Անցնած հանգստյան օրերին Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցավ երկու ուշագրավ իրադարձություն: Նախ, դեկտեմբերի 17-ին կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀԱԿ 20-րդ հոբելյանական համագումարը, սակայն ուշագրավը ոչ թե համագումարն էր, կամ այնտեղ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը (որքան էլ այն ուշագրավ թվա, բայց այն նորություն չէ), այլ այն հանգամանքը, որ ՀԱԿ կուսակցության անդամները կուսակցության վարչության անդամ ընտրեցին վտարանդի Վանո Սիրադեղյանին: Թե ինչպե՞ս պետք է պարոն Սիրադեղյանը մասնակցի ՀԱԿ վարչության նիստերին, դժվարանում եմ ասել, եւ գուցե այդ պատճառով էլ խոսենք բոլորովին այլ թեմայից:
Նույն ընթացքում, ավելի ճիշտՙ հաջորդ օրը, դեկտեմբերի 18-ին, հայտնի դարձավ, որ Լոս Անջելեսի Բել-Էյր շրջանի իր սեփական տանը 99 տարեկան հասակում երկարատեւ հիվանդությունից մահացել է հունգարական ծագմամբ ամերիկացի կինոդերասանուհի, աշխարհիկ եւ ոչ պակաս իմաստուն տիկին, գրող Զազա Գաբորը:
Եւ որպեսզի Գաբորի, ոչ թե ՀԱԿ-ի մասին խոսելու իմ ընտրությունը հիմնավորեմ, երկու մեջբերում, մեկըՙ ՀԱԿ-ի համագումարում Տեր-Պետրոսյանի ելույթից, երկրորդըՙ Գաբորից: «Պատկերացնում եմ, թե այս ելույթից հետո ինչպիսի վայնասուն է բարձրանալու Հայաստանի քաղաքական ու տեղեկատվական դաշտում: Մեզ բախտ է վիճակվելու կրկին ականատես լինել տգիտության, կարճատեսության, պոռոտախոսության շքեղ մի տոնահանդեսի», սա ասել է առաջին նախագահը, ըստ էության ոչ մի նոր բան չասելով, իսկ սաՙ «Մեղրամիսն ավարտվում է այն ժամանակ, երբ ամուսնու հողաթափերը բերում է շունը, իսկ հաչել սկսում է կինը», ասել է Գաբորը:
Հիմա, մանավանդ որ ամենեւին էլ չենք ցանկանում թեկուզ միայն Տեր-Պետրոսյանի եւ նրա յուրայինների վրա թողնել «վայնասուն» բարձրացնողի տպավորություն, շարունակենք Գաբորի մասին:
Զազա Գաբորը, ավելի ճիշտՙ Շարի (սա Սառա անվանման հունգարական ձեւն է) Գաբորը ծնվել է Վիլմոշ եւ Ջոլի Գաբորների ընտանիքում, ունի երկու քույրՙ Մագդան եւ Էվան, որոնք ինչպես եւ Զազան հետագայում դարձել են դերասանուհիներ, ճիշտ է, ոչ այնքան հայտնի, որքան Զազան: Ի դեպ, Զա-զա Գաբորին անվանել է մայրը, երբ աղջիկը դժվարացել է արտաբերել իր անունըՙ Շարի, փոխարենն իրեն կոչելով Զա-զա:
1936-ին Զազա Գաբորը հաղթող է ճանաչվում «Միսս Հունգարիա» մրցույթում, սակայն նրան որակազրկում են, քանի որ Զազան կեղծել էր իր տարիքը, որպեսզի կարողանա մասնակցել մրցույթին: Դրանից մի քանի տարի անց Զազան մեկնում է Վիեննա, որտեղ նրան տեսնում է տենոր Ռիչարդ Թաուբերը եւ շատ հմայված լինելով շատ հմայիչ եւ հմայել շատ ցանկացող Զազայով, առաջարկում է նրան… երգել իր նորՙ «Երգող երազանքը» օպերայում, Վիեննայի օպերայի թատրոնում:
Հայտնի չէ, թե Ռիչարդ Թաուբերը որքան է շարունակում զմայլված մնալ Զազայով, բայց Վիեննայում կամ Ռիչարդի կողքին տիկին Գաբորը երկար չի մնում: Նա մեկնում է Փարիզ, ապա Ամերիկա եւ սկսում իր շռնդալից կարիերանՙ մեկը մյուսի հետեւից նկարահանվելով եւ զմայլելովՙ «Մենք ամուսնացած չենք», «Մուլեն Ռուժ», «Գեղջկուհինՙ Բեվեռլի Հիլզում» եւ այլ ֆիլմերում, հեռուստահաղորդումներում եւ այլն:
1989-ի հունիսի 14-ին Բեվեռլի Հիլզում Զազա Գաբորն անում է մի բան, ինչի համար հետագայում ստիպված է լինում «Էլ Սեկունդո» մեկուսարանում 72 ժամ ուղղիչ աշխատանքներ անել: Նա հենց փողոցում ապտակում է պետավտոտեսուչին, քանի որ վերջինս (ինչպես պնդում էր Զազան) կոպիտ էր խոսել իր հետ: Դատարանն, իհարկե, չի զմայլվում Զազայով, չնայած նա հավանաբար ջանքեր գործադրում է, եւ նրան մեղավոր է ճանաչում ոստիկանի վրա հարձակում գործելու մեջ:
Զազա Գաբորը ամուսնացել է 9 անգամ: Շատ կարեւոր է, որ նրա ինը ամուսիններից ոչ մեկի անունը չի կրկնվում: Իմիջիայլոց Զազան մի առանձնահատկություն ուներ. նա չէր կարողանում մտապահել անուններ, այնպես որ չի բացառվում, որ կինը չի էլ հիշել իր բոլոր տղամարդկանց անունները: Նկատի չունեմՙ ինը ամուսինների, նկատի ունեմՙ բոլորի:
Մի առիթով, երբ Գաբորին հարցնում են, թե քանի՞ տղամարդ է ունեցել, Զազան պատասխանում էՙ «Այսի՞նքն, բացի իմ սեփականի՞ց»: 1986-ի օգոստոսի 14-ից մինչեւ իր մահը, ճիշտ քսան տարի, Զազայի ամուսինն էր Ֆրեդերիկ Պրինց ֆոն Անհալտը: Զազան ունի միայն մեկ դուստրՙ երկրորդ ամուսնուցՙ Կոնրադ Հիլթոնիցՙ Ֆրանչեսկա Հիլթոնը, որը ծնվել է 1947-ի մարտի 10-ին, երբ իր ծնողներն արդեն ամուսնալուծված էին: Ի դեպ, 2005-ին Զազա Գաբորը դատի տվեց իր հարազատ դստերըՙ Ֆրանչեսկային, մեղադրելով վերջինիսՙ «գողության եւ խարդախության մեջ»: Հարկ է նկատել, որ դատական հայցի նախաձեռնողը ոչ թե անձամբ Զազան էր, այլ նրա ամուսինըՙ Ֆրեդերիկ Պրինց ֆոն Անհալտը: Դատական նիստն ի վերջո չկայացավ, գործը կարճվեց, քանի որ Գաբոր ընտանիքից ոչ մեկը չէր ներկայանում դատական նիստերին:
Հայտնի չէ, թե ինչպիսի մայր էր Գաբորը, բայց հրաշալի տնային տանտիրուհի էր: «Ես հրաշալի տանտիրուհի եմ,- ասել է Գաբորը մի առիթով, քանի որ իմ բոլոր ամուսնալուծություններից հետո, տան տիրուհին մնում եմ ես»: Իմիջիայլոց, չնայած ամուսնալուծությունների թվին, Գաբորը խոստովանել է, որ երբեք ոչ մի տղամարդուց շատ չի նեղացել. «Ես երբեք տղամարդկանցից չեմ նեղանում այնքան, որ հետո հետ վերադարձնեմ նրանցՙ ինձ նվիրած ադամանդները», ասել է Գաբորը:
Առողջական խնդիրները Գաբորն ունեցել է 2005-ից, երբ առաջին անգամ ինսուլտ տարավ ու հոսպիտալացվեց: 2011-ին Զազայի կյանքում տեղի է ունենում մի շատ ուշագրավ բան: Երբ հերթական անգամ նա հոսպիտալացվում է, բժիշկներն առաջարկում են հեռացնել ոտքերից մեկը, որպեսզի նրա ապրելու հավանականությունը մեծանա: 94-ամյա Գաբորը կտրականապես մերժում է բժիշկների առաջարկը, դժվարությամբ, բայց հիշեցնելով նրանց իր հայտնի խոսքերից մեկըՙ «Կնոջ մեջ տղամարդկանց ամենաշատը գրավում են հագուստի բացվածքները»:
Ոտքն, իհարկե չեն հեռացնում, եւ Զազան մեկ ամիս մնում է կոմայի մեջ, ապա ապրում եւս հինգ տարի, այդ ընթացքում եւս մեկ անգամ հիվանդանոց գնում, քանի որ առողջական վիճակը կտրուկ վատացել էր, երբ իմացել էր իր վաղեմի ընկերուհուՙ Էլիզաբեթ Թեյլորի մահվան մասին, եւ մահանում, ինչպես արդեն ասացիՙ այս տարվա դեկտեմբերի 18-ին Լոս Անջելեսի Բել-Էյր շրջանի իր տանըՙ ինչպես միշտՙ ամուսնացած…
«Սեքսը լավ է մոտավորապես առաջին երկու տարում, իսկ հետո ձեզ արդեն անհրաժեշտ կլինի սեր», ասել է Զազան ու հավելել, որ ինքը ոչինչ չի հասկանում սեքսից, քանի որ միշտ եղել է ամուսնացած:
Ես անկեղծ ասած չգիտեմ, թե ինչո՞ւ են Գաբորի ոչ պաշտոնական մասնագիտությունը նույնացնում քաղաքականության հետ, բայց ես վստահ եմ, որ եթե Գաբորը ոչինչ չի հասկանում սեքսից, ուրեմն քաղաքական ամենափորձառու գործիչները ոչինչ չեն կարող հասկանալ քաղաքականությունից:
Ու ես չեմ պնդում, որ մեր ամենափորձառու քաղաքական գործիչները միայն ՀԱԿ-ում են…