Նոյն իր տապանը հենց այնպես չկառուցեց: Եթե իրեն մնար, հազիվ թե կառուցեր. Աստված, եթե հիշում ենք Աստվածաշունչը, ասաց Նոյին, որ մի տապան կառուցիր, այնտեղ տեղափոխվիր դու եւ ընտանիքիդ տար, ինչպես նաեւ ամեն կենդանուցՙ զույգերով: Հենց տապանի մարդիկ ու կենդանիներն էլ Աստծու հաշվարկներով պետք է փրկվեին ահեղ ջրհեղեղից, ինչն Արարիչը նախաձեռնել էր, որպեսզի ամեն ինչ, ինչը ինքն է ստեղծել, զրոյից սկսի, մաքուր սպիտակ թղթից:
Այս համատեքստում ես դժվարանում եմ ասել, թե ինչո՞ւ են հիմա ցանկանում Արարատի դիմահայաց բարձունքին Նոյյան տապան կառուցել,- իրենք ասում ենՙ վերականգնել: Աստվա՞ծ է ասել, եթե հաշվի առնենք հանգամանքը, որ տապան մեկ անգամ է մինչեւ հիմա կառուցվել եւ այն կառուցելը Աստված է պատվիրել, կնշանակի Աստված է ասել այդ մարդկանց, որ անպայման տապան կառուցեք ու անպայման Արարատի դիմահայաց բարձունքին: Բայց եթե Աստված է ասել, ուրեմն առաջիկայում աղետ կա, Մեծ ջրհեղեղ, քանի որ Աստված հազարամյակներ անց նորից է պատրաստվում ամեն ինչ զրոյից սկսել, ու մեծ հարց է, թե ովքեր են մնալու, որպեսզի շարունակեն այդ զրոն:
Իրենքՙ տապանի կառուցման նախագիծը ներկայացնողներն (ի դեպ տապան կառուցելը «Կառուցենք ազգովի» հիմնադրամի միտքն է) ամենեւին էլ խուճապ չեն գուժում, նշում են, որ տապանը դառնալու է պատմամշակութային, գիտակրթական համալիր եւ, ուշադրություն, «հիշեցնելու է մարդկանց, որ մարդկության նախահայրենիքը Հայաստանն է»: Ենթադրում եմ, որ «Կառուցենք ազգովի» հիմնադրամի ներկայացուցիչները շատ են շրջագայել աշխարհով մեկ, ունեն օտարերկրացի բազմաթիվ ծանոթներ, եւ ստացել են տպավորություն, որ մարդկությունը մոռացել է, թե որն է իր նախահայրենիքը, ու քանի որ մենք այլ միջոց չունենքՙ հիշեցնելու, տապան ենք կառուցում: Ճիշտ է, այդ տապանն, օրինակ բուդդայականներին կամ մահմեդականներին, էլ չեմ խոսում սինթոիզմ դավանողների մասին, ոչինչ էլ չի հիշեցնի, իսկ այս բոլորն ավելի մեծ թիվ են կազմում, քան ամեն ինչ մոռացած քրիստոնյաները, բայց դա տապան կառուցելու նախագծի հեղինակներին ըստ երեւույթին այնքան էլ չի հուզում: Փոխարենը նախագծի հեղինակները հատուկ շեշտել են, որ Նոյյան տապանը, որը պարզվում է համաշխարհային նշանակություն ունի, պետք է կառուցվի «հայության հնարավորությունների մեկտեղմամբ»: Այսինքն ամբողջ հայությունը ամբողջ մարդկության համար պետք է հանգանակություններ անի, նվիրատվություններ կազմակերպի, ու յուրաքանչյուր հայ իրՙ բառիս բուն իմաստով լուման ներդնի այս համաշխարհային նշանակության ձեռնարկում, որպեսզի, օրինակ, Վատիկանում Պապի նստավայրը պահպանողը, կամ լոնդոնյան Սքոթլանդ Յարդի աշխատակիցը, կամ տեքսասցի հոգով քովբոյը, ում նավթի եկամուտներն ավելի շատ են, քան մեծ է խիղճը, եւ այլն, բոլորը, հիշեն, որ մարդկության նախահայրենիքը Հայաստանն է: Գուցե դա հիշելուց հետո էլ շնորհակալություն հայտնեն հայերին, որոնք, մեկտեղելով հնարավորությունները, այսքան կարեւոր գործ են արել: Ինչեւէ:
Այս պատմության մեջ ինձ ամենաշատը հետաքրքրական թվաց տապանի կառուցումից հետո դրա բովանդակությունը, կամ կազմը: Ովքե՞ր կամ ինչե՞ր են լինելու տապանի ներսում: Հիմնադրամը նշում է, որ տապանում կկառուցվի 200 տաղավար, որոնցից յուրաքանչյուրում կտեղադրվեն տարբեր ազգերի, պետությունների դրոշներն ու զինանշանները, նրանց ազգային մշակույթն արժեվորող ինչ-ինչ ցուցանմուշներ: Տապանում կստեղծվի նաեւ 40 առանձին սենյակ, որոնք բաց կլինեն զբոսաշրջիկների եւ, ուշադրություն, ուխտավորների համար: Նրանք այդ սենյակներում կծանոթանան տապանի ցուցանմուշներին, կօգտվեն գրադարանից, կշրջեն պատկերասրահում: Եւ վերջապես տապանում կլինեն կառավարության ընդունելության դահլիճներ, կոնֆերանս սրահներ, պետական նշանակության հանդիսությունների սրահներ եւ այլն: Ի՞նչ է ուրեմն ստացվում, տարբեր երկրներից զբոսաշրջիկները, մանավանդ ուխտավորները ժամանելու են մեր երկիր, գնալու են Նոյյան տապան, որը, կրկնում եմ, պետք է հիշեցնի նրանց, որ մարդկության նախահայրենիքը Հայաստանն է, եւ տապանում տեսնելու են տարբեր ժողովուրդների, պետությունների, եթե բախտները բերեցՙ նաեւ իրենց պետական դրոշներն ու զինանշանները: Այսինքն, օրինակ, շվեդ ուխտավորը Ստոկհոլմում որեւէ տեղ չի կարող տեսնել իր պետության դրոշը ու այն տեսնելու համար գալու է Նոյյան տապան, ու հենց տեսնիՙ հիշելու է, որ մարդկության նախահայրենիքը Հայաստանն է: Հիշելուց հետո էլ գնալու է տապանի գրադարան, որը, ենթադրում եմ, համալրվելու է Մատենադարանի հաշվին, այստեղ թերեւս ենթադրյալ շվեդը ավելի շատ է հիշելու, գուցե անգամ համոզվելու «մարդկության հայրենիքը Հայաստանն է» ճշմարտությանը, հետո անցնելու է տապանի պատկերասրահ, որն էլ, կարծում եմ, կաղքատացնի Ազգային պատկերասրահը, եւ այնտեղ տեսնելու է Այվազովսկուՙ «Նոյն իջնում է Արարատից» հայտնի կտավը ու իրեն զգալու է ինչպես Նոյըՙ հազարամյակներ առաջՙ տապանում:
Նախագծի հեղինակները ցավոք այդ մասին ոչինչ չեն ասել, բայց այստեղ մի կարեւոր տարր բաց է թողնվել: Բանն այն է, որ տարբեր ազգերի ուխտավորները կարող են տապանում երկար զբոսնելուց եւ հիշելուցՙ հանկարծ քաղց զգան, հետեւաբար անհրաժեշտ է, որ տապանը նաեւ ռեստորան ունենա, հատուկ գերմանացի ուխտավորների համար իսկական թուրքական քյաբաբի կետեր, ուսանողների համար հոթ-դոգերի կրպակներ, իսկ երեխաների համար հրուշակեղենի խանութներ, որտեղ անպայման կվաճառեն շատ սիրելի պոնչիկ: Այդ պարագայում միայն տապանը կլինի լիարժեք, եւ երբ այնտեղ պետական նշանակության հանդիսություն արվի, սպասավորները ստիպված չեն լինի իսկական թուրքական քյաբաբը դրսից բերել տապան. տապանում դրա վաճառքի բազմաթիվ կետեր կլինեն:
Մի խոսքով, ես անձամբ տապանի կառուցմանը կողմ են, բանն այն է, որ կարելի է այն կառուցելուց հետո այնտեղ տեղափոխել փողոցային ագրեսիվ, կատաղած շներին ու փակել: Եւ առհասարակՙ բոլոր կատաղածներին ու ագրեսիվներին: Գուցե դրանից հետո մարդկությունը հիշի, որ իր նախահայրենիքը Հայաստանն է, եւ մենք ամեն ինչ սկսենք զրոյից, սպիտակ մաքուր թղթից: