ՌՈԶԱ ՔԱՐԱՄՅԱՆ
Ես գիտեմ հեռավոր օրերի տարեգրությունը,
Գիտեմ մահը, որ շրջում է, ամեն ինչ կործանելով,
Գիտեմ գրքեր, ճշմարտություններ եւ լուրեր,
Ես գիտեմ ամեն ինչ, միայն թեՙ ոչ ինքս ինձ:
Իվան Բունին
Մեզանից յուրաքանչյուրն ունի նվիրական ցանկություն, որի կատարման համար մենք պատրաստ ենք նույնիսկ ճանապարհվել աշխարհի ծայրը: Նրանց համար, ում հավատը հրաշքների հանդեպ չի անհետացել արդի աշխարհի գործամետության մեջ, գոյություն ունեն կախարդական հույսերի եւ իրականացած երազանքների վայրեր: Այնպիսի վայրեր, որտեղ հեքիաթը դառնում է եղելություն, երազները մարմնավորվում են իրողության մեջ, իսկ կատարված ցանկությունների վիճակագրությունը հետո երբեք չի մոռացվում:
Սուրբ երկրի պատմությունը նմանակ չունի մեր մոլորակի վրա: Սուրբ երկիրը մեծ չէ, եւ այդուհանդերձ դրա մի ծայրին լեռներ եւ ձյուներ են, իսկ մյուս ծայրինՙ անապատներ եւ պաղ ջրեր: Իր հարուստ պատմության շնորհիվ այդ հողը հրեաների, քրիստոնյաների եւ մահմեդականների կրոնական ձգտումների կենտրոնն է: Նման երկրի նվիրական էությունն ըմբռնելու փորձերը աներեւակայելիորեն բարդ են: Ամեն տարի այստեղ մի քանի միլիոն մարդ է գալիս: Ավետյաց երկրի հանդեպ սիրո պատճառը հոգեւոր աճի լայն հնարավորություններն են: Այստեղ կան այցելելու, դիտելու վայրեր եւ զարմանալու պատճառներ:
Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց ծանոթ է «Հայր մեր» աղոթքը: Այն հագեցած է խոր իմաստով: Տվյալ աղոթքի առաջին երեք խնդրանքները մեզ օգնում են հասկանալ կյանքի իմաստը, հնարավորությոն են տալիս Նրա հետ կիսելու մեր մտքերն ու զգացումները: Աշխարհում տիրապետում են հանցավորությունը, պատերազմները: Մենք մտածում ենք նաեւ մեր անձնական խնդիրների մասին: Մենք ճնշված ենք մերձավորների հիվանդության կամ մահվան պատճառով եւ երբեմն զգում ենք նույնը, ինչ արդար Հորը, որն ասաց. «Ես ցավով եմ տոգորված»: Որքան երկար եմ ապրում, այնքան շատ եմ տեսնում եւ հասկանում: Ես ապրել եմ մեծ եւ դժվարին կյանք, տեսել եմ հարստություն եւ աղքատություն, պատերազմ, հարազատների ու մերձավորների մահ, սեր, հավատ եւ անահավատություն: Ես վաղուց որոշել էի կյանքն ընդունել առանց որեւէ պայմանի, երբեւէ չէի մտածում, թե նա ինձ համար ինչ-որ առանձնահատուկ բան է նախապատրաստում, չէի ընդդիմանում ճակատագրիս, եւ նա տանում էր ինձ: Եվ շատ կարեւոր է անձնատուր չլինելը: Հիսուս Քրիստոսն ասում էր. «Շարունակեք խնդրել եւ ձեզ կտրվի, շարունակեք փնտրել, եւ կգտնեք, շարունակեք թակել, եւ դուռը կբացեն»:
Մեզ երբեմն թվում է, թե Աստված անհասանելի է, եւ թե անհնար է մոտենալ Նրան: Բայց դա այդպես չէ: Սուրբ Գիրքը մեզ արթնացնում է. «Մոտեցեք Աստծուն, եւ Նա կմոտենա ձեզ»: Ես կանգնած էի այն բլրի ստորոտում, որտեղից Հիսուսը հնչեցրել էր իր խոսքը, որը հայտնի է «Լերան քարոզ» անունով: Ես սիրում եմ այն, քանի որ գեղեցիկ է եւ դիմացել է ժամանակի փորձությանը: Չգերազանցված իմաստնության գանձարան համարվող այդ ելույթում նա խոսում էր այն մասին, թե ինչպես կարելի է գտնել ճշմարիտ երջանկություն, ինչպես հարթել տարաձայնությունները, ինչպես աղոթել եւ ինչպես ճիշտ վերաբերվել նյութականին: Այդ ժամանակից ի վեր շատ տարիներ են անցել, բայց Նրա խոսքերը այսօր եւս չեն կորցրել իրենց նշանակալիությունը: Այն հանգամանքը, թե մենք ինչպես ենք վերաբերվում Նրա խոսքերին, մեզ օգնում է ճանաչելու մեր իսկական շարժառիթները եւ մեր սրտի մտադրությունները: Քրիստոսի աստվածային էությանը:
Հիսուսի ծննդից շատ առաջ Աստվածաշնչում կանխագուշակվել էր, որ Աստված երկիր կուղարկի Մեսիային կամ Քրիստոսին: Եբրայերեն «Մեսիա» բառը եւ հունարեն «Քրիստոսը» նշանակում են «Օծյալ», այսինքն Աստծուց հատուկ նպատակադրում ստացած: Մեր թվարկության 29 թվականի վերջին է՛լ ավելի ակնհայտ դարձավ, որ Հիսուսը Մեսիան է: Նա Հովհաննես Մկրտչի մոտ եկավ Հորդանան գետի ջրում մկրտվելու: Տերը խոստացել էր Հովհաննեսին հատուկ նշանով ճանաչել տալ Մեսիային: Մկրտվելովՙ Հիսուսն անմիջապես ելավ ջրից: Այդ ժամանակ երկինքը բացվեց, եւ Հովհաննեսը տեսավ Աստծո ոգին, որն աղավնու կերպարանքով իջավ Հիսուսի վրա: Եվ երկնքից ձայն հնչեց. «Դա է իմ սիրելի որդին, որին ես հավանություն եմ տալիս»: Նա հատկապես թանկ է Աստծուն, քանի որ Նրա «միածին որդին» է, որով պատրաստակամությամբ լքեց երկինքը եւ եկավ երկիր: Աստվածՙ որ Որդու կյանքը երկնքից տեղափոխեց հրեա աղջիկ Մարիամի որովայնի մեջ: Նա ծնվեց կատարյալ եւ անբասիր:
Քրիստոնեական կրոնի մեջ գոյություն ունի մեղքի հասկացություն: Մեղքը աստվածային օրենքների խախտումն է: Դրանց ծանոթ լինելը կամ չլինելը մարդուն չի ազատում պատասխանատվությունից: Ժառանգված անկատարության պատճառով մենք ստիպված ենք պայքարել ճիշտ վարվելու համար: Ամենքս մեղավոր ենք խոսքերով եւ արարքներով: Սակայն Քրիստոսի քավիչ զոհողության շնորհիվ մենք կարող ենք ստանալ «մեղքերի թողություն»: Դրա համար անհրաժեշտ է դրսեւորել անկեղծ զղջում: Հարկավոր է խոնարհաբար Աստծուց ներում հայցել: Պետրոս առաքյալն ասել է. «Ապաշխարեք եւ դիմեք, որպեսզի մեղքերը ջնջվեն»: Հոգեւոր տգիտության մեջ բազմաթիվ կարգին մարդիկ ափսոսում են աստվածաշնչյան այն կանխագուշակման համար, թե «հայրերի մեղքերը կընկնեն նրանց զավակների ու թոռների գլխներին»: Հիշեցեք, որ Աստվածաշնչում ասված է. «Մեղքերի համար հարկավոր է վճարել տառապանքով»: Սակայն ճակատագիրը, ցավոք, մեզ հաճախ դրդում է մեղքերի: Երկնային դատաստանը դաժան է, եւ դրան հավատալու համար ամեն ոք պետք է դա զգա իր վրա:
Բոլորը տեսնում են, թե մարդն ինչպես է մեղանչում, բայց ոչ ոք չի տեսնում, թե ինչպես է նա ապաշավում: Ուստի ես միշտ լռությամբ դիմում եմ Աստծուն. «Տեր, եթե ես անհավատությամբ եւ այլ մեղքերով զայրացրել եմ Քեզ, ապա Քո արդար զայրույթը թափիր ինձ վրա, բայց խնայիր զավակներիս ու թոռներիս»: Ապաշավելՙ նշանակում է անկեղծորեն զղջալ արածի համար: Ապաշավանքն անհրաժեշտ է ոչ միայն անբարոյական կենսակերպ վարողներին, քանզի բոլոր մարդիկ էլ մեղանչում են եւ կարոտ են Աստծո ներմանը: Բայց զղջմանը պետք է հաջորդի դիմումը: Արածի համար միայն զղջալը բավական չէ: Անհրաժեշտ է մերժել նախկին ապրելակերպը եւ վճռականորեն տրամադրվել ապագայում ճիշտ վարվելուն: Երջանկություն է մարդ մնալը նույնիսկ այն ժամանակ, երբ հանգամանքները մեզ դրդում են մեղանչել:
Կյանքումս առաջին անգամ ես որոշեցի մեղքերս խոստովանել Բեթղեհեմում, Քրիստոսի Ծննդյան տաճարում, առավոտյան պատարագից հետո: Ես հոգեւորականի հետ առանձնացա եւ սկսեցի նրա հետեւից բառ առ բառ կրկնել. «Մեղավոր եմ Սուրբ Երրորդությանՙ Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու առջեւ: Մեղավոր եմ մտքով, խոսքով եւ գործով, կամա եւ ակամա, իմացությամբ եւ չիմացությամբ»: Այնուհետեւ հոգեւորականը բացականչեց. «Աստված թողություն է շնորհում: Թող քեզՙ մարդուդ, ների սիրելի Աստված եւ թողություն շնորհի խոստովանված եւ մոռացված բոլոր զանցանքներիդ: Ինչ որ արձակեք երկրի վրա, կարձակվի երկնքում: Ես քեզ տալիս եմ Սուրբ եկեղեցու սույն Խորհուրդը, քանզի եթե բարիք գործես, թող լինի քեզ ի առաքինություն եւ ի փառս ապագա կյանքի: Ամեն»:
«Իսկ հիմա բարձրաձայն կարդա Հայաստանյայց եկեղեցու Խոստովանությունը», կարգադրեց հոգեւորականը: «Խոստովանում եմ եւ ամբողջ սրտով հավատում եմ Հայր Աստծունՙ Անստեղծ, Անծնունդ եւ Անսկիզբ: Հավատում եմ Աստծո խոսքին, որը Հորից սկսվեց նախքան հավերժությունները: Եվ որչափով Հայրը Հայր է, նույնչափով Որդին Որդի է: Հավատում եմ Սուրբ եկեղեցուն, մեղքերի թողությանը եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսին, ով քայլեց երկրի վրա, եկավ մկրտությունից հետո, մարդկանց քարոզեց փրկություն, կամովին ընդունեց տառապանքներ, խաչվեց եւ մահացավ մարմնով, եւ կենդանի է Աստվածությամբ: Հավատում եմ երկինք համբարձված Հիսուս Քրիստոսին: Հավատում եմ գործերի հատուցմանը. արդարներինՙ հավերժական կյանք, մեղավորներինՙ հավերժական տանջանքներ»: Այնուհետեւ հոգեւորականն օրհնեց ինձ. «Ամեն: Թող Տերը պահպանի քեզ, եւ հավատարիմ եղիր մեր Տիրոջը»:
Հանկարծ ինչ-որ տեղ հոգուս խորքում ես զգացի մղկտուն ցավ, հոգու ինչ-որ անկարգություն: Իմ տեսած, լսած ամեն ինչի սահմաններից դուրս հիմա ես զգացի մի այնպիսի բան, որին սկսեցի հասու լինել: Ես հասկացա, որ ինձ համար աննկատելիորեն սկսել էի ձեռք բերել որոշ հոգեկան հավասարակշռություն: Շուրջս ամեն ինչ ռեալ իրականություն էր, իսկ ճնշող մտքերն ու ցավը լոկ կատաղի քամու պոռթկում են, որը չի կարելի ներս թողնել հոգու մեջ:
Ո՞ւմ մտքով կանցներ, որ անիմանալին կարող է այդպես փոխել ինձ: Այնինչ, վկա է Աստված, հենց այդպես էլ պատահեց: Իմ մեջ ի հայտ եկավ տարօրինակ զգացողություն, ասես ոտքերումս սկսված դողը փոխանցվեց գլխիս: Այնպիսի զգացողություն, ասես ես հանկարծ ազատագրվել եմ իմ մարմնից, իսկ հոգիս հաղորդակից է դարձել մի գեղեցկության, որի մասին մտածել անգամ չէի կարող: Ասես ձեռք եմ բերել ինչ-որ գերմարդկային գիտելիք, եւ այն ամենը, ինչ թվում էր խրթին, դարձավ պարզ, անհասկանալի ամեն ինչ բացատրվեց:
Մի ժամանակ ես ինձ հարց էի տալիս. «Տեր իմ, ո՞վ եմ ես»: 50 տարեկան էի, երբ հնգամյա թոռնուհուսՙ Մարիայի հետ մկրտվեցի Էջմիածնում: Երեւի մկրտությունից հետո մենք հասու ենք դառնում մեր «ես»-ին: Մշտապես ուզում եմ աղոթել: Աղոթքներում կա այն ամենը, ինչ կարող է խնդրել հասարակ մահկանացուն: Վաղ մանկությունից ինձ այդպես է սովորեցրել մայրս: Նրան անվանում էին Մարիա: Սուրբ հոգու տեր, անչափ բարի մարդ էր: Նա միշտ պայծառ էր, աչքերը շատ բարի էին, բայց դրանցում շատ էին ցավն ու տառապանքը: Ախր նա վերապրել էր Ցեղասպանությունը: Մորս պատվին մենք անվանակոչեցինք առաջին թոռնուհուն: Ինչպես միշտ, մայրս աղոթում էր քնելուց առաջ: Մի անգամ նա մեզ կանչեց եւ ասաց, որ իր ժամանակը եկել է: «Տերը ինձ իր մոտ է կանչում», ասաց նա: Մենք ուզում էինք կանգնեցնել նրան, բայց նա խնդրեց չընդհատել իրեն: Խոսելիս ամբողջովին փայլում էր. թվում էրՙ նա իսկապես տեսնում է Տիրոջը: Հետո նա պառկեց իր մահճակալին, խաչակնքեց… Եվ վախճանվեց… Նա պարզապես քնեց, հոգին ավանդելով Տիրոջը: Սուրբ անձնավորություն: Մինչեւ հիմա սրտումս հնչում են մորս խոսքերը: Այն ժամանակ մենք ապրում էինք Բաքվում. նրան այնտեղ էլ թաղեցինք: Ես մշտապես աղոթում եմ հարազատներիս համար, որոնց շիրիմները Բաքվում ադրբեջանցիները հավասարեցրել են հողին: Ես հաճախ փող եմ տալիս մուրացկաններին, կերակրում եմ նրանց: Մայրս միշտ ասում էր, որ մուրացկաններն ամենաուժեղ միջնորդներն են Աստծո առջեւ, ուստի հարկավոր է օգնել նրանց:
Երուսաղեմ տանող ճանապարհն անցնում է Հորդանանի հովտով, Հորդանան գետի երկայնքով: Գետը նշանակալից տեղ է զբաղեցնում աստվածաշնչյան շատ պատմություններում, ներառյալ Հիսուսի հետ իսրայելցիների անցումը Հորդանանով, հրաշքով կանցնի ջրի երես դուրս գալը, գետում լվացվելուց հետո բորոտությունից Նեեմանի բուժումը եւ Հիսուսի մկրտությունը: Ավելի ուշ Հիսուսը իր հետեւորդներին պատգամեց պահպանել մկրտության ծեսը: Այսօր շատ ուխտավորներ Հորդանան գետում մկրտության ծեսն անցնում են այդ նպատակով կառուցված նոր տեղումՙ Յարդենիտում: Ես երախտապարտ եմ Տիրոջը, որ ինձ եւս բախտ վիճակվեց զգալու Սուրբ գետի հպումը:
Ջրում մկրտվելը կարեւոր պայման է ամենքի համար, ովքեր ուզում են մոտենալ Աստծուն: Մկրտությամբ մենք հաստատում ենք նրան ծառայելու մեր ցանկությունը եւ Նրա կամքը կատարելու պատրաստակամությունը: Մկրտությունը ավելին է, քան պարզապես ջրի մեջ ընկղմվելը: Այն ունի կարեւոր խորհրդանշական իմաստ: Ջրի մեջ լիովին ընկղմվելը նշանակում է, որ քրիստոնյան ընդունում է Աստծուն: Ջրից բարձրանալովՙ մենք ասես սպասում ենք, որպեսզի կատարենք Նրա կամքը եւ հասկանանք, որ մեզ նվիրաբերում ենք Նրան:
Մեր մկրտությունը Նրա հետ մոտիկ հարաբերությունների սկիզբն է: Չէ որ գլխավորը հավատալն է, այլ ոչ թե խոսքերը: Անկեղծ աղոթքով Աստծուն նվիրվելը նշանակում է խոստանալ բացառիկ նվիրվածության դրսեւորում: Սակայն մկրտությունը չի երաշխավորում փրկություն: Պողոս առաքյալը գրել է. «Այսուհետեւ եւս այդպես վարվեք, երկյուղով ու դողդոջյունով ձգտելով հասնել փրկության»:
Երուսաղեմը նվաճումների եւ խառնակ ժամանակների իր երկար պատմությամբ դարձավ Հիսուսի «երկրային հովվության» ավարտափուլը: Երբ Զատկի տոնին Երուսաղեմ այցելած մարդկանց ամբոխները տեսան Հիսուսին, նրանցից շատերը «իրենց հագուստները փռեցին ճանապարհի վրա», բացականչելով. «Օրհնյալ է Տիրոջ անունով եկողը»: Քրիստոնյաներն այսօր այդ թափորը նույնացնում են Չարչարանաց շաբաթվա սկզբի հետՙ ի հիշատակ Տիրոջ չարչարանքների:
Այն հողը, որի վրա կառուցված է Տիրոջ գերեզմանի տաճարը, Հիսուսի ժամանակներում գերեզմանատուն էր: Հիսուսի խաչելության եւ Ս. Հարությանը նվիրված ամենահին եկեղեցին այստեղ կառուցել է Հեղինե թագուհին մ.թ. 4-րդ դարում: Ինձ սկսեց թվալ, թե Տերն ինքն է ինձ կանչել Սուրբ վայրեր, եւ նա կլսի իմ աղոթքները: Հոգուս մեջ խաղաղություն էր եւ անդորր, թեեւ Ավետյաց երկիր այցելածս օրերին ստացված տեղեկությունների առատության պատճառով գլխումս ամեն ինչ իրար էր խառնվել: Երուսաղեմը պատասխան տվեց հոգումս ծնունդ առած շատ հարցերի: Ախր ես միշտ ինձ հարց էի տալիս. «Ո՞վ եմ ես»: Իսկ հիմա տաճարներում խաչերն ու սրբապատկերները դիմում են հոգուս. «Ո՞ւր ես գնում»:
Տիրոջ գերեզմանի տաճարը բոլոր քրիստոնյաների գլխավոր սրբավայրն է: Դա թե՛ Գողգոթայի հետ զուգորդվող բլուրն է եւ թե՛ Հիսուսի Հարության վայրը: Նրա ժամանակներում Երուսաղեմը այժմվանից անհամեմատ փոքր էր, եւ Տաճարը քաղաքային պարսպից դուրս էր: Ինձ համար երջանկություն էր Դագաղի մոտ ծնկի գալը: Ես ակնածանքով եւ արցունքներով հպվեցի դրան, զգացի հոգեկան խոր ցնցում եւ անխոս աղոթեցի: Ի՞նչ էի մտածում, ի՞նչ էի զգում, ինչի՞ մասին էի երազում: Չգիտեմ: Այդ ժամանակ ինձ թվում էր, թե կտրվել եմ երկրից: Չէի կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում հոգուս մեջ: Վերջինս ճչում էր մորը կորցրած մանկիկի պես: Դա հրա՞շք է: Անկասկած: Իսկ Աստծո ամենագլխավոր հրաշագործությունը բարեշնորհ կրակի իջնելու հրաշքն է: Իսկ հետո բարձրացա Գողգոթա: Չգիտես ինչու հիշեցի Իրեն Գողգոթա տանելիս Հիսուսի ասած խոսքերը. «Մի՛ արտասվեք ինձ համար, այլ լացեք ձեզ եւ ձեր զավակների համար, քանզի գալու են օրեր, երբ կասենՙ Երանելի են ամուլները եւ չծնած արգանդները»:
Նույն գիշերը երազ տեսա, իբր իմ հուղարկավորման արարողությունն են կատարում եկեղեցում, իսկ դագաղը դրված էր բարձր եւ անշարժ կախված էր հենց գմբեթի տակ: Փրկչի կերպարանքը հանդարտ է եւ վշտահար, պայծառ ու տառապալի աչքերը հակված են հենց դեմքիս վրա: Նախկինում երբեք ես այդքան պարզ չէի տեսել Նրա խոնավ, ասես ցողով լվացված աչքերի խորությունն ու հուզիչ նվիրվածությունը: Առկայծող մոմերի շրջապատում, խունկի եւ հալչող մեղրամոմի, խորհրդավոր անուշահոտությունների բույրի մեջ պառկածՙ ես մտածում էի. «Սա որքա՜ն գեղեցիկ է»: Սակայն երանության միջով ցավագին կերպով գիտակցությանս մեջ թափանցեց մի սարսռեցնող միտք. «Այդ ինչպե՞ս կարող եմ մտածել, եթե այլեւս չկամ»: Իսկ առավոտյան, երբ ինքս ինձ հարցնում էի նման երազ տեսնելուս պատճառը, ես ամբողջովին սառը քրտինքով պատվեցի ինձ խոցած անսպասելի մտքից: Երբեմն հավերժությունից մեզ են հասնում ամենքի համար տխուր զանգակիկների ձայներ, բայց ուզում ենք բացականչել. «Թող Տերը յուրաքանչյուրիս տանի իր ժամանակին»: Ես նաեւ մտածեցի. «Գուցե Նա ինձ երկար կյա՞նք է շնորհում: Ո՞վ գիտե»:
Սրտի թալկացումով ես հաղորդակցվեցի Հայկական Երուսաղեմին, նրա արմատները դարերի խորքից ձգվեցին դեպի ինձ: Սակայն Հայաստանյայց Առաքելական եկեղեցու եւ Ավետյաց երկրի շնորհիվ ես սերտաճեցի այդ արմատների հետ, եւ այլեւս ոչ ոք եւ ոչինչ երբեւէ չեն կարողանա ինձ պոկել այդ արմատներից: Ես տուն վերադարձա միանգամայն ուրիշ մարդ դարձած: Հիրավի, հավիտյանս հավիտենից չի մոռացվի այն, ինչը երբեւիցե ցնցել է: Հիմա, երբ Աստվածաշունչ եմ կարդում, դեմքս լուսավորվում է ներքին բերկրանքով, մտածում եմ, թե որքան թանկ ու սրտամոտ են Քրիստոսի խոսքերը: Անցյալում ես իմ մեջ չէի նկատում նման խոր բարեպաշտություն, իսկ արեւոտ ու տաք օրերին հատկապես մոտ եմ Աստծուն, ասես գոյություն ունենա ինչ-որ կապ լույսի, մաքրության աղբյուրին ներքուստ մերձենալու եւ հավերժական կյանքի գաղտնիքն իմանալու իմ ցանկության միջեւ:
Ռուս. թարգմ. Պ. Ք.