Զորի ԲԱԼԱՅԱՆ, Գրող, բժիշկ, ճանապարհորդ
Դեռեւս 19-րդ հարյուրամյակի 90-ական թվականների սկզբին Աբդուլ Համիդի օրոք եւ հետագայում նաեւ երիտթուրքերի, դաժանորեն գործում էր խստիվ հրահանգ, որը հանգում էր նրան, թե հայերին եւ ընդհանրապես տեղածին քրիստոնյաներին ոչնչացնելուց հետո, ժամանակի ընթացքում պետք է մաքրել նաեւ նրանց հետքերը։ Իսկ դրանք առաջին հերթին տաճարներն են, եկեղեցիները, մատուռները, խաչքարները (հայկական փոքր ճարտարապետության նմուշներ, որոնք օգտագործվում են ոչ միայն որպես շիրմաքարեր, այլեւ հիշողության գեղարվեստական խորհրդանիշ), պատմա-ճարտարապետական հուշարձանները եւ շատ ու շատ այլ բաներ։ Մի խոսքով, ըստ բարբարոսների, ոչինչ չպետք է հիշեցներ անցյալի մասին։ «Միայն այդպես կարելի է արդարանալ ապագայի առջեւ»,- ասելու էր հետո Թալիաթը։
Այդ Համիդա-Թալիաթական հրահանգը բավական ակտիվորեն օգտագործեցին նաեւ խորհրդային ժամանակներում, առանձնապես Ադրբեջանումՙ Ալիեւների օրոք։ Այդ իսկ պատճառով ոչ մի զարմանալի բան չկար նրանում, որ Ալիեւ ավագը, լավ իմանալով, որ 150 հազար հայկական պատմական հուշարձաններից Նախիջեւանում մնացել են ընդամենը չորս հազարը, արդեն մտածում էր այն տարածքի մասին, որը բուն հայկական ինքնավարության սահմաններից դուրս էր գտնվում։ Նախիջեւանի մասին իմ հրապարակումներից մեկում ես պատմել եմ այդ մասին։ Իմաստ ունի դրանից մեջբերել մի քանի հատվածներ։ «Բակինսկի ռաբոչի» թերթի 1998 թվականի հունվարի 23-ի համար։ Ալիեւը, վստահ, որ Խորհրդային իշխանության եւ Թուրքիայի շնորհիվ Հայկական Նախիջեւանի ողջ տարածքը արդեն դարձել է ադրբեջանական, հայտարարեց. «Ադրբեջանի շուրջ գտնվող հողերը նույնպես եղել են ադրբեջանական»։ Այդ հողերի ահռելի ցանկում կա ներկայիս Հայաստանի Հանրապետության Կապանի շրջանը։ Ես կցանկանայի, որ այդ աշխարհագրական մանրամասնի վրա իրենց առանձնահատուկ ուշադրությունն ուղղեին ՄԱԿ-ը, Անվտանգության խորհուրդը եւ, իհարկե, Ղարաբաղյան կարգավորման հարցով Մինսկի խմբի համանախագահ երկրների երեք նախագահները։
Մեղրիի շրջանը գտնվում է Հայաստանի Հանրապետության հարավում։ Սահմանակից է Իրանին։ Արաքսի ձախ ափով ձգվում է 46 կիլոմետր։ Դեռեւս խորհրդային ժամանակներում Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելը, այցելելով Ադրբեջան, Մեղրին անվանեց «անիծյալ սեպ», որը թույլ չի տալիս Նախիջեւանը կապել Ադրբեջանի հետ։ Իսկ այ Ալիեւ ավագը, Բրեժնեւի մահից հետո դառնալով ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ (վերահսկում էր տրանսպորտը եւ կապերը), առաջին բանը, որ մտադրվեց անել, Արաքսի երկայնքով ճանապարհ գցելն էր, իրագործելու համար Դեմիրելի ցանկությունը։ Գլխավոր նպատակն էրՙ փակել Հայաստանի կապն ու շփումները Իրանի հետ։
Այնպես որՙ ռազմավարության առումով այն ժամանակ Ալիեւի մոտ ամեն ինչ ծրագրված էր։ Եվ նա այդ նույն, 1998 թվականին ձեռնարկեց հայերի վերջնական ցեղասպանությունը Նախիջեւանում։ Ճիշտ է, այն ժամանակ մենք խանգարեցինք բարբարոսին։ Քանզի բավական ակտիվորեն հանդես էինք գալիս Բաքվի դեմ։ Այն ժամանակ Հայաստանի Գիտությունների ակադեմիայի մեծ դահլիճում Նախիջեւանի հայրենակցական միությունը հայկական մտավորականության ներկայացուցիչներին հրավիրեց իր համագումարին, որը պետք է հաստատեր ՅՈՒՆԵՍԿՕ-ին ուղղված դիմումի տեքստը (նախագիծը գրել էի ես)։ Դրանից հետո ամբողջ մեկ ամսվա ընթացքում մեծ աշխատանք անցկացրեցինք Սփյուռքում։ Եվ հենց մեր հայրենակիցների շնորհիվ մեր դիմումը հասավ հասցեատիրոջը։ Իմանալով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխատակիցները դժվար թե տեղեկացված լինեն հարցի պատմությանը, մենք որոշեցինք նամակում մանրամասնորեն արծարծել նախիջեւանյան հայկական ողբերգության իմաստն ու էությունը։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն ՖԵԴԵՐԻԿՈ ՄԱՅՈՐԻՆ
Մեծարգո պարոն Մայոր
Հայաստանի Նախիջեւանյան հայրենակցության համագումարը Ձեզ է դիմում համառ խնդրանքովՙ անհապաղ ստեղծելու միջազգային հանձնաժողով, փրկելու համար պատմության ու մշակույթի հինավուրց հայկական հուշարձանները, այդ թվում համաշխարհային քրիստոնեական տաճարաշինության իսկական գլուխգործոցները։
Մենք լավ ենք հասկանում, որ մանավանդ հետխորհրդային շրջանում հարազատ հողի վրա ապրելու իրավունքի համար շատ ժողովուրդների մղած ազգային-ազատագրական պայքարի ողբերգական փորձը ցույց է տալիս, որ գործնականում միջազգային բոլոր կազմակերպությունների կողմից լիովին մերժվում են պատմական փաստերն ու գործոնները բարդ միջէթնիկական հարցերի լուծման ժամանակ։ Հենց այդ հանգամանքն են շահարկում որոշակի քաղաքական ուժեր, որոնք անկյունաքար են դարձնում, ասենք, այնպիսի փաստարկներ, ինչպիսիք են աշխարհաքաղաքականությունը, կրոնը, պատմական եւ ռազմավարական միությունները, օգտական հանածոների առկայությունը (առաջին հերթինՙ նավթի) եւ այլն։ Եվ այդ ամենը հակադրվում է ապրելու իրավունքին, սեփական հողում մեռնելու իրավունքին, նույնիսկ սեփական ժողովրդի մշակութային եւ պատմական ժառանգությունից օգտվելու իրավունքին։ Հարկ չկա ապացուցել, որ Նախիջեւանը հանդիսանում է պատմական Հայաստանի մաս, որ դեռեւս մեր թվարկությունից առաջ IX-VII դարերում այն որպես վարչական կազմավորում ներառված էր միասնական հայկական Արարատյան (Ուրարտու) պետության կազմում։
Հեշտ չի դասավորվել Նախիջեւանի ճակատագիրը, որը գտնվում էր քարավանային ուղիների խաչմերուկում։ Նա դարեր անցավ ողբերգական փորձությունների միջով, որ նրան էին պարտադրում բազմաքանակ բարբարոսները, վանդալներն ու վայրի հորդաները։ Եվ սակայն միշտ մնաց որպես Հայաստանի մաս։ Ավելին, հայ ժողովուրդը կարողացավ դարերի ընթացքում ոչ միայն պահպանել, այլեւ Նախիջեւանում զարգացնել ու կատարելագործել ազգային մշակույթը, տաճարային եւ փոքր ձեւերի ճարտարապետությունը։ Անառիկ ամրոցներ էր կառուցում նվաճողների դեմ։ Սակայն Նախիջեւանի ճակատագրին հիրավի մահացու հարված հասցրեց Թուրքիան, նենգորեն օգտագործելով այն հնարավորությունները, որ այդ նպատակի համար նրան տվեց Հոկտեմբերյան հեղափոխությունը Ռուսաստանում։ Նույնիսկ Արեւելահայաստանը Ռուսաստանին միացվելուց հետո Նախիջեւանը սկզբում (1828 թվականին) մտավ Ռուսական կայսրության Հայկական մարզի կազմ, իսկ հետո (1849 թվականին)ՙ անվանափոխված Երեւանի գավառի կազմ։ Եվ այնուամենայնիվ, Հոկտեմբերյան հեղափոխությունից անմիջապես հետո, Թուրքիայի ճնշման տակ, Ստալինը Մոսկվայի եւ Կարսի 1921 թվականի բանակցությունների ժամանակ նոր-նոր արհեստականորեն ստեղծված Ադրբեջան մահմեդական հանրապետության ենթակայությանը հանձնեց Նախիջեւանը։ Ընդ որում, սկզբում Ստալինը 1923 թվականին ինքնակամ որոշեց Նախիջեւանի կարգավիճակը որպես ինքնավար մարզ, իսկ արդեն մեկ տարի անց դարձրեց ինքնավար հանրապետություն։ Շուտով այդ ողջ հայկական ինքնավար կազմավորումը հայտարարվեց սահմանային գոտիՙ մուտքի եւ ելքի խիստ ռեժիմով, որը համարյա յոթանասուն տարի արգելում էր հայերին այցելել ոչ միայն իրենց բնակավայրեր, այլեւ նույնիսկ նախնիների գերեզմաններ։ Սահմանային գոտու ռեժիմը թույլ տվեց բնիկ հայ բնակչության համար անվերահսկելիորեն ստեղծել կյանքի այնպիսի անտանելի պայմաններ, որոնց առկայությամբ իրենց պատմական հայրենիքի տերերը ստիպված էին թողնել հարազատ եզերքը։ Վերջին հայը Նախիջեւանից բռնի կերպով արտաքսվեց 90-ական թվականների սկզբին։ Իսկ Ադրբեջանի քաղաքական ղեկավարները, ազատվելով հայերից որպես պետական հանցագործության վկաների, սկսեցին հայ ժողովրդի պատմության եւ մշակույթի անգին հուշարձանների ոչնչացումը։
Հողի երեսից ջնջվեցին ամբողջ քաղաքներ ու գյուղեր, հազարավոր տաճարներ, եկեղեցիներ, խաչքարներ, տասնյակ հազարավոր դամբարաններ, գերեզմանոցներ, շիրմաքարեր Նախիջեւանի Ջուղայում, Ագուլիսում, Զնաբերդում, Կզնուտում եւ հայկական ինքնավարության շատ այլ բնակավայրերում։
Մեծարգո պարոն Ֆեդերիկո Մայոր, սույն դիմումին մենք կցում ենք անհերքելի փաստաթղթեր մշակույթի ու պատմության հուշարձանների եւ ադրբեջանական վանդալների կողմից դրանց բարբարոսական ոչնչացման մասին։ Անհրաժեշտ է մինչեւ հարցի վերջնական լուծումը, ամենասեղմ ժամկետում ստեղծել մշտապես գործող միջազգային հանձնաժողով, կազմված հեղինակավոր եւ անկախ փորձագետներից, որոնք կհավաքեն ու կվավերացնեն լայն հասարակությանը մատչելի տվյալների բանկՙ արդեն ոչնչացված եւ դեռեւս պահպանված հայ մշակույթի եւ պատմության հուշարձանների մասին։ Դա մեր ընդհանուր բարոյական եւ իրավական պարտքն է պատմության առջեւ, մարդկության ապագայի առջեւ։
Կցանկանայինք հիշեցնել Ձեզ, որ ժամանակը չի սպասում։ Յուրաքանչյուր ժամը թանկ է վտանգի մեջ գտնվող պատմական ու մշակութային հուշարձանների համար, որոնք համամարդկային արժեք են ներկայացնում։
Հարգանքներովՙ
Հայաստանի Նախիջեւանի հայրենակցական միության համագումարի պատգամավորներ (30.10.1998թ.)
…Առհասարակ դիմելու ուրիշ տեղ էլ չունեինք, գիտակցելով, որ «ՅՈՒՆԵՍԿՕ-ն ստեղծված է խաղաղության (!- Զ.Բ) եւ միջազգային անվտանգության (!-Զ.Բ.) պահպանմանն աջակցելու նպատակովՙ լուսավորության, գիտության եւ մշակույթի ասպարեզում պետությունների միջեւ համագործակցության զարգացման ճանապարհով»։ Խոսքն առաջին հերթին ՄԱԿ-ի բոլոր անդամների մասին է։ Իսկ չէ՞ որ դա երկրագնդի երկրների (ժողովուրդների) ավելի քան 90 տոկոսն է։ Այն օրերին ՄԱԿ-ի բարձր ամբիոնից ելույթ ունեցավ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ Նա մանրամասնորեն պատմեց Հայկական Նախիջեւանում տիրող բարբարոսության եւ վանդալիզմի մասին։ Մասնավորապես ընդգծեց. «Այժմ, երբ պատմական հայկական տարածքում չեն մնացել բնիկ նախիջեւանցի-հայեր, չգիտես ինչու ոմանք համարում են, թե արդեն իմաստ չունի ինչ-որ միջոցներ ձեռնարկել բարբարոսներին պատժելու հարցում»։ Հիշեցրեց նաեւ այն մասին, որ Հայաստանի լայն հասարակայնությունը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին նամակով, որում շարադրված էր Նախիջեւանի ողջ ողբերգական պատմությունը։ Էլավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ը դիմել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Ֆրեդերիկո Մայորին այդ հարցով։ Ադրբեջանցիների այն ռեպլիկին, թե Նախիջեւանում բոլոր ավերածությունները եղել են բազմաթիվ պատերազմների ժամանակ, Օսկանյանը պատասխանեց. «1922 թվականին պատերազմ չկար, սակայն Նախիջեւանում բարբարոսաբար ավերվեցին հին խաչքարներ ու եկեղեցիներ։ 1998 եւ 2002 թվականներին պատերազմ չկար, սակայն այդ ժամանակ երկրի երեսից ջնջվեցին մեծ եւ փոքր ճարտարապետության հազար-հազարավոր հայկական գլուխգործոցներ։ 1975 թվականին պատերազմ չկար, երբ բուն Նախիջեւան քաղաքում ոչնչացվեցին յոթերորդ դարի ճարտարապետական հուշարձաններ»։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի 36-րդ գլխավոր կոնֆերանսում ( 2011 թվականի հոկտեմբերի 29) իր ելույթում արտաքին գործերի ներկայիս նախարար Էդվարդ Նալբանդյանը հիշեցրեց հուշարձանների եւ տեսարժան վայրերի հարցերով Գլխավոր Ասամբլեայի 16-րդ միջազգային խորհրդի բանաձեւի մասին։ Հստակ ընդգծվում էր Նախիջեւանի եւ, մասնավորապես Ջուղայի մասին. «Դա ժառանգություն է, որը դեռ վերջերս իր պատմական տեղն էր զբաղեցնում համաշխարհային գանձարանում։ Այսօր, ասենք ցավով, մենք արդեն չենք կարող փոխանցել մշակույթի գլուխգործոցները սերունդներին, եւ ոչ միայն հայերի»։
Նույն այդ ժամանակ Միջազգային կրոնական ազատության հարցերով ամերիկյան հանձնաժողովը հաղորդում էր. «Կրոնական ազատության հարցում իրավիճակն Ադրբեջանում շարունակում է աղետալիորեն վատթարանալ։ Բաքվում մնացած միակ հայկական եկեղեցին ներկայումս օգտագործվում է նախագահական արխիվի համար։ Նույնը կարելի է ասել նաեւ բռնագրավված Լյութերական եկեղեցու մասին, որը վերածվել է համերգային դահլիճի։ Եթե մենք (ՅՈՒՆԵՍԿՕ-ն եւ միջազգային այլ կազմակերպությունները) այսօր ոչ մի միջոց չձեռնարկենք, ապա դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսին կլինի այդ եւ բազմաթիվ այլ հուշարձանների ճակատագիրն Ադրբեջանում»։
Մի խոսքով, թվում էր, թե աշխարհը չէր լռում Նախիջեւանի ողբերգական ճակատագրի մասին, սակայն գործնականում բացարձակապես ոչնչի չհասան։ Բայց չէ՞ որ Նախիջեւանի ողբերգության մասին ճշմարտությունը հնչեցվում էր ոչ միայն գրողների, լագրողների, դիվանագետների մակարդակով։ 2010 թվականի փետրվարի 10-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասաց Միջազգային հարաբերությունների բրիտանական թագավորական ինստիտուտումՙ Չատեմ-Հաուսում. «Ադրբեջանը կորցրել է վստահության վարկը ոչ միայն Արցախի (Ղարաբաղի), այլեւ հայկական մյուս ինքնավարությանՙ Նախիջեւանի առումով։ Ադրբեջանն այդ անօրինություններն արդարացնում է նրանով, որ խորհրդային ժամանակներում ինքը «ուրիշ» բան էր, իսկ հիմաՙ «մեկ ուրիշ»։ Հենց այդ «մեկ ուրիշ» Ադրբեջանում վերջին տարիներին ոչնչավել են ավելի մեծ թվով հայկական քրիստոնեական հուշարձաններ, քան նախորդ խորհրդային յոթանասուն տարիներին։ Եվ այստեղ չի կարելի չընդգծել այն աններելի փաստը, որ համաշխարհային մշակութային ժառանգությունը պահպանելու կոչված միջազգային բոլոր կազմակերպությունները պարզապես ոչինչ չկարողացան անել»։ Այն մասին, թե ինչպես ավարտեց իր ելույթը Հայաստանի նախագահը, ինձ պատմեց Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի երկրորդ խոսնակ լեդի Քերոլայն Քոքսը. «Նախագահ Սարգսյանը հրապարակավ արտահայտեց իր անթաքույց զարմանքն այն առիթով, որ Ադրբեջանը պարզապես արգելեց միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին (այն դեպքում, երբ խոսքը վերաբերվում էր ՄԱԿ-ին, ՅՈՒՆԵՍԿՕ-ին) այցելել եւ զննել ավերված հայկական հուշարձանները, ինչպես նաեւ ադրբեջանցիների գործած վանդալիզմի հետեւանքները»։
Եվ նորիցՙ ասես ոչինչ չէր պատահել։ Ասես դռները փակել էին ոչ թե կրթության, գիտության եւ մշակույթի հարցերով Միավորված ազգերի կազմակերպության պաշտոնական գործիչների, այլ ինչ-որ շուկայական առեւտրականների առջեւ։ Հենց այդպե՛ս։ Ամուր փակեցին ու վե՛րջ։ Եվ ո՛չ մի արձագանք, ո՛չ մի հակաքայլ, որոնք, իմ կարծիքով, պետք է ձեռնարկվեին, կրկնում եմ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական գործիչների եւ նույնիսկ ՄԱԿ-ի կողմից։
Ոչ շատ վաղուց «Լիտերատուրնայա գազետա» թերթում ես հոդված հրատարակեցի «ՄԱԿ-Ը ԿԱՐԻՔ ՈՒՆԻ ԱՐՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ» վերնագրով։ Ես այդ մասին գրել եմ մանրամասնորեն եւ հիմա ստիպված եմ կրկնել։ Չէ՞ որ բոլորովին էլ պատահական չէր, որ արդեն Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Չինաստանի եւ Անգլիայի ներկայացուցիչները, հավաքվելով վաշինգտոնյան Դամբարտոն Օուքս առանձնատանը, քննարկեցին այն ժամանակվա ամենագլխավոր փաստաթղթիՙ ապագա Միացյալ ազգերի կազմակերպության կանոնադրության էությունը։ Հիմա, իհարկե, ՄԱԿ-ն իրոք կարիք ունի արմատական վերափոխման։ Այն ժամանակ ատոմային ռումբ ուներ միայն մեկ երկիր, այսօրՙ ավելի քան մեկ դյուժին, այդ թվում Պակիստանը եւ Հյուսիսային Կորեան։ Այն ժամանակ Երկրագնդի վրա ապրում էր երկուսուկես միլիարդ մարդ, այսօրՙ յոթուկես։ Այն ժամանակ մահմեդականների թիվը երեք հարյուր միլիոնից քիչ ավելի էր, այսօրՙ ոչ պակաս, քան մեկուկես միլիարդ։ Եվ բնականաբար, դրանց թվում է ԻԼԻՊ-ը, որը չլսված վտանգ է ներկայացնում նույնիսկ բուն մահմեդականների համար։ Այն ժամանակ աշխարհը բազմաբեւեռ էր, այսօրՙ համատարած մղձավանջ։ Ես հասկանում եմ, խորհրդային ժամանակներում ՄԱԿ-ն իր բոլոր բազմաթիվ կառույցներով չկարողացավ ինչ-որ քայլեր ձեռնարկել ասենք Սումգայիթի (1988 թվականի փետրվար), Շուշիի (1988 թվականի մայիս), Գանձակ-Կիրովաբադի (1988 թվականի աշուն), Բաքվի (1990 թվականի հունվար), Գետաշենի (1991 թվականի մայիս) հայերի համար։ Սակայն, կրկնում ենք, ինչպես ապացուցողաբար ասաց Հայաստանի նախագահը, «ԽՍՀՄ փլուզումից հետո ընկած առաջին տասնութ տարիներին Նախիջեւանում բարբարոսաբար ավերված է շատ ավելին, քան ողջ խորհրդային ժամանակների ընթացքում»։
Ինձ անհասկանալի է, թե ինչու իրականում չեն գործում ցեղասպանության հանցագործությունները կանխելու եւ դրանք իրագործողներին պատժելու վերաբերյալ Համաձայնագրում տեղադրված «Գործողությունների մասին հոդվածներից» ոչ մեկը ։ Դեռեւս հին հունական Կորնթոսի արքա Պերիանդրոսն էր առաջարկում «պատժել ոչ միայն հանցագործության, այլեւ դրա մտադրության համար»։ Իսկ ահա միջնադարի ֆրանսիական գրող-բարոյախոսը հստակ ասում է. «Պատժված հանցագործըՙ դա օրինակ է բոլոր սրիկաների համար»։ Ես չեմ կասկածում, որ Միավորված ազգերի կազմակերպությունն անպայման անհապաղ, արդարացի լուծում կգտնի Նախիջեւանի հայերի Ցեղասպանության եւ Հայրենասպանության հարցում։
Հ.Գ. Աշխատելով նյութի վրա այն մասին, որ ՄԱԿ-ը կարիք ունի արմատական վերափոխման, ես բոլորովին էլ ինչ-որ երեւութական նպատակ չէի հետապնդում։ Խոսքն ավելի շուտ անվիճելի անհրաժեշտության մասին է։
…Ոչ շատ վաղուց Երեւանում, շնորհիվ Եսայանների ընտանիքի, տեղի ունեցավ իր ճարտարապետական ձեւով անսովոր, ընդարձակ հուշահամալիրի հանդիսավոր բացումըՙ կենտրոնում Ֆրիտյոֆ Նանսենի լուսավոր կերպարով, որը պատմության մեջ մտավ ոչ միայն որպես հայտնի ճանապարհորդ, Ազգությունների Լիգայի Գերագույն կոմիսար այլեւ որպես հումանիստ, Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության հարյուր հազարավոր զոհերին փրկարար օգնության կազմակերպիչ։ Ի՜նչ ասես, որ չարժեին հայրենիքից, մայր հողից զրկված հայ գաղթականների համար լեգենդար նանսենյան անձնագրերը։
Ես բոլորովին անտեղի չհիշեցի մեծ մարդասերի մասին։ Բառացիորեն վերջերս, 2016 թվականի նոյեմբերի 14-ին մամուլից տեղեկացա, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կազմակերպության Գլխավոր քարտուղարի պաշտոնում հաստատել է ՄԱԿ-ի փախստականների գործերի գծով նախկին Գերագույն կոմիսար Անտոնիու Գուտերրեշին։ Այդ անունը ինձ հայտնի էր։ Այն գրի էր առնված «Կիլիկիա» առագաստանավի իմ նավամատյանում, երբ 2005 թվականին, նավարկելով Եվրոպայի շուրջ, մենք կառանվեցինք Լիսաբոնում, որը հայ ծովայինների համար ոչ միայն մեծ ծովագնացների երկրի մայրաքաղաքն է, եւ ոչ միայն այն պատճառով, որ քաղաքի ցանկացած կետից կարելի է տեսնել Քրիստոսի վեհաշուք արձանը, այլեւ այստեղ կարելի էր ծանոթանալ լեգենդներով պարուրված մշակութային ֆոնդին, հայ հայտնի բարեգործ Գալուստ Գյուլբենկյանի եզակի թանգարանին։ Մեզ դիմավորեց ոչ այլ ոք, քան Սորբոնի համալսարանի շրջանավարտ, Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի հայկական բաժանմունքի ղեկավար Զավեն Եկավյանը։ Հենց այդ օրերին իմ բարեկամ Զավենից մենք իմացանք, որ Պորտուգալիայի նախկին վարչապետ, իսկ այդ ժամանակ գաղթականների գործերով ՄԱԿ-ի Գերագույն կոմիսար Անտոնիու Գուտերրեշը ակտիվորեն զբաղվում էր միլիոնավոր փախստականների ողբերգական ճակատագրերի հարցերով։ Այստեղ ինչպե՞ս զուգահեռ չանցկացնես իրՙ Ֆրիտյոֆ Նանսենի հետ, որը դեռեւս անցած դարի 20-ական թվականների սկզբին նույնպես փախստականների գծով կոմիսար էր։ Հայրենիքից զրկված հայերի փրկության կազմակերպիչը։ Այնպես որ պատմական ենթատեքստում կա տրամաբանորեն ճշտված հույս, որ ՄԱԿ-ի նորընտիր Գլխավոր քարտուղար Անտոնիու Մանուել դի Օլիվեյրա Գուտերրեշն իր ոչ միայն պատասխանատու, այլեւ սկզբունքային գործունեությամբ կընդունի մեծ մարդասեր եւ Աշխարհի Քաղաքացի Ֆրիտյոֆ Վեդել-Յարլսբերգ Նանսենի գործուն դիրքորոշումը։
Առաջին անգամ մենք Անտոնիու Գուտերրեշի մասին իմացանք 1981-83 թվականներին, երբ նա երեսուներկու տարեկանում դարձավ Եվրոպայի Խորհրդի պառլամենտական ասամբլեայի անդամ։ Նույն ժամանակ էլ ընտրվեց արտագաղթի եւ փախստականների հարցերով Կոմիտեի նախագահ։ Իսկ չէ՞ խոսքը միլիոնավոր փախստականների ճակատագրերի մասին էր։ Այն ժամանակ մենքՙ հայ գրողների խմբով, սփյուռքի մեր հայրենակիցների միջոցով դիմել էինք տարբեր ատյանների, այդ թվում նաեւ Գուտերրեշին, խնդրելով պնդել, որ Խորհրդային Միության ղեկավարությունը կասեցնի հարազատ օջախներից Նախիջեւանի հայերի բացարձակ անպատիժ արտաքսումը։ Դա հենց այն ժամանակ էր, երբ, ինչպես ասվեց, Ադրբեջանի նախկին առաջնորդ Հ.Ալիեւին նշանակեցին ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ։
Այստեղ ես կցանկանայի ուղղակի եւ անմիջականորեն դիմել ՄԱԿ-ի ներկայիս Գլխավոր քարտուղար պարոն Անտոնիու Գուտերրեշին։ Գուցե սա լինի ՄԱԿ-ի նորանշանակյալ Գլխավոր քարտուղարին հասցեագրված առաջին նամակը։ Գրում եմ այս տողերը 2016 թվականի նոյեմբերի 22-ին, իսկ ինչպես հատնի է, նրա լիազորությունների առաջին ժամկետը կսկսվի 2017 թվականի հունվարի 1-ին։ Հնարավոր է, որ առաջին նամակագիրը լինեմ։
Միավորված ազգերի կազմակերպության մեծարգո Գլխավոր քարտուղար պարոն Անտոնիու Գուտերրեշ
Հայ մտավորականության ներկայացուցիչների խումբը ձեզ է դիմել 1983 թվականին։ Այն ժամանակ, ինչպես իմացանք, Դուք դարձաք Եվրոպայի Խորհրդի Պառլամենտական ասամբլեայի անդամ։ Շուտով ընտրվեցիք արտագաղթի եւ փախստականների հարցերով Կոմիտեի նախագահ։ Ճիշտ ինչպես Ֆրիտյոֆ Նանսենը Ազգերի Լիգայում։ Դեռ այն ժամանակ, տեղեկանալով Ձեր մարդասիրական գործունեությանը, մենքՙ հայ գրողների եւ գիտնականների խմբով նամակ ուղարկեցինք Ձեզ, որով որոշեցինք հայտնել, որ Նախիջեւանի հայկական ինքնավար հանրապետությունում խորհրդային իշխանության ողջ տարիների ընթացքում ըստ էության տեղի է ունեցել բնիկ հայ բնակչության ցեղասպանություն, եւ որ ադրբեջանական ղեկավարությունը որոշել է արտաքսել այնտեղ մնացած մի քանի հազար հայերին։ Այն ժամանակ մենք շատ հասցեներով էինք նամակներ ուղարկում, այդ թվում եւ Ձեզ։
Ես չեմ կարծում, թե մեր նամակը հասել է Ձեզ։ Եվ եթե նույնիսկ հասած էլ լիներ, դժվար թե հնարավոր էր ինչ-որ արդյունք ստանալ խորհրդային ռեժիմի օրոք։ Սակայն մեր պահանջներն անարդյունք մնացին նաեւ մեր, այսպես ասածՙ ոչ խորհրդային ժամանակներում։ Այսօր քչերը գիտեն, որ Նախիջեւանը պատմական Հայաստանի մասն է եւ խորհրդային իշխանության արշալույսին հայկական մեկ այլ ինքնավար կազմավորմանՙ Ղարաբաղի (Արցախ) հետ միասին խորհրդային-թուրքական փաստաթղթով նվեր էր հանձնվել մի նորաստեղծ հանրապետության, որին տրվել էր «Ադրբեջան» ժամանակավոր անվանումը։
Հիմա խոսքը բացառապես այն մասին է, որ համաձայն ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ դրա իրագործման համար պատիժ կրելու մասին Համաձայնագրի բոլոր տասնինը հոդվածների, Աստվածաշնչյան Նախիջեւանում (այստեղ է թաղված Նոյը, եւ այստեղից լավ տեսանելի է մեծ Արարատի գագաթը), որտեղ դարեր շարունակ աստվածացվել են քրիստոնեական տաճարները, եկեղեցիները, մատուռները, համաշխարհային փոքր ճարտարապետության հայկական եզակի գլուխգորոց խաչքարները, այդ ամենը ջնջվել է երկրի երեսից։ Չի մնացել ոչ մի փոքրիկ քար անգամ։ Եվ վանդալիզմն իրագործված է բարբարոսության խորապատկերին։ Հենց այս ամենն էլ կոչվում է իսկական ցեղասպանություն եւ հայրենասպանություն։ Չի մնացել ոչ մի հայ, ոչ մի շիրմաքար։ Եվ համաձայն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1948 թվականի դեկտեմբերի Համաձայնագրի II, III, VI, IX հոդվածների, այս ամենը, ինչպես հայտնի է, պատժելի է։
Ողջ խորհրդային եւ հետխորհրդային տարիներին Նախիջեւանում քրիստոնյաների նկատմամբ տիրել է նենգություն, ագրեսիա, դաժանություն, անխղճություն, անմարդկայնություն, կատաղություն, անասնություն, ստորություն, չարագործություն։ Եվ այդ ամենը տեղի է ունեցել նույնիսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ բազմաթիվ հայեր գտնվում էին ռազմաճակատում։ Նույնիսկ դրա ավարտից հետո։ Բայց չէ՞ որ այդ ողջ հիրավի գազանությունը կարելի էր դադարեցնել գոնե պատերազմից անմիջապես հետո։ Չէ՞ որ վերոնշյալ Համաձայնագրի ընդունումից դեռեւս երկու տարի առաջ, 1946 թվականի դեկտեմբերի 11-ի 96-րդ արձանագրությամբ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան հայտարարեց, որ ցեղասպանությունը հանդիսանում է հանցագործություն, որը հակասում է ՄԱԿ-ի ոգուն ու նպատակներին, եւ որ քաղաքակիրթ աշխարհը դատապարտում է այն։
ՄԱԿ-ի մեծարգո Գլխավոր քարտուղար. Դուք կարող եք ասել, որ խորհրդային ժամանակներում անհնար էր զբաղվել նման հարցերով։ Սակայն մենք չպետք է մոռանանք Համաձայնագրի Առաջին Հոդվածը, որտեղ խոսվում է, որ «մարդկության հանդեպ հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չի կիրառվում»։ Եվ սա ճշմարտություն է։ Եվ միայն ճշմարտությունը կարող է ժողովուրդներին դարձնել ազատ։ Իսկ ազատ կարող ես լինել միայն քո հայրենիքում։
Հայ ժողովուրդը նույնիսկ արյունոտ 1915 թվականին «ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ» հասկացությունն ընկալում էր արժանապատվորեն։ Սակայն միաժամանակ մեր ժողովուրդն ամուր գիտակցում էրՙ եթե կորցրել ես հայրենիքը, ապա չի կարելի դադարեցնել պայքարը։ Դեռեւս Մարկոս Տուլիոս Ցիցերոնը արաջ քաշեց իր բարձր ճշմարտությունը. «Միայն մեկը, միայն Հայրենիքն է ներառում իր մեջ այն, ինչ թանկ է բոլորին։ Առաջին տեղում պետք է լինի միայն Հայրենիքը» եւ միաժամանակ հավելեց. «Չկա ավելի քաղցր տեղ, քան հարազատ տունը։ Հենց դա էլ ճշմարտությունն է»։ Մեր նախնիներն են ասել. «Ճշմարտությունը բանականության արեւն է»։
Հարգանքներովՙ