«Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի խմբագրի տեղակալ եւ ԹՄՄ-ի գործադիր տնօրեն Արամ Արքունի հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Միչիգանի նահանգապետ Ռիկ Սնայդերը Ցեղասպանության եւ Ողջակիզման նորանշանակ կրթական խորհրդի 15 անդամների թվում ընդգրկել է նաեւ Մասկո կորպորացիայի նախկին գործադիր կառավարիչ, Հայաստանի մշակույթի նախարարության սփյուռքահայ խորհրդատու, «Արմինյն Միրոր Սփեքթեյթր» շաբաթաթերթի հրատարակության տնօրեն եւ մշտական հոդվածագիր-մեկնաբան, «ԱԶԳ-ի» շաբաթական քաղաքական վերլուծությունների եւ մի շարք գրքերի հեղինակ Երվանդ Ազատյանին, Դետրոյթից:
Նահանգապետի կից գործող կրթական խորհուրդը ստեղծվել է Ցեղասպանության ուսուցումը դպրոցներում եւ ԲՈՒՀ-երում խթանելու, ինչպես նաեւ մարդկանց ընդհանուր գիտակցությունը այդ մասին բարձրացնելու նպատակով:
«Հույժ կարեւոր է, որ մեր ապագա սերունդը իմանա եւ հասկանա, թե ինչ ահավոր ազդեցություն կարող է թողնել Ցեղասպանությունը մարդկության վրա», ասել է Սնայդերը այդ առթիվ:
Խորհրդի մյուս անդամներ են նշանակվել «Հոլոքոսթ հուշահամալիրի» կրթական եւ խորհրդատվական կենտրոնի հիմնադիր եւ տնօրեն Ռոբին Աքսելրոդըՙ Էն Արբորից, «Լեյքվիու ավագ դպրոցի» դասատու, Միչիգանի պետհամալսարանում դոկտորականի թեկնածու Սքոթ Դըրհեմը Հյուսիսային Լենսինգից, «Ֆենվիլի պետական դպրոցների» ուսումնական գծով տնօրեն, «Շոա հիմնադրամի» ավագ դասատու, «Հոլոքոսթ հուշահամալիրի» շրջանային դաստիարակ Քորի Հարբոնՙ Գոբլսից, արեւմտյան Բլումֆիլդի դպրոցական վարչության, ինչպես նաեւ «Ցեղասպանություններին վերջ դնելու միջազգային միության» անդամ, մասնագիտությամբ ատամնաբույժ Նելսոն Հերշըՙ Օրչրդ Լեյքից, Միչիգանի պետհամալսարանում Հրեաների ուսանողական կյանքի «Հիլել» հիմնադրամի գործադիր տնօրեն Սնիդի Հիուինՙ արեւելյան Լենսինգից, «Հայոց ցեղասպանության կրթական կոմիտեի» եւ «Դեմ առ դեմ պատմության եւ մենք մեզ հետ» կոմիտեի անդամ, Սիրակուզա համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ Քորին Խտըրյանըՙ Բլումֆիլդ Թաուշիփից, Հայ դատի Միչիգանի մասնաճյուղի, ինչպես նաեւ մեծ Դետրոյթի Ցեղասպանության հիշատակման կոմիտեի անդամ, Ուեյնի պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ Լարա Ներսեսյանըՙ Ռոյալ Օուքսից, Մադոննա համալսարանում պրոֆեսորի օգնական, «Հայոց ցեղասպանության կրթական կոմիտեի» անդամ, Հայ եկեղեցու թեմի ակտիվ գործիչ, Ուեյնի պետհամալսարանից վկայված դաստիարակ Ռիչարդ Նորսիկյանըՙ Ֆարմոինգտոն Հիլզից, Լոնդոնի համալսարանում Մերձավոր Արեւելքի արդի պատմության գծով դոկտորական պաշտպանած, Միչիգան Դիըրբոռն համալսարանում հայկական հետազոտական կենտրոնի տնօրեն, հայոց եւ մերձավոր արեւելյան երկրների պատմության դասախոս, պրոֆ. Արա Սանջյանըՙ Դիըրբոռնից, «Մադդին Հաուզեր» իրավաբանական ֆիրմայում որպես փաստաբան ծառայած, Միչիգանի պետհամալսարանում մարդու իրավունքների միջազգային կենտրոնի հիմնադիր եւ խորհրդատու, «Հենրի Ֆորդ» առողջապահական համակարգի անդամ Լորի Թալսկինՙ Բլումֆիլդ Հիլզից, Կենտրոնական Միչիգանի համալսարանից հաղորդավարության եւ կինոարվեստի գծով մագիստրոսի գիտական աստիճան վաստակած, Գրանդ Վելլի պետհամալսարանում ԶԼՄ-ների գլխավոր կառավարիչ Մայքլ Վալենտանՙ Գրանդ Ռեպիդսից, Հարվարդ համալսարանում դոկտորական պաշտպանած, Միչիգանի պետհամալսարանի Արվեստի եւ գրականության ֆակուլտետում հրեական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Քենեթ Ուոլցերըՙ Հասլետից, Ամերիկայի րաբբիների քոլեջի շրջանավարտ, արեւմտյան Միչիգանի «Շաբադ Հաուս» ընկերության տնօրեն, րաբբի Յոզեֆ Վայնգարտենըՙ Գրանդ Ռեպիդսից, եւ Դետրոյթի համալսարանի իրավաբանական ֆակուլտետից շրջանավարտ, Դետրոյթի հրեական դաշնության կանանց մարդասիրական օգնության խմբի անդամ, Հոլոքոսթի հուշահամալիր կենտրոնի դոցենտ Լորի Վայզբերգըՙ արեւմտյան Բլումֆիլդից:
Խորհրդի անդամները նշանակվել են երկու տարվա ժամկետով: Նրանց ծառայությունները խորհրդում կավարտվեն 2018-ի օգոստոսի 26-ին: