ՌՈԶԱ ՔԱՐԱՄՅԱՆ
Երբ առողջության հետ կապված խնդիրներ չենք ունենում, մենք, որպես կանոն, դրա մասին չենք հիշում եւ շրջանցում ենք բժիշկներին: Բայց հենց որ ինչ-որ տեղում ծակոց կամ ցավ ենք զգում, անմիջապես սկսում ենք ջղաձգորեն փնտրել լավագույն բժշկին: Երեւանում այսօր գործում են հսկայական թվով բուժկենտրոններ: Բայց այցելուները ինչպե՞ս գնահատեն դրանց աշխատանքը: Ինչպե՞ս ընտրեն լավագույն կլինիկան եւ գտնեն իրենց բժշկին: Այս հարցերին պատասխանելու համար հարկավոր է զգալ եւ ըմբռնել օվկիանոսի մեծությունը, այն տեսնել բաց տարածության մեջ, երբ շուրջդ չկա ոչինչ, բացի հզոր տարերքից, որը մշտապես կենդանի է, մշտապես շարժման մեջ: Դրա նմանությամբ չափվում է նաեւ տաղանդավոր մասնագետի հրաշագործ ուժը: Դրա մասին չի կարելի դատել ըստ մերձավորների մանր հուշերի, քննադատների անհեռատես գնահատականների, ընկերների աչառու եւ հաճախ հիմար պատմությունների: Իմ հոդվածը պարապ հնարանքի արգասիք չէ: Իմ նկարագրած ամեն ինչը համապատասխանում է իրականությանը:
Համլետ Գրիգորի Հայրապետյան – բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի պրոֆեսոր, «Էրեբունի» սրտաբանական կենտրոնի ղեկավար, ՀՀ ԱՆ գլխավոր սրտաբան: Նրա աշխատանքը գնահատված է հետեւյալ պարգեւներով. «ՀՀ առողջապահության նախարարի պատվոգիր», «ՀՀ Ազգային ժողովի նախագահի պատվոգիր», «Մխիթար Հերացի» մեդալ, «Ֆ. Նանսենի անվան ոսկե մեդալ», «ՀՀ առողջապահության նախարարության ոսկե մեդալ»: Նա հպարտանում է եւ բարձր է գնահատում այդ կառավարական պարգեւները, բայց իր համար ամենակարեւոր պարգեւը համարում է հիվանդների երախտագիտությունը եւ իր փրկած կյանքերը: Նրան չես անվանի ճակատագրի սիրեցյալ: Տարիներ շարունակ նրա անդուլ աշխատանքի ականատեսը եղած անձանցից ոչ մեկը չի կարող ժխտել, որ նա արժանի է այդ պարգեւներին, ինչպես ասում են գործընկերները, «նա վաստակել է դրանք»: Նա տիպարն է այն բանի, թե ինչ կարող է անել եւ ինչպիսի բարձունքների կարող է հասնել մարդը աշխատասիրության, ողջախոհության, ազնվության շնորհիվ:
Հայրապետյանի մասին արտահայտվում են որպես լրջմիտ, ուշադիր, խորաթափանց բժշկի: Ասենք զարմանալի ոչինչ չկա, եթե նրա կատարած ախտորոշումը առավել կատարյալ եւ խորը լինի որեւէ նշանավոր անձի կատարած ախտորոշումից: 2003 թվականին նա կատարելագործվել է Մոսկվայի Բակուլեւի անվան գիտական կենտրոնում, իսկ 2007-2008 թթ.ՙ Փարիզի «Ժորժ Պոմպիդու» Եվրոպական հոսպիտալում: Նա հիվանդի դեմքի վրա, ձայնի, քայլվածքի մեջ տեսնում եւ լսում է այն, ինչը անմատչելի է ուրիշներին, չի երեւում, խույս է տալիս միջակ դիտորդի աչքից: Նա խորապես հասկանում է մարդկանց, սրությամբ զգում նրանց տագնապները, տառապանքները: Նա այդպես էլ չի սովորի անտարբեր նայել մարդկանց վշտին ու ցավին, հաստատորեն ու խորապես հավատում է բժշկությանը, եւ ոչինչ չի կարող սասանել այդ հավատը: Հանրապետության բոլոր ծայրերից նրան մշտապես դիմում են խորհրդի եւ օգնության համար, գալիս են իրենց վշտերով ու հոգսերով, եւ նա իր մեջ բավականաչափ համբերություն, ժամանակ եւ սեր է գտնում մարդու հանդեպ, որպեսզի հասկանա ուրիշի ցավը, մխիթարի, հանգստացնի, գոտեպնդի: Նա բարի է եւ շռայլ, մեծահոգի եւ կարեկից, բարյացակամ, սիրալիր եւ հարգալից: Նրա մեջ ինձ ապշեցնում է վեհերոտության եւ ինքնավստահության հետաքրքրական խառնուրդը: Եվ շրջապատողների համար միշտ անհասկանալի մնացող այդ գծերի մեջ թերեւս թաքնված է նրա անհատականության գլխավոր գաղտնիքը:
Նա չի սիրում խոսել իր մասին, բարկանում է, երբ իրեն հարցուփորձ են անում, շատ համեստ է, լռակյաց, միշտ զուսպ է, կատակում է, բայցՙ շատ մոտիկ շրջապատում: Առհասարակ ես Համլետ Հայրապետյանից ավելի լռակյաց մարդու չեմ ճանաչում եւ կարծում եմ, որ նրա սակավախոսությունը բխում է ինչպես մտահավաքությունից եւ ուժեղ ու զգուշավոր բնավորությունից, այնպես էլ բժշկի երկարամյա աշխատանքից: Սակայն նրա լռակյացությունը մտերմական է ու հանգստավետ, իսկ աշխատասիրությունըՙ ապշեցուցիչ: Թվում էՙ նրա ներսում ապրում է իրեն աշխատանքով ծանրաբեռնելու ինչ-որ անհագուրդ պահանջմունք:
1995 թ. նա թեկնածուական թեզ պաշտպանեց «Սրտամկանի անցավ իշեմիայի կլինիկական եւ կանխատեսական նշանակությունը վաղ հետինֆարկտային շրջանում» թեմայով, իսկ 2014-ինՙ դոկտորական թեզ «Աջ փորոքի վնասվածքի նշանակությունը կլինիկական ընթացքի, ձախ փորոքի ստորին տեղայնացման սրտամկանի սուր ինֆարկտի դեպքում հիվանդության մերձավոր ու հեռավոր կանխատեսումների տեսակետից. էխոսրտագրական կանխատեսիչների մշակում» թեմայով: Նա գրել եւ հրապարակել է 100 հոդված եւ ամփոփագիր, Գերմանիայում անգլերեն լույս տեսած մեկ մենագրություն:
Որպես իսկական աշխատավոր նա չի հանդուրժում պարապ շատախոսությունը եւ բարձր է գնահատում գործի ժամանակը: Ուստի հիվանդների կամ նրանց հարազատների հետ իր խոսակցությունները աչքի են ընկնում հակիրճությամբ: Նրա մշտական անհանգստության ու մտահոգության երկու առարկաներն են աշխատանքը եւ ընտանիքը, որոնց նվիրված է ամբողջ հոգով: Ինձ թվում էՙ հանուն աշխատանքի եւ ընտանիքի ապրող մարդը մեր ժամանակներում հազվագյուտ երեւույթ է: Երբեմն սաստիկ հոգնածությունը քիչ է մնում գետին տապալի նրան, բայց նա համբերատար կերպով պայքարում է իր այցելուների հիվանդության դեմ:
Ինձ մշտապես հիացնում է նրա բնականությունը, անբռնազբոս կերպով, առանց ընտանեվարության յուրաքանչյուր հիվանդի խնդիրներին մոտենալու կարողությունը: Համլետ Հայրապետյանը, ինչպես ասում են, աստվածատուր բժիշկ է, որն ունի յուրօրինակ, բայց ամուր հաստատված բժշկական անուն: Այս ամենը մեզ իրավունք է տալիս նրան վերաբերվելու որպես կատարելապես ձեւավորված բժշկի: Վիրահատությունից առաջ յուրաքանչյուր հիվանդի հոգին լի է մենակության, անտերունչության, թախծի զգացումներով, այն նույն թախծի, որը զգում են լոկ շատ միայնակ մարդիկ եւ վիրահատության պատրաստվողները: Նրանց թվում է, թե իրենք հավերժական գիշերվա երկրի բնակիչներ են, թե իրենք երբեք չեն տեսնի լուսաբացը: Նրանք սպասման ծանր վիճակում են, բայց այն հանկարծ անհետանում է, ինչպես միշտ: Կյանքի ծարավը չլսված տոկունություն է ծնում: Մարդը կարող է հաղթահարել անազատությունը, քաղցը, խեղումը, բարձրացնել իր ուժերից վեր ծանրություն, ուստի բժիշկը իր հիվանդների ապաքինմանը հավատում է իր ողջ էությամբ:
Հիվանդների տագնապները մնացել են հետեւում: Համլետ Հայրապետյանի հիվանդները շատ արագ են ապաքինվում: Բժշկի տարբերիչ գիծը ակտիվ աշխատանքն է հիվանդների հարազատների հետ, որոնք հավատում են իրեն: Նա խորհուրդ է տալիս, թե ինչպես կարելի է մերձավորին օգնել վերադառնալու ամենօրյա բնականոն կյանքի: Եթե դուք երբեւիցե ապաքինվել եք ծանր հիվանդությունից, ապա ձեզ ծանոթ է այն երանելի վիճակը, երբ քարանում ես աղոտ կանխազգացումներից եւ ժպտում առանց որեւէ պատճառի: Հրաժեշտ տալիս յուրաքանչյուր այցելու շատ ամուր սեղմում է բժշկի ձեռքը, դրանով իսկ արտահայտելով իր հոգու ջերմությունը եւ երախտագիտությունը: Հիվանդները գնահատում են Համլետ Հայրապետյանի ոչ միայն պրոֆեսիոնալիզմը, այլեւ մարդկային հատկանիշները: Կարծում եմՙ ամբողջ բժշկական արվեստում հենց դա է կազմում դրական կողմը, հիվանդին վստահություն ներշնչելով, որ ինքը պետք է անպայման ապաքինվի: Այո, այսօր կան հիանալի եւ նրբագույն արդիական սարքեր, բայց ես կարծում եմ, որ վիրաբույժի ձեռքերն ու հոգին ավելի կարեւոր են:
Հոդվածիս վրա աշխատելիս նրա մասին գրելը ինձ հաճույք էր պատճառում, եւ ցանկություն կար սակավաթիվ բառերով վերարտադրելու անսովոր լայն հոգու տեր մարդու, գեղեցիկ ու ազատ տաղանդի եւ հազվագյուտ վարպետության տեր բժշկի կենդանի գծերը: Մասնագետները հավատացնում են, որ դժվար է պատկերացնել ավելի լավ, հնարամիտ ու խորաթափանց բժիշկ: Նա միշտ գիտե, թե ինչ է ուզում եւ ինչի է ձգտում: Հոգու ինչ-որ առանձնահատուկ հատկանիշի պատճառով նա չի կարողանում մերժել որեւէ մեկի խնդրանքը: Եվ նրա մեջ այդ գիծը ծագում է ոչ թե անհատականության անկանոն հարստությունից, այլ սրտի ճշմարիտ բարությունից: Ինձ վաղուց անհանգստացնում էր սրտիս ցավը: Ես իմ մեջ գտնում էի ամեն տեսակ հիվանդություններ, վերհիշում իմ բոլոր, նույնիսկ ամենափոքր եւ վայրկենական հիվանդագին զգացողությունները: Ի վերջո ինձ ստիպեցի դիմել Համլետ Հայրապետյանին: Բժշկի ընդունարանում սպասում էին հսկայական թվով հիվանդներ. նույնիսկ նեղվածք էր: Ինձ զննելով եւ բուժում նշանակելովՙ նա հավաստիացրեց, որ վտանգավոր ոչինչ չկա, եւ ես թեթեւության ու հանգստության արտասովոր զգացումով վերադարձա տուն:
Նա ոգեւորում է եւ իրեն հավատալ է տալիս իր տաղանդի եւս մեկ կողմի շնորհիվ: Հայրապետյանը արվեստի, սպորտի, բնական գիտությունների, պատմության, գեղանկարչության մեջ եւ շատ այլ բաներում իր ծավալուն գիտելիքներով, երբեք որեւէ մեկին չի հոգնեցնում իր գիտական վիթխարի պաշարով, բայց սեփական կարծիքները միշտ արտահայտում է հակիրճ եւ ամենահամեստ ձեւով. «Եթե չեմ սխալվում…», «Որքան հիշում եմ…», «Ինչպես ինձ թվում է…»:
Ամեն օր լսում եւ կարդում ենք մինչեւ օրս անհայտ նոր միջոցների մասին, տեղեկանում, որ դեռ երեկ գիտության վերջին խոսք համարված մեթոդներն ու հնարքները այսօր արդեն դարձել են սովորական: Երբեմն հետաքրքրական է լինում լսել փորձով իմաստնացած բժշկի կարծիքը իր կոչման եւ գործունեության մասին: Համլետ Հայրապետյանն ասում է. «Բժշկությունն առաջ է գնում հսկայական քայլերով: Պարզապես անհնար է հետեւել նրա հաջողություններին: Բացի դրանից, ամեն մարդ նոր, ուրիշներից միանգամայն տարբեր օրգանիզմ է: Ուստի հարկավոր է միեւնույն հիվանդությունից մեկին բուժել այսպես, մյուսինՙ այնպես»:
Նրա ամբողջ կյանքն անցնում է որեւիցե հանրային ներկայացուցչությունից եւ ինքնագովազդումից դուրս: Ես դժվարությամբ նրա համաձայնությունն ստացա այս հոդվածի հրապարակման համար: Նա իր կյանքում շատ բան է տեսել, բայց ոչ մի անգամ չի կորցրել ինքնատիրապետումը, յուրացնելով միայն բարու եւ համբերության դասերը: Այդպես էլ ապրում է նաՙ բժշկի իսկական հպարտությամբ, օրինավորությամբ առլեցուն մարդը: Նրան վիճակվում է շատ աշխատել, եւ ամեն ինչ չէ, որ գոհացնում է իրեն: Այսօրվա կյանքում նրան շատ բաներ են տխրեցնում, բայց նա չի վհատվում, իրեն չի կորցնում, իր մեջ ուժ է գտնում հանգիստ հաղթահարելու դժվարությունները: Անձնական հարաբերություններում երբեք որեւէ մեկի առջեւ գլուխ չի խոնարհում, ոչ մեկից օգնություն չի խնդրում, ոչ մի անգամ զանց չի առնում այն, ինչը համարում է ազնիվ եւ արդար:
Ուժեղ կամքՙ ահա՛ նրա անհատականության գլխավոր հատկանիշներից մեկը: Այդ կամքը դրսեւորվում է ամեն ինչում, նրան տալիս է վստահություն, անդրադառնում նրա բոլոր արարքների ու որոշումների վրա: Նա կասկածին տեղի տվողներից չէ, իսկ որ գլխավորն էՙ հաստատ հավատում է վիրահատության հաջող ավարտին: Համլետ Հայրապետյանի բնավորության ուժը վերագրում են ինչին ասես. փորձին, խոր մարդկայնությանը, իմաստնությանն ու բարությանը, պայծառ հավատին եւ բազմաթիվ այլ գործոնների: Այստեղ կարելի է նշել լոկ այն, որ հաճախ նրա լույսից կուրանալով, նրա զգացմունքներից լիցքավորվելովՙ մենք քիչ ենք խորհում, որ այդ ամենը բխում է ոչ միայն ի վերուստ շնորհված մեծ սրտից, այլեւ մասնագիտության ու կյանքի բոլոր գաղտնիքներին ու բարդություններին տիրապետելու արդյունք է: Նա սրտաբանների միջազգային մի շարք ընկերակցությունների անդամ է:
Վերջին հաշվով ո՞վ է բժիշկը, ուսուցիչը, գեղանկարիչը, գրողը, կոմպոզիտորը, ճարտարապետը: Դա նախ եւ առաջ հոգեվիճակ է:
Ես կարծում եմՙ բժիշկն իրավունք չունի օրերն ապրել այնպես, ասես դրանք իրարից ոչնչով չեն տարբերվում: Ընդհակառակը, նրա համար բոլոր օրերը տարբեր են, ամեն մեկն անկրկնելի է: Այդ մասնագիտության մեջ կրկնություններն ու կանգառները անթույլատրելի են:
Անվեհեր զինվորը իր պահակակետը թողնում է լոկ այն ժամանակ, երբ նրա ձեռքերից ինքնաբերաբար ընկնում է դրոշը, եւ աչքերը ծածկվում են սառը մշուշով: Խոնարհվենք հերոսականության այդ կերպարի առջեւ: Գլխարկները հանենք եւ գլուխ խոնարհենք հարյուրավոր կյանքեր փրկող սրտաբանի ամենօրյա անձնվիրության առջեւ: Ամբողջ երախտապարտ հոգով նրան մաղթում եմ մասնագիտական հաղթանակներ, շատ տարիների առողջ ու երջանիկ կյանք: Եվ կուզենայի, որ այդ Մարդու մեջ ապրող ու վառվող վեհի, հզորի, բարու հուրը երբեք չմարի: Թող նա, հօգուտ եւ հուրախություն մարդկանց շքեղ պարտեզ կերտած բարի տանտիրոջ նման, երկա՜ր-երկա՜ր մնա իր դիրքերում:
Ռուս. թարգմ. Պ. Ք.