Մոտենում ենք ռիսկային համարվելու սահմանին
Պարտք վերցնում են նաեւ պետությունները: Հայաստանը նույնպես, 90-ականներից սկսած, պարտք էր վերցնում միջազգային ֆինանսական կառույցներից: Խոսքը վարկերի մասին է, որոնք հետագայում դառնում են արտաքին պետական պարտք, որն, ի դեպ, նույնպես, պետք է վերադարձնելՙ տոկոսների հետ միասին: Ինչպիսի՞ն է արտաքին պարտքի վիճակը հիմա, ի՞նչ նպատակների համար վարկեր վերցնելն է արդարացված եւ ի՞նչն է դրդել վարչապետին եկող տարվա հիմնական խնդիրներից մեկը արտաքին պարտքը «կառավարելի դարձնել»-ը համարել:
Արտաքին պարտքի փոփոխական շարժը
Թե ինչպես են փոխվել Հայաստանի Հանարպետության արտաքին պարտքի ցուցանիշները վերջին 15 տարում, երեւում են ստորեւ բերված աղյուսակից: Առաջին հայացքից արտաքին պարտքը միայն ավելացել է, բայց շատ է այն, թե՞ քիչ հարցի պատասխանը կախված է նրանից, թե ինչպե՞ս է դրան զուգահեռ աճել երկրի տնտեսությունը, համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ո՞ր մասն է կազմել արտաքին պարտքը: Դրա մասին քիչ անց: Աղյուսակում (ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված) ներկայացված է արտաքին պարտքը դոլարային արտահայտության եւ թե տոկոսային ի՞նչ փոփոխություններ է այն կրել նախորդող տարվա համեմատ.
մլն. | դոլար, % | |
2015 | 4317.3 | 114.1 |
2014 | 3785.2 | 97.1 |
2013 | 3899.1 | 104.3 |
2012 | 3739.1 | 104.8 |
2011 | 3569.3 | 108.1 |
2010 | 3300.5 | 111.2 |
2009 | 2966.8 | 188.1 |
2008 | 1577.2 | 108.9 |
2007 | 1448.9 | 120.2 |
2006 | 1205.6 | 109.7 |
2005 | 1099.2 | 92.9 |
2004 | 1182.9 | 107.8 |
2003 | 1097.7 | 107 |
2002 | 1025.5 | 113.3 |
2001 | 905.5 | 105.3 |
2000 | 859.5 | 98.8 |
Ինչպես երեւում է աղյուսակից, մինչեւ 2008 թվականը արտաքին պարտքի բեռը մեծ չի եղել: Ավելին, այն ավելի ցածր տեմպով է ավելացել, քան երկրի տնտեսական աճն է եղել: 2009-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը գնացել է արտաքին պարտքի բեռի կտրուկՙ ավելի քան 88 տոկոսով ավելացման, ինչը պայմանավորված է եղել 2008-ի վերջին սկսված համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով եւ Հայաստանի տնտեսության վրա դրա ազդեցությամբ:
2009-ին արձանագրված 14 տոկոս տնտեսական անկման (ՀՆԱ տարեկան ցուցանիշների աղյուսակը կարելի տեսնել ներքեւում) եւ հարկային մուտքերի նվազման պարագայում, այլ ելք, քան մեծացնել արտաքին պարտքը, որպեսզի չկրճատվեն եւ վճարվեն թոշակները, պետական աշխատավարձերը եւ այլ սոցիալական ծախսերը, որպեսզի տնտեսական ակտիվության ավելի մեծ անկում չարձանագրվի, չկար: 2010-2013-ի ընթացքում արտաքին պարտքը շարունակեց մեծանալ ավելի արագ տեմպով, քան տնտեսական աճի տեմպն էր: Բացատրությունը դարձյալ նույնն էՙ ավելացնելով ծախսերը, խթանել տնտեսական աճը, թույլ չտալ տնտեսական ակտիվության անկում: Այլ հարց է իհարկե, թե ինչի՞ վրա պետք է ծախսել վարկ վերցրած գումարները, որպեսզի այն առավելագույնս արդյունավետ լինի երկրի տնտեսության համար: Սրա մասին քիչ հետո: Միաժամանակ, հարկ է նշել, որ 2014-ին մեր արտաքին պարտքի ցուցանիշը նվազել է, բայց 2015-ինՙ դրաձյալ զգալիորեն ավելացել:
Այժմ տնտեսական (ՀՆԱ) աճի ցուցանիշների մասին:
Համախառն ներքին արդյունք-արտաքին պարտքը հարաբերակցության վայրիվերումները
90-ականների փլուզումից եւ համատարած աղքատացումից Հայաստանը սկսեց աստիճանաբար դուրս գալ 2000-ականներին: Աղյուսակից (ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված) երեւում է, որ սկսած 2001-ից մինչեւ 2007-ը Հայաստանի տնտեսությունը երկնիշ տնտեսական աճ է արձանագրում: 2008-2009-ից, ինչպես արդեն նշվեց, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով, նախՙ տնտեսական անկում արձանագրվեց, ապա տնտեսական աճի տեմպը իջավ: 2010-2015 թվականներին միջին տարեկան տնտեսական աճի ցուցանիշը կազմել է մոտ 4 տոկոս: Բնական է, որ ավելի մեծ ծավալ ունեցող տնտեսությունում երկնիշ տնտեսական աճ ապահովելն դժվար է, բայց երկրի զարգացման եւ կենսական նշանակության խնդիրների լուծման համար մեզ առնվազն 7 տոկոս միջին տարեկան տնտեսական աճի ցուցանիշ է անհրաժեշտ: Իսկ անցած 15 տարիներին Հայաստանի համախառն ներքին արդյունքի աճի ցուցանիշները հետեւյալն են եղել.
մլրդ. դրամ | % | |
2015 | 5032089.0 | 103 |
2014 | 4828626.3 | 103.6 |
2013 | 4555638.2 | 103.3 |
2012 | 4000722. | 107.2 |
2011 | 3777945.6 | 104.7 |
2010 | 3460202.7 | 102.2 |
2009 | 3141651.0 | 85.9 |
2008 | 3568227.6 | 106.9 |
2007 | 3149283.4 | 113.7 |
2006 | 2656189.8 | 113.2 |
2005 | 2242880.9 | 113.9 |
2004 | 1907945.4 | 110.5 |
2003 | 1624642.7 | 114 |
2002 | 1362471.7 | 113.2 |
2001 | 1175876.8 | 109.6 |
2000 | 1031338.3 | 105.9 |
Սակայն վերադառնանք համախառն ներքին արդյունք-արտաքին պարտք հարաբերակցությանը, որով է պայմանավորված մեր արտաքին պարտքը մեծ է, թե՞ ոչ, կառավարելի է, թե՞ մոտենում է վտանգավոր սահմանագծի: Դրա համար ՀՆԱ-ի արդյունքները պետք է դիտարկենք դոլարային արտահայտությամբՙ տվյալ տարվա միջին փոխարժեքի ցուցանիշներով հաշվարկելով:
2000-ին մեր երկրի ՀՆԱ-ն դոլարով արտահայտված կազմել է մոտ 1,9 մլրդ դոլար (տարեկան միջին փոխարժեքը 1 դոլարը 539 դրամ), իսկ արտաքին պարտքը կազմել է 859,5 մլն դոլար կամ համախառն ներքին արդյունքի մոտ 45 տոկոսը:
Երկնիշ տնտեսական աճի տարիներից հետո, 2007-ին, մեր երկրի ՀՆԱ-ն 9,2 մլրդ դոլար (տարեկան միջին փոխարժեքը 1 դոլարը 342 դրամ) էր կազմում, իսկ արտաքին պարտքը 1 մլրդ 448 մլն դոլար կամ համախառն ներքին արդյունքի արդեն 15 տոկոսը: Այսինքն, առկա էր այս ցուցանիշի գծով կտրուկ բարելավում եւ մեր երկիրը համարվում է արտաքին պարտքի ցածր բեռ ունեցող երկիր:
2009-ին մեր երկրի ՀՆԱ-ն կազմել է 8,6 մլրդ դոլար (տարեկան միջին փոխարժեքը 1 դոլարը 363 դրամ) էր կազմում, իսկ արտաքին պարտքը 2 մլրդ 996 մլն դոլար: Ինչը նշանակում է, որ, այն, երկու տարվա մեջ աճելով, կազմել է համախառն ներքին արդյունքի 34 տոկոսը:
2015-ին մեր ՀՆԱ-ն 10,5 մլրդ դոլար էր, իսկ արտաքին պարտքը 4 մլրդ 317 մլն դոլար կամ ՀՆԱ-ի 41 տոկոսը: Ինչ վերաբերվում է այս տարվան, ապա, ինչպես իր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, տարեվերջին Հայաստանի արտաքին պարտքը կհասնի ՀՆԱ-ի 49 տոկոսին: Ասվածին ավելացնենք, որ եկող տարի մոտ 20 մլրդ դրամով ավելի գումար է նախատեսված արտաքին պարտքի մարման համարՙ 119 մլրդ դրամ այս տարվա 99 մլրդ դրամի փոխարեն: Ի՞նչ է սա նշանակում:
Արտաքին պարտքի ռիսկային լինելու մասին ընդունված մոտեցում կա, ըստ որի, եթե այն չի գերազանցում ՀՆԱ 50-60 տոկոսը, իսկ երկիրը տնտեսական բարձր աճ է արձանագրում, ապա արտաքին պարտքը ռիսկային չի համարվում: Մենք մոտենում ենք այդ սահմանագծին, իսկ տնտեսական աճի տեմպն էլ բարձր չէ: Հետեւաբար, ծախսերի մեծացման միջոցով հավելյալ տնտեսական ակտիվություն առաջացնելուց ավելի նոր վարչապետ Կարեն Կարապետյանը կարեւորվում է ռիսկային արտաքին պարտք ունեցող երկրի կարգավիճակում չհայտնվելըՙ դրանից բխող բացասական հետեւանքներով: Սա տվյալ պահի հրամայականն է, բայց կա ոչ պակաս կարեւոր խնդիր վարկերի առնչությամբՙ ինչի՞ համար անհրաժեշտ է վերցնել վարկեր եւ ինչի՞ համարՙ անթույլատրելի:
Կարեւորը ոչ միայն արտաքին պարտքի չափն է, այլ վարկերի նպատակը
Ցավոք, չկա հստակ վիճակագրություն, թե վերցված վարկերից ո՞ր մասն է ուղղվել ենթակառուցվածքներ ստեղծելունՙ ճանապարհներ, ջրագծեր կառուցելուն, ջրամբարներ նորոգելուն, ատոմակայան վերակառուցելուն կամ նոր սպառազինություն ձեռք բերելուն եւ այլն, ո՞ր մասըՙ առողջապահության, կրթության, սոցիալական ոլորտներուն կասկածելի արդյունավետություն ունեցող կամ ընհանրապես չունեցող, այսպես կոչված, «կառուցվածքային բարեփոխումներին»: Եթե առաջինների անհրաժեշտությունը կասկածներ չի հարուցում եւ խնդիրը միայն ծրագրերի որակյալ եւ առանց յուրացումների իրագործումն է, ապա երկրորդների անհրաժեշտությունն ընդհանրապես չկաՙ դրանք ոչ այլ ինչ են, քան գումարների փոշիացման ծրագրեր, որոնցից օգտվում են տարբեր օղակների առանձին պաշտոնյաներ, բայց կորցնում է ամբողջ երկիրն ու ժողովուրդը: Վարկերի նպատակային եւ արդյունավետ կիրառման հարցը պակաս կարեւորություն չունի, քան դրանց հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ, եւ հարկ է, որ այս հանգամանքը նույն չափով կարեւորվի: