Կան շատ լուրջ թեմաներ, որոնց պետք է անդրադառնալ բացառապես հումորով, հակառակ պարագայում ինքդ անլուրջ կընկալվես: Այդ թեմաներից է ՀԱՊԿ-ը: Ինչպես գիտենք, ՀԱՊԿ-ըՙ սեփական զինանշանով, դրոշով, կանոնադրությամբ շատ լուրջ կազմակերպություն է, չնայած գոյության օրից կազմի համալրում տեղի չի ունենում, ավելինՙ ուզբեկները մի քանի տարի առաջ լքեցին կազմակերպությունը, եւ եթե հանկարծ, Աստված չանի, Արցախում մի բան լինի, ուզբեկները չեն գալու: Փոխարենը, եթե Ուզբեկստանի հետ մի բան լինի, իսկ այդ երկրի նախագահ Իսլամ Քյարիմովի մահվանից հետո շատ հնարավոր է որ Ուզբեկստանում մի բան լինի, մեր տղաներն էլ չեն գնալու այնտեղ: Փառքդ շատ, Աստված:
Առհասարակ չգնալը ՀԱՊԿ-ի կարեւոր գործառույթներից մեկն է, օրինակ կազմակերպության հիմնադիր անդամներից Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաեւը չի գնում, տվյալ պարագայումՙ գալիս: Խոսքը վերաբերում է ՀԱՊԿ գագաթաժողովներին, որոնցից վերջինը, ինչպես գիտենք, անցկացվեց Երեւանումՙ հոկտեմբերի 14-ին: Ղազախստանը միակ երկիրն էր, որը ներկայացված էր վարչապետի մակարդակով: Անգամ Պուտինը եկել էր: Ճիշտ է Անկարայից էր եկել, բայց դա կարեւոր չէ, մանավանդ որ նախագահ Սարգսյանն էլ Նյու Յորքից էր եկել: Իսկ Նյու Յորքն այս օրերին Մոսկվայի համար գրեթե նույնն է, ինչ Երեւանի համար Անկարան: Գրեթե, որովհետեւ Երեւանի համար Անկարան ավելի քիչ սպառնալիք է, քան Մոսկվայի համար Նյու Յորքը: Ի դեպ, ՀԱՊԿ-ի նախորդ, ոչ երեւանյան գագաթաժողովներից մեկին (2014-ին) Նազարբաեւը կրկին չէր ներկայացել, քանի որ նույն օրը Աստանայում ընդունել էր ԱՄՆ պետքարտուղարին:
Այս անգամ, սակայն, պաշտոնապես հայտարարվեց, որ Նազարբաեւը մի փոքր մրսել է եւ անգամ Բաքու չի գնալու, որտեղ Ղազախստանի նախագահը պետք է լիներ Երեւան գալուց առաջ: Բայց ՀԱՊԿ երեւանյան գագաթաժողովի հաջորդ օրը, հոկտեմբերի 15-ին, Ղազախստանի նախագահն իր նստավայրում ընդունեց այդ երկրի որոշ պաշտոնյաների եւ ամենեւին էլ մրսածի տպավորություն չթողեց: Նույն տրամաբանությամբ, չի բացառվում, որ ղազախ զինվորներն էլ, հետեւելով իրենց նախագահին, կարիքի դեպքում Հայաստան չգան, եւ Ղազախստանի ՊՆ-ն հայտարարությամբ հանդես գաՙ«Հարգելի ռազմավարական դաշնակիցներ, ցավով հայտնում ենք ձեզ այն մասին, որ ղազախ զինվորները չեն կարող գալ Հայաստան եւ կատարել ՀԱՊԿ-ով սահմանված իրենց դաշնագրային պարտականությունները, քանի որ մի փոքր մրսած են. բոլորըՙ գեներալներից մինչեւ շարքայիններ, տանկիստներից մինչեւ հրետանավորներ»: Իսկ եթե, Աստված չանի, ղազախ զինվորների մրսածությունն իրականում մրսածություն չլինի, այլ վիրուս, ապա չի բացառվում, որ հարեւան տաջիկներն ու ղրղզներն էլ նույն հայտարարությունից տարածեն: Դե մենք էլ ինչ կարող ենք անելՙ մարդիկ ազգովի մրսել են:
Եթե լուրջ, ապա մեզ համար կարեւորը ոչ ղազախներն են, ոչ ղրղզները, ոչ տաջիկները, ոչ էլ անգամ բելառուսները, կարեւորը ռուսներն են, ընդ որում ոչ միայն մեզ համար, այլեւ, տաջիկների համար եւս, ոչ մենք ենք կարեւոր, ոչ ղրղզները, ոչ ղազախները, ոչ էլ բելառուսները, կարեւորը ռուսներն են, ռուսները միշտ կարեւոր են: Թերեւս այս պատճառով էլ նախագահ Պուտինը միակն էր ՀԱՊԿ նախագահներից, որին դիմավորելու համար նախագահ Սարգսյանն անձամբ գնաց օդանավակայան: Մյուսներին դիմավորեցին այլ պաշտոնատար անձինք, իսկ Լուկաշենկոյինՙ այլ պաշտոնատար անձինք, գումարած Գագիկ Ծառուկյանը: Վերջինս, ասում են, շատ մոտ է Բելառուսի նախագահի հետ: Ի դեպ, երբ նախագահներն արդեն ժամանում էին Հայաստանի նախագահի նստավայր, Պուտինը կրկին առանձնացավ. բանն այն է, որ բացի նրանից, մյուս նախագահներին եւ Ղազախստանի վարչապետին, նախագահականի դիմաց դիմավորեց Սերժ Սարգսյանի աշխատակազմի արարողակարգի պետը, Պուտինին, սակայն, անձամբ Սերժ Սարգսյանը: Եթե հաշվի առնենք, որ նախագահներից վերջինը ժամանեց հենց Պուտինը, ապա ստացվում է, որ մյուսների աչքի առաջ է այս «անարդարությունը» տեղի ունեցել, եւ եթե Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ-ի հաջորդ գագաթաժողովներից մեկին ժամանի, ենթադրենքՙ Դուշանբե, ապա չզարմանաք, որ Տաջիկստանի նախագահն անձամբ չդիմավորի մեր նախագահին:
Շարունակելով արարողակարգային թեման նշեմ, որ ՀԱՊԿ երեւանյան գագաթաժողովի օրակարգում երկու ուշագրավ կետ կար: Մեկըՙ ՀԱՊԿ-ը պետք է հայտարարություն ընդուներ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, ըստ որի կազմակերպության անդամ պետությունները պետք է նշեին, թե այս հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ միջոցներով, ընդամենը, եւ երկրորդըՙ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում պետք է ներկայացվեր եւ հաստատվեր նոր պաշտոնյա, նորՙ հայ պաշտոնյա: Նիկոլայ Բորդյուժայի պաշտոնավարման ժամկետը վաղուց ավարտվել է եւ մի անգամ արդեն հետաձգվել է նրան փոխարինողի նշանակումը:
Միանգամից ասեմ, որ Ղարաբաղի մասին ՀԱՊԿ-ը որեւէ հայտարարություն չարեց, համենայնդեպս այդ մասին հենց գագաթաժողովի օրը պարզ չեղավ: Եւ միայն հոկտեմբերի 18-ին, այսինքն գագաթաժողովից 4 օր անց, ՀՀ ԱԳՆ-ն տարածեց ՀԱՊԿ անդամ պետությունների համատեղ հայտարարությունը Ղարաբաղի մասին, ըստ որի կազմակերպության անդամ պետությունները սատարում են Մինսկի խմբի ջանքերը, եւ շեշտում, որ ԼՂ հիմնահարցը բացառապես խաղաղ լուծում ունի, հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի նորմերի, Հելսինկյան եզրափակիչ ակտի, երկրների տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքների վրա: Ի դեպ, Պուտինը, ով մի քանի ժամով էր եկել եղբայրական Հայաստան, քանի որ ճանապարհվում էր հեռավորՙ ոչ պակաս եղբայրական Գոյա կղզի, նշել էր, թե ինչ են խոսել Ղարաբաղի մասին: Լրագրողներին (Գոյայի) Պուտինն ասել էր, որ «Ղարաբաղի հարցը պետք է լուծվի խաղաղ միջոցներով», բայց խնդիրն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Պուտինը սա միշտ է ասել, այլ հարց է, որ ՀԱՊԿ-ը երբեք սա չի ասելՙ իր ողջ կազմով, կա՛մ Նազարբաեւը մի փոքր մրսած է եղել, կա՛մ էլ կողմնակի նամակներով շեղել է մասնակիցների ուշադրությունը բուն կազմակերպության առջեւ ծառացած մարտահրավերներից, կա՛մ էլ հայտարարությունն ընդունել են եւ ինչպես այս անգամ, մոռացել են նույն օրը հրապարակել ու տեսնելով, որ բոլորը զարմացած են, թե ինչո՞ւ ՀԱՊԿ-ը Ղարաբաղի մասին մի հայտարարություն չի անում, նոր միայն տարածել են: Ինչեւէ:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Երեւանում այդպես էլ չնշանակվեց: Ավելին, այս հարցը խնամքով հանվել էր օրակարգից, այսինքն մասնակիցները չեն էլ քննարկել այն, միայն որոշել են հետաձգել եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի անունն ասել Սանկտ Պետերբուրգումՙ գալիք դեկտեմբերին կայանալիք ՀԱՊԿ հերթական գագաթաժողովում: Մինչդեռ Հայաստանում շատերը լուրջ երազանքներ ունեին, եթե իհարկե, երազանքները լուրջ լինում են: Չի բացառվում, որ խնդիրը Հայաստանի թեկնածուն է, կամ թեկնածուները, դե այսինքն Պուտինը, եւ կամ ղրղզները համաձայն չեն, որ ՀԱՊԿ-ը գլխավորի հենց այդ հայ պաշտոնյան: Ավելին, չի բացառվում, որ կազմակերպության անդամներն առհասարակ չեն ուզում, որ ՀԱՊԿ-ը գլխավորի որեւէ հայ պաշտոնյա: Մանավանդ որ Հայաստանը գործող հակամարտության գոտում է, մեջ է, եւ նոր գլխավոր քարտուղարը կարող է եւ օբյեկտիվ չլինել իր գնատականներում, եւ որն ավելի կարեւոր էՙ գործողություններում, եթե, իհարկե, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ինքնուրույն գործողություններ անելու հնարավորություն ունի: Ինքըՙ գործող գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, երեւանյան գագաթաժողովից հետո, ռուսական լրատվամիջոցներին հայտնել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար չնշանակվեց, քանի որ Նորսուլթան Աբիշեւիչ Նազարբաեւը Երեւան չէր ժամանել, իսկ այդ նշանակման համար կազմակերպության անդամ բոլոր պետությունների ղեկավարների համաձայնությունն է պետք: Ուշադրություն դարձնենք, որ Բորդյուժան չի ասել, թե Նազարբաեւն ինչու չէր ժամանել Երեւան, կնշանակի կա՛մ չի հավատում, որ Ղազախստանի ղեկավարը մի փոքր մրսել է, կա՛մ էլ ինքը հավատում է, բայց վստահ է, որ ռուս լրագրողներն իրեն չեն հավատա: Ինչեւէ, չի բացառվում, որ Նազարբաեւի մրսածության պատճառը ՀԱՊԿ-ի ղեկավարումը հայ պաշտոնյային վստահելու հեռանկարն է: Այնպես որ, եթե գալիք դեկտեմբերին Պետերբուրգում ՀԱՊԿ անդամ պետությունները որոշում կայացնեն, որ կազմակերպության գլխավոր քարտուղարը պարտադիր չէ, որ հերթափոխով ներկայացնի անդամ պետությունները եւ կարող է շարունակաբար ռուս լինել, կամ տաջիկ, չզարմանաք: Առհասարակ, քանի մենք ՀԱՊԿ անդամ ենք, առաջարկում եմ չզարմանալ: Այստեղ բոլորն իրար դաշնակից են, բայց ոչ մեկը մյուսին դաշնակից չէ, բացի այդՙ այստեղ կարող են հայտարարություն ընդունել, բայց մոռանալ այն տարածել:
Արարողակարգային հաջորդ նրբությունը, որը նկատելի էր ՀԱՊԿ-ի երեւանյան հավաքից, այն էր, որ ամփոփիչ մամուլի ասուլիսի եկան երկու հոգի: Նախագահ Սարգսյանը եւ գլխավոր քարտուղար Բորդյուժան, որն ակնհայտորեն հոգնած տեսք ուներ, քանի որ ստիպված է դեռ մի քանի ամիս էլ քարտուղարություն անել կազմակերպությունում: Պուտինի պարագայում, հասկանալի է, մարդը շտապում էր Գոյա, իսկ Գոյան այնպիսի կղզի է, որտեղ միշտ շտապում ես, մանավանդ երբ Ռուսաստանում ձմեռը վրա է հասնում եւ մարդիկ ցանկանում են մի փոքր էլ երկարացնել ամառն ու տաք եղանակը: Հասկանալ կարելի է նաեւ Լուկաշենկոյին, որը գուցե հրավիրված էր իր մոտիկ ընկերոջՙ Գագիկ Նիկոլաեւիչի տուն (ի դեպ, Լուկաշենկոն էլ Նիկոլաեւիչ է)՛, մտերմիկ զրույցի: Փորձենք հասկանալ նաեւ Ղազախստանի վարչապետին, որը հնարավոր է մի քիչ ամաչել է այս բարձր կազմից եւ շտապել հայրենիք, չմոռանանք, որ նա հրաման կատարող մարդ է, այն պարագայում, երբ մյուսները հրամայող են: Բայց այ մյուսները, կոնկրետՙ Տաջիկստանի եւ Ղրղզստանի նախագահները ամփոփիչ ասուլիսին անհասկանալի պատճառներով չեն մասնակցել: Չնայած, մեծ հաշվով, եթե մասնակցեին էլՙ ի՞նչ: Կարեւորը, հիշում ենք, ռուսներն են:
Մի խոսքով, թե ինչի՞ համար էին ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները ժամանել Երեւան եւ ինչի՞ մասին էր կազմակերպության հերթական գագաթաժողովը, մնաց անհասկանալի: Չնայած անհասկանալի կազմակերպության գագաթաժողովներից ինչ-որ բան հասկանալու ցանկությունն արդեն իսկ անհասկանալի է:
Որքան էլ տարօրինակ հնչի, ամենահասկանալին Նորսուլթան Նազարբաեւն էր: Այս համատեքստում առաջարկում ենք ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահներին կազմակերպության հաջորդ գագաթաժողովներից առաջ մի փոքր մրսել, միեւնույն է, ինչպես Երեւանում հայտարարեց Բելառուսի նախագահ Լուկաշենկոն, «ՀԱՊԿ-ին ոչ ոք չի ուզում ճանաչել, այդ թվումՙ ՆԱՏՕ-ն»:
Ի դեպ, եթե հետաքրքրական է, ապա ասեմ, որ հոկտեմբերի 14-ին, երբ Երեւանում էին Պուտինը եւ մյուսները, ադրբեջանական կողմը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է 20 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է 420 կրակոց: Ադրբեջանցիները որոշ ուղղություններով կիրառել են նաեւ «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններ (60 կրակոց):
ՊԲ առաջապահ զորամասերն իհարկե հետեւել են հրադադարի պահպանման ռեժիմին եւ անշուշտ քայլեր են ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար, բայց այս հոդվածը ՊԲ-ի, ՊՆ-ի եւ նրանց կողմից իրականացվող քայլերի մասին չէր: