Միջինքի օրը նշվում է Մեծ պահքի 4-րդ շաբաթվա չորեքշաբթի օրը: 2017թ.-ի մարտի 22-ին Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում նշվեց արդեն ավանդական դարձած գաթայի փառատոնը, ինչի կապակցությամբ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը կազմակերպել էր 50 երիտասարդների համար ուխտագնացություն դեպի Ջավախք ` Երեւանից եւ Գյումրիից:
Ուխտագնացները նախ այցելեցին Վիրահայոց թեմի Ջավախքի փոխառաջնորդարան, որտեղ հյուրերին ընդունեց Սամցխե-Ջավախքի եւ Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Բաբկեն վարդապետ Սալբիյանը: Նա ողջունեց ներկաներին, ներկայացրեց փառատոնի դրական կողմերը, բացատրեց իմաստը, պատմեց թե ինչպես են նշել առաջներում եւ ինչպես են նշում հիմա, ինչ սովորույթներ եւ ավանդույթներ են եղել «Հայկական գաթա» փառատոնի շրջանակներում, նշեց նաեւ, որ փառատոնն արդեն 6-րդ անգամ է նշվում Ջավախքում, սակայն առաջին անգամ է, որ ուխտավորներ ունեն, ինչի կապակցությամբ հայտնեց իր գոհունակույունը:
Ընդամենը 6 տարի առաջ ձեռնարկված գեղեցիկ նախաձեռնությունը վերածվեց ավանդույթի: Տարեցտարի փառատոնի մասնակիցների թիվը ավելանում է, ինչպես նաեւ ավելանում են այցելուները: Այս տարի փառատոնին ներկայացված էր հինգ տասնյակից ավելի գաթա:
Սուրբ Խաչ եկեղեցում գաթայի փառատոնը մեկնարկեց Բաբկեն վարդապետի, Ախալքալաքի եւ հարակից գյուղերի հոգեւոր հովիվների մասնակցությամբՙ հանդիսավոր ժամերգությունը: Ջավախքի տանտիրուհիները պատրաստել էին գաթաները եւ մեծ սիրով ներկայացնում ու բացատրում էին բաղադրատոմսը, թե ինչպես են պատրաստում գաթան, հատկապես Միջինքի գաթայի պատրաստման եղանակը: «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի կողմից փառատոնին մասնակցած տանտիրուհիները ստացան հատուկ տարբերանշանով գոգնոցներ եւ շնորհակալագրեր:
Կազմակերպվել էր համերգային ծրագիր, որի ավարտից հետո կատարվեց գաթաների օրհնություն եւ համտես: Միջոցառման ավարտին օրհնության խոսքով հանդես եկավ Բաբկենը վարդապետը:
Փառատոնին ներկա էին Վրաց Ուղղափառ եկեղեցու Ախալքալաքի եւ Կումորդոյի միտրոպոլիտ Նիկոլոզ Փաճուաշվիլին, ՀՀ Սփյուռքի նախարարության ներկայացուցիչները, ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը, պաշտոնյաներ, մշակույթի գործիչներ, ուխտավորներ Երեւանից, Գյումրիից, եւ Վրաստանի տարբեր շրջաններից: Գաթայի փառատոններ են տեղի ունեցել նաեւ Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եւ Խանդոյի Սուրբ Խաչ եկեղեցիներում:
Ջավախք մեկնած երիտասարդների համար ուխտագնացությունը եզրափակվեց Կարծախ գյուղում գտնվող մեծն աշուղ Ջիվանիի տուն-թանգարան այցելությամբ, որը բացման օրվանից ի վեր դարձել է բազմաթիվ զբոսաշրջիկների, ուխտագնացների եւ պարզապես Ջավախք այցելողների ուղեւորության անբաժանելի մասը: Այս անգամ Ջիվանու տուն-թանգարանը հյուրընկալեց շուրջ 50 ուխտագնացների:
Հյուրերը ծանոթացան Ջիվանու կենսագրությանն ու մշակութային հարուստ ժառանգությանը: Ուխտագնացներից շատերը Ջավախքում առաջին անգամ էին եւ ստացած տպավորությունները չէին կարողանում նկարագրել: Նրանց ասելովՙ լսել էին ջավախքցիների հյուրընկալ լինելու մասին, բայց չէին պատկերացնում, որ այսքան ջերմ են: Շիրակի պետական մանկավարժական համալսարանի ուսանող Հրայր Հակոբյանի խոսքովՙ մայրամուտը Ջիվանու հայրենի գյուղում դիմավորելը ամենատպավորիչ եւ հիշարժան պահերից էր: