ՋԵՄՄԱ ԲԱՂԴԱԴՅԱՆ
Ջավախքն էլ առաջվանը չէ. հազարավոր փակ տներ, հարյուրավոր դատարկ փողոցներ: Եվ ոչ ոք այստեղ ահագնացող արտագաղթը կանգնեցնելու փորձ չի անում: Երբ զգանք, որ մեր թիկունքն այլեւս դատարկ էՙ շատ ուշ կլինի:
Սիրիայում հրթիռների կրակի տակ այսօր կորցնում ենք սիրիահայ գաղթօջախը, իսկ հայաթափվող Ջավախքը վաղը կորցնելու ենք առանց կրակոցների: Սիրիահայ գաղութի երբեմնի փառքի վերադարձը այնքան անհավանական է, որքան օտարության մեջ ձեռք բերած բարեկեցիկ կյանքից ջավախքցու հրաժարվելն ու հայրական տուն վերադառնալը: Իսկ հարազատ օջախները մինչեւ վերջին շունչը չլքող, վճռական ջավախքցի տարեցների հույսը չի մարումՙ զավակները թոռների հետ մի օր ետ կգան: Սակայն, փակ դռների փականների ժանգը էլ ավելի է կարծրանում: Անհնար է չնկատել հայաթափման հրեշավոր ծրագրի իրագործումն այստեղ սոցիալ-տնտեսական ճգնաժամի ֆոնին. նրա տարեցտարի ամայացող քաղաքների ու գյուղերի տխուր տեսարանը, որն ամբողջանում է նրա սրտով անցնող Բաքու-Թբիլիս-Կարս երկաթգծով: Ջավախքի տարածքում երկաթգծի ընթացող շինարարական աշխատանքներում կարծեք, թե արտառոց բան չկա, քանի որ դրանց երբեմն ներգրավվում է նաեւ տեղի աշխատուժը, սակայն վաստակած գումարն, ավա՜ղ, շատ հայ երիտասարդների համար դառնում է հայրենի հողն ընտանիքով լքելու ճանապարհածախս: Իրականում չարիքն ավելի խորքային է, որի մասին մոտ մեկ դար առաջ իր հարցազրույցում ասել է բրիտանացի գործակալ Լոուրենս Արաբացին. «Հայերը չպետք է ունենան Հայաստանը, բուն երկիրը», www.oratert.do.am/news/ayd-antaneli-hayery-loowrens-arabaci/2013-06-01-128
Թուրք-վրացական սահմանը սկսվում է Ախալքալաքի Կարծախ գյուղով: Վերջին տասնամյակում վրաց իշխանավորների թեթեւ ձեռքով անհամեմատ մեծացել է թուրքական եւ ադրբեջանական արտադրության տնտեսական ապրանքների, գյուղմթերքի ու պարենամթերքի իրացման ծավալները Ջավախքում: Սա դեռ չարյաց փոքրագույնն է: Թուրքական տարրի ներկայությունը մտահոգում է նաեւ վրացիներն. պետք չէ մոռանալ ամիսներ առաջ Բաթումիում բացված թուրքական դպրոցի շուրջ բարձրացված աղմուկը: Իսկ Ջավախքի կորուստն անդառնալի է. հայերի տասնամյակներով փակ տներն այսօր գնում են թուրքերը (սրանց պետք չէ շփոթել մցխեթցի թուրքերի հետ): Այսօր ջավախքցու տան տերը դառնում է թուրքը, եւ անհնար է չլսել դժգոհությունն ավագներիՙ «թուրքը քաղաք է հասել ու տնավորվել»: Այսօր թուրքը անարգելք ելումուտ է անում երբեմնի հայաշատ Ջավախքում, իսկ ջավախքցին չի հիշում, թե վերջին անգամ, երբ է այստեղ թուրք տեսել:
«Եղբայրական» Վրաստանի հետ «սերտ» հարաբերությունների արդյունքում Հայաստանից այս էլ արդեն քանի՞ տարի է գյուղմթերք, պարենամթերք ու տնտեսական ապրանքներ Ջավախք չի արտահանվում, հայկական շուկան, բառի բուն իմաստով, դուրս է մղվել այստեղիցՙ տեղը զիջելով թուրքական ու ադրբեջանական ապրանքներին:
Հայաթափման ծրագիրը սկսվել է մատաղ սերնդից, որին քիչ-քիչ հեռացնում են արմատներից ու մայրենիից. դպրոցներում «Հայոց պատմություն» առարկան շաբաթը մեկ անգամ է դասավանդվում, իսկ «Հայոց լեզու» եւ «Հայ գրականություն» առարկաները միասինՙ շաբաթը հինգ դասաժամ: Շատ դպրոցների տնօրեններ ու մանկավարժներ ազգությամբ վրացի են, հայկական դպրոցներում գերիշխում է վրացերենի ու վրացականի շունչը: Յուրաքանչյուր առարկայի դասաժամի կեսն անցկացնում են վրացերեն, կեսըՙ հայերեն լեզվով: Համացանցում դպրոցահասակ հայ երեխաների շփման մեջ նկատելի է վրացերենի առավելությունը: Իսկ ՀՀ Սփյուռքի նախարարության եւ ՀՀ Կրթության նախարարության պատկան մարմինները մեկ տասնամյակից ավելի էՙ չեն կարողանում հաղթահարել հայերեն գրականության մուտքի արգելքը Ջավախք: Ինչո՞ւ: Թող հարցի պատասխանը ՀՀ կառավարությունն ու ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարները տան:
Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին հայտնի դարձավ, որ Ջավախքի Նինոծմինդա քաղաքի հիվանդանոցի սեփականատերը Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան է, իսկ գործադիր տնօրենըՙ ադրբեջանցի Էլդար Ալիեւը: Սա հանրությանը հայտնի դարձավ այն ժամանակ, երբ բուժհաստատության հայազգի աշխատակիցները փորձել էին աջակցություն ցուցաբերել Արցախում մարտնչող հայ զինվորներին ու ազատամարտիկներին, ինչն, անշուշտ, առաջացրել էր հիվանդանոցի ազերի վերադասի դժգոհությունը եւ հայազգի բուժաշխատակիցներին աշխատանքից ազատելու նրա սպառնալիքը չէր ուշացել:
Թուրքական տարրի ներկայությունը Ջավախքում այլեւս նորություն չէ, օրինակները բազմաթիվ են: Ջավախքցին այլեւս իր գլխի տերը չէ. ինքը չի որոշումՙ իրեն ինչ է հարկավոր, նրա խոսքը կշիռ չունի, նրա միայն ձայնն է պետք ընտրությունների ժամանակ:
Մենք ուշքի ենք գալիս այն ժամանակ, երբ դանակը ոսկորին է հասնում: Եթե այսպեսՙ հարեւանցիորեն, Հայաստանի իշխանավորները շարունակեն Վրաստանի ղեկավարների հետ «սիրախաղ» անել դիվանագիտության փոխարեն, ապա եւս մի քանի տասնամյակՙ եւ Ջավախքն առանց կրակոցի կհանձնենք թուրքերին, իսկ վրացիները նրանց համար խնդիր չեն: