Ավստրալահայ Շահան Բեքարյանի նոր վավերագրական ֆիլմը անդրադառնում է Հայոց ցեղասպանությանը եւ վերապրածների երկրորդ եւ երրորդ սերնդի վրա նրա թողած հոգեբանական ազդեցությանը: Մոտ 500 վերապրողներ ի վերջո հանգրվանել են հեռավոր Ավստրալիայում, որտեղ դիմագրավել են օտար շրջապատում իրենց ինքնությունը պահպանելու մարտահրավերը: 1980-ական թվականներին Ավստրալիայի Հայ Ազգային կոմիտեն նախաձեռնել է հարցազրույց անցկացնել նրանցից 50-ի հետ: Բեքարյանը փորփրելով արխիվները գտել է իր մորական պապիՙ Պողոս Թավրայանի պատմությունը թուրքական վայրագությունների եւ անմարդկային վերաբերմունքի մասին: Դա էլ հիմք է ծառայել ծավալելու իր պրպտումները եւ նկարահանելու իր նոր ֆիլմը:
Կառավարման գծով մագիստրոսի աստիճան ստացած Շահանը, անսալով իր ներքին ձայնին, հետագայում դարձել է կինովավերագրող: Նրա առաջին կարճամետրաժ ֆիլմըՙ «Կույր ուղեւորը», 2013-ին արժանացել է ժողովրդի համակրանքի մրցանակին «Սիդնեյի անդրգրաունդ կինոփառատոնում»: Նա նաեւ հոլովակներ է պատրաստում երաժշտական խմբերի համար: