Բունդեսթագի պատգամավորների ադրբեջանամետ տեքստը գտնվեց
«Ազգի» մարտի 17-ի համարում, հենվելով «Ազերթաջի» գերմաներեն տարբերակի վրա, գրել էինք, թե Բունդեսթագի պատգամավորներ Ուվե Ֆայլերը, Օլավ Գութթինգը, Հանս Միշելբախը, Ֆիլիպ Մուրմաննը, Նորբերթ Շինդլերը Խոջալուի 25-ամյա տարելիցի առիթով հայտարարություն են հրապարակել, ինչը ըստ մեր ենթադրության, ադրբեջանական կեղծիքների շարքից կարող է լինել: Նման ենթադրության համար հիմք էր ծառայել քրիստոնյա դեմոկրատական, քրիստոնյա սոցիալական կուսակցության հիշյալ պատգամավորների կայքէջում, նաեւ գերմանական վիրտուալ տարածքում այդ հայտարարության բացակայությունը, ինչպես նաեւ նրանց բեռլինյան գրասենյակներից մեր հարցմանն ուղղված այն պատասխանը, թե նախՙ տեղյակ չեն նման փաստաթղթի գոյության: «Չե՞ք բացառում, որ «Ազերթաջի» հրապարակումը կարող է նաեւ անհիմն լինել» մեր հարցին, այդ գրասենյակներից առնվազն երկուսը չհերքեցինՙ մեզ առավել համոզելով, որ ադրբեջանական պետական լրատվական գործակալությունը կեղծ լուր է հրապարակել: Բայց պատգամավորների գրասենյակների աշխատակիցները հանձնառու եղան հետագա օրերին ստուգել տեղեկատվությունը:
Քանի որ մեր հետեւողականությունը շարունակական եղավ, պատգամավորների գրասենյակներից էլ համապատասխան արձագանքն ունեցավ:
Շաբաթվա սկզբին մեզ զանգահարեց վերոհիշյալ պատգամավորներից մեկի գրասենյակի քարտուղարըՙ ուղղորդելով, թե մեր որոնած հարցերին պատասխան կգտնենք Օլավ Գութթնիգի գրասենյակից: Վերջինիս աշխատավայրից մեզ տրամադրեցին «Հայտարարություն Խոջալուի կոտորածի առիթով» գրավոր տեքստը, որը դժվար է փաստաթուղթ կոչել: Խոսքն անշուշտ միայն բովանդակության մասին չէ: Այդ տեքստի որեւէ տեղում ոչ անուն- ազգանուն կա, ոչ ամսաթիվ, այն տպավորությունն է թողնում, թե ներկայացվող հայտարարությունը լուրջ պաշտոնական բնույթ չունի: Անկողմնակալ հայացքը կնկատի, որ պատմական եղելության հիման վրա կազմված հայտարարությունը շարադրված է Ադրբեջանի պետական քարոզչության թելադրանքով, եւ այդ է պատճառը, որ Ղարաբաղյան հակամարտության ողջ ընթացքը ներկայացված է միակողմանի: Համառոտակիՙ դրա բովանդակությունը.
1988-1994-ին ԽՍՀՄ փլուզումից հետո բորբոքվեց Ղարաբաղի վերաբերյալ հակամարտությունը: Խոսքը ադրբեջանական մի տարածքի մասին է, որի բնակչությունը ադրբեջանցիներից ու հայերից է բաղկացած: Երբ ԽՍՀՄ փլուզվեց, այդ տարածքը զավթեց հայկական զինուժը, ինչը պատճառ հանդիսացավ ադրբեջանական տարրի արտաքսման, ինչպես նաեւ մոտ 30 000 մարդ զրկվեց կյանքից: 1993-ից սկսյալ ՄԱԿ-ի ԱԽ-ը, Եվրոխորհրդարանը, ԵԽԽՎ-ն դատապարտել են միջազգային իրավունքի տեսակետից տարածքի ապօրինի զավթումը, պահանջելով հայկական զինուժի անհապաղ դուրս բերումն այնտեղից: 1994- ի մայիսին կնքված փխրուն հրադադարից սկսյալ ԵԱՀԿ Մինսկի խումբը հակամարտության լուծման հանձնառություն է ստանձնել:
Այնուհետ Բունդեսթագի պատգամավորները պարզաբանում են հայտարարություն անելու բուն առիթըՙ այն է Հարավային Կովկասում ԼՂՀ ու հարակից շրջանների քաղաքական, տնտեսական գերլարված վիճակի վերաբերյալ իրենց մտահոգությունը: Հայկական կողմի ԼՂՀ զավթումը չի համապատասխանում միջազգային իրավունքի բոլոր չափանիշներին եւ որեւէ կերպ չի արդարացվում: Հայերն անցյալում հարկադրված էին իրենց պատմության ամենամեծ ցավը կրել, որ վերջերս հաստատեց նաեւ Բունդեսթագը, այդուհանդերձ նրանց արտոնված չէ սեփական անօրենությունն անել, փոխարենը պարտավոր են քաղաքական եւ իրավական ամբողջականության բարձր չափանիշ պահպանել:
Վերոնշյալ պատճառներից ելնելով, ինչպես նաեւ Խոջալուի 25- ամյա տարելիցը նկատի ունենալով, Բունդեսթագի պատգամավորներս պահանջում ենք, որ գերմանական արտաքին քաղաքականությունն ակտիվացնի իր ջանքերը Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հասնելու համար, ազդելու տարածաշրջանային դերակատարների վրաՙ կայուն խաղաղություն ապահովող բանակցություններ նախաձեռնել:
Վերոբերյալ հայտարարության ձեւին ու բովանդակությանը ծանոթանալուց հետո մեր գրավոր հարցերն ուղղեցիք պատգամավոր Գութթինգի գրասենյակՙ նախ ճշտելով տեքստի հեղինակ պատգամավորների անունները: Հաստատեցինՙ վերեւում մեր շրջանառած անուններն են: Խնդրել էինք պարզաբանել, թե ինչու Բունդեսթագի, կամ պատգամավորների կայքէջերում այդ տեքստը չի հրապարակվել: Գրասենյակից ուղարկված գրավոր պատասխանը չէր անդրադառնում մեր հարցի երկրորդ մասին, իսկ առաջինի վերաբերյալ հայտնում էր հետեւյալըՙ դա Բունդեսթագի հայտարարությունը չէ, այլ վերոնշյալ պատգամավորների, հետեւաբար Բունդեսթագի կայքէջում բացակայում է:
«Որտե՞ղՙ նաեւ Բունդեսթագո՞ւմ է ներկայացվել այդ հայտարարությունը, ու՞մ է ուղղված այն», մեր հաջորդ հարցին կարճառոտ մեկնաբանությունը հետեւյալն էրՙ հայտարարությունը հասցեագրված է վեճի մեջ գտնվող երկու կողմին:
Մարտի 17-ի մեր հրապարակումը վերնագրել էինք «Բունդեսթագի անունից «Ազերթաջը» հերթական fake news-ն է հրապարակում: Ցանկալին իրականություն էինք համարել: Ներում հայցելով մեր ընթերցողներիցՙ կրկին համոզվեցիՙ լրագրողի պարտքը յուրաքանչյուր փաստ հետեւողական ստուգելն է, ինչը հուսամ, թեթեւացնում է իմ այս մեղքը: