Բոլորովին վերջերս, երբ վարչապետ նշանակվեց Կարեն Կարապետյանը, Հայաստան ապրանք ներկրելը դարձավ հեշտ, ընդ որում բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են Հայաստան ապրանք ներկրել: Իսկ ովքեր այս հարցում, ենթադրենք, բանանի ներկրման, կամ շաքարավազի խնդիրներ կունենան, օրինակՙ իրենց կզանգահարեն եւ խիստ ձայնով կասենՙ էլ մի ներկրի, կարող են զանգահարել վարչապետի տված հեռախոսահամարներով եւ իրազեկել կառավարության ղեկավարին այդ միջամտության մասին: Կառավարությունն էլ, անձամբ վարչապետը, անմիջապես, կամ արագ կթմբկահարի ձեր բոլոր խնդիրները եւ, եթե դուք սկսել էիք բանան ներկրել ու ձեզ խոչընդոտում էին, կշարունակեք բանան ներկրել առանց խոչընդոտների: Այս մասին շատ է խոսվել ու սա գաղտնիք չէ:
Նորությունն այլ տեղ է. պարզվում է, որ որոշ մարդիկ «Հայաստան կարելի է ներկրել ամեն ինչ» վարչապետական հավաստիացումը հասկացել են բառիս բուն իմաստով եւ սկսել են Հայաստան ներկրել զենք, կոնկրետՙ «Իգլա» զենիթա-հրթիռային համալիրի խողովակ: Առայժմ մեկը, հետո, եթե պահանջարկ լինի, կամ ինչպես ասում ենՙ շուկան աշխուժանա, էլի կներկրեն: Այս համապատկերում շատ հնարավոր է, որ մոտ ապագայում սկսեն Հայաստան ներկրել «Իսկանդերներ», եւ մայրաքաղաքում բացվեն խոշոր տրամաչափի զինամթերքի խանութներ, որտեղ քաղաքացիները, զուտ անձնական օգտագործման համար, կկարողանան գնել տարբեր տեսակի սպառազինություն եւ դրանց առանձին մասեր: Ընդ որում, Ազգ-բանակ համապետական կարգախոսի շրջանակներում, հնարավոր է, որ գործի զեղչային ճկուն համակարգ, ենթադրենքՙ գնում ես «Իգլայի» երկու խողովակ եւ ստանում ես մեկն անվճար, կամ գնում ես մեկ «Իսկանդեր» եւ ստանում չորս գնդացիր ու վեց տանկՙ անվճար: Մի խոսքով, եթե այս ամենը լինի էլ, ապա ապագայում, հիմա, համենայնդեպս դրա նախադրյալները կան: ԱԱԾ-ն չորեքշաբթի օրը հայտնեց, որ Երեւանում ձերբակալվել է երեք անձ, որոնք Վրաստանից Հայաստան են տեղափոխել «Իգլա» զենիթա-հրթիռային համակարգի խողովակ: Հաշվի առնելով, որ այդ խողովակներից Հայաստանում կան, նշանակում է, որ բերված խողովակը պետք է օգտագործվեր ընդդեմ Հայաստանի…
Այստեղ կարեւոր է նկատել, որ Իգլա զենիթա-հրթիռային համակարգը կիրառվում է օդային թիրախներ խոցելու նպատակով: Այսինքն, «Իգլայով» հնարավոր է խոցել թռչող օբյեկտներ: Այս առումով առնվազն տարակուսանք է առաջացնում, թե Հայաստանի օդում ի՞նչ էին ցանկանում խոցել «Իգլա» բերողներն ու նրանց պատվիրատուները (եթե այդպիսիք կան. ԱԱԾ-ի նախնական տվյալներով պատվիրատուն եղել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որը չորեքշաբթի օրը ձերբակալվել է): Թռչուններով առանձնապես հարուստ չենք, բացի այդ թռչուններ խոցելու համար պարսանիկն էլ բավական է, եթե նշան բռնողը լավն է ու պարսատիկն ամուր: Թշնամական օդուժը բարեբախտաբար Հայաստանի երկինք չի հասնում, եւ ուրեմն դրանք էլ «Իգլա» բերողների թիրախում չեն եղել, ուրեմն ի՞նչը, կամ ովքե՞ր: Չէ որ Հայաստանում թռչող շատ մարդ կա, ավելի ճիշտՙ իրենց բոլորից վեր, մի տեսակՙ երկնքում ճախրել պատկերացնողների պակաս չի զգացվում, գաղտնիք չէ, բայց նմաններին խոցելու համար «Իգլա՞»… Չգիտեմ: Չի բացառվում մի անհավանական թվացող վարկած եւս. ասենք Հայաստանում մեկը զինամթերքի հավաքածու ունի, ու այնտեղ «Իգլա» չի եղել, մարդն էլ գնել է ու պատվիրել, որ Վրաստանից բերեն Հայաստան: Հիմա բերել են ու մինչ պատվերը տեղ կհասներՙ ԱԱԾ-ն բացահայտել է իգլաբերներին:
Քանի դեռ պաշտոնական ոչինչ չկա, ենթադրություններն արդարացված են: Կապ ունի՞ «Իգլան» առաջիկա ընտրությունների հետ: Գուցե ունի, ասենք այն բերողը ցանկանում էր օդում տոկոս խփել: Կապ չունի՞ առհասարակ ընտրությունների հետ, հնարավոր էՙ չունի. պարտադիր չէ ամեն խողովակ ընտրությունների հետ կապ ունենա, չնայած ընտրությունների ժամանակ ամեն ինչ ընտրությունների հետ կապ ունի: Կլինե՞ն էլի ձերբակալվողներ, շատ հնարավոր է, ամեն դեպքում ԱԱԾ-ն հայտարարել է (չորեքշաբթի օրը), որ նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում զենքի ապօրինի շրջանառությանն առնչություն ունեցած այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ, կնշանակի այլ անձինք կան, դեռեւս չհայտնաբերված, գուցե բարձրաստիճան, կամ բարձր աստիճաններ մագլցող:
Հնարավոր է այս գործի հետ առնչություն ունեցող անձինք ուշ հայտնաբերվեն ու գործի մանրամասնություններն ավելի ուշ բացահայտվեն: Բոլոր պարագաներում, եթե մեկի (խմբի) մտքով անցել է Հայաստան «Իգլա» բերել, ուրեմն այդ մեկ (խումբը) դժվար հայտնաբերվողներից է: Բայց այստեղ մի ուշագրավ նրբություն կա. ԱԱԾ-ն ձերբակալել է մարդկանց, որոնք Հայաստան ապօրինի ճանապարհով «Իգլայի» խողովակ են բերել: Ձերբակալել է նախքան այդ խողովակը կսկսեր աշխատել: Ես հասկանում եմ, որ ԱԱԾ-ն իր գործն է արել, ընդամենը, բայց նրբությունն այն է, որ իր գործն արել է: Ու առհասարակ, այն ինչ վերաբերում է ազգային անվտանգությանը, լավ է, երբ աշխատողը ԱԱԾ-ն է: