ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստից հետո հայտարարեց, որ Իրան-ԵԱՏՄ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ ժամանակավոր համաձայնագիրը դեռ չի ստորագրվել: Նրա խոսքերով, հարկավոր է աշխատել, քանի որ ԵԱՏՄ երկրները բավարարված չեն իրանական կողմի պատասխանից: Մանրամասնությունները չեն հրապարակվում, ինչը վկայում է Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ նուրբ տարաձայնությունների առկայության մասին:
Փետրվարի վերջերին Շուվալովը մեկնել էր Թեհրան: Այցի գլխավոր նպատակների թվում էին ազատ առեւտրի գոտու եւ Իրանի նախագահ Հասան Ռուհանիի մոսկովյան այցի նախապատրաստման հարցերը: Որոշ փորձագետներ չէին կասկածում բանակցությունների հաջողությանը: Սակայն, դատելով ըստ ամենայնի, Թեհրանում Շուվալովի բանակցություններն արդյունք չեն տվել:
Իրանի նախագահն այդ թեման վերստին քննարկեց Մոսկվայում, որտեղ նախագահ Պուտինի հետ իր հանդիպումից հետո հայտարարեց, որ քննարկվել են ազատ առեւտրի գոտու ստեղծման հետ կապված հարցեր, եւ որ Իրանի ու Ռուսաստանի փոխհարաբերությունները թեւակոխել են նոր երկարաժամկետ նախագծերի ստեղծման փուլ:
Այժմ պարզվում է, որ Թեհրանը վերջին պահին որշել է փոփոխել ազատ առեւտրի գոտու ստեղծմանը վերաբերող հիմնարար պայմանները, կամ էլ արել է տեխնիկական բնույթի առաջարկություններ, որոնց լուծման համար լրացուցիչ ժամանակ է պահանջվում: Ընդսմին առկա են նաեւ հրապարակայնորեն չնշվող նրբերանգներ: Դեկտեմբերի վերջերին Ղազախստան կատարած այցելության ժամանակ Ռուհանին ասել էր, որ Իրանը մտադիր է գործակցել Շանհայի համագործակցության կազմակերպության եւ ԵԱՏՄ-ի հետ:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը պաշտպանել էր այդ նախաձեռնությունը: Իրանը բացահայտորեն ցանկություն էր հայտնել, որ Աստանան օժանդակի ԵԱՏՄ-ին միանալու Իրանի ձգտմանը: Բայց այստեղ ի հայտ է գալիս ճանապարհների հարցը: Բանն այն է, որ ազատ առեւտրի գոտու ռեժիմի դեպքում իրանական արտադրանքը կարող է Ռուսաստան եւ ԵԱՏՄ այլ երկրներ հասնել կա՛մ տարանցիկ երկիր դարձող Ադրբեջանով, կա՛մ էլ Հայաստանով: Վերջին դեպքում Վրաստանը հանդես կգա որպես տարանցիկ երկիր:
Առաջին դեպքում Բաքուն մտադրվել էր կառուցել հյուսիս-հարավ տրանսպորտային մայրուղի, որը Պարսից ծոցի երկրները կկապեր Ռուսաստանի, ԵԱՏՄ մյուս երկրների եւ Եվրոմիության հետ: Հետաքրքրական է, որ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող Ադրբեջանին աջակցում է Ղազախստանը, որը Ադրբեջանի հետ համագործակցում է Թյուրքական պետությունների միության շրջանակներում: Սակայն հենց Հայաստանն է հանդես գալիս որպես Իրանի հետ ազատ առեւտրի գոտու համաձայնագրի ստորագրման գլխավոր նախաձեռնողՙ նշելով, որ ինքը Իրանի հետ ցամաքային սահման ունեցող ԵԱՏՄ միակ երկիրն է: Երեւանն արդեն հայտարարել է Մեղրիում Իրանի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծմանը վերաբերող պայմանավորվածության մասին, որը բարենպաստ հանգամանքների դեպքում կարող է գործի դրվել արդեն այս տարվա վերջերին: Այս տարվա փետրվարի 26-ին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Իրանի նախագահը պատրաստակամություն հայտնեց ԵԱՏՄ -ի հետ կնքելու ժամանակավոր համաձայնագիր, որը կհանգեցնի ազատ առեւտրի գոտու ստեղծմանը»: Երեւանը նախաձեռնեց աշխատանքային խմբի ստեղծումը, որը կուսումնասիրի հնարավոր համաձայնագրի ազդեցությունը ԵԱՏՄ երկրների տնտեսության վրա: Օրակարգում է Ռուսաստանից դեպի Իրան տրանսպորտային մայրուղիների անցումը Հայաստանով:
Ահա թե ինչու Բաքվի ու Երեւանի միջեւ հայտնված Թեհրանը մի որոշ ժամանակ հավանաբար զգուշավոր քաղաքականություն կվարի ազատ առեւտրի գոտու համաձայնագրի ստորագրման հարցում, կարծում է «Ռեգնում» գործակալությունը: Բացի դրանից, Անդրկովկասում գոյություն ունեցող էներգետիկ միջանցքների բյուրեղացումը տրանսպորտային նոր միջանցքների ստեղծման դեպքում, ըստ էության, կամրապնդի ձեւավորված ստատուս-քվոն: Մնացյալը, եթե նկատի ունենանք այնպիսի հիմնարար դրույթներ, ինչպիսիք են մաքսատուրքերը, ներմուծման կամ արտահանման վրա դրվող տարատեսակ տուրքերը, ներմուծման եւ արտահանման հետ կապված միջազգային վճարումները, երրորդ երկրից բերվող ապրանքներին տրվող զանազան առավելությունները, ունեն կիրառական, տեխնիկական բնույթ:
Անշուշտ, Իրանի եւ այլ երկրների հետ ԵԱՏՄ ազատ առեւտրի գոտու ստեղծումը կնպաստեր Եվրասիական մեծ գործընկերության ուրվագծի ձեւավորմանը եւ թերեւս կխթաներ ԵԱՏՄ ուղեծրում հարեւան ասիական երկրների (Պակիստան, Բանգլադեշ) եւ Եգիպտոսի ներգրավումը: Բայց դրան հասնելու համար, ըստ երեւույթին, դեռ շատ բան պետք է արվի: