ԳԱՅԱՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆ, Երեւան-Գյումրի-Երեւան, 21.09.2016
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԱՄԵՐԻԿԱՅԻ ԵՎ ԿԱՆԱԴԱՅԻ ԹԵՔԵՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԻԼՅԱՆ ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՀԵՐՈՍԱԲԱՐ ԶՈՀՎԱԾ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԲԱԺԱՆՎԵԼ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
Գյումրի այցելության օրը պատահական չընտրվեց սեպտեմբերի 21-ը: Կատարվեց անկախ Հայաստան ունենալու հայ ժողովրդի երազանքը: Ակախության մեծագույն ձեռքբերումներից էր հայկական ազգային բանակի ստեղծումը: Եվ օրվա խորհրդի հետքերով, ուղեկցությամբ Գյումրիում ՌԱԿ Հանրապետական վարչության անդամ Էմմա Ալեքսանյանի եւ ՌԱԿ գրասենյակի պատասխանատուՙ Հովիկ Կարապետյանի, այցելեցինք Գյումրի քաղաքից զորակոչված, 1991 թվականին ծնված պայմանագրային զինծառայող, ավագ լեյտենանտ Հրաչ Վարդանի Գալստյանի ընտանիքին: Հրաչը ապրում էր ծնողների, եղբորՙ Աղասու (նա պայմանագրային զինծառայության մեջ է), կնոջՙ Անուշի հետ: Հրաչը կնոջը ծանոթացել էր իր ծառայության վայրում ՙ Թալիշում, որտեղ ապրում էր Անուշը: Զոհվելուց մի քանի ամիս առաջ էին ամուսնացել եւ բնակություն էին հաստատել Թալիշում: Հրաչ Գալստյանը «Սիս» վաշտի հրամանատարն էր եւ շատ կարեւոր դիրքի պաշտպանությունն էր կազմակերպում: Անուշը պատմում է. «Հրամանատարական կազմից հրաման ստացանք, որ Թալիշ գյուղում բնակվող ընտանիքները հեռանան: Ես չէի ուզում դուրս գալ …հրամանից հետո մնացի մեկ օր եւս, բայց հետո ես էլ դուրս եկա.. առաջնեկիս էի սպասում, դժվար էր կարեւոր իրերը արագ հավաքելը, ուղղակի դուրս եկա: Հրաչի տեղը շատ կարեւոր դիրքում էր, նրանց օգնության կանչեցին, վաշտի տղաները արագ հասան բարձունք, եւ եթե Հրաչը իր դասակով չհասներ, ապա թշնամին առաջխաղացում կունենար: Հրաչ Գալստյանի առաջնեկը ՙԱնահիտը ծնվել է նրա մահից հետո, այժմ 4 ամսական է աղջնակը: Հրաչը ընկել է քաջի մահով, 2016 թվականի ապրիլի 2-ին:
Շարքային Գեւորգ Գագիկի Վարդանյանը ծնվել է 1996 թվականին Գյումրի քաղաքում: Վեց տարեկան հասակից ընտանիքի հետ ապրել է Ռուսաստանում: Ապրելով եւ սովորելով Ռուսաստանումՙ նախընտրել է ծառայությունն անցնել հայրենիքում: 2014 թ. զորակոչվել է հայկական ազգային բանակ Գյումրիից: Հայրըՙ Գագիկը, պատմում էր. «Սիրած արտահայտություն ուներ` եթե ոչ ես, ապա ո՞վ»: Գեւորգ Վարդանյանը ծառայում էր Թալիշում: Սկզբում մայրըՙ Շահանեն, անհանգստացել է, թե այլ միջավայրում մեծացած իր որդին չի կարող հարմարվել հայաստանյան բանակային կյանքին:Բայց կարճ ժամանակ անց իմացել են, որ Գեւորգը փայլուն է դրսեւորում իրեն: Սկզբում ,երբ հայերեն տառերը չի իմացել, խնդրել է զինվորական երդումն ու զինվորական կանոնադրությունն իր համար ռուսերեն տառերով գրեն… Հայրըՙ Գագիկը պատմում է, որ ռուսական քոլեջում ուսանելու օրերին հանձնարարում են որեւէ խնդրի շուրջ վերլուծություն գրել, եւ նա գրում է Արցախի խնդրի մասին.. Ապրիլյան թեժ մարտերի առաջին օրը զոհվել է իր մտերիմ ընկերը, նա հեռաձայնով զարմիկին խնդրել է, որ նա անպայման գնա մասնակցի ընկերոջ հոգեհանգստին: Գեւորգի ծառայության ավարտին մնում էր 8 ամիս: Ծառայության ողջ ընթացքում ծնողները ապրում էին Ռուսաստանում: Վերջին անգամ ծնողների հետ խոսել է ապրիլի 3-ին, եւ ասել – մամ ջան, մի անհանգստացեք, ամեն ինչ լավ է, առաջ ենք գնում, ազերիները ով են, որ գան մեր հողերին հասնեն: Այս կռիվը մեր երկրի, քույրերի ու մայրերի անվտանգության համար է: Ապրիլյան թեժ մարտերից հետո, ապրիլի 4-ին, Գեւորգին գտել են չեզոք գոտումՙ երկու սպաների հետ նահատակված: Ընկերները պատմել են , որ նա ոչնչից չի վախեցել, մեկ վայրկյան անգամ չի մտածել նահանջելու մասին: Որդու զոհվելուց հետո ընտանիքը վերադարձել է Գյումրի, որտեղից այլեւս չեն պատրաստվում հեռանալ, ապրում են զարմիկի տանըՙ 16 հոգով: Գեւորգի ծնողները ցանկանում են, որ քույրըՙ Կարինեն, իրենց միակ երեխան, Հայաստանում շարունակի իր կրթությունը: Գեւորգ Վարդանյանը հետմահու պարգեւատրվել է ՀՀ եւ ԼՂՀ Արիության շքանշանով :
Շարքային Վիկտոր Ալեքսանդրի Յուզիխովիչը ծնվել է 1997 թվականին Գյումրի քաղաքում: Փոքր հասակից սպորտով էր զբաղվումՙ բռնցքամարտով. ուներ փայլուն հաջողություններ: Միաժամանակ սովորել է Գյումրու տեխնիկական քոլեջում, ուներ էլեկտրոքարշի տեխնիկական շահագործողի որակավորում: Սպորտում նրա հաջողությունները ակնառու էին: Մայրըՙ Աննան, պատմում էր, որ անգամ մարզիչը եկել է իրենց տուն եւ ասել, որ պետք է լրջորեն նախապատրաստվի օլիմպիական խաղերին: Ալեքսանդրը կարող էր չգնալ բանակ, չզորակոչվել, ինչպես շատ մարզիկներ: Տատիկըՙ Քնարիկը, ասում էր, որ Ալեքսանդրը միշտ ձգտում էր պարապել, ուժեղ, քաջ լինել, գնար բանակ ու վերադառնալուց հետո լրջորեն զբաղվել սպորտով… Ծառայությունը իրականացնում էր Թալիշում: Վերջին անգամ լավ ծառայության համար արձակուրդ էին ուղարկել: Հեռախոսի միջից ուրախ ու զիլ էր ձայնը գալիս, ասում էրՙ մեզ մոտ խաղաղ է ծառայությունը… Ալեքսանդր Յուզիխովիչը զոհվել է ապրիլի 2-ին թշնամու դիվերսիոն խմբի հարձական ընթացքում: Դիրքի անձնակազմը ցուցաբերել է աննկուն կամք ու մարտական ոգի, քայլ անգամ չի նահանջել, մարտնչել են եւ արիաբար զոհվել անհավասար մարտում: Հետմահու պարգեւատրվել է ՀՀ եւ ԼՂՀ արիության շքանշանով:
Սերժանտ Վլադիմիր Աշոտի Մելքոնյանը ծնվել է 1996 թվականին Գյումրի քաղաքում: Նրա հայրըՙ Աշոտը, մասնակցել է 1992 թվականի Արցախյան գոյամարտին: Ծանր հիվանդացել է եւ 1994 թվականին, երբ հրադադար հաստատվեց, համաձայնվել է զորացրվել եւ վերադառնալ ընտանիք: Նա անբուժելի հիվանդությունից 1998 թ. մահանում է: Վլադիմիրը իր հորից է ժառանգել ուժեղ կամքը, մարտական ոգին: Մայրըՙ Սվետլանան, պատմում էր – փոքրուց Վլադիմիրը միշտ բակային խաղերիՙ կռիվ-կռիվ խաղերի կազմակերպիչն էր, բակի ընկերների մոտ հպարտորեն ցույց էր տալիս հոր պատերազմի տարիներին վաստակած շքանշանները: Պապըՙ Գառնիկ Ազարյանը, նույնպես ուրախ է թոռանը բանակ ճանապարհել: Վլադիմիրի եղբայրըՙ Սամվելը, նույնպես ծառայել է ազգային բանակում, վերադարձել ու պատրաստվում է ամուսնանալ: Մելքոնյան Վլադիմիրը ծառայում էր Թալիշում, ապրիլյան քառօրյա պատերազմի առաջին զոհերից է. ապրիլի 1-ին, ժամը 12-20-ի սահմաններում, իր ծառայության դիրքում, ըստ նախնական տվյալներիՙ հակառակորդի «Իստիգլալ» տիպի զենքի կրակոցիցՙ աջ ուսի շրջանում ստացել է հրազենային մահացու վերք: Վլադիմիր Մելքոնյանը հետմահու պարգեւատրվել է ՀՀ եւ ԼՂՀ շքանշաններով:
Նկար 1. Յուզիխովիչ Վիկտոր Ալեքսանդրի ընտանիքում` հայրը` Ալեքսանդր, մայրը` Աննան, եղբայրը` Էդգար