Ամերիկացի գրող Մարկ Օրիստանոյի «Վիրաբույժի պատմությունը» (Surgeon՛s Story) դրամատիզմով եւ կարեկցանքով, նաեւ հումորով եւ լարվածությամբ համեմված հատոր է նվիրված Ամերիկայի լավագույն սրտաբան-մանկաբույժերից մեկինՙ դոկտ. Քրիստին Գյուլեսերյանին, ով այն հազվագյուտ վիրաբույժներից է, որ սրտի հաջող պատվաստում է կատարել մեկ շաբաթվա նորածին երեխայի վրա: Օրիստանոն նրան ուղեկցում է մինչեւ վիրահատարան եւ ամենայն մանրամասնությամբ նկարագրում փորձառու բժշկուհու զգացմունքներն ու վարպետությունը:
«Ճիշտ է, թերություններ կան առողջապահության բնագավառում, բայց ես ուզում էի պատմել մեկի մասին, որ հրաշալի է կատարում իր գործը: Եթե ավելի շատ կանայք հետեւեն նրա օրինակին, մենք անկասկած կունենանք ավելի լավ առողջապահական համակարգ», նշել է գրքի հեղինակը, ով ավարտել է Տեքսասի Քրիստոնեական համալսարանը, աշխատել Դալլասում հայտնի ֆուտբոլային մեկնաբան Վեռնե Լունդկուիստի եւ Նեշվիլում Օպրա Ուինֆրեյի հետ: Նա նաեւ ճանաչված հրապարակախոս է:
158 էջանոց գրքին կարելի է ծանոթանալ հեղինակի «http://surgeonsstory.com» բլոգում: