109 տարի անց Թուրքիան որպես պետություն ու վարչաձեւ վերադառնում է իր ելման կետինՙ սուլթանիզմին: Եվ 96 տարի անց, երբ Մուսթաֆա Քեմալը հռչակեց Թուրքիայի Հանրապետության ծնունդըՙ որպես «աշխարհիկ» ու «դեմոկրատական» պետություն, 2017 թ. ապրիլի 16-ին այդ երկիրը կրկին վերադարձավ միապետական դրությանՙ սուլթանիզմին: Այդ օրը կայացած հանրաքվեն, որն անցկացվեց «Սահմանադրական բարեփոխումներ» անվան տակ, միջազգային վերլուծաբաններից ոմանք բնորոշում են որպես հեղափոխություն, նկատի ունենալով 1921 թ.ին Աթաթյուրքի հեղափոխական ծրագիրըՙ հանրապետական Թուրքիան գերազանցապես ագրարային երկրից վերածել ժամանակակից ճարտարարվեստական երկրի, որը ղեկավարվում էր նախագահ-վարչապետ-«բազմակուսակցական» խորհրդարան դրությամբ:
Սահմանադրական «բարեփոխումների» քողի տակ այժմ, փաստորեն, Թուրքիան վերադառնում է միապետական դրության, որին Երիտթուրքերը վերջ էին տվել Աբդուլ Համիտի գահընկեցությամբ: Էրդողանն այժմ ունի արտակարգ լիազորություններ խորհրդարանը ցրելու, դատական համակարգի ու բանակի ղեկավարներին նշանակելու եւ գլխավորըՙ նախագահական դեկրետներով, այսինքն գործող օերնսդրությունից անկախ երկիրը ղեկավարելու: Եվ այժմ, անմիջական պատասխաններ ենթադրող գլխավոր հարցադրումը հետեւյալն էՙ ինչո՞ւ այս փոփոխությունները:
Հայկական մամուլը, գոնե ինձ ծանոթ իր մեկնաբանություններում, այս հարցադրմանը որպես պատասխան առաջ է քաշում Էրդողանի փառասիրական նկրտումները, որն իմ կարծիքով, շատ մակերեսային բացատրություն է: Հատկապեսՙ երբ դիտարկենք Թուրքիայի վերջին 150 տարիների պատմության գլխավոր փուլերը (օսմանյան, երիտթուրքական, հանրապետական), ապա հստակորեն կպարզվի, որ այդ պետության գլխավոր եւ առայժմ չլուծված եւ ըստ էության երբեք չլուծվելիք խնդիրը մնում է էթնիկ միատարրություն ստեղծելու հարցը: Այդ երկրում, եւ նրա օրինակով նաեւ հարեւան Ադրբեջանում, գլխավոր ցնցումները, ներքին բախումներն ու էթնիկ զտումները, որոնց գլխավոր զոհը դարձավ մեր ժողովուրդըՙ ամենասարսափելի հետեւանքներով, թուրքական տարրի տիրապետության համար են եղել միշտ:
Հիմա էլ, Էրդողանի Արդարություն եւ զարգացում (AKP) կուսակցության տիրապետության տարիներին, էթնիկական խնդիրները անկայունության հիմնական պատճառն են երկրում եւ սպառնում են խարխլել պետության հիմքերը, ընդհուպ կործանել այն: Եվ ես նկատի չունեմ միայն քրդական գործոնը, որն արդեն տարածաշրջանային թեժ հակամարտության է վերածվել եւ արժանի է առանձին ուշադրության, այլեւՙ ալավիներին եւ արաբներին, որոնց նկատմամբ թուրք տարրը արդեն չի թաքցնում իր ատելությունը:
Իրերի այս կացության մեջ ի՞նչ դիրքորոշում կարող են ունենալ Հայոց պետությունն ու ժողովուրդը. Մեծ եղեռնի եւ հայրենազրկումի 102-րդ տարելիցի այս օրերին անշուշտ այս հարցն է պտտվում մեր բոլորի մտքում: Եթե անկեղծՙ ապա քիչ բան: Տարբեր երկրների պետական-խորհրդարանական շրջանակները, որոնք վերջին 30 տարիներին դարձել են Հայ դատի հետապնդման ու Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ մեր հետապնդումների գլխավոր ասպարեզը, խոստմնալից չեն կարող լինել պարզ այն պատճառով, որ դրանց մեծամասնությունը, նույնիսկ նրանքՙ ովքեր դեռեւս չեն շնորհավորել Էրդողանինՙ տարած հաղթանակի համար, զգուշավոր լռությամբ են հետեւում Թուրքիայում սպասվող զարգացումների թավալքին: Դժբախտաբար նույն կեցվածքն է որդեգրել նաեւ միջազգային մամուլը, եւ մենք ստիպված ենք բավարարվել «Խոստումը» եւ դրան հակադրվող «Օսմանցի լեյտենանտը» ֆիլմերի շուրջ տիրող հասարակական արծարծումների վրա ազդելով: Իսկ ինչ վերաբերում է հենց Թուրքիայում, տեղի առաջադիմական մտավորականության թվի եւ ազդեցության մեծացման հետ կապված մեզնից շատերի հույսերին, ապա, ընդունենք, այդ երկրում ներկա պահին տիրող վախի եւ զգուշավորության պայմաններում նման բան ակնկալելը ցանկատեսություն կլինի:
Ուրեմն, պիտի շարունակենք անել այնՙ ինչը անում ենք արդեն 60-ական թվականներից ի վերՙ ոգեկոչել մեր նահատակների հիշատակը, հարգել ու ցավել նաեւ ուրիշ ազգերի ցավի համար, հիշել եւ հիշեցնել բոլորին, քաջալերել մեր եւ օտարազգի գիտնականների աշխատությունները ցեղասպանության ու դրա ժխտման պատճառների մասին, մշակել մարտավարական նորանոր ձեւեր ու մեթոդներ, գտնել նոր բարեկամներ, ուժեղ դիրքեր գրավել բոլոր բնագավառներումՙ առաջին հերթին մեր երկրի տնտեսական ու պաշտպանության ոլորտներում, եւ սպասել հարմար առիթի, որը չի կարող չգալ: