ՌԱԿ ՄԱՄԼՈ ԴԻՎԱՆ
2016 թվականի հոկտեմբերի 5-7 օրերը պատմական եղան Ռամկավար Ազատական կուսակցության համար։ ՌԱԿ Հանրապետական վարչության հրավերով Երեւանում գումարվեց կուսակցության 3-րդ (27-րդ) Պատգամավորական ժողովը, համագործակցությամբ Սփյուռքում գործող ՌԱԿ Վերականգնումի եւ միության շարժման վարչության։ Հայաստանից մասնակցեցին ՌԱԿ բոլոր կառույցներից ընտրված թվով 144 պատգամավորներից 117-ը, իսկ Սփյուռքի շրջանակներիցՙ34 ներկայացուցիչներ, որոնք ներկայացնում էին Միացյալ Նահանգների 2 շրջանակները, Կանադայի, Արգենտինայի, Անգլիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Լիբանանի, Եգիպտոսի, Իրաքի եւ Ավստրալիայի շրջանակներն ու ակումբները։
Համագումարի առաջին երկու օրերը խորհրդակցական բնույթ էին կրում։ Հոկտեմբերի 5-ի նիստը գումարվեց բացառապես Սփյուռքից ժամանած պատվիրակների միջեւՙ նախագահությամբ ՌԱԿ Վերականգնումի եւ միության շարժման ատենապետ Վարդան Նազիրյանի (Լոս Անջելես)։ Շրջանակների ներկայացուցիչները Մոնրեալիցՙ ՌԱԿ վաստակաշատ ղեկավար դոկտ. Արշավիր Գյոնջյանի ողջույնի խոսքը ունկնդրելուց եւ Բուենոս Այրեսիցՙ Սերխիո Նահապետյանի բարեմաղթանքի բովանդակությանը ծանոթանալուց հետո անցան շրջանակների զեկույցներին եւ դրանց քննությանը։ Ընդհանուր տպավորությունը քաջալերական չէր, հատկապես ինչ վերաբերում է Հարավային Ամերիկայիՙ Արգենտինայի, Բրազիլիայի եւ Ուրուգվայի, Ֆրանսիայի եւ Անգլիայի ՌԱԿ կառույցներում տիրող վիճակին։ Մեծ աշխատանք է հարկավոր կուսակցության գործունեությունը վերակազմակերպելու եւ դրանցում երիտասարդ տարրերի ընդգրկման առումով։
Համագումարի 2-րդ օրը խորհրդակցությունները Վերականգնումի շարժման եւ Հանրապետական վարչությունների միջեւ էին, առավելաբար կառուցվածքային, կանոնադրական փոփոխություններին հատկացված։ Ծրագրային ելույթներով հանդես եկան դոկտ. Հրաչ Գույումճյանը (Լոնդոն), Երվանդ Ազատյանը (Դետրոյթ), Վարդան Նազիրյանը, Հակոբ Ավետիքյանը (Երեւան), Վարդգես Գուրույանը եւ Գեւորգ Հալեպլյանը (Լոս Անջելես), Արտավազդ Մելքիսեթյանը, Պայծիկ Գալայճյանը եւ Ստիվ Նոխուտյանը (Բեյրութ), Հակոբ Վարդիվառյանը (Նյու Յորք) եւ ուրիշներ։ Ներկաները լսեցին իրավաբան Տիգրան Հարությունյանի բացատրությունները ՀՀ կուսակցությունների մասին օրենքի դրույթների շուրջեւ դրանց կիրառմանը վերաբերող։
Նիստի ավարտին ներկայացվեց ՌԱԿ Հանրապետական եւ Վերականգնումի շարժման վարչությունների միջեւ համաձայնության հուշագրի նախագիծը, որը խմբագրական մի շարք փոփոխություններից հետո որոշվեց վավերացման ներկայացնել հաջորդ օրը կայանալիք լիագումար նիստում։
Հաջորդ օրը, հոկտեմբերի 7-ին, լիագումար նիստը սկսվեց ՀՀ օրհներգի եւ ՌԱԿ քայլերգի հոտնկայս ունկնդրումով։ ՌԱԿ Հանրապետական վարչության ատենապետ Հակոբ Ավետիքյանն իր ողջույնի խոսքից հետո ժողովին ներկայացրեց իր եւ իր գլխավորած վարչության հրաժարականը։ Այնուհետեւ, ինչպես ավանդույթն ու կարգն է ռամկավարական համագումարների, ընտրվեց համագումարի դիվանըՙ գլխավորությամբ Հովիկ Օհանյանի, որ ձեռնհասորեն վարեց ժողովը։
Մանդատային, Խմբագրական եւ Հաշվիչ հանձնաժողովների ընտրությունից հետո հաշվետու զեկուցումով հանդես եկավ շրջանավարտ վարչության ատենապետը, որին հաջորդեցին քննարկումները, ներկայացվեցին տարբեր առաջարկներ։
Այնուհետեւ դոկտ. Հ. Գույումճյանը ներկայացրեց ՌԱԿ Հայաստանի եւ Սփյուռքի ներկայացուցիչների միջեւ բանկացությունների արդյունքում գոյացած հուշագիր-համաձայնագիրը, որը վավերացվեց եւ ստորագրվեց երկու կողմերի ներկայացուցիչների կողմից։ (Համաձայնագիրը տեսնելՙ կցված)։Այդ պահից սկսյալ, փաստորեն, ՌԱԿ-ը դարձավ հայաստանակենտրոն կուսակցություն, Հանրապետական եւ Վերականգնումի շարժման վարչությունները միաձուլվելով վերածվեցին Կենտրոնական վարչությանՙ որպես մեկ եւ միասնական կուսակցության ղեկավարությունՙ Հայաստանից եւ Սփյուռքից ընտրված անդամներով։ Միաժամանակ ստեղծվեց կանոնադրական նոր մարմինՙ Գերագույն խորհուրդ, որի կազմը նույնպես լինելու է խառն եւ որի պարտականությունը կլինի ՌԱԿ-ի քաղաքական ռազմավարության վերահսկումը։
ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետ ընտրվեց Հ. Ավետիքյանը, իսկ Գերագույն խորհրդի նախագահՙ Վարդան Նազիրյանը։
Ատենապետի առաջարկությամբ ընտրվեցին ՌԱԿ Կենտրոնական վարչության անդամներ, որոնց կազմը, ինչպես նաեւ Գերագույն խորհրդի անդամների ցուցակը կհրապարակվի հետագայումՙ Սփյուռքից կատարվելիք անհրաժեշտ լրացումներից հետո։
Ընտրվեցին նաեւ Հաշվեքննիչ եւ Կարգապահական ատյանների անդամներըՙ միշտ խառն կազմի սկզբունքով։
Պատգամավորական ժողովն ավարտվեց վարչության անդամների երդմնառության արարողությամբ. ՌԱԿ դրոշի ներքո, ժողովի ավագագույն անդամՙ Հունաստանի պատվիրակության ղեկավար Սարգիս Խաչատուրյանի կողմից։
Նույն օրը երեկոյան Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի լեփ-լեցուն դահլիճում տրվեց հրաշալի համերգՙ նվիրված ՌԱԿ հիմնադրության 95-ամյակին։