Այս խորագրի ներքո Մուրիել Միրաք-Վայսբախը «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում անդրադառնում է Մայնցում եւ Քյոլնում (Գերմանիա) անցկացվող ամենահին եւ ամենազվարճաի կառնավալային միջոցառմանը, որը կայացել է մարտի սկզբներին: «Եթե այդքան ողբերգական չլիներ, ծիծաղելի կլիներ: Այսպես պետք է մեկնաբանել քաղաքական ներկա զարգացումները: Ինչպես Շեքսպիրն է պատգամել մեզ, ողբերգականի հետ առնչվելու լավագույն ձեւը գուցե կոմիկականին դիմելն է: Քաղաքական կառնավալներ անցկացնելու ավանդույթը Գերմանիայում ավելի քան 200 տարվա պատմություն ունի: Այս տարվա կառնավալի «հերոսներ» էին ընտրվել նախագահներ Էրդողանն ու Թրամփը, որոնց ներկայացրել էին ամենատարբեր իրադարձություններում: Դրանցից մեկում Էրդողանի սուլթանական գլխափաթաթի վրա գրված էր «Erdowahn», որի վերջին վանկի «wahn-ը» գերմաներենում նշանակում է «հիմարություն», «խելագարություն», մյուսըՙ նրա 1000 սենյականոց պալատի ֆոնի վրա թուրքական բանտերի իրականությունն է, որտեղ Աստված գիտի, թե որքան անմեղ մարդիկ են ազատազրկված», գրում է Մուրիել Միրաք-Վայսբախը: