Պատմության մեջ մնալու միակ տարբերակն այս պահին այս է. ով կարողացավ այս վտանգավոր խաչմերուկից դուրս բերել Հայաստանը, անկախ հանրության տարբեր հատվածների համակրանքներից ու հակակրանքներից, կմնա պատմության մեջ: Միգուցե, էլի անկախ համակրանքներից ու հակակրանքներից, Լեւոն Տեր-Պետրոսյանը կմնա պատմության դասագրքերում` անկախացած Հայաստանի առաջին նախագահ որպես: Էլ ո՞վ նրա հետ, քանի որ քսանհինգ տարին պատմության կտրվածքով անգամ ակնթարթ էլ չէ, բայց, այնուամենայնիվ, կհիշվի, որ նորագույն Հայաստանը, հին ժամանակների մեր թագավորությունների նման, անկախանալուց հետո էլի բզկտվում էր տարբեր հավակնություններից: Նախկին ժամանակների նման, երբ միմյանց մեջ կալվածքները կիսած իշխաններն ու նախարարական տները, էսօր էլ` նորօրյա իշխան-օլիգարխներն իրենցով են արել երկրի ողջ ռեսուրսն ու հարստությունը, ու տիտանական ջանքեր էին պետք, այն ժամանակ եւ հիմա, երկիրը երկիր ու հայրենիք դարձնելու համար:
Կամ միգուցե, հետ նայելով տարբեր ժամանակների պատմական անցքերի նմանությանն ու կրկնությանը, ակամա մտմտանք, որ ա՛յս խաղը` ընդդիմադիր ու իշխանական, ժողովրդավարական ու պահպանողական, կամ աշխարհաքաղաքական կենտրոնների ընտրության, իսկապես էլ հայերիս խաղը չէ, փոքրիկ ազգը մեկ խաղ ունի` պահպանելու պետությունն ու ինքնությունը, դա անելու անպաճույճ եւ առանց ճռճռան խոսքերի ու գաղափարախոսությունների, առանց ծեքծեքելու զանազան նոր հովերի հանգույն: Ուղղակի ազնվորեն բարձրաձայնի այդ նպատակն ու իրագործի:
Բայց մինչ այդ պետք է արմատապես փոխի կենսակերպն ու եսակենտրոնությունից իր առանցքը տեղափոխի պետականակենտրոն հարթություն: Դա հասկանում էին եւ Պապ թագավորի ժամանակներում, դա հասկանում էին այլոց տիրապետության տակ ինքնություն պահպանել փորձող մեր փոքրիկ թագավորությունների հազվադեպ հայրենասեր իշխանները, դա հասկանում էին Առաջին հանրապետության դժնդակ ժամանակներում, միշտ… բայց կարծես թե ոչ հիմա, մինչդեռ հիմա Հայաստանի վիճակը կարող է շատ ավելի խնդրահարույց դառնալ: Բոլոր դեպքերում պատմությունը հիշել է նրա՛նց, ով վտանգներն անտեսելով եւ բոլորին իրենց տեղը ցույց տալով` միավորել են երկիրը, օրհասական պահին բեկում մտցնելով երկրի ճակատագրում, այդպիսի անհատների շնորհիվ հայ ազգը պետականությամբ կա դեռ: Հիմա համարյա այդպիսի ջանք է պահանջվում:
Այս իմաստով շատ կուզեի, որ էս կառավարությունը չձախողվեր: Անկախ ամեն ինչից, անկախ ընդդիմության եւ իշխանության հավակնություններից, անկախ բազմածալ ինտրիգներից ու շախմատային պարտիաներից: Որովհետեւ չգիտեմ լիովին գիտակցվո՞ւմ է, թե՞ ոչ` Հայաստանը նմանվում է այն հարուստին (ըստ ասացվածքի` եզին), որի սնանկանալու (ընկնելու) սկիզբը որ դրվում է, բոլորն արդեն անխտիր հարվածում են (դանակավորները շատանում են), որ իրենցը պոկեն: Չի՛ գիտակցվում, կարծում եմ, քանի որ դատարկ ճառերի արանքում մեկումեջ մտածելը, ավելի եւս` առարկայորեն գործելը հետաձգում ենք: Չի գիտակցվում, քանի որ խաղն ու ինտրիգները շատ են, իսկ ամեն խաղ իր գինն ունի, ամեն խաղ ազարտ ունի իր մեջ` նպատակը երկրորդելով, ստորադասելով: Միգուցե պատրանքնե՞րն են շատ` ամեն նոր եկող կառավարության կամ վարչապետի հետ նորոգվելով:
Բայց պատրանք չունենալու այլընտրանքը չկա` երկրի հեռանկարն օդի ու ջրի պես անհրաժեշտ է բոլորիս` սերունդ ենք թողնում: Միգուցե անհիմն է կառավարության հաջողելուն սպասելը, քանի որ հաջողության գործիքնե՛րն են սակավ, դրան հավատացողներն իրապես ավելի քիչ են, դա անգամ կարելի է տեսնել խորհրդարանի դահլիճում ՀՀԿ-ականների դեմքերին. երբ Կարեն Կարապետյանը պատասխանում է պատգամավորների հարցերին, ՀՀԿ-ականներից շատերի դեմքերը լարվում են, կարծես մի տեսակ վստահ չլինելով, որ չի տապալվելու: Իսկ վարչապետն առայժմ իրեն վստահ է պահում, ենթատեքստեր ու խութեր ունեցող բարդ-երկար հարցերին պատասխանում լակոնիկ, պարզ, մի բան իմացողի տեսքով: Տեսնես իսկապես անելիքը գիտե՞: Համենայնդեպս` պոպուլիստական հարցերին անկեղծ կեցվածքով պատասխանելուն զուգահեռ` վարչապետը նույն կերպ վստահ էր, թե ռիսկային չէ, եթե Ադրբեջանը գնի Վրաստանի տարածքով անցնող եւ Հայաստանը սնուցող գազամուղի մասնաբաժնի 25 տոկոսը, պատասխանելով պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին. նախ որ նման գործարքը շուտ չի լինի, եթե այն լինի էլ, Հայաստանի համար ռիսկեր չի տեսնում: Իհարկե, դժվար է նշել այդ վստահության աղբյուրը, երբ Ադրբեջանի նկրտումները միշտ էլ Հայաստանի ուղղությամբ ենթատեքստ ունեն, բայց վարչապետի տոնը, համենայնդեպս, անկասկած էր:
Վարչապետը հաճախ է ասում` առաջարկներ ներկայացրեք. երկու առաջարկ մեր կողմից. այս տարի արգելեք Երեւանի ճոխ զարդապատումն Ամանորին, ի վերջո` Հայաստանի մեկ երրորդն աղքատ է եւ ի վիճակի չէ անգամ Նոր տարվա սեղան գցելու, ինչ որ ծախսվելու է Նոր տարվա զանգուլակների վրա` վերածեք անապահով ընտանիքներին տրվող ամանորյա փաթեթի, սա ավելի գնահատելի կլինի ու կբարձրացնի ձեր վարկը: Երկրորդ, մի որոշ ժամանակ մի խոսեք, այլ գործեք` այլապես տեսեք ինչեր են գրում` «Ստենդափ շոումեն» եւ այլն:
Ի՞նչ է տեղի ունենում քաղաքական դաշտում
Բեւեռ ձեւավորելու սիզիփոսյան գործընթացը մոտակա խորհրդարանական ընտրություններից առաջ շարունակում է մնալ թիվ մեկ ջանքը մեր քաղաքական դաշտում: Վերջին շրջանում որոշ հստակություն մտավ այս հարցում: «Քաղաքացիական պայմանագիրը», «Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետություն» կուսակցությունը համաձայնել են միասին գնալ ընտրություններին, սա կարծես փորձելու է ՀԱԿամերձ շրջանակներից դժգոհների բեւեռ դառնալ, չնայած նույն տիպի մտադրության մասին հայտարարել է Հրանտ Բագրատյանը: Սակայն այս համագործակցություններում կարող է պակասել հայաստանյան ընտրական գործընթացների գլխավոր գործող անձը` ֆինանսական ռեսուրսը:
Հիմա քաղաքական դաշտն ավելի շատ շունչը պահած սպասում է Գագիկ Ծառուկյանի որոշմանն ու հայտարարությանը: Փաստորեն, եթե արմատական ընդդիմությունը կարողանա բեւեռ ձեւավորել, միաժամանակ եթե բեւեռ ձեւավորի Ծառուկյանն էլ, ապա վերջինս կգրավի չափավոր ընդդիմության դաշտը, ու նկատի ունենալով, որ այստեղ է լինելու փողը, ապա այս բեւեռում կուզենան լինել շատերը: Կարծես թե հենց այդպիսի նպատակ էլ հետապնդվում է, ԲՀԿ-ն, այո, կարող է լինել առանցքում, բայց հավանաբար նպատակ կդրվի ավելի լայն դաշինք ձեւավորել` ավելի տպավորիչ կերպով մասնակցելու համար ընտրություններին եւ տանելու անգամ նրանց ձայներն, ովքեր միշտ արմատական դիրքերից են հանդես եկել, մինչդեռ վերջին ՏԻՄ ընտրությունների ցուցիչով պարզվեց, լայն ընտրազանգված չունեն:
Մեր իրազեկ աղբյուրների փոխանցմամբ` իշխանությունները հենց այս ձեւով են ուզում փոխել ապագա խորհրդարանի կոնտուրները, ըստ «վերին» նախագծի` խորհրդարանում ոչ ՀՀԿ-ն, ոչ Ծառուկյանի բեւեռը, որն ի դեպ, կարող է լրիվ նոր անուն ունեալ, չեն ունենա 50+1 ձայն, բայց այս երկուսը միասին, ՀՅԴ-ն էլ հետները, որը դեռ խնդիր ունի որոշելու, թե ում հետ է մասնակցելու ընտրությունների, կունենան մոտ 70 տոկոս, կամ մի քիչ ավելի ձայներ: Խորհրդարանի մնացած տոկոսը կծածկեն երկու-երեք այլ միավորներ: Այսինքն` իրական ընդդիմությունը կլինի 25-30 տոկոս, իսկ Ծառուկյանի բեւեռը, ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն խորհրդարանում արդեն կոալիցիա կդառնան, այդ կերպ իշխանական մեծամասնություն ստեղծելով:
Եթե այս նախագիծն իրականություն դառնա, դա կլինի դեֆակտո իշխանության, բայց ոչ առանձին-առանձին ՀՀԿ-ի կամ Ծառուկյանի գլխավորած բեւեռի հաղթանակը: Այսինքն` ստեղծվելիք կոալիցիան շատ ավելի կառավարելի եւ խոցելի կլինի, քանի որ առանձին-առանձին այդ միավորները չեն կարողանա գործոն դառնալ, որքան էլ տարամետ կուսակցական շահեր ունենան: Մյուս կողմից` հանրության վստահությունը կորցրած ՀՀԿ-ն, փաստորեն, մեծամասնություն չի լինի, այդպես կլուծվի դանդաղորեն ՀՀԿ-ին չեզոքացնելու, հանրության աչքում նորանալու եւ իշխանության ամուր հենարան ստեղծելու նախագիծը:
Սակայն միշտ պետք է հիշել, որ պլանավորում է մարդը, տնօրինում է` գիտեք, թե ով: Բացի այդ` դեռ պարզ չէ, թե ինչպես են վարվելու ասենք «Համախմբումը», որի հետ Ծառուկյանը կարծես թե չի ուզում գործ ունենալ, կամ ՀԱԿ-ը, նույն Բագրատյանը, նրանք ի՞նչ ֆորմատներով հանդես կգան: Իսկ եթե մեր նշած սցենարն աշխատի` դեռ պարզ չէ, թե ո՞վ է տնօրինելու խորհրդարանի ապագա մեծամասնությունը` արդյո՞ք Կարեն Կարապետյանը, որ վերջերս ասաց, թե 2018 թվից հետո էլ է աշխատելու, ինչպես կհամատեղվեն նրա ու Ծառուկյանի հավակնությունները, թե՞, այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանը կամ նրա ժառանգորդ հանդիսացող այլ մարդ, որպես կառավարության ղեկավար: Դա նաեւ կախված է նրանից, թե կկարողանա՞ արդյունավետ աշխատել Կարեն Կարապետյանը, կավելացնի՞, թե՞ կզրոյացնի իր հանդեպ հանրության վստահության ռեսուրսը, նրան վերեւից կխանգարեն, թե՞ կօգնեն, կամ ինքը կկարողանա՞ գործոն դառնալ ՀՀԿ-ում:
Իսկ արդեն բարոյականության հարցը, թե ինչպես կարելի էր անցած տարվա սկզբին կոպտորեն դուրս մղել Ծառուկյանին քաղաքական դաշտից, իսկ հետո վերադարձնել, մենք իսկի չենք էլ շոշափում, քանի որ Հայաստանի քաղաքական դաշտում բարոյականության մասին զրույցներն ընդհանրապես ատավիզմ են դարձել, այստեղ այլ կատեգորիաներ են աշխատում:
Արտաքին գործոնը
Եթե Կարեն Կարապետյանը հաջողի, ապա այդ հաջողության մեջ շատերը կտեսնեն ռուսական հետք կամ ազդեցություն, չնայած Հայաստանի քաղաքական ուժերի մեծ մասին այդ գործոնի ազդեցությունից ազատ համարել չի կարելի: Չգիտենք թեեւ` կհաջողի՞, դրա համար հանգամանքներն ու ռեսուրսները երկանշանակ են:
Իսկ թե ինչպես կպահեն իրենց այստեղ շահեր ունեցող ԵՄ-ն կամ ԱՄՆ-ը` կարելի է հասկանալ միայն` հետեւելով աշխարհաքաղաքական այս կենտրոնների ներկայացուցիչների զանազան հայտարարություններից: Առայժմ դրանք հետախուզական-հետազոտական բնույթի են, անգամ` զարմանալի (ԱՄՆ-ի դեսպանի վերջին հայտարարությունը նկատի ունենք` այլ պետությունների ազդեցության մասին Հայաստանի քաղաքական կյանքում), սակայն դատելով այն բանից, որ նրանք ակնդետ հետեւոմ են «Ռուսաստանի մարդ» Կարեն Կարապետյանի գործողություններին, չի բացառվում, որ հարմար պահի ներդնեն տարբեր տեխնոլոգիաներ կամ գործիքներ: Համենայնդեպս, կարելի է մտածել, որ հասարակության բացասական վերաբերմունքին արժանացած ընտանեկան բռնություններերի դեմ օրենսդրական փաթեթը կրկին հրապարակ բերելն այս սերիայից էր: