Հ. Ծ. Ապրիլի 27-ին Թեքեյան Մշակութային Միության «Feasibility» հնարավորությունների ուսումնասիրման հանձնախումբը Ալթադենայի (Կալիֆոռնիա) իր մասնաճյուղի «Պեշկյոթուրյան» կենտրոնում նիստ է գումարել որոնելու համար կրթական, դաստիարակչական եւ մշակութային նոր մեթոդներ, որոնք կխթանեն հավերժացնելու համար Հարավային Կալիֆոռնիայում Արշակ Տիգրանյանի եւ այլ բարերարների ազգանվեր ժառանգությունը, տեղեկացնում է խմբագրությանը հասցեագրված մամլո հաղորդագրությունը:ԹՄՄ-ի Մ. Նահանգների եւ Կանադայի Կենտրոնական վարչությունը դեռ 2015 թվի հոկտեմբերի 10-ին էր որոշել նման հանձնախմբի գոյառումը, այն բանից հետո, երբ փակվել էր Արշակ Տիգրանյանի անվան դպրոցը աշակերտների սակավաթիվ լինելու հետեւանքով:Հանձնախումբը յոթը ծրագիր է քննարկման ենթարկել, որոնք ԹՄՄ-ի եւ գոյություն ունեցող այլ կրթական կազմակերպությունների ջանքերով պետք է իրականացվեն:Նիստին ներկա են եղել ԹՄՄ-ի տվյալ մասնաճյուղի նախագահ Փանիկ Քեշիշյանը, Տիրան Տեփանյանը, Բարսեղ Քարթալյանը, ԹՄՄ-ի ատենապետ Երվանդ Ազատյանը, Ա. Տիգրանյան վարժարանի հոգաբարձուների խորհրդի նախկին անդամները, ԹՄՄ-ի գործադիր տնօրեն Արամ Արքունը, Վաչե Սեմերճյանը, Գեւորգ Քյոշկերյանը, Գեւորգ Մարաշլյանը, Կառլ Պարտաքյանը, Արա Պապայանը եւ Միհրան Թումաճանը:Հաջորդ նիստը գումարվելու է հունիսի 1-ին: |