 մլրդ դոլարի ենթակառուցվածքային ներդրումների պայմանագրեր է կնքել: Առաջիկա հինգ տարիներին Չինաստանը 500 մլրդ դոլարի ներդրումներ կկատարի 65 երկրներում: Դա է՛լ ավելի կխթանի ՉԺՀ արժութային ավուարների համար ծավալված պայքարը, որը մտադիր է գլխավորել ԱՄՆ-ը: ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի արեւելաասիական ծրագրերի տնօրեն Մեթյու Պոտինգերի խոսքերով, ամերիկյան ձեռնարկությունները ընդհանուր ենթակառուցվածքային նախագծերին մասնակցելու մեծ փորձ ունեն եւ պատրաստ են մասնակցել չինական «Մետաքսի նոր ճանապարհի» ձեւավորմանը: South China Morning Post թերթը մեջբերում է նրա այն հավաստումը, թե ԱՄՆ-ի կոոպերացիաները կարող են առաջարկել ապրանքների ու ծառայությունների ամենացածր գները:
Չինաստանը «Գոտու եւ ճանապարհի» նախաձեռնությամբ առաջին անգամ հանդես եկավ 2013 թվականին: Նախաձեռնությունը բաղկացած է «Մետաքսի տնտեսական գոտու» եւ «21-րդ դարի մետաքսի ծովային ճանապարհի» նախագծերից:
Սի Ցզինպինի առաջարկությանն արձագանքելովՙ նախաձեռնությանը միացել են նաեւ Ղազախստանն ու Ինդոնեզիան: Զուգահեռաբար ընդլայնվում է նաեւ ԵԱՏՄ-ի հետ համագործակցությամբ շահագրգռված երկրների ցանկը, որն արդեն ընդգրկում է Եվրոպայի, Ասիայի եւ Լատինական Ամերիկայի 50 պետություն:
Իրանի, Հնդկաստանի, Եգիպտոսի, Սինգապուրի եւ Սերբիայի հետ արդեն ստորագրվել են խորհրդակցությունների անցկացման համաձայնագրեր:
Խմբ. կողմից. – Ի դեպ, այս կարեւոր համաժողովին Հայաստանը մասնակցում էր նախարարի մակարդակով: