ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
Օրագրային գրառումներ հեռավոր, ոչ շատ հեռավոր եւ այսօրվա Նախիջեւանի մասին
«1985 թվականի ապրիլի 23-ին Մ.Ս.Գորբաչովը ԽՄԿԿ ԿԿ պլենումում հանդես եկավ ծավալուն զեկուցումով, որը շուտով ծնունդ տվեց չարաբաստիկ վերակառուցմանը: Սկզբում մենք այնքան էլ չհասկացանքՙ թվում է թե երկար սպասված այդ վերակառուցման իմաստն ու էությունը, իր հրապարակայնությամբ, խոսքի ազատությամբ, ժողովրդավարացմամբ եւ ԽՍՀՄ-ի տակ դրված դանդաղ գործողության ռումբի այլ ատրիբուտներով: Համենայն դեպս Ադրբեջանն այդ նույն ազատությունն անմիջապես ընկալեց յուրովի: Դեռ այն ժամանակ մենք տվյալներ էինք ստանում հայկական ինքնավար մարզի Նախիջեւան քաղաքից, Զնաբերդ, Կզնուտ, Աստապատ, Նորս, Վերին Ազա, Դեր, Մեսրոպավան, Ազնաբերդ, Թանակերտ, Առինջ գյուղերից եւ այլ բնակավայրերիցՙ այն մասին, թե ինչպես են առանց վախի ու բացեիբաց հայերի պատմական հայրենիքը զրկում ամեն հայկականից, այդ նպատակի համար օգտագործելով վերակառուցման հենց այդ նույն ատրիբուտները: Ողջ Ադրբեջանը կատաղի կերպով ձեռնամուխ եղավ իր պատմության հնացմանը: Օրինակ, «Սովետսկի Նախիջեւան» թերթում (1986 թվականի փետրվարի 6) ազերական ոմն բանասիրական գիտությունների թեկնածու գրում է, թե իբրՙ «համաձայն բազմաթիվ պատմական վկայությունների, թրքալեզու ժողովուրդների նախահայր Նուխը (Նոյը) աստղագետ էր, որը նախապես իմանալով գալիք ջրհեղեղի մասին, նավ կառուցեց»: Եվ ապա նկարագրվում է, թե ինչպես Նուխը եւ իր ուղեւորները «օթեւանեցին «Ալգարակ» (այսինքնՙ Արարատ-Զ.Բ.) լեռան ամենագագաթին, որը դուրս էր մնացել ջրից»:
Այդ «բանասերը», պարզվում է, հորինել էր ծանրակշիռ փաստարկներ, որոնք իբր հաստատում են Նոյի ադրբեջանցի լինելը: «Եթե ուշադրություն դարձնենք աշխարհի քարտեզին,- գրում է նա,- ապա ոչ այլուր, քան Ադրբեջանում, առանձնապես Նախիջեւանում որքան հաճախ են հանդիպում տեղանուններ, կապված «Նուխ» անվան հետ»: Եվ որպես օրինակ բերվում են երեքը. «Նուխրամ», «Նուխբատան» եւ «Նուխաջիր»: Ի դեպ, հենց այդ ժամանակ էլ ես արձագանքեցի ազերական «բանասերի» օպուսին, «Սովետսկի Նախիջեւանի» խմբագրություն ուղարկելով նամակ, որում ընդգծվում էր. «Ես կարող եմ ընդունել ձեր հեղինակի գաղափարը, բայց միայն մեկ պայմանով. եթե դուք համաձայնվեք, որ, ասենք, Հոմերոսը հայ է: Առավելեւս, որ գիտնականները մինչեւ հիմա վիճում են, թե որն է մեծ կույրի իսկական հայրենիքը: Քանզի, եթե ուշադրություն դարձնենք աշխարհի քարտեզին, ապա Հայաստանից եւ մանավանդ Ղարաբաղից բացի, ուրիշ ոչ մի տեղ չեն հանդիպում այդքան շատ տեղանուններ, կապված «Հոմերոս» (ռուսերենՙ թՏՎպՐ) անվան հետ: Օրինակ, «Հարությունագոմեր», «Ալեքսանգոմեր», «Անդրանիկագոմեր», «Չաուշագոմեր», «Նժդեհագոմեր» եւ այլն, եւ այլն: Ես համոզված էի, որ իմ հասցեատերերը չէին կռահելու, որ ծաղրս կարող էր հնչեցվել միայն ռուսերեն լեզվով: Սակայն գաղտնիք չէ, որ ցանկության դեպքում կարելի է գտնել այլ, անվիճելի փաստարկներՙ «սեփական» պատմությունը հնացնելու ուրիշի արժեքների յուրացման ճանապարհով: Թուղթն ամեն ստի կդիմանա:
Այդ օրերին (վերակառուցման սկզբին) Հայաստանի գրողների միությունը խելք արեց Նախիջեւան գործուղել հայտնի գրող եւ հեռուստալրագրող Բակուր Կարապետյանին, որը շուտով ընթերցողներին պատմեց հայկական հողում ազերիների վանդալիզմի մասին, որի ականատեսն էր եղել այդ ոչ հասարակ գործուղման ընթացքում: «Ճիշտ նախիջեւանյան «Թեբրիզ» հյուրանոցի դիմաց,- գրում էր Բակուրը,- գետնին ընկած էին հինավուրց Ջուղայից բերված հայկական ազգային ճարտարապետական մշակույթի անկրկնելի օրինակներ: Հայերեն փորագրությունները ջնջված էին: Երկրագիտական թանգարանում չկար ոչ մի հայկական ցուցանմուշ: Թեեւ ես տեսա, թե ինչպես են Նախիջեւանի շրջակայքում աչքի առաջ ոչնչանում պատմության ու մշակույթի հարյուրավոր հայկական հուշարձաններ: Ագուլիս քաղաքում հրաշքով պահպանված 12 եկեղեցիներն այլանդակված են եւ առանց գմբեթների: Մի մասի մեջ թունաքիմիկատներ են պահում, մյուսների մեջՙ անասուններ: Մի խոսքով, քաղաքակիրթ աշխարհի աչքի առջեւ կործանվում են համաշխարհային քրիստոնեական քաղաքակրթության հիրավի անգին գլուխգործոցներ: Ուրեմն պետք էր ոչնչացնել ճարտարապետությունըՙ մեծ եւ փոքր ձեւերի: Եվ քաղաքակիրթ աշխարհը լռում էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ միասին» («Գրական թերթ»):
«Այսպես կոչվածՙ «սպիտակ ցեղասպանության» տիպիկ թուրքական մեթոդ. սկզբում ոչնչացնելով այս կամ այլ ժողովրդի ազգային մշակույթի կենդանի փաստերը, այնուհետ ստեղծել կյանքի այնպիսի անտանելի պայմաններ, որոնց առկայությամբ տեղածիններն ստիպված են հեռանալ հարազատ օջախներից, հայրենիքից: Բարբարոսներն ու վանդալները չափից դուրս լավ գիտեին գոգոլյան անմահ ճշմարտությունը. «Երբ լռում են լեգենդները, ասքերն ու երգերը, հինավուրց պատմության մասին խոսում է ճարտարապետությունը»: Եվ հայկական հողը մաքրելով ոչ միայն նրա տերերից, այլեւ հենց «լեգենդներից, ասքերից ու երգերից», նրանք վերակառուցման եւ քաոսի քողի տակ վերջնականապես ձեռնամուխ եղան ողջ հայկական ճարտարապետության ոչնչացմանը:
Այդպիսով նրանք հույս ունեին վերջնականապես հաստատվել ուրիշի տանը, ոչ միայն յուրացնելով ուրիշի հողը, ուրիշի մեղեդիները, ուրիշի խոհանոցը, ուրիշի պատմությունը, այլեւ նույնիսկ, ինչպես տեսնում ենք, ուրիշի աստվածաշնչյան Նոյին, ի դեպ, անբարեհունչ մի անվանումով վերակնքելով բիբլիական Արարատ լեռը: Ահա այս կերպ, զբաղվելով ակնհայտ ինքնախաբեությամբ, Թուրքիան եւ Ադրբեջանը ներշնչում են նոր սերնդին, թե հայերը եկվորներ են: Իսկ եթե դա այդպես է, ապա նրանց տարածքային պահանջներն անհեթեթություն են:
Օրերս «Գոլոս Արմենիի» եւ այլ թերթեր գրեցին, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը բացորոշ եւ լկտիորեն հայտարարեց, թե ե՛ւ Սիրիան, ե՛ւ Լիբիան, ե՛ւ Իրաքը, ե՛ւ Լիբանանը պատկանել են թուրքերին, հասկացնել տալով, որ այսօր գործում է Օսմանյան կայսրությունը: Ի դեպ, նա խորամանկորեն լռեց Ղրիմի մասին, հավանաբար վախենալով Պուտինից: Բայց ոչինչ: Հերթական վեճից հետո նորից կխոսի Ղրիմի մասին եւ ոչ միայն Ղրիմի: Իսկ չէ՞ որ թուրք-ազերների նոր սերունդը, բնականաբար, արդեն հավատում է, թե այդ ամենը, ինչպեսեւ Նախիջեւանը, թուրքերի հայրենիքն է: Այդ իսկ պատճառով նրանք չեն կարող ընկալել Հայ դատի փիլիսոփայությունը, չեն կարող ընդունել ճշմարտության տրամաբանությունն այն մասին, որ վրժառությունն ու հատուցումը հայ ժողովրդի համար հանդիսանում են արդարության փաստարկներ:
Միամտություն է ենթադրել, թե բռնի կերպով հողը մաքրելով իր տերերից, կարելի է նրանց զրկել պատմական հիշողությունից: 1978 թվականին առաջին անգամ Նախիջեւանում այցելելեցի «Ոսկե կիրճ» (այդպես էին հնում անվանում Ագուլիս քաղաքը) եւ նրա շրջակայքը: Այն ժամանակ «Օջախ» գրքում գրեցի. «Որսում էի ինձ այն մտքի վրա, որ լարելով գենետիկ հիշողությունս, հինավուրց քաղաքի ավերակների միջով տեսնում եմ բոլոր տասներկու եկեղեցիների հոյակերտությունը, երկինք ուղղված սրածայր գմբեթներով, զարդարված հայկական ձեւավոր խաչերով եւ ութ հազար քարաշեն հայկական տներ: Ես հոգով էի տեսնում, թե ինչպես է թեք սարալանջով վեր ձգվում դրախտ-քաղաքը, թաղված մրգատու ծառերի կանաչի մեջ: Հաշվեցի ավելի քան հարյուր հիսուն արհեստանոցներ, որտեղ աշխատում էին հազարավոր վարպետներ: Տեսնում էի հարուստ խանութներ, բազմաթիվ դպրոցներ, առեւտրի ուսումնարան, մշակույթի տուն, դեղատներ, բաղնիքներ, շուկաներ, գրադարաններ, հյուրանոցներ: Տեսնում էի, կրկնում եմ, տասներկու տաճարներ ու եկեղեցիներ, որոնցից յուրաքանչյուրը համաշխարհային եկեղեցաշինության ճանաչված գլուխգործոց է: Լսում էի հայկական լեգենդներ, ասքեր ու երգեր, պատանիների եւ աղջիկների զրնգուն ծիծաղ, նորածինների ճիչ, տասնյոթ աղբյուրների կարկաչ: Ամեն ինչ կործանեցին վանդալները: Իսկ վերջերս իմացա, որ Ագուլիսում, մեռած ծառերի պես, կանգուն են մնացել ընդամենը հինգ եկեղեցիներ»:
Եվ սա ընդամենը մեկ քաղաք է, մեկ հայկական բնակավայր, որի կողքին հսկայական տարածքով ձգված է հինավուրց քրիստոնեական գերեզմանոցը: Մեծամուրճով ու բուլդոզերով ջարդված ու այլանդակված են շիրմաքարերը: Եվ սա էլ թուրքերին հատուկ քաղաքականություն է. յաթաղանին ավելացնել մեծամուրճ եւ բուլդոզեր: Այդ ամենը գալիք սերունդների վրիժառությունից ծնված վախն է: Սակայն բարբարոսին ու վանդալին տրված չէ հասկանալ, որ Նախիջեւանյան երկրամասի բոլոր բնակավայրերը պայծառ մարմնավորող եւ ընդհանրականորեն խորհրդանշող Ագուլիսը հիշողություն է: Դա նախազգուշացում է: Դա հիշեցում է: Այդ նույն 1978 թվականին Բեյրութի «Զարթօնք», «Ազդակ», «Արարատ» եւ «Կանչ» թերթերում ես գրեցի. «Կգա ժամը, եւ Ագուլիսը կվերականգնվի, կվերածնվի, եթե նույնիսկ նրանից հայկական հողում չմնա ոչ մի հետք, ոչ մի քար: Քանզի երբեք ժողովրդի հիշողությունից չի անհետանա այն ամենը, ինչ կապված է ոչ հողի, ոչ տարածքի ու քարի, այլ հայրենիքի հետ, որտեղ միշտ լսելի է մեր նախնիների կանչը: Գլխավորը, որ հավատաս. գալո՛ւ է այդ ժամը: Անպայման գալու է»: Եվ չէ՞ որ մի քանի տարի անց մենք տեսանք, թե ինչպես հանգստացան մեր նախնիների հոգիները, երբ Շուշիի եւ Քելբաջարի, Լաչինի ու Կուբաթլիի, Զանգելանի եւ Ջաբրայիլի, Ֆիզուլիի եւ Աղդամի հինավուրց հայկական գերեզմանոցներում մենք ծաղիկներ դրեցինք:
«Ղարաբաղյան շարժումը, մեր միջից կաթիլ առ կաթիլ դուրս մղելով ստրուկի սինդրոմը, վերադարձնելով մեզ պատմական հպարտությունն ու պատմական արիությունը, պարտավորեցնում է հիշել Նախիջեւանի մասին, առանց որի Հայաստանն ապագա չունի» («Նովոյե վրեմյա»):
«…Ղարաբաղյան շարժման արշալույսին մենք հարց բարձրացրինք այն մասին, որ Սադարայում մեր աչքի առաջ Արաքսի վրայով կամուրջ են գցում, որը Թուրքիային կմիացնի «Նախիջեւանի թուրքական հանրապետության» հետ, եւ որ շուտով անպայման այդ կամուրջով թուրքերը զենք կտեղափոխեն առայժմ դեռ ոչ թե ղարաբաղյան ճակատ, այլ Արարատի շրջանի մարտադաշտեր: Հավանաբար ներկայիս սերնդից (նաեւ նախորդից նույնպես) շատերը չգիտեն, որ իրական պատերազմը, որքան էլ դա տարօրինակ հնչի, սկսվեց սկզբում Հայաստանում, այլ ոչ թե Արցախում: Օգտագործելով հապշտապ կցմցած Սադարայի կամրջով Թուրքիայից մատակարարվող զենքն ու հրետանին, հրանոթային հարվածներ էին ուղղվում Հայաստանի Հանրապետության սահմանամերձ եւ ոչ միայն սահմանամերձ բնակավայրերինՙ Ելփին, Չիվա, Ռինդ, Արենի, Նորավանք (վանքը), Շախաթ, Մուծի, Խաչիկ, Գնիշիկ, Խնձորուտ, Գորոյք, Սառնանուշ, Մեղրի եւ էլի շատ գյուղերի Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում: Եղան զոհեր եւ ավերածություններ: Սակայն հաջողվեց դիմադրել եւ պատասխան հարվածով կասեցնել սադրանքները:
Այդ օրերին ես հաճախ էի Նախիջեւանի կողմը տանում իմ բարեկամներին ԿՌԻԿ-ից (Ռուս մտավորականության «Ղարաբաղ» կոմիտե) եւ Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի երկրորդ խոսնակ լեդի Քերոլայն Քոքսի խմբերին: Եվ շուտով ողջ աշխարհն իմացավ, որ Ադրբեջանը մարտեր է վարում Հայաստանի հետ: Հիշում եմ, Անգլիայի լորդերի պալատում լեդի Քոքսն իր ելույթներում բազմիցս ընդգծում էր. «Ադրբեջանցիները հրետանային հարվածներ են հասցնում Հայաստանին… Հայաստանից», նկատի ունենալով, որ Նախիջեւանը պատմական Հայաստանն է: Ես չեմ կարող չընդգծել եւ այն, որ այդ օրերին փրկիչ հակահարվածներով ահռելի դեր կատարեց Վազգեն Սարգսյանը իր քաջարի տղաների հետ: Իմ հուշատետրերում մեկ անգամ չէ, որ կրկնվել են Բաբկեն Արարքցյանի եւ Հովիկ Աբրահամյանի անունները, որն այն ժամանակ ղեկավարում էր Արարատի շրջանը: Ցավալի է, որ այսօր այդ ամենը մոռացվել է: Բաբկեն Արարքցյանը, օրինակ, մեր շատ հայրենակիցների է փրկել հայկական Կամո եւ Ազատ գյուղերում:
1991 թվականի օգոստոսի վերջին, Ռուսաստանյան պուտչի նախօրեին, նա կարողացավ ԿՌԻԿ խմբի հետ կասեցնել Պոլյանիչկոյի կազմակերպած հրեշավոր սադրանքը: Մի խոսքով, ցավալի է, երբ մոռանում են նրանց, ովքեր ծանր տարիներին գտնվել են առաջին գծում…»: («Գոլոս Արմենիի»):
«Ժամանակն է իմանալ այն մասին, որ Նախիջեւանի եւ Արեւմտյան ու Արեւելյան Հայաստանի բոլոր այլ պատմական մարզերի մասին գործուն գենետիկ հիշողությամբ մենք անպայման ամրապնդում ենք խաղաղությունը տարածաշրջանում: Քանզի լավ գիտեինք թուրքերի գայլային ախորժակի մասին, որոնք դիակապտողների պես, սպասելով հարմար պահի, անմիջապես խցկվում են հենց այնտեղ, որտեղ մարդիկ դժբախտության մեջ են, որտեղ այս կամ այն երկիրը վիրավոր է, ինչպես դա եղավ ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո: Մի՞թե պարզ չէ, թե ինչու 1917 թվականի հոկտեմբերից անմիջապես հետո, երբ Ռուսաստանը վիրավոր որս էր հիշեցնում, արդեն հոգեվարք ապրող Թուրքիան նետվեց հօգուտ իրեն լուծելու Ղարաբաղի եւ Նախիջեւանի մատից ծծած հարցը: Ինչո՞ւ նա իսկույն սկսեց Իրանի հետ սակարկել, Լենինի կողմից իրեն տրված ռուսական ոսկու առյուծի բաժինը ծախսելով նրա վրա, որ սահման ունենա արհեստականորեն ստեղծված Նախիջեւանի ինքնավար կազմավորման հետ: Այդ ինչո՞ւ Թուրքիայի ղեկավար Դեմիրելը դեռեւս ԽՍՀՄ-ի ժամանակներում Մեղրիի շրջանը անվանեց «անիծյալ սեպ», որը բաժանում է «Թուրքական Նախիջեւանը» (Դեմիրելի տերմինն է) «Թուրքական Ադրբեջանից» (Էջեւիթի տերմինը): Ինչո՞ւ երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո ՆԱՏՕ-ի ստեղծման նախօրեին ԱՄՆ նախագահ Թրումենը Թուրքիան անվանեց «ԱՄՆ-ի ամենաարեւելյան սահման» եւ հավելեցՙ «ԱՄՆ-ի հիսունմեկերորդ նահանգ»: Ինչո՞ւ հենց որ փլուզվեց ԽՍՀՄ-ը, ոչ թե Իրանը, այլ Թուրքիան սկսեց ամերիկյան փողերով տնտեսական ու քաղաքական օգնություն ցուցաբերել միութենական մահմեդական հանրապետություններին, որոնք անջատվել էին Խորհրդային Միությունից: Այդ ինչո՞ւ է Բաքվում ԱՄՆ դեսպանը բացորոշ եւ լկտիաբար ողջ աշխարհով մեկ հայտարարում, թե Թուրքիան , որը պատասխանատու է հայերի ցեղասպանության համար, Թուրքիան, որի վզին այսօր կախված է կիպրոսյան չլուծված խնդիրը, մի խոսքով, այդ նույն բարբարոսական երկիրը, տեսեք-տեսեք, «պետք է ակտիվ դեր խաղա ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում»: Այս բոլոր եւ այլ հրատապ «ինչուներին» մենք պարտավոր ենք պատասխանել հիմա» («Ազգ»):
«…Ստացվել է այնպես, որ ժամանակի հրամայականով մեր սերնդից է կախված ապագայի լինել-չլինելը: Ղարաբաղյան շարժումն իր ծարավը հագեցրեց Սիամանթոյի «Հույսի գավաթից», որի կարիքն այսօր ունի տառապյալ Նախիջեւանը: Նախիջեւանի համար սարսափելի չէր դառնալ ստալին-աթաթուրքյան նենգության զոհ: Դա շտկելի գործ էր: Շատ ավելի սարսափելի է, երբ հայրենիքը դառնում է սեփական զավակների մոռացության զոհը» («Նովոյե վրեմյա»):
«Մի բան հաստատ գիտեմ: Նույնիսկ եթե սրբազան Ջուղայում վերջին խաչքարն էլ բարբարոսաբար եւ լկտիաբար ջարդուփշուր արվի, մենք կշարունակենք պայքարը եւ կհաղթենք» (1995թ.)
***
Հ.Գ. – Այսօր, առավել քան երբեւէ, մենք պարզապես պարտավոր ենք գործուն կերպով օգտագործել բոլոր արխիվային նյութերը, որոնք իրենց իսկ հայրենիքումՙ Նախիջեւանում հայերի ցեղասպանության ենթարկվելու անվիճելի փաստը հաստատող հիմնարար եւ իրական փաստարկներ են: Հայ բնակչության նկատմամբ կիրարված ահռելի թվով «գործողությունները» (ՄԱԿ-ի համաձայնագրի պաշտոնական տերմինն է) վերաբերում են ցեղասպանության մասին Գլխավոր Ասամբլեայի համապատասխան հոդվածներին: Անհրաժեշտ է հստակ ըմբռնել, որ յուրաքանչյուր տվյալ կոնկրետ դեպքում ցեղասպանություն ասելով նկատի են առնվում հետեւյալ գործողությունները, որոնք կատարվում ենՙ մտադրություն ունենալով ոչնչացնել, եւ ոչ միայն լիովին, այլեւ մասամբ, որեւէ ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական խումբՙ որպես այդպիսին: Ընդ որում խոսքը ոչ միայն այդպիսի խմբի զանգվածային սպանության, այլ նաեւ «խմբի անդամներին լուրջ մարմնական վնասվածքներ հասցնելու» կամ «կանխամտածված կերպով որեւէ խմբի համար կենսական այնպիսի անտանելի պայմանների ստեղծման» մասին է, որոնց առկայությունը ստիպում է բնիկ բնակչությանը տեղահանվել:
Նախիջեւանի դեպքում տեղի ունեցավ հայերի տիպիկ թուրքական ցեղասպանություն, որի հետեւանքով հայ ժողովուրդն ընդհանուր առմամբ կորցրեց իր ավելի քան հիսուն հազար հայրենակիցների: Հայ ժողովուրդը նաեւ վերապրեց իր ազգային մշակույթի ցեղասպանություն, որը պաշտոնական փաստաթղթերում անվանվում է Հայրենասպանությունՙ պատմական հայրենիքի ցեղասպանություն: Օրինաչափ է, որ հայ ժողովրդի համար ստեղծված ողբերգական իրավիճակում անհետաձգելի անհրաժեշտություն է ծագել ինչպես «Միավորված Ազգերի Կազմակերպության», այնպես էլ «Ցեղասպանության եւ դրա համար պատիժ կրելու մասին համաձայնագրի» դրույթներին համապատասխան, Միջազգային դատարանի տրամադրությանը հանձնել բոլոր անհրաժեշտ նյութերը Նախիջեւանում հայերի ցեղասպանության մասին, միաժամանակ գիտակցելով, որ համաձայն ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի համաձայնագրի IX հոդվածի, ընդունվում է որոշում այն մասին, «թե ինչպիսի միջոցներ պետք է ձեռնարկվեն նման խնդրանքի կապակցությամբ»: