Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞ՆՉ, ՈՐՔԱ՞Ն, ՈՐՏԵ՞Ղ ԵՆՔ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ

17/02/2017
- 17 Փետրվարի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Կան ցուցանիշներ, որոնք օբյեկտիվորեն արտացոլում են երկրի տնտեսական վիճակը: Դրանցից մեկը երկրի արտաքին առեւտրաշրջանառությունն է: Եթե այն ավելանում է, ապա տնտեսությունը որոշակի զարգացման տեմպեր ունի, եթե նվազում է, ապա տնտեսության մեջ նվազման միտումներ կան: Օրինակՙ ճգնաժամային 2009-ին Հայաստանում գրանցվեց 14,1 տոկոս տնտեսական անկում, իսկ արտաքին առեւտրումՙ 26,5 տոկոս նվազում:

Հայաստանի Հանրապետության արտաքին առեւտրի ընդհանուր ցուցանիշը (ներմուծումն ու արտահանումը միասին) անցած տարիՙ 2016-ին գերազանցեց 5 մլրդ դոլարը (5 մլրդ 75 մլն դոլար), նախորդ տարվա համեմատ աճելով 7,4 տոկոսով: Շարունակում է գերակշռել ներմուծումը: Այն 2016-ին կազմել է 3 մլրդ 292 մլն դոլար, գերազանցելով արտահանմանը 1 մլրդ 509 մլն դոլարով: Արտահանումը կազմել է 1 մլրդ 782 մլն դոլար: Այժմ, թե որքանո՞վ են ավելացել արտահանման եւ ներմուծման ծավալները, ի՞նչ ապրանքներ ենք ավելի շատ արտահանել կամ ներմուծել, ո՞ր երկրներ ենք արտահանել եւ որտեղի՞ց ներմուծել:

Արտահանման դիվերսիֆիկացումը անցյալ տարի

Ինչպես արդեն նշեցինք, անցյալ տարի Հայաստանից արտահանվել է 1 մլրդ 782 մլն դոլարի արտադրանքՙ աճը կազմել է 20 տոկոս: Սա վերջին 5 տարիների աճի լավագույն ցուցանիշն է: Սակայն նշենք նաեւ, որ այդ ցուցանիշն արձանագրվել է 2015-ին գրանցված արտահանման 4 տոկոս անկումից հետո: Գումարային առումով, 2015-ի համեմատ, 2016-ին Հայաստանից արտահանել ենք մոտ 300 մլն դոլարով ավելի ապրանքներ: Որպես հետաքրքրական վիճակագրություն ավելացնենքՙ վերջին 15 տարվա ընթացքում, 2016-ին 2002-ի (505մլն դոլար) համեմատ, Հայաստանից արտահանման ծավալներն աճել են 3,5 անգամ:

Հայկական ապրանքների արտահանման հիմնական շուկան 2016-ին նույնպես Ռուսաստանն է եղել: Դեպի այդ երկիր արտահանել ենք 371 մլն դոլարի արտադրանք: Դա նախորդող տարվա համեմատ ավելի է 127 մլն դոլարով կամ 51,5 տոկոսով: Ռուսաստան արտահանվում են հիմնականում արդյունաբերական պատրաստի արտադրանքը եւ գյուղմթերքները:

Երկրորդ տեղում ԵՄ անդամ Բուլղարիան է: Այս երկիր արտահանել ենք 152 մլն դոլարի ապրանք կամ 93 տոկոսով ավելի, քան 2015-ին: ԵՄ-ից մյուս խոշոր արտահանման երկիրը Գերմանիան էՙ մոտ 139 մլն դոլարի արտահանված հայկական ապրանքներով: Դեպի Գերմանիա արտահանումը նվազել է 0,9 տոկոսով: Հարկ է նշել, որ դեպի Գերմանիա եւ Բուլղարիա արտահանումը փոխկապակցված է, քանի որ այդ երկրների միջոցով արտահանում ենք հումքային արտադրանքըՙ պղնձի հանքանյութը: Այսինքն, եթե ավելանում է արտահանումը Գերմանիա, կարող է նվազել արտահանումը դեպի Բուլղարիա եւ հակառակը: Ընդհանրապես, դեպի ԵՄ երկրներ հայկական պատրաստի արտադրանքը գրեթե չի արտահանվում, իսկ հումքային արտադրանքն էլ վաճառվում է միջազգային բորսաներում:

Հայկական ապրանքների արտահանման երրորդ խոշոր երկիրը մեր հարեւան Վրաստանն էՙ մոտ 147 մլն դոլար: Արտահանումը դեպի Վրաստան ավելացել է 17,3 տոկոսով կամ 21 մլն դոլարով: Սա վերջին տարիների միտում է եւ երկու հարեւան երկրների տնտեսական համագործակցության խորացման գործընթաց:

Անցյալ տարին նաեւ մեր արտահանման դիվերսիֆիկացման տարի կարելի է համարել, քանի որ նկատելիորեն ավելացել են դեպի մի շարք այլ երկրներ արտահանման ծավալները: Այսպես, 7 անգամ կամ 54 մլն դոլարով ավելի շատ ապրանքներ ենք արտահանել դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ, արտահանման ծավալը հասցնելով 63 մլն դոլարի, 36 մլն դոլարով կամ 91,6 տոկոսով աճել է դեպի Շվեյցարիա արտահանումը, հասնելով 74 մլն դոլարի, 31 մլն դոլարով կամ 29,2 տոկոսով էլ ավելացել է դեպի Կանադա հայկական ապրանքների արտահանումը, հասնելով 140 մլն դոլարի: Վերջին տարիներին մեր արտահանման եւս մեկ խոշոր շուկա դարձած Իրաք, անցյալ տարի արտահանվել է 137 մլն դոլարի ապրանքներ, ինչը 5,6 տոկոսով կամ 7 մլն դոլարով ավելի է նախորդՙ 2015-ի համեմատ:

Ո՞ր ապրանքների արտահանումն է ավելացել, որի՞նըՙ նվազել: Ամենից շատ ավելացել են թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների եւ դրանցից իրերի, ավելի կոնկրետՙ ադամանդների արտահանման ծավալներըՙ 73,9 տոկոսով կամ 143 մլն դոլարով: Արդյունքում, ոսկերչական եւ ադամանդագործական արտադրանքի արտահանումը անցյալ տարի կազմել է 337 մլն դոլար: Այս ապրանքախումբը երրորդ տեղում է արտահանման ծավալներով:

Առաջին տեղում հանքահումքային արտադրանքի (հիմնականում պղնձի հանքանյութի) արտահանման ծավալներն ենՙ 470 մլն դոլար: Այստեղ անցած տարի գրանցվել է 2,3 տոկոս անկում: Երկրորդ տեղը զբաղեցնում է պատրաստի սննդի արտադրանքի արտահանումը, ինչը միանշանակ դրական փաստ է: 2016-ին պատրաստի սննդի արտահանման ծավալներն ավելացել են 93 մլն դոլարով կամ 28,6 տոկոսով, կազմելով 418 մլն դոլար: Սրան ավելացնենք բուսական ծագման ապրանքներիՙ գյուղմթերքների արտահանման կտրուկՙ 83,2 տոկոսով կամ 32 մլն դոլարով աճը, որից հետո այն կազմել է 69 մլն դոլար: Փաստորեն, սննդարդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը միասին 487 մլն դոլարի ապրանք են արտահանել, որը մեր ընդհանուր արտահանման մոտ 30 տոկոսն է:

Պատրաստի արտադրանք թողարկող այլ ճյուղերում նույնպես արտահանման ծավալների նկատելի աճ է արձանագրվել: Թեթեւ արդյունաբերական ապրանքների արտահանումն ավելացել է 25 մլն դոլարվ կամ 36,7 տոկոսով, հասնելով 93 մլն դոլարի, կոշկեղենինըՙ 63,2 տոկոսով կամ մոտ 1 մլն դոլարով, հասնելով 2,5 մլն դոլարի, մեքենասարքավորումներինըՙ 37,3 տոկոսով կամ 6 մլն դոլարով, հասնելով 21 մլն դոլարի, տրանսպորտային միջոցներինըՙ 43,2 տոկոսով կամ 5 մլն դոլարով, հասնելով 15 մլն դոլարի, սարքերինը եւ ապարատներինըՙ 27,7 տոկոսով կամ 7 մլն դոլարով հասնելով 33 մլն դոլարի, մոտ 2 մլն դոլարով կամ 15,5 տոկոսով էլ ավելացել են քիմիական արդյունաբերության ապրանքների արտահանման ծավալները հասնելով 17 մլն դոլարի:

Սրան հակառակ, մոտ 7 մլն դոլարով կամ 3,1 տոկոսով նվազել է ոչ թանկարժեք մետաղների եւ դրանցից պատրաստված իրերի արտահանումը, կազմելով 220 մլն դոլար, կենդանիների եւ կենդանական ծագման արտադրանքի ծավալները նվազել են մոտ 23,7 տոկոսով կամ 11 մլն դոլարով, կազմելով 35 մլն դոլար:

Ներմուծում, որի մի մասը կարող է փոխարինվել տեղականով

2016-ին ներմուծման 3 մլրդ 292 մլն դոլար ծավալները 2015-ի համեմատ ավելի են եղել 1,6 տոկոսով: Միաժամանակ նշենք, որ 2015-ին ներմուծումը 26,8 տոկոսով անկում էր գրանցել: Այստեղ եւս մեկ հետաքրքրական վիճակագրություն. անցյալ տարվա ներմուծման ծավալները գրեթե այնքան են, որքան 10 տարի առաջՙ 2007-ին:

Ներմուծման դեպքում նույնպես մեր հիմնական գործընկերը Ռուսաստանն է, որտեղից ներմուծել ենք ընդհանուրի մոտ 30 տոկոսըՙ 996 մլն դոլարի ապրանքներ: Ներմուծումը Ռուսաստանից անցյալ տարի աճել է 5,7 տոկոսով:

Երկրորդ տեղում Չինաստանն էՙ 357 մլն դոլարի Հայաստան ներմուծվածՙ ամենատարբեր ապրանքներ: Ներմուծման աճն այստեղ կազմել է 13,2 տոկոս: Երրորդումՙ Գերմանիանՙ 186 մլն դոլար, որտեղից ներմուծումը նվազել է 7,6 տոկոսով: Հաջորդ տեղերում են Իրանըՙ 164 մլն դոլարի ներմուծում (նվազում 17,3 տոկոսով) եւ, դժբախտաբար, Թուրքիան (այս մասին առանձին կանդրադառնանք առաջիկայում)ՙ 163 մլն դոլարի ներմուծված ապրանքներ (աճ 19,6 տոկոսով):

Այժմ ներմուծվող ապրանքների մասին: Գերակշռում է հանքահումքային արտադրանքը, որն, ինչպես արդեն նշվեց, հիմնականում ներմուծվում է Ռուսաստանից: Դա գազն է, նավթամթերքները, միջուկային վառելիքը եւ այլն: Անցյալ տարի ներմուծվել է 591 մլն դոլարի հանքահումքային արտադրանք, որը 7,5 տոկոսով ավելի քիչ է 2015-ին ներմուծվածի համեմատ:

Երրորդ տեղում մեքենաների, սարքավորումների եւ մեխանիզմների ներմուծումն է, որոնց մեջ որոշակի տեղ են զբաղեցնում ներդրումային ծրագրերի համար ներմուծվող սարքավորումները: Այս ապրանքախմբից ներմուծել ենք 471 մլն դոլարի ապրանքներ, ինչը նախորդող տարվա համեմատ ավելի է 13,9 տոկոսով:

Հաջորդը պատրաստի սննդի արտադրանքն էՙ 332 մլն դոլար: Աճն այստեղ կազմել է 5,4 տոկոս: Այս ապրանքախմբում ներմուծումը տեղականով փոխարինելու ամենամեծ հնարավորությունները կան, քանի որ սննդարդյունաբերության ապրանքների մեծ մասն արտադրվում է Հայաստանում: Կան նաեւ իրական հնարավորություններ չարտադրվողների մի մասի արտադրությունը տեղում կազմակերպելու եւ պատրաստի սննդի արտադրանքի ներմուծման ծավալները էապես նվազեցնելու:

Ներմուծման նվազեցման լուրջ հիմքեր կան թեթեւ արդյունաբերության ապրանքների պարագայում: Այստեղ ներմուծել ենք 225 մլն դոլարի արտադրանք, ինչը 37 տոկոսով ավելի է 2015-ի ներմուծվածից: Նկատի ունենալով, որ գերակշռում են թուրքական ապրանքները, ապա կառավարությունը հատուկ ուշադրություն պետք է դարձնի հենց այս ապրանքախմբում ներմուծման փոխարինմանը խթանող պայմաններ ստեղծելու համար:

Երբեմնի քիմիական արդյունաբերության երկիր Հայաստանն այժմ ներմուծում է 329 մլն դոլարի քիմիական արդյունաբերության ապրանքներ: Նկատի ունենալով այս ճյուղի բնապահպանական բացասական հետեւանքները, որոշակի վերապահումով պետք է մոտենալ ներմուծման փոխարինման հնարավորություններին: Նկատի ունենանք նաեւ, որ մեր երբեմնի քիմարդյունաբերական հզորությունները կա՛մ վերջնականապես քայքայվել են, կա՛մ բարոյապես եւ ֆիզիկապես մաշվել:

Հնարավո՞ր է արտաքին առեւտրի հաշվեկշիռը դրական դարձնել

Հայաստանի Հանրապետության գոյության տարիներին ներմուծման-արտահանման հաշվեկշիռը միշտ բացասական է եղելՙ հօգուտ ներմուծման: Երբեմն ներմուծումը մի քանի անգամ գերազանցել է արտահանմանը: 2016-ին ներմուծումը արտահանմանը գերազանցել է ընդամենը 45 տոկոսով կամ 1 մլրդ 509 մլն դոլարով: Նման ցածր տարբերությունը գրանցվում է առաջին անգամ: Ընդ որում, դա արդյունք է ոչ թե ներմուծման նվազման, այլ արտահանման աճի: Ըստ երկրների այդ հարաբերակցությունը մեծամասամբ հօգուտ ներմուծման է: Հօգուտ արտահանման, այսինքն դրական հաշվեկշիռ ունենք միայն մի քանի երկրների հետՙ Վրաստան, Կանադա, Շվեյցարիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Նիդեռլանդներ, Ռումինիա, Բուլղարիա, Ղազախստան:

Հնարավո՞ր է հասնել նրան, որ արտահանումը գերակշռի ներմուծմանը: Չնայած հանքահումքային առումով մեծածավալ ներմուծում ունենք եւ շարունակելու ենք ունենալ, այդուհանդերձ, հնարավոր է հասնել ներմուծման ծավալներին գերազանցող արտահանմանը: Բնական է, որ հենց այնպես դա տեղի չի ունենա, եւ պահանջում է կառավարության ու տեղական արտադրողների համագործակցված աշխատանք:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲՈՆԲՈՆԵՐԿԱՆ ԵՎ ԾԱՂԻԿՆԵՐԸ ԿԱՆ

Հաջորդ գրառումը

ՔՎԵԱՐԿԵԼ ՀՕԳՈՒՏ ՕԼԻԳԱՐԽԻԱՅԻ ԴԻՐՔԵՐԻ՞, ԹԵ՞ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՔՎԵԱՐԿԵԼ ՀՕԳՈՒՏ ՕԼԻԳԱՐԽԻԱՅԻ ԴԻՐՔԵՐԻ՞, ԹԵ՞ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական