Ինչ իդեալիստ եմ, չէ՞, ուրիշները գործով են զբաղված, խոսափող են մտցնում օլիգարխների քիթը, որ հետո կա՛մ զվարճանան, կա՛մ հարստանան, իսկ ես պապից ավելի պապական եմ, ու դեռ մտածում եմ` ոնց ազատել խորհրդարանը բիզնեսից: Խոստովանենք, դա Հայաստանի պայմաններում հնարավոր չէ, որքան էլ սահմանադրությամբ արգելված լինի գործարարներին խորհրդարան գնալ: Դա միգուցե աշխարհի շատ խորհրդարանների պարագայում էլ հնարավոր չէ, բայց մեծ երկրներում ամբողջ եղանակը չէ, որ այս կարգի պատգամավորները եւ կառավարողներն են ստեղծում, եւ շատ երկրներում բանական հաշվեկշիռն այս առումով պահպանվում է: Մեր տիպի փոքր, անռեսուրս երկրում մեր ողջ կյանքն է օլիգարխապատվել, մեր կյանքի էությունը դարձել է այնպիսին, որ բոլոր ոլորտներում փողն է գործ անում: Անգամ նրանք, ովքեր խելքն են աշխատեցրել ու անցել խորհրդարան` հիմա բիզնեսով են զբաղվում, օրենք գրելը ձեռքի հետ մի բան համարելով: Երեւի վարակիչ է իրենց կողքին խորհդարանականի բարձր աշխատավարձը ստանալուց չխորշող միլիոնատերեր տեսնելը: Բնական է, որ մեր միլիոնատերերը աշխատում են նաեւ իրենցով անել խորհրդարանը, քանի որ այս դիրքից սերտաճելն իշխանության հետ նույնպես շահավետ է: Անգամ` չեն խորշում ստանալ իրենց համար չնչին, սակայն երկրի քաղաքացիների գերակշիռ մասի համար հսկայական պատգամավորական աշխատավարձը` սա եւս իրենց բիզնես գործունեության շահույթի մաս համարելով: Եթե խորհդարանի 20 բացահայտված դոլարային միլիոնատերերը (ըստ «Մանդատ» կազմակերպության հաշվարկների, իսկ իրականում 131 պատգամավորների 60 տոկոսը գործարար է) պատգամավորի 600 հազար դրամանոց աշխտավարձը չհամարեին իրենց բիզնես-նախագծերի բաղկացուցիչ ու ստեղծած լինեին միլիոնատերերի մի հիմնադրամ, որտեղ կթողնեին պատգամավորական աշխատավարձերը, հիմնադրամում ահռելի գումար կկուտակվեր` տարեկան 120 մլն դրամից ավելի, պատկերացրեք` դա քանի հայ ընտանիքի հարց կլուծեր: Միգուցե այդպիսի` աշխատավարձ չստանալու հեռանկարը կստիպեր մեր միլիոնատերերին այլեւս չգնալ խորհրդարան: Հիմա ո՞նց անենք, որ գործարարները գործարարությամբ զբաղվեն, իսկ նոր խորհրդարանի 90 տոկոսն օրենսդրությունից, կառավարումից տեղյակ, իրավական, տնտեսական գիտելիքներով օժտված, կրթված մարդիկ լինեն: Միգուցե այդ մարդիկ պետք է լինեն հենց իշխող կուսակցությունում եւ մյուս կուսակցություններում նախ, ու խորհրդարան բերվեն ոչ թե ինչ-որ ծառայությունների կամ «մուծվելու» դիմաց, այլ հե՛նց գիտելիքները, կրթությունը ներդնելով երկիր փոխելու համար, ոչ թե ինչ- որ ընտրական ծառայությունների դիմաց նվեր կստանան մանդատը: Ցավով մեջբերեմ արվեստաբան Հենրիկ Հովհաննիսյանին. «Էս հողը կրթված մարդ չի սիրում». էս է՞, համաձայնե՞նք, թե՞, այնուամենայնիվ, ընդդիմանանք էս մտայնությանը:
Աշխատանքի գալիս անպայման իմ դեմ են դուրս գալիս Մհեր Մկրտչյանի աչքերը` Երգի թատրոնի մի թաքնված պատին: Երբ հասնում եմ Մհեր Մկրտչյանի պատկերին (լավ է նկարել նրա աչքեը Ռոբերտ Նիկողոսյանը), ինձ թվում է այդ աչքերը նեղանում են, տխրում են, տանջվում ու կշտամբում են ինձ ու բոլորին` թե էս ի՞նչ եք անում երկրի հետ, մի բան արեք, էսպես շարունակել չի կարելի: Շարունակում եմ ճամփաս` աչքերը գալիս են հետս, վիճում եմ հետները` թե տեսեք, ախր Վերնիսաժը ոնց են սարքում-կարգի բերում, անգամ Ագռավածառի ագռավներն են տասնյակ տարիներով իրենց սիրած-նստած ծառը լքել, դա լավ նշան պետք է համարել, ուրեմն` մի բան կփոխվի:
Բարձրանում եմ խմբագրություն` Ագռավածառն ու կառուցվող Վերնիսաժը մոռացվում են, Մհեր Մկրտչյանի աչքերը` ոչ, քանի որ երկիրը Վերնիսաժ չէ, կամ միայն Վերնիսաժը չէ, իսկապես երկիրը կարգի բերել է պետք: Ու էն, ինչ ճանապարհին տանջում էր ինձ` լրագրողական հարթակ տեղափոխելու առումով, Մկրտչյանի չջնջվող աչքերը շարունակում են պահանջել: Ի՞նչ գրեմ` հա գրել ենք: Փոփոխությունները միգուցե կարելի է առարկայացնել մոտիկ ընտրություններով` նոր խորհրդարանից: Խմբագրություն մտնելս ու վարչապետ Կարեն Կարապետյանի` ՀՀԿ մտնելու մասին հայտարարության պահերը համընկան: Իսկ ես կարծում էի, թե վարչապետն, այնուամենայնիվ, զերծ կմնա կուսակցական դառնալուց, քանի որ այդպես ձեռքերն ազատ կթողնի` իր ասած փոփոխություններն առանց կուսակցական պարտադրանքների իրականացնելու համար: Այդպես պետք է մտածեր, թվում է, նրան կուսակցական դառնալ մղողը: Սխալվում էինք փաստորեն:
Չնայած` իսկական իդեալիստը վարչապետի կուսակցական դառնալու մեջ էլ պոզիտիվ կփնտրի, միգուցե վարչապետն ու իր նախարարները գնում են ՀՀԿ` կառուցելու ՀՀԿ նախագահի ասած Նոր ոգին: Չգիտենք, այդ եւ ուրիշ հարցերի պետք է պատասխանի նոյեմբեի 26-ին տեղի ունենալիք ՀՀԿ համագումարը, որի ղեկավար նոր կազմում այնքան նոր դեմքերի կտեսնենք, որ միգուցե շշմենք (կես կատակ-կես լուրջ):
Միգուցե ՀՀԿ-ում այդ օրը մտորելու են, թե ոնց անեն, որ օլիգարխներ չտանեն խորհրդարան: Չէ, իսկապես, իսկի իդեալիստ էլ չեմ: Զարմանք բան, ՀՀԿ-ականներին դուր է գալի՞ս, որ խորհրդարանում մի քանի տարի նստում են ու ձայն չեն հանում, կամ եթե ձայն են հանում` մի լավ խայտառակ են անում հարազատ կուսակցությանն այնպես, որ, հետո մի քանի հոգի էլ պետք է մեծ ջանքերով այդ խայտառակության քարը ջրհորից հանեն: Կամ դուր է գալի՞ս, որ սեփական բոյով մեկ կամ բիզնեսի չափերով մեկ օրենքներ են ձեւում- սեփական բոստանը ջրում, իսկ երկրի բոստանը չջրված է մնում: Կամ այնպիսի բառապաշարով են պաշտպանում լավ նախաձեռնությունը, որ ակամա էդ լավը սեւանում է: Կա, չէ՞, լավ օրինակը. ասենք Կորյուն Նահապետյանը վատ խորհրդարանական չէ, բա ինչու նրանով չի բավարարվել Նահապետյանի մոտիկ ազգական Սամվել Ալեքսանյանն ու ինքն է եկել նաեւ խորհրդարան… որ ի՞նչ անի: Վերջապես դա մշակույթ է` աճեցրու քո փողերով կրթված մարդու եւ ուղարկիր խորհրդարան:
Կամ որ ասում են` Ծառուկյանը վերադառնում է, խնդրենք` վերադառնա: Իսկ ո՞ւր է գնացել, որ վերադառնա: Ո՞վ է հավատում, որ ԲՀԿ-ն առանց Ծառուկյանի գիտության է գործել մինչեւ այժմ: Կամ որ վերադառնա` հենց ի՛նքը պե՞տք է բոլորի փոխարեն աշխատի, նորից մանդատ ստանա խորհրդարանում, եւ այլն: Եթե վերադարձ ասելով նկատի ունեն, որ Ծառուկյանի ֆիգուրով հերթական անգամ մի շարք` անցյալում այդպես էլ չլուծված խնդիրներն են լուծելու, ապա Ծառուկյանը, կարծում եմ, այնքան խելք կունենա անձամբ իրեն հերթական անգամ չգործուղելու` ուրիշներին մաքրաջրելու համար, որ անհրաժեշտ պահին նորից զոհաբերեն: Գործելու ա՛յս ձեւը, որ նա էր ընտել, ավելի քաղաքակիրթ է: Ինչ է, վա՞տ են աշխատում Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանը խորհրդարանում: Մի քանիսին, եւ այս անգամ բացառապես մասնագետներին եւս կարող է գործուղել խորհրդարան: Հերիք է միայն հայտարարի, որ աջակցում է ԲՀԿ-ին, չնայած` կարծեմ զուգահեռ էլի ինչ- որ շարժում է ստեղծել:
Իսկ վաղը տեղի ունենալիք ՀՀԿ համագումարը, որի վերաբերյալ այնքան արտահոսքեր արվեցին, միգուցե իսկապես լավ կլինի ազատվի բոլոր օդիոզ դեմքերից, բոլոր նրանցից, ովքեր երակ մտած ՀՀԿ-ի օրգանիզմն օգտագործում են որպես սեփական բիզնեսի կտուր (էլի իդեալիստ եմ, տեր Աստված):
Եթե իմիտացիա է արվելու` խոստացված կառուցվածքային եւ այլ փոփոխություններով, վաչապետին եւ իր նոր թիմը ՀՀԿ լցնելով, սա հազիվ թե իքնամաքրում համարվի, մանավանդ` ներկա կառավարության հաջողությունն ըստ տարբեր սպասումների` վարչապետի ու նրա թիմի չկուսակցականացվելու մեջ էր: Սակայն Կարեն Կարապետյանը խոսում է քաղաքական հենարան ունենալու մասին: Միթե հանրությունը, որ սպասում է փոփոխութունների, նրա հենարանը չէ: Իսկ արդյո՞ք կարող է հենարան լինել նրան լիովին իրենը չհամարող կուսակցական վերնախավը, որքան էլ այդ կուսակցության առաջին դեմքի հրավերով է վարչապետ դարձել Կարեն Կարապետյանը:
Սպասենք ու տեսնենք, թե ո՞ր դեմքերն են գերիշխելու ՀՀԿ-ի գործադիր մարմնում, ո՞ւմ ցտեսություն կասեն, ում կասեն` բարի լույս: Ըստ այդմ էլ կարելի կլինի դիտարկել Կարեն Կարապետյանի հաջողությունը` քաղաքական իր հենարանով: Դե իսկ ընտրություններին երեք ամիս է մնացել, փաստորեն ՀՀԿ համագումարը պետք է պատասխանի այն հարցին, թե ի՞նչ թիմով է իշխանությունն ընտրությունների գնում: Նշենք, որ տարբեր առիթներով ասվել է այն մասին, որ ՀՀԿ համագումարում փոխվելու են ղեկավար կազմը, կանոնադրությունը, ծրագիրը: