Կիեւյան կամրջի վրայով չգիտես ինչու միշտ գլխահակ եմ անցնում, մարդկանց հոծ խմբերի մեջ մենակ ես զգում քեզ, նույնիսկ այդ օրը, երբ գրեթե ամեն տասներորդ երեւանցի բռնում է Ծիծեռնակաբերդի ճանապարհը: Այդ երթը ավանդաբար արդեն քանի տարի սկսվում է նախորդ օրվա երեկոյան ժամերին, երբ «Ազատության» հրապարակում կրքոտ ելույթներին հետեւում է թուրքական դրոշի այրելն ու ապա ջահակիրների քայլերթը դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Այն միշտ ազդեցիկ է, գիշերային քաղաքի փողոցներում վառվող ջահերի ուղեկցությամբ ներշնչված երիտասարդների բողոքի արտահայտությունը տպավորիչ է իսկապես: Դրոշն այրելը հակասական վերաբերմունքի է միշտ արժանացել, չնայած ոչ միայն մեզանում, շատերի մոտ դա բողոքի տարածված ձեւ է: Ինքս համարում եմ անկարեւոր մի դետալ, այն ոչինչ չի տալիս,- ինչպես մի սփյուռքահայ արձագանքեցՙ «ցեղասպան պետության խորհրդանիշ լաթի կտոր ընդամենը», որի համար մենք այստեղ իրար դեմ ենք դուրս գալիս, վիրավորանքի բառեր տեղում միմյանց վրա: Մոտեցումները տարբեր կարող են լինել, եւ սա սկզբունքային մի բան չէՙ բուռն վեճեր սարքելու համար, ինչո՞ւ ենք մենք փոքր հարցերից մեծ աղմուկ բարձրացնում: Մի կին գրում էրՙ թե փոխարենը մեր դրոշի պատիվը բարձր պահենք, կորսված պատմական հողերի մասին ենք երազում, բայց այս մի կտոր հողը չենք կարողանում արժանապատիվ պահելՙ մի բուռ մնացած ժողովրդի նորմալ կեցությունն ապահովելու, երկիրը հայաթափվում է, ու թեՙ գիտենք, որ թշնամի ունենք ու այդ թշնամին երբեք չի փոխվելու, ինչո՞ւ ինքներս մեր ներսում չենք փոխվում, մեր տունը ամրացնելու փոխարենՙ ներսից քանդում ենք… Կարծես օգտակար բան էր ասում մարդը, բայց զարմանալի է, կոպտորեն հակադարձվում էր…
Տարվա այս մեկ – միակ օրը հայությունն ասես միակամ է, սակայն միակամ է հուշահամալիր ճանապարհվելիս… Դեպի Ծիծեռնակաբերդ մարդկանց հոսքը մինչեւ ուշ երեկո չի դադարում, բարձրանում են, ծաղիկներ դնում հավերժական կրակի շուրջ ու ցած իջնում…
Հեռուստատեսությունը հզոր զենք էՙ հանրության գիտակցությանն ու ճաշակին ուղղված, շատ բան պետք չէ մարդկանց ուղեղները դեգրադացնելու եւ ճաշակը սպանելու համար մի քանի էժանագին սցենարներով սերիալներ, հումորային գռեհիկ ծրագրեր եւ այն ռաբիսը, որ հնչում է էկրաններից, լիովին բավարար է: Այս «գործառույթից» դուրս հեռուստատեսությունը մեկ ուրիշ աշխատանք էլ է տանումՙ դրան ճիշտ հակառակՙ ըստ հարկի եւ ժամանակի հայրենասիրական քարոզչություն ծավալումՙ սահմանին կանգնած զինվորի կամքն ու մարտական ոգին բարձրացնելու:
Իհարկեՙ Ապրիլի 24-ը եւս առանձնանում է այս առումով, բարեբախտորեն ապրիլքսանչորսյան հեռուստածրագրերը հիմնականում օրվա խորհրդի շրջանակներում են արդեն քանի տարի: Սակայն տեւական ժամանակ գիտակցական հետընթաց ապահովող սերիալների ու ժամանցային անհեթեթ ծրագրերի ազդեցությամբ ձեւավորված հանրության մի ստվար մասի մոտ հայրենիք, հավատ, հիշատակի օր, հարգանքի տուրք եւ այսպիսի արժեքների կիսատ-պռատ, անգրագետ ընկալում է տեղի ունենում: Դեգրադացվող ուղեղների վրա քարոզչական-ճանաչողական նշանակություն ու դեր ունեցող որակյալ հաղորդումներն անգամ ունենում են տարօրինակ, «կողմնակի» ներգործություն, ձեւավորվում է չգիտակցված հայրենասիրության կեղծ հասկացողություն, մթնոլորտ, իսկ կեղծ արժեքները վտանգ են պարունակում: Արվեստի, գրականության միջոցով ցեղասպանության եւ առհասարակ հանրային ցավոտ, խոցելի խնդիրների մասին բարձրաձայնելն ամենաարդյունավետ ճանապարհն է, հայտնի բան է:
Բայց երբեք չէի պատկերացնի, որ հայ ռեփերները այս զգայուն թեման կարող են դարձնել իրենց «հայրենասիրական» զեղումներն արտահայտելու միջոց. անցնում ես մի կրպակի առջեւով, եւ լայն բացված դռներից լսվում է հասարակական վայրերում, դարձյալ բարեբախտորեն, արդեն քիչ հանդիպող շատ բարձր «երաժշտություն», բայց ի՜նչ երաժշտություն, բառակապակցությունների մի տխեղծ կույտՙ ցեղասպանված հայերի նատուրալիստական նկարագրությանՙ ոնց ենք մորթվել, բռնաբարվել, այրվել, խեղվել, խեղդվել, անդամահատվել, կենդանի-կենդանի թաղվել, եւ այլն եւ այլն: Բայց ավելի անտանելինՙ ոտքը ոտքին գցած, աթոռին գրեթե փռված խանութպան երիտասարդի ինքնաբավարարությունից փայլող դեմքն էր. խեղճը համոզված էր, թե այդ ժխորը տարածելովՙ հայրենասիրական գործ է անում… Մնում էր խլացնել զգացմունքներն ու անցնել: Ամոթ ես զգում այդ երտասարդի համար, ամոթ ես զգում հուշահամալիր դեռ չբարձրացածՙ ծաղկավաճառների տենդագին իրարանցումից եւ աղմուկից, ամոթ ես զգում սգո երաժշտության տակ քայլողների չդադարող խոսակցությունից, ծամծմվող նյութից, օրվա խորհրդին անհաղորդ որոշ մարդկանց անտարբերությունից, երբ ոմանք դեռ շարունակում են ասելՙ «եղեռն ենք գնում»…
Ամոթ ես զգում, երբ կարդում ես օտարի մի գրառումՙ թե «Շատ հայեր ցեղասպանության մասին հիշում են միայն Ապրիլի 24-ին, հետո մոռանում, իսկ ես միշտ եմ հիշում»: Շվեյցարիայում ապրող իտալացի երգիչը երաժշտական բազմաթիվ կոմպոզիցիաներ է ստեղծել Հայոց ցեղասպանությանը նվիրված: Դրանք նա տարածում է YouTube, Facebook սոցցանցերով: Բրյուսելում մասնակցելով հայկական մի խմբի երաժշտական կատարմանըՙ Ալֆրեդո Գոնսալվո անունով իտալացի երաժիշտը գրում է, որ նրանց հետ երգելը հպարտություն էր իր համար: Սակայն խոսքի մեջ փոքր-ինչ նեղսրտած ասում է. «Տարիներ շարունակ երգեր եմ գրումՙ դրանք նվիրելով հայերի ցեղասպանությանը, սակայն որեւէ հետաքրքրություն իմ հայ ընկերներից չեմ նկատում: Ես սիրում եմ Հայաստանը, հայերին, բայց զարմանում եմ նրանց անտարբերության վրա: Որեւէ մեկը չի արձագանքում, ոչինչ չի գրում, ոչինչ չի ասում»: Առարկե՞լ նրան, ասել, թե դա անհրաժեշտ է ոչ միայն հայերին, այլեւ ամբողջ մարդկությանը, այս պարագայում ամոթի զգացումից խուսափել է,- երբ այսքան տարի ջանում ենք ամեն հնարավոր ճանապարհով Հայոց ցեղասպանության հարցը լսելի դարձնել մարդկությանը, երբ ամեն այդ օրը ոգեւորության ալիք է բարձրանում, երբ եւս մեկ երկիր ընդունում է Ցեղասպանության իրողությունը, երբ շունչներս պահած դեռ շարունակում ենք սպասել, թե ԱՄՆ նախագահը կարտասանի ցեղասպանություն բառը, թե՞ ոչ:
Որքա՜ն բան է աղավաղված մեր ներսում, դեռ որքա՜ն երկար ու տեւական ճանապարհ ունենք անցնելու ու հղկվելու…