Նման վերտառությամբ հոդվածներ են սկսել հայտնվել ամերիկյան մամուլում: Մասնավորապես «Դեյլի Կոլըր (Daily Caller) պարբերականը հաստատել է, որ Ֆլինն ինքը մանրամասներ է բացահայտել քարոզչական աշխատանքներ կատարելու դիմաց Թուրքիայի կառավարությունից որոշակի գումար ստանալու մասին ստորագրված պայմանագրի վերաբերյալ:
Գեներալ-լեյտենանտ Ֆլինը հետախուզական մարմիններում աշխատած եւ թոշակի անցած (վտարված) անձնավորություն է, որին անցյալ նոյեմբերին ընտրված Ամերիկայի նախագահ Դոնալ Թրամփը նշանակել էր ազգային անվտանգության խորհրդատու: «Ազգի» դեկտեմբերի 3-ի համարում Երվանդ Ազատյանը նրան որակել էր «ներունակ ռումբ ԱՄՆ նախագահի աշխատակազմում», հենվելով «Նյու Յորք Թայմսում» տպագրված Նիկոլաս Քրիստոֆի հոդվածի վրա, որտեղ լրագրողը օտար կառավարությունների հետ Ֆլինի կապերի մասին էր գրել: «Նա փող էր վերցրել Ռուսաստանիցՙ մասնակցելու համար ինչ-որ մի միջոցառման Մոսկվայում եւ նստել նախագահ Պուտինի կողքին: Նա նաեւ կարծես Թուրքիայից էր փող վերցրել (առանց հայտարարագրելու), որպեսզի Թուրքիայի շահերը պաշտպանող հոդված գրի մամուլում», գրել էր Քրիստոֆը:
Ըստ «Դեյլի կոլըրի» խոսքը 530 հազար դոլարի պայմանագրի մասին է, որ նա «Ֆլին ինտել գրուպի» անունից ստորագրել էր Նիդեռլանդներում գրանցված «Inovo BV»-ի սեփականատեր Եկիմ Ալպտեկինի հետ: Վերջինս օգտվելով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստերին մասնակցելու նպատակով Նյու Յորք ժամանած Թուրքիայի արտգործնախարար Մեվլուտ Չավուշօղլուի եւ էներգետիկայի նախարար Բերատ Ալբայրաքի ներկայությունից` հանդիպում է կազմակերպել սեպտեմբերի 19-ին, որի ընթացքում քննարկվել է իբր տնտեսական հարաբերությունները Ամերիկայի եւ Թուրքիայի միջեւ բարելավելու հարցը:
Ալբայրաքը Էրդողանի փեսան է:
Արդարադատության նախարարություն (քարտուղարության) ներկայացված փաստաթղթերը բացահայտում են, որ բացի տնտեսականից քննարկվել է նաեւ Գյուլենի հարցը եւ դրա հետեւանքով է, որ Ֆլինը նոյեմբերի 8-ին, ընտրությունների օրը հրատարակել է ամերիկյան մամուլում իր հոդվածը «Մեր դաշնակից Թուրքիան ճգնաժամի մեջ է եւ մեր կարիքն է զգում» վերնագրով, որտեղ հորդորելով պաշտպանել Թուրքիային, որպես ԻՊ-ի դեմ պայքարող երկրի, նա նաեւ կոչ էր արել Ֆեթուլլահ Գյուլենին հանձնել Թուրքիային: Ըստ մամուլի տվյալների Ֆլինը դրանից առաջ երբեք այդ հարցերի մասին չէր արտահայտվել: Ալպտեկինը հայտարարել է, թե նա տեղյակ չի եղել, որ նման հոդված է հրատարակելու, այլապես «խորհուրդ կտայի նման բան չձեռնարկել», նշել է նա:
«Ֆլին ինտել գրուպի» աշխատանքը «Inovo-BV»-ի հետ ընդգրկում էր մի շարք հանրային հարաբերությունների կարգավորման հարցեր: Բացի հոդվածից «գրուպը» ծրագրում էր հետազոտություններ անցկացնելուց հետո մի վավերագրական ֆիլմ նկարահանել Գյուլենի մասին: Այս եւ հոդվածի մասին, ըստ փաստաթղթերի, տեղեկացված է եղել «Inovo-BV»-ի ներկայացուցիչը:
Նորահայտ փաստաթղթերը պարզել են նաեւ, որ Ֆլինը մի միջոցառման ժամանակ հանդիպել է Ամերիկայում գործող «Թուրքեն» բարեգործական հիմնարկության նախկին տնօրեն Հալիլ Մութլու հետ, ով Էրդողանի զարմիկներից մեկն է: Հանդիպման ընթացքում դարձյալ քննարկվել է 78-ամյա Գյուլենի հարցը:
Սկանդալային բացահայտումների հիման վրա նախագահ Թրամփը պաշտոնազրկել է Ֆլինին եւ ըստ մամուլի հրապարակումների «ճիշտ է վարվել»: