Կիրակի, 26 Հուլիս, 2026

ԱՍԱՆԺ. ՌՈՒՍ ՑԱՆՑԱՀԵՆՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐՆ ՈՒՂՂՎԱԾ ԵՆ ԹՐԱՄՓԻ ԴԵՄ

Պ. Ք.

WikiLeaks կայքի հիմնադիր եւ խմբագրապետ Ջուլիան Ասանժը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ընթացքին միջամտելու համար Ռուսաստանին մեղադրելու նպատակը նորընտիր նախագահ Թրամփի վարչակազմի օրինականության վիճարկումն է: Այդ մասին Ասանժը ասել է FoxNews հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Նրանք փորձում են լեգիտիմությունից զրկել Թրամփի վարչակազմին: Նրանք փորձում են ասել, թե նորընտիր նախագահ Թրամփը օրինական նախագահ չէ», ընդգծել է Ջուլիան Ասանժը: Նա նաեւ նշել է, որ իր կայքի աղբյուրը չի համագործակցում Ռուսաստանի կամ որեւէ այլ պետության հետ:

WikiLeaks-ի խմբագրապետը ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ ԱՄՆ-ում քվեարկության արդյունքների վրա ազդեցին նախագահության դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի եւ նրա նախընտրական արշավի ղեկավար Ջոն Պոդեստայի հայտարարություններն ու արարքները: