Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՈՒՐԱԽԱԼԻՆ ԵՎ ՄՏԱՀՈԳԻՉԸ ՄԵԿՏԵՂՙ 2016-Ի ՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐՈՒՄ

10/02/2017
- 10 Փետրվարի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

2016-ին Հայաստանի տնտեսական ակտիվության աճը կազմեց ընդամենը 0,5 տոկոս: Ամենայն հավանականությամբ, համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը նույնպես շատ չի տարբերվի այս ցուցանիշից: Այսինքն, անցած տարին իսկապես դժվար տարի էր: Բացի տնտեսական մարտահրավերներից, այն հիշվեց նաեւ ապրիլյան պատերազմով եւ հուլիսին զինված խմբի կողմից հրահրված բախումներով: Սրանք էլ իրենց հերթին բացասաբար ազդեցին տնտեսական կացության վրա: Այստեղ հարկ է շեշտել, որ եթե արտաքին վտանգից խուսափել չենք կարող եւ դա պետք է մշտապես նկատի ունենալ, ապա ներքին խռովություններ ու անկարգությունններ հրահրելով, ոչ մի կերպ չենք նպաստում երկրի զարգացմանը: Այսպես, թե այնպես, 2016-ի պետական բյուջեի հիմքում դրված ցածրՙ 2,2 տոկոս աճի ցուցանիշը հնարավոր չեղավ ապահովել: Մինչդեռ, առանց բարձր տնտեսական աճի, միջին տարեկան կտրվածքովՙ 5-6 տոկոս, անհնար կլինի ապահովել երկրի որակական լուրջ զարգացումը եւ լուծել նրա առջեւ ծառացած խնդիրները, այդ թվում կապված անվտանգության հետ: Սակայն, 2016-ը դրական էր արդյունաբերության համար, ինչը անցած տարվա երկու ուրախալի փաստերից մեկն էր:

7 տարում արդյունաբերության 7,7 տոկոս աճ

Թեեւ անցած տարին Հայաստանի տնտեսության համար դժվարին էր, բայց կոնկրետ արդյունաբերությունում շարունակվեց 2010-ից սկսած աճի բարձր տեմպը: Ընդհանուր առմամբ, 2010-2016 թթ.-երին արդյունաբերությունն իր ծավալներն ավելացրել է գրեթե 54 (53,9) տոկոսով, իսկ միայն 2016-ին տարեկան աճը կազմել է 6,7 տոկոս: Այսինքն, միջին տարեկան տոկոսային աճն անցած 7 տարիներին կազմել է 7,7 տոկոս: Եթե հավելենք, որ դրամով հաշվարկված, 7 տարի առաջվա համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալները ավելի քան կրկնապատկվել են, ապա պատկերն ավելի առարկայական կդառնա:

Արդյունաբերական արտադրանքի թողարկման ամենամեծ աճն անցյալ տարի արձանագրվել է հանքարդյունաբերությունումՙ 8,3 տոկոս: Նշանակալի է եղել նաեւ աճը մշակող արդյունաբերությունում, որի մեջ ներառված են պատրաստի արտադրանք թողարկող ճյուղերըՙ 7,7 տոկոս: Առանձին արտադրատեսակներից հիշատակման արժանի են ծխախոտի, պահածոների, կոնյակի, վիսկիի, գինու, պանրի, մսամթերքի, գուլպեղենի, պլաստմասսայե արտադրատեսակների, էլեկտրական եւ ջրային հաշվիչների, թղթիՙ ստվարաթղթի եւ գոֆրե արկղերի, պլանշետների, ադամանդների արտադրության նկատելի աճը:

Միանշանակ է, որ արդյունաբերությունում արձանագրվող աճի ցուցանիշները պետք է պահպանվեն եւ շարունակվեն: Յուրաքանչյուր պետության տնտեսության համար արդյունաբերության զարգացումը գերակայություն է: Վերջին տարիներին մի քանի տասնյակ ներդրումային ծրագրերի համար ավելացված արժեքի հետաձգման, ազատ տնտեսական գոտիների ստեղծման եւ այլ արտոնությունները նպաստեցին ճյուղի զարգացմանը: Այս տարի դրանց ավելացել է կառավարության եւս մեկ կարեւոր նախաձեռնությունՙ ներմուծմանը տեղական արտադրությամբ փոխարինելու մասին, որի հաջող իրագործումը հավելյալ խթան կդառնա արդյունաբերական արտադրանքի ծավալների ավելացման համար:

Արտահանման 20 տոկոսանոց աճ

Երկրորդ ուրախալի փաստը անցած տարվա ընթացքում արտահանման 20 տոկոսանոց աճն էր, որի արդյունքում արտահանման ծավալները կազմել են 1 մլրդ 782 մլն դոլար: Ներմուծումն աճել է 1,6 տոկոսով, կազմելով 3 մլրդ 292 մլն դոլար: Այսինքն, արտահանման աճի տեմպը թե՛ տոկոսային, թե՛ գումարային առումներով էապես գերազանցել է ներմուծման աճի տեմպին: Արդյունքում զգալիորեն կրճատվել է նաեւ արտահանման-ներմուծման բացասական տարբերությունը: 2016-ին ներմուծումը արտահանմանը գերազանցել է ընդամենը 1 մլրդ 509 մլն դոլարով, այն դեպքում, երբ 2015-ինՙ 1 մլրդ 753 մլն դոլարով: Հաջորդը, եթե 2015-ին ներմուծման ծավալները գերազանցում էին արտահանման ծավալներին գրեթե 2,5 անգամ, ապա 2016-ինՙ մոտ 45 տոկոսով:

Հետաքրքրական են արտահանման ուղղվածության փոփոխությունները: Դեպի ԵՄ երկրներ 2016-ին արտահանումը կազմել է 478 մլն դոլար, աճելով 15,9 տոկոսով: Դեպի ԱՊՀ երկրներ արտահանումը կազմել է 411 մլն դոլար, ավելանալով 43,5 տոկոսով: Ընդ որում, դեպի մեր արտահանման հիմնական շուկաՙ Ռուսաստան արտահանումն աճել է 51,5 տոկոսով, կազմելով 371 մլն դոլար: Սա որպես պատասխանՙ Հայաստանի ԵՏՄ մտնելու եւ Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության մեջ օգուտ «չտեսնողներին»: Հիշեցնենք նաեւ, որ դեպի ԵՄ արտահանվում են հիմնականում հումքային ապրանքներ` մետաղական հանքանյութ, իսկ դեպի Ռուսաստան` պատրաստի արտադրանք:

Գյուղատնտեսությունում եւ շինարարությունում անկում

Անցած տարվա ընթացքում, բացի արդյունաբերությունից, աճ արձանագրվեց նաեւ ծառայությունների ոլորտումՙ 7,1 տոկոս եւ առեւտրի շրջանառությունումՙ 1 տոկոս: Հակառակ սրան, գյուղատնտեսական արտադրանքի ծավալները նվազեցին 5,2 տոկոսով, իսկ շինարարության մեջ վերջին տարիների անկումը շարունակվեց, կազմելով 10,8 տոկոս: Գյուղատնտեսության մեջ անկումը պայմանավորված էր ավելի ցածր բերքատվությամբՙ նախորդ տարվա բերքառատ տարվա համեմատ, ինչպես նաեւ վիճակագրական տվյալների ճշգրտմամբ:

Միջին աշխատավարձը փոքր-ինչ ավելացել է, իսկ բնակչության թիվը` նվազել

Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում անցյալ տարի բարձրացել է 1,7 տոկոսով եւ կազմել 187 հազար դրամ: Նշենք, որ այս ցուցանիշի մեջ ներառված է նաեւ եկամտային հարկը, հետեւաբար այսպես կոչված «մաքուր աշխատավարձը» մոտ մեկ քառորդով ավելի ցածր է այս ցուցանիշից:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկատվության համաձայն, 2017-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 986 հազար 500 մարդ, 2016-ի հունվարի 1-ի 2 մլն 998 հազար 600 մարդու փոխարեն: Այսինքն, մեկ տարվա ընթացքում երկրի բնակչության թվաքանակը նվազել է մոտ 12 հազար 100 մարդով կամ 0,4 տոկոսով , ինչը, ըստ վիճծառայության, ձեւավորվել է 2016-ին արձանագրված բնական հավելաճի (12,5 հազար մարդ) եւ միգրացիայի գնահատված մնացորդի (-24,6 հազար մարդ) ցուցանիշների տարբերության հաշվին: Վերջին տարիներին բնակչության արտահոսքի միտումն անցյալ տարի շարունակվել է, ինչը չի կարող մտահոգություններ չառաջացնել:

Զբոսաշրջության աճի հիմնական «մեղավորը» իրանցի զբոսաշրջիկներն են

Պաշտոնական վիճակարությունն արձանագրել է, որ 2016-ի հունվար-դեկտեմբերին Հայաստանի Հանրապետություն է ժամանել 1 մլն 259 հազար 657 զբոսաշրջիկ կամ նախորդ տարվա համեմատ 5,7 տոկոսով ավելի : 2016թ. հունվար-դեկտեմբերին զբոսաշրջության նպատակով Հայաստանի Հանրապետությունից մեկնել է 1 մլն 262 մլն 687 մարդ կամ 2015-ի համեմատ 6,3 տոկոսով ավելի: Նշենք, որ Հայաստան զբոսաշրրջիկների աճը պայմանավորված է հիմնականում Իրանից ժամանողների թվի ավելի քան 50 տոկոս աճով: Զանազան տարակարծություններից խուսափելու համար հիշեցնենք, թե ովքե՞ր են համարվում զբոսաշրջիկ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության համաձայն: Ըստ այդմ, միջազգային զբոսաշրջիկ է համարվում այն անձը, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ եւ ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը:

Հայաստանի արտաքին պարտքը մոտենում է ռիսկայինի սահմանին

2016-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը կազմել է 4 մլրդ 798 մլն դոլարՙ նախորդ ամսվա նկատմամբ ավելացել է 303 մլն դոլարով: Վերոնշյալից ՀՀ կառավարության պարտքը կազմում է 4 մլրդ 293 մլն դոլարը, Կենտրոնական բանկինըՙ 504 մլն դոլարը: Առաջինի պարտքը նախորդ ամսվա համեմատ ավելացել է 296 մլն դոլարով, երկրորդինըՙ 6 մլն դոլարով: Մեկ տարվա ընթացքում, 2015-ի դեկտեմբերի 31-ի համեմատ, արտաքին պարտքը ավելացել է մոտ 500 մլն դոլարով: Հիշեցնենք, որ արտաքին պարտքը ռիսկային է համարվում, եթե գերազանցում է երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 50 տոկոսը: Այս պահին, փաստորեն, մոտենում ենք այդ ցուցանիշին:

Անցյալ տարի նույնպես գնանկում արձանագրվեց

2016-ի դեկտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ Հայաստանում գրանցվել է 1,1 տոկոս գնանկում, իսկ նոյեմբերի նկատմամբ դեկտեմբերին արձանագրվել է 1,1 տոկոս գնաճ: Հիշեցնենք, որ սպառողական գների ինդեքսը ազգային վիճակագրական ծառայությունը որոշում է, հիմք ընդունելով 470 ապրանքների եւ ծառայությունների գների դինամիկան:

Սպառողական զամբյուղում հիմնական բաժինը կազմող պարենային ապրանքների գները 2016-ի դեկտեմբերին 2015-ի դեկտեմբերի համեմատ իջել են 0,3 տոկոսով, իսկ նոյեմբերի համեմատ արձանագրվել է 3,1 տոկոս գնաճ: Ոչ պարենային ապրանքների գները 2016-ի դեկտեմբերին 2015-ի դեկտեմբերի համեմատ նվազել են 3,4 տոկոսով, իսկ նույն տարվա նոյեմբերի համեմատՙ 0,8 տոկոսով: Ընդ որում, շարունակել են նվազել բենզինի եւ դիզվառելիքի գները: Ինչ վերաբերում է բնակչությանը մատուցած ծառայությունների սակագներին, ապա այստեղ վիճակը կարելի է ասել էական փոփոխություններ չի կրելՙ 2016-ի դեկտեմբերին 2015-ի դեկտեմբերի համեմատ ծառայությունների սակագները նվազել են 0,7 տոկոսով, իսկ 2016-ի նոյեմբերի համեմատՙ աճել 0,2 տոկոսով:

Անշարժ գույքի շուկան առանց դրական տեղաշարժի

2016-ին Հայաստանում իրականացվել են անշարժ գույքի 173 հազար 568 գործարքՙ 2015-ի համեմատ 4,1 տոկոսով նվազ: Եթե Երեւանում գործարքների քանակն ավելացել է 1,2 տոկոսով, ապա մարզերում ` նվազել 6,8 տոկոսով: Գործարքների 29 տոկոսը առնչվել է բնակարաններին, իսկ 36,3 տոկոսը գրանցվել է Երեւան քաղաքում: Գերակշռում են օտարման գործարքներըՙ ընդհանուրի 26,9 տոկոսը կամ 46 հազար 757, որից 72,2 տոկոսը առուվաճառքն է եղել, մնացածը նվիրատվություններն ու փոխանակությունները:

Երեւան քաղաքում, 2015 թվականի համեմատ, բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 4 տոկոսով, անհատական տներինըՙ 3 տոկոսով: Գներն, ըստ էության, թե բնակարնների, թե անհատական տների գործարքների պարագայում գրեթե անփոփոխ են ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում:

Փաստորեն, անշարժ գույքի շուկայում դրական տեղաշարժ չկա: Այս տարի նախատեսված եւ իրատեսական համարվող մոտ 105 մլն դոլարի ներդրումային ծրագրերը քաղաքաշինության ոլորտում կարող են որոշակի աշխուժություն մտցնել այստեղ, եթե իհարկե չլինեն դրանց խոչընդոտող ներքին եւ արտաքին քաղաքական իրադարձություններ:

2016-ըՙ հակասական տարի

Սրանք էին անցած տարում այն հիմնական ցուցանիշները, որոնք բնութագրում էին, թե ինչպիսի սոցիալ-տնտեսական զարգացումներ են եղել 2016-ին: Դատելով դրանից, կարելի է եզրակացնել, որ հակասական տարի ենք ունեցել: Մի կողմիցՙ արդյունաբերության, արտահանման ծավալների լուրջ աճ, զբոսաշրջիկների թվի ավելացում, մյուս կողմիցՙ անկում տնտեսության այնպիսի կարեւոր ճյուղերում, ինչպիսիք գյուղատնտեսությունն ու շինարարությունն են, բնակչության արտահոսքի, արտաքին պարտքի աճ: Այս տարի ակնկալվում է ներդրումային խոշոր ծրագրերի սկիզբ, ինչի շուրջ պարբերաբար քննարկումներ են տեղի ունենում կառավարությունում: Հուսանք, որ ծրագրերը իրականություն կդառնան, ինչից կշահի ոչ թե այս կամ այն քաղաքական ուժը, այլ մենք բոլորս եւ մեր երկիրը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿՈՒՄԱՅՐԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԾՐԱԳԻՐԸ ԻՐԱՎԻՃԱԿ ԿՓՈԽԻ՞ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՆԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՀԵՏՈ ՆԱՄԻԲԻԱՆ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՆԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՀԵՏՈ ՆԱՄԻԲԻԱՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Թուրքիայի բարեկամների պաշտպանությունը ՀՀ դե-ֆակտո թուրքական ռեժիմի կողմից. Էդգար Էլբակյան

12/05/2025

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է. Բարբաջել, նույն ինքը՝ տուֆտել, կարելի է ցանկացած բան։ Բայց անկախ որևէ մեկի բարբաջանքից, նույն ինքը՝...

ԿարդալDetails

Հռոմի Պապի առաջին արտագնա այցը լինելու է Թուրքիա

12/05/2025

Չտրվել ֆանատիզմին և ատելությանը. Հռոմի պապի կոչը՝ լրագրողներին

12/05/2025

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բաժին ընկնող պետական պարտքը 4400 ԱՄՆ դոլար է. Վահե Դավթյան

12/05/2025

Իրենց համար շատ վատ լուր ունեմ. իրենց մերժելուց,  վախենամ, թավիշով չմերժեն. Նինա Կարապետյանց

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական