«Հայաստան» համահայկական հիմնադրամի բարերար, Ռամկավար Ազատական կուսակցության Գերագույն խորհրդի անդամ, արգենտինահայ Դանիել Յուսեֆյանը Արցախի «Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոն» եւ «Արեւիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ներին նվիրաբերել է 4 նոր սարքավորումներ: Սա առաջին անգամը չէ, որ Դանիել Յուսեֆյանը եւ Յուսեֆյան ողջ ընտանիքը կարեւոր նվիրատվություններ են անում Մայր հայրենիքին, հատկապես կենտրոնանալով այն ծրագրերի վրա, որոնք միտված են ազգաբնակչության վերարտադրողական կարողությունների աճմանը:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Արեւիկ» մանկական բուժմիավորման տնօրեն Մեսրոպ Մարգարյանն ասել է, որ հիվանդանոցը համալրվել է գերմանական «Դրեգեր» ֆիրմայի 2 գերժամանակակից կուվեզներով (հատուկ ինկուբատոր), որտեղ պահվում են անհաս եւ ցածր քաշով ծնված նորածին երեխաների:
«Այս սարքավորումներն ապահովում են անհաս երեխաների խնամքի բոլոր պայմանները. դրանք ապահովված են համապատասխան խոնավությամբ, ջերմաստիճանով, թթվածնով, որոնց օգնությամբ նորածինների կենսագործունեությունը նորմալ է ընթանում: Սարքավորումն ունի նաեւ մոնիտոր, որն ապահովում է շնչառական եւ սիրտ-անոթային համակարգի գործունեության բոլոր պարամետրերը: Երեխան տեւականորեն գտնվում է վերահսկողության տակ: Տարվա կտրվածքով, կուվեզներում պահվում է 15-20 երեխա»,-ասել է Մ. Մարգարյանը եւ նշել, որ մինչ այսօր բուժմիավորումում կար ընդամենը 2 սարքավորում:
«Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոն»-ի տնօրեն Վադիմ Օսիպովն էլ լրացրել է, որ նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքը համարվում է կենտրոնի կարեւոր օղակներից մեկը, եւ այն գտնվում է ԱՀ առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում:
«Վերջին տարիների ընթացքում պարբերաբար կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքը հագեցվել է ժամանակակից սարքավորումներով: Այս սարքավորումները հնարավորություն են տալիս ԱՀ-ում ծնված անհաս նորածինների լիարժեք բուժում, հսկողություն եւ խնամք իրականացնել: Սարքավորումները կնպաստեն էլ ավելի բարձրացնել բուժման մակարդակը»,- ասել է Վ. Օսիպովը եւ նշել, որ «Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոն»-ը մինչ այսօր ուներ ընդամենը 1-ը. այն համալրվել է եւս 2-ով:
Վ. Օսիպովի խոսքովՙ եղած սարքավորումների մաշվածության պատճառով իրենք չէին կարողանում դրանք լիարժեք օգտագործել: Artsakhpress.am
Նկար 1. Դանիել եւ Իզաբել Յուսեֆյանները