ԱՄՆ-ի նորընտիր նախագահին հասցեագրված քննադատությունները պետք է դադարեցվեն, սակայն Թրամփն էլ պարտավոր է պարզաբանել իր արած մեծադղորդ, իսկ երբեմն էլ սկանդալային հայտարարությունները, որոնք վերաբերում են ԱՄՆ-ից բոլոր անօրինական ներգաղթյալների (11 մլն) արտաքսմանը, ՆԱՏՕ-ի նշանակության վերանայմանը, ցանցահենային տեղեկությունների արտահոսքի թույլատրելիությանը: Մոսկվան ուզում է հասկանալ Ռուսաստանի հարցում ԱՄՆ ապագա վարչակազմի ուղեգիծը. վերլուծաբանները խոսում են ԱՄՆ-ում տեղի ունեցած «գունավոր հեղափոխության» մասին, Պուտինը հուսով է, որ Թրամփը «խելացի» է եւ գիտակցում է սեփական պատասխանատվությունը:
Գերմանական «Դի Վելթ» թերթի մեկնաբան Անսգար Գրաուն , խոսելով այն դժգոհությունների մասին, թե Թրամփը չի կարողանում բանավիճել, չունի դիվանագիտական հոտառություն, քաղաքական փորձառություն, իսկ բարոյականության վերաբերյալ ունի սեփական պատկերացումներ, ընդգծում է, որ նա այնուամենայնիվ հաղթեց նախագահական ընտրություններում, եւ «հիմա ողջ աշխարհը պարտավոր է մտածել անխուսափելիին հարմարվելու մասին»:
Գրաուն արձանագրում է, որ «հունվարից սկսած ամեն ինչ կընթանա պակաս սովորական հունով, եւ ամենավտանգավորը «ԱՄՆ-ի ապագա նախագահի խոսքերի անկանխատեսելիությունն է»:
«Բնավ կարեւոր չէՙ նա իրոք մտադի՞ր է պատ կառուցել Մեքսիկայի սահմանի վրա: Շատ ավելի կարեւոր է այն, թե նա ուզում է արտաքսել միայն հանցագո՞րծ անօրինական ներգաղթյալներին, թե՞ անխտիր բոլորին: Վերջինը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ ԱՄՆ-ի ներքին անվտանգության վրա», ասվում է հոդվածում:
«Ընտրարշավի ժամանակ Թրամփը կասկածներ արտահայտեց ՆԱՏՕ-ի անհրաժեշտության առնչությամբ, բայց օրերս պաշտպանության նախարար նշանակվեց գեներալ Ջեյմս Մետտիսը, որը բոլոր գլոբալ նախագծերին ԱՄՆ-ի մասնակցության հայտնի ջատագովն է», շարունակում է հեղինակը:
Գրաուն չի բացառում, որ ԱՄՆ-ը կարող է վերջ դնել Եվրոպայի անվտանգության ֆինանսավորմանը:
«ՆԱՏՕ-ի գծով գործընկերների համաձայնեցրած ՀՆԱ 2 տոկոսի փոխարեն Գերմանիան պաշտպանության կարիքներին հատկացնում է ընդամենը 1,2 տոկոս: Այդ մակարդակն ամոթալիորեն ցածր է Ամերիկայի ծախսած ՀՆԱ 3,5 տոկոսի եւ Ռուսաստանի 4,5 տոկոսի համեմատությամբ», գրում է Գրաուն:
Ռուս-ամերիկյան հարաբերությունների հարցում հետաքրքրական է հանրապետական սենատոր Բոբ Կորկերի հայտարարությունը, թե այս տարի Սենատն այլեւս ժամանակ չունի հակառուսական կոշտ պատժամիջոցները 5 տարով երկարաձգելու համար, գրում է «Foreign Policy» թերթը: Դեմոկրատ սենատորները, սակայն, ուրիշ պատճառ են մատնանշում. հանրապետականները ձգձգում են գործը, քանի որ վախենում են հակադրվել Թրամփին, որը քանիցս «Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու» մտադրություն է արտահայտել:
Արտաքին քաղաքականության հմուտ մասնագետների խոսքերով, Ուկրաինայի եւ Ղրիմի կապակցությամբ վերջերս Կոնգրեսում տեղի ունեցած բուռն վեճերը ցույց են տալիս, թե որքան դժվար է փոխել Մոսկվայի հանդեպ Վաշինգտոնի ելակետային ներհակությունը: «Եթե Թրամփը ձգտում է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ապա նա, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինի հաղթել ազդեցիկ հակառուսական լոբբիին», կարծում է ԱՄՆ նախկին դեսպան Կեմերոն Մանտերը :
«Financial Times» թերթի մեկնաբան Էդվարդ Լյուսը ՌԳԱ Ե.Մ. Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի կազմակերպած միջազգային կոնֆերանսի առիթով հիշեցնում է, որ Եվգենի Պրիմակովը երազում էր այն օրվա մասին, երբ աշխարհակարգում Ամերիկայի տիրապետությունը կփոխարինվի մեծ տերությունների նոր դարաշրջանով: Լյուսի կարծիքովՙ այսօր մենք մոտ ենք երազանքի իրականացմանը. Թրամփը չի ընդունում ԱՄՆ-ի բացառիկության դոկտրինան:
Մինչ վերոհիշյալ ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Դինկինը խոսում է Ամերիկայի «գունավոր հեղափոխության» մասին, Լյուսը ռուսաստանցիներին խորհուրդ է տալիս առայժմ չուրախանալ. Թրամփը արդեն ակնարկել է, որ ընտրություններից հետո ինքը թերեւս ընդունի այն աշխարհայացքը, որն առավել մոտ է Վաշինգտոնի «ճուռակային» բնազդներին:
Ռուսագետ Բոբ Լեգվոլդը (Կոլումբիա համալսարան) նույնիսկ կարծում է, որ ներկայումս միջուկային զենքի կիրառման վտանգն ամենամեծն է «սառը պատերազմին» հաջորդող ամբողջ ժամանակամիջոցում:
«Կիրակի օրը ՌԴ նախագահը փոքր-ինչ երկիմաստ հաճոյախոսություն արեց Դոնալդ Թրամփին: Պուտինն ասաց, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահը բավականաչափ խելացի է եւ հասկանում է, որ հունվարին ինքը ստանձնելու է միանգամայն ուրիշ մակարդակի պատասխանատվություն», գրում է «Washington Post» թերթի թղթակիցը:
Թերթը հիշեցնում է, որ Թրամփը ցանկություն էր հայտնել բարելավելու հարաբերությունները Պուտինի հետ, մանավանդՙ միջազգային անվտանգության ոլորտում: «Դա Կրեմլին տալիս է բարենպաստ հնարավորություններ, սակայն Պուտինի խոսքերը նաեւ նշանն են այն մտահոգության եւ երկյուղների, որ Թրամփը կարող է լինել անկանխատեսելի գործընկեր», պարզաբանում է թերթը:
«Los Angeles Times»-ը տեղեկացնում է, որ Սենատի հետախուզության հանձնախմբի յոթ անդամներ նախագահ Օբամային խնդրել են գաղտնազերծել եւ հրապարակել «Ռուսաստանի կառավարությանը եւ ԱՄՆ-ի ընտրություններին առնչվող լրացուցիչ տեղեկություններ»: Որոշ վերլուծաբաններ վիճարկել են ցանցահենային գրոհների նույնականացումը:
Եվ ճշմարիտ է, որ համացանցում բազմաթիվ խաղացողներ են գործում նենգադուլի եւ ապատեղեկատվության մթին աշխարհում, գրում է թերթը: Վլադիմիր Պուտինը ժխտում է Մոսկվայի միջամտությունը ԱՄՆ-ի ընտրություններին եւ կատարյալ անմտություն է համարում այն գաղափարը, թե Կրեմլը իբր աջակցել է Թրամփին:
«Թրամփը հատկապես պարտավոր է միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ի քաղաքական զարգացումներին ռուսների միջամտության դեմՙ ոչ միայն այն պատճառով, որ նախընտրական արշավի ժամանակ ինքը քանիցս դրվատել է Պուտինին, այլեւ նրա համար, որ հուլիսյան մամլո ասուլիսում հույս հայտնել, թե Ռուսաստանը կկարողանա գտնել Քլինթոնի անձնական էլեկտրոնային փոստի սերվերներից 2014 թ. հանված էլեկտրոնային նամակները», շարունակում է թերթը:
Ծայր հյուսիսում Ռուսաստանի հարաճուն ռազմական ակտիվության կապակցությամբ Նորվեգիայի կառավարությունը Դոնալդ Թրամփին կոչ է արել հստակեցնել Ռուսաստանի նկատմամբ վարվելիք քաղաքականությունը: Բրիտանական «Independent» թերթը գրում է, որ այդ կապակցությամբ Նորվեգիայի վարչապետ Էռնա Սուլբերգը իր երկրի տագնապներն է արտահայտել Թրամփի հետ օրերս կայացած հեռախոսազրույցի ժամանակ: Նորվեգիայի պաշտպանության նախարար Ինե Էրիկսեն Սերեյդեի խոսքերովՙ Սուլբերգը հավաստիացումներ է ստացել, թե ԱՄՆ-ը հավատարիմ է ՆԱՏՕ-ին եւ ընդհանուր անվտանգությանը: Սակայն Նորվեգիան եւ առհասարակ Եվրոպան ակնկալում է Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան նոր վարչակազմի «կանխատեսելի եւ շատ հստակ քաղաքականության» շուտափույթ բացահայտում: