Մայիսին նկատելի ակտիվացել է ադրբեջանական քարոզչությունն ուղղված Հայաստանի եւ Ամերիկայի հայ համայնքի դեմ: Նախապատվությունը տրվում է հիմնականում բավական ազդեցիկ տպագիր պարբերականներինՙ «The Hill», «Washington Times», «Washington Examiner»: Զուգահեռ մեծ թափով առաջ է մղվում «Ադրբեջանըՙ որպես աշխարհի հանդուրժող մահմեդական երկիր» քարոզչական թեզը, Բաքվի հովանավորած ամերիկացիների այցերի մասին ներբողներով: Խայծըՙ ամերիկյան ընթերցողին հետաքրքրող հակառուսական թեման է, որին ագուցված հակահայկական ասելիքը մեր երկրի դերը տարածաշրջանում կերպավորում է Հյուսիսային Կորեայի տեսքով:
Մայիսի 9-ին, «Washington Examiner»-ում հայտնի հակահայ Ալեքսանդր Մուրինսոնը գրում է. «Հայաստանի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ մտադիր են ստեղծել համատեղ ռազմաարդյունաբերական համալիր Գյումրիում: Սա ահազանգ պետք է հնչեցնի Կապիտոլիումում եւ ողջ Վաշինգտոնում, քանզիՙ սրա հաջորդ քայլը ռուսական ռազմական հետագա հզորությունն է, որի համար Հայաստանը օգտագործվում է որպես մեկնարկային բազա ՆԱՏՕ-ի դեմ գործողություններում, ուստի եւՙ Հայաստանին տրվող ֆինանսական օգնությունը պետք է դադարեցվի»,-եզրահանգում է թուրք/ազերի գործակալը:
«The Hill»-ը Մայիսի 7-ին ասպարեզ էր տրամադրել Մուրինսոնի մեքսիկա-լատինական տարբերակՙ Ռաուլ Կոնտրերասնին : Նա անդրադարձել էր Հայաստանում մաքսանենգ ճանապարհով հայտնված ադրբեջանական խնձորների պատմությանը: Անհեթեթություններով եւ ցինիզմով լի հոդվածից մի մեջբերում միայն. «Հայերը շատ են սիրում ադրբեջանական խնձորները: Երբ նրանք գնում են դրանք, ակամայից խորասուզվում են տասնամյակներ տեւող ադրբեջանական թշնամական զգացողության մեջ, որն առաջացել է երկու ժողովուրդների միջեւ արյունալի պատերազմի արդյունքում»:
Եթե Սպիտակ տունը երկրների հետ իր հարաբերությունները կառուցեր մեդիայի միջոցով մուրինսոնների մատուցած այս կարգի «խորհրդատվությունների» հիման վրա, ապա աշխարհը վաղուց կործանված կլիներ: Ինքըՙ նախագահ Թրամփն է այսօր թաքստոց փնտրում իր պաշտոնանկությանը հետամուտ «fake» ԶԼՄ-ների շանտաժից, անցնելով ընդհատակ, իր ընտրողների հետ կապ հաստատելով միայն էլեկտրոնային փոստի միջոցով: Ազերպրոպի պատվիրած հակահայ ապատեղեկատվության հիմնական սպառողը, ցավոք, ամերիկացի անտեղյակ ընթերցողն է, ինչը սակավ մտահոգիչ չէ:
Տեղեկացնենք նաեւ, որ այս հոդվածներին հայկական կողմը ներկայացնում է իր բողոք-պատասխանները, սակայն շատ դեպքերում, ազերամետ պարբերականները հրաժարվում են այն տեղադրելուց: Ըստ երեւույթին, ադրբեջանական խավիարատու քարոզչությունը հոգում է իր պատվիրած հոդվածներին հակազդող կարծիքի արգելանքն ապահովող ծախսերը նույնպես:
Վաշինգտոնում 1988-ից գործող ազդեցիկ «Podesta Group» (Փոդեստա գրուփ) լոբբիստական խումբը, սկսածՙ 2013-ից, ամիսը $50-ից $60 հազար (չհաշված լրացուցիչ ծախսերը) գումար է ստանում Ադրբեջանի դեսպանատան միջոցով, հակահայկական այս հզոր քարոզարշավը կազմակերպելու համար, ինչպես նաեւՙ ապահովելու Ադրբեջանի դրական կերպարը մեդիա տարածքում: Այդ խումբն էլ վարձում է նախկին ԱՄՆ Կոնգրեսի եւ քաղաքական շրջանակներին մերձ այնպիսի թոշակառու-գործակալների, ինչպիսինՙ 76 ամյա Կոնտրերասն է, Մուրինսոնը կամ Լլոյդ Գրինը:
Ջոն եւ Թոննի Պոդեստա եղբայրների ստեղծած լոբբիստական այս խումբը ապրիլյան քառօրյա պատերազմի նախօրեին, «Միջուկային սպառազինության դեմ պայքարի» գագաթաժողովի շրջանակներում ապահովեց Ալիեւի հանդիպումը Ջոն Քերրիի հետ, որի համար ամսական $50 հազարից բացի պետք եղավ եւս $70 հազար, որպեսզի Ջոն Քերրին անաղմուկ շրջանցեր այդ երկրում հալածանքների ենթարկվող ընդդիմադիր լրագրողների եւ մարդու իրավունքների աղաղակող փաստերը, գրում է contact.az կայքը: Բացի «Պոդեստա»-յից, որի պատվիրատուն Ազերի պետությունն է, Մ. Նահանգներում գործում է մասնավոր միջոցներով հովանավորվող ադրբեջանական լոբբիզմ: Այն կազմակերպում է ամերիկյան պաշտոնատար անձանց մասնակցությամբ բանկետներ, շքեղ ընդունելություններ, ապշերոնյան այցեր, հրեական «Հանուկաներ» եւ այլն: Հիմնադիրըՙ ազերի նախկին տրանսպորտի նախարարի որդին է, գործարարՙ Անար Մամադովը , ով տարեկան $3 միլիոն է ծախսում ադրբեջանական PR-ը Ամերիկայում տարածելու համար: Համաձայն «Politico»-ի մարտի 22-ի առցանց մի փոխանցման, Ադրբեջանն այս տարի ստորագրել է պայմանագիր ամերիկյան տեխնոլոգիական ոլորտի առաջատարՙ BGR-ի (Boy Genius Reporter) հետ, ամիսըՙ $50 հազար հատկացումով, ինչպես նաեւՙ երկարաձգել է հասարակական կապերով զբաղվող «Podesta»-ի հետ իր պայմանագիրը, ամիսըՙ $45 հազար վարձավճարով: Էլ չենք խոսում ամսական $70-ից մինչեւ $100 հազար վճարվող, Մ. Նահանգներում գործող ամենախոշոր թուրքական լոբբիից ազերիներին տրվող աջակցության մասին, որի հիմնադիրներն են նախկին ԱՄՆ կոնգրեսականներՙ Ռոբերտ Լիվինգսթոնը եւ Ռիչարդ Գեֆարդը : Հիմնականում այդ լոբբին է տապալում Հայոց ցեղասպանության բանաձեւերի անցկացումը Կոնգրեսում, խրախուսում Վաշինգտոնում Էրդողանի թիկնապահների երեկվա լկտի վարքագիծը, այդ լոբբին է այսօր Կալիֆոռնիայի նահանգապետարանում խափանել Համբիկ Սասունյանի նկատմամբ պարոլի կիրառման հնարավորությունը:
Ի՞նչ հակաքայլեր է անում Հայաստանի իշխանությունը: Մ. Նահանգներում գոյություն չունի Հայաստան պետության հովանավորությամբ գործող որեւէ լոբբիստական խումբ, ինչը կպաշտպաներ Հայաստանի շահերը, հետաքրքրությունները, արժանապատվությունը, արցախյան հակամարտության խնդիրը, Արցախի ժողովրդի ազատ ապրելու արդարացի պայքարը վաշինգտոնյան հարթակներում, եւ ի վերջոՙ սիստեմավորված կհակազդեր ադրբեջանական հակահայ քարոզչությանը, կզբաղվեր Հայաստանի եւ Արցախի PR-ով: ԱՄՆ Հայ դատի գրասենյակը, չնայած իր կատարած լոբբիստական աշխատանքին, այժմ ի զորու չէ գրոհել թուրք/ադրբեջանական հուժկու քարոզչական պատնեշը: Լոբբիզմով զբաղվող հայկական երկրորդՙ Ամերիկայի հայկական համագումարը, վերջին շրջանում նվազեցրել է իր դերը ֆինանսական խնդիրներ ունենալու պատճառով:
Արդյոք ժամանակը չէ՞ ստեղծել լոբբիստական մեր «Podesta Group»-ը, հավաքել, միավորել ցաքուցրիվ, հատված-հատված, տարերայնորեն գործող, միմյանցից անտեղյակ ԱՄՆ հայկական համայնքի ողջ ներուժը, հայ անգլիագիր արհեստավարժ լրագրողների կարողությունները: Արդյոք ժամանակը չէ՞, որ Հայաստան պետությունն ինքը նեցուկ դառնա Սփյուռքի հայկական լոբբիստական կազմակերպություններին, այլ ոչՙ հակառակը: Հայաստանում կոռուպցիոն խոշոր սկանդալներից ետ բերված գումարները թերեւս կարելի կլիներ ուղղորդել այս առաքելության ֆինանսավորմանը, եթե այդ բացահայտումները երբեւէ տեղի ունենային:
Ի տարբերություն ռազմականի, հայ-ադրբեջանական քարոզչական սահմանն անպաշտպան է այսօր, խրամատներում թշնամուն հակազդող ոչ ոք չկա, մի քանի կամավոր, պատվախնդիր, տաղանդավոր հայորդիներից բացի: Պետք է ստեղծել նաեւ Հայաստանի ու Արցախի շահերն առաջ մղող հայկական լոբբիստական-քարոզչական հզոր հարթակ, որպեսզի «Ազգ-բանակ» համահայկական հայեցակարգը կայանա: