Հունաստանի քաղաքական կուսակցությունները զորակցեցին հայկական պահանջատիրական պայքարին
Կիրակի, մայիսի 7-ին, Աթենքի Նիկիայի քաղաքապետարանի սրահում Հայկական հարցին նվիրված ՌԱԿ Հայ իրավանց հանձնախումբը միջոցառում էր կազմակերպել:
Միջոցառմանը իրենց զորակցությունը հայտնելու էին եկել Հունաստանի խորհրդարանի քաղաքական կուսակցությունների եւ հայկական հայրենասիրական ճակատի ուժերի ներկայացուցիչները:
Հունաստանի խորհրդարանի անունից ողջույնի խոսք հղեց խորհրդարանի պատգամավոր Էվանգելիա Կարակոստանը , իսկ ՀՀ իշխանության անունիցՙ դեսպան Ֆադեյ Չարչողլյանը :
Ողջույնի խոսքերով հանդես եկան նաեւ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսացությունը, Հայկական Ժողովրդային շարժումը, Հունահայոց թեմական խորհուրդը, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը, Հունահայ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչը:
Օրվա հիմնական բանախոսներ էին համալսարանի դասախոս, Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Կոնստանտինոս Արվանիտոպուլոսը , ով խոսեց Հայոց ցեղասպանության քաղաքական տարողության մասին, իսկ լրագրող, Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Լիանա Կանելին բանախոսեց Հայոց ցեղասպանության մարդկային տարողության թեմայով:
Հանդիսությանը հնչեց հայկական մեղեդիՙ Տիգրան Սարգսյանի (դուդուկ), Քրիստինե Էլեֆտերովայի (շվի) եւ Մարգար Էլեֆտերիադիսի (դհոլ) կատարմամբ: Ասմունքեց նաեւ Սոնա Գալստյանը :
Գեղարվեստական բաժնին հաջորդեցին Հունաստանի խորհրդարանի նախկին նախագահ, Ապոստոլիս Կակլամանիսի զորակցության ուղերձը եւ հաջորդեցին Հունաստանի խորհրդարանական կուսակցությունների զորակցության խոսքերը:
«Սուգը հավերժ էՙ առանց պայքարի» նշանաբանով միջոցառումը խորհրդանշեց հունահայ համայնքում հայրենասիրական ուժերի միասնությունը եւ համատեղ աշխատանքի կամքը: