ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
Ոչ թե տարածք, այլ հայրենիք
Հայրենիքը սիրում ես ոչ նրա համար, որ այն մեծ է,
այլ նրա համար, որ քոնն է:
Սենեկա
1988 թվականի փետրվարի 25: Մոսկվա: Կրեմլ: Սիլվա Կապուտիկյանի հետ սպասում ենք ընդունելության ԽՄԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար Մ.Ս.Գորբաչովի մոտ: Նախօրեին Սիլվայի հետ պայմանավորվեցինք. նա խոսելու է Ղարաբաղի մասին, իսկ եսՙ հիմնականում Նախիջեւանի, նրա պատմության եւ այն ահավոր փաստերի մասին, որոնք անդրադարձել են հայերի ճակատագրին: Դրանց մասին, ես համոզված էի, Կրեմլում ոչ ոք ոչինչ չգիտեր: Քանզի կրեմլյան զառամյալ ծերունիների համար Նախիջեւանը «Ժողովուրդների բարեկամության» շքանշանի դափնեկիր է, իսկ դա նշանակում է, որ… լենինյան ինտերնացիոնալիզմի հարցում այնտեղ ամեն ինչ կարգին է:
ՄԻ ԽՈՍՔՈՎ, ՀԱՆԴԻՊՄԱՆ ԻՄԱՍՏՆ ՈՒ ԷՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԳՈՒՄ ԷԻՆ ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՃԱԿԱՏԱԳՐԵՐԻՆ, որ բաժին էին ընկել հայկական երկու ինքնավար կազմավորումներինՙ Նախիջեւանին (որպես հանրապետություն) եւ Ղարաբաղին (որպես մարզ): Պատմեցի Գորբաչովին այն մասին, որ «Լիտերատուրնայա գազետա»-ի ծրագրի համաձայնՙ 1978 թվականին երկարատեւ ճամփորդություն եմ կատարել Հայաստանով, Նախիջեւանի ԽԻՀ-ով եւ ԼՂԻՄ-ով: Որից հետո գրել եմ «Օջախ» գիրքը: Պատմեցի, որպեսզի ընդգծեմ, ես, լինելով ԽՍՀՄ քաղաքացի, որպեսզի մուտք գործեի Նախիջեւանի հայկական ինքնավար հանրապետության տարածք, մեկնարկից տասը օր առաջ Հայաստանի ՆԳՆ-ի միջոցով պետք է դիմեի Նախիջեւանի միլիցիային, որպեսզի մուտքի վիզա ստանայի: Եվ դա ԽՍՀՄ-ի տարածքում (?!):
Գորբաչովը սկզբում ինձ չհավատաց: Նա պարզապես պատկերացում չուներ նման, մեղմ ասած, պետական կազուսի մասին: Սակայն հարկ է արժանին մատուցել. նրան մեր հանդիպումից չորս օր (եւ Սումգայիթի հայկական ջարդերիցՙ երեք օր) անց, 1988 թվականի փետրվարի 29-ին, ԽՄԿԿ ԿԿ Քաղբյուրոյի նիստի ժամանակ խոսվեց նաեւ մեր հանդիպման մասին: Այստեղ էր, որ Գորբաչովն ասաց. «Լեռնային Ղարաբաղը հայկական ինքնավարություն է: Նույնիսկ Հայաստան տանող ճանապարհները բարձիթողի վիճակում են: Մշակութային կապը խզված է: Դա արվել է գիտակցաբար (!-Զ.Բ.): Թուրքական հեռուստատեսության հաղորդումները ընդունվում են Լեռնային Ղարաբաղում, իսկ հայկականըՙ ոչ»:
Այդ բառերից հետո նա անցավ Նախիջեւանի թեմային (հավանաբար լավատեղյակ աշխատակիցների հետ ճշտել էր Սիլվայի հետ տված մեր տվյալները): «Ես հարցրեցի Վիկտոր Միխայլովիչին (ԽՍՀՄ ԿԳԲ նախագահ Չեբրիկովին-Զ.Բ.)ՙ դու ի՞նչ ես արել այնտեղ սահմանային գծի հետ: Նա ինձ ասաց, որ Նախիջեւանը, որը հարակից է Թուրքիայի սահմանին, գտնվում է սահմանապահների հսկողության տակ: Կա սեփական սահմանաշերտ, որտեղ տեղակայված են ուղեկալները: Իսկ սահմանային գոտու ողջ խորությունը (այսինքնՙ Նախիջեւանի Ինքնավար հանրապետության ողջ տարածքը, այն էՙ հինգուկես հազար քառակուսի կիլոմետր-Զ.Բ.) որոշում են տեղական, տվյալ դեպքում հանրապետական մարմինները (այսինքնՙ բացառապես ադրբեջանական-Զ.Բ.): Եվ ի՞նչ որոշում էր ընդունվել նրանց կողմից: Ողջ Նախիջեւանը համարել սահմանային գոտի: Ազատ մուտքն այնտեղ արգելվեց: Բայց չէ՞ որ այնտեղ թաղված էին հայոց ցեղասպանության զոհեր, այնտեղ կային գերեզմաններ: Այնտեղ կային 900 հուշարձաններ, որոնցից մնաց միայն մեկը: Եվ վերջ: Ոչ մեկին չեն թողնում այնտեղ, պատճառաբանելով, թե դա սահմանային գոտի է»:
Առաջ անցնելով հավելեմ. նույնիսկ ԽՄԿԿ ԿԿ Քաղբյուրոյի վերը հիշատակված նիստում Միխայիլ Գորբաչովի ելույթից հետո այդ առումով ոչինչ չփոխվեց: Իսկ սկսվել էր այդ անհավանական իրավիճակը 1924 թվականին:
ՔԱՂԲՅՈՒՐՈՅՈՒՄ, ԲՆԱԿԱՆԱԲԱՐ, ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՂԱՎ ՆԱԵՎ «ՍՈՒՄԳԱՅԻԹԻ» ՄԱՍԻՆ: Գորբաչովը դեռեւս նիստն սկսվելուց առաջ հասցրել էր տեղեկանալ այդ մղձավանջին, հետո բոլորի ներկայությամբ դիմեց ԽՍՀՄ պաշտպանության նախարար Դ.Յազովին.
– Պատմիր, Դմիտրի Տիմոֆեեւիչ, ինչպե՞ս են սպանում Սումգայիթում:
– Երկու կանանց կրծքերը կտրեցին: Մեկի գլուխն են հատել, իսկ աղջկան մաշկահան են արել: Ահա այդպիսի գազանություն: Որոշ կուրսանտներ, նման բան տեսնելով, ուշաթափ ընկնում էին…
Թվում էր, թե այդ ամենից հետո Գորբաչովն ամեն ինչ պետք է անի, որպեսզի հրեշավոր հանցագործությունների կազմակերպիչներն ու կատարողները խստորեն պատժվեն: ԽՍՀՄ տասը քաղաքներում դատավարություններ անցկացվեցին Սումգայիթում հայերի ցեղասպանության գործով: Սակայն իր համաժողովրդական կաղապարված-կոմունիստական ելույթում Գորբաչովը ադրբեջանական ղեկավարությանը մեղադրեց լոկ «Սումգայիթում ստեղծված էկոլոգիական վատ իրավիճակի» մեջ, որտեղ, պարզվում է, կան «խուլիգանական շատ տարրեր»: Դրանից հետո խորհրդային բոլոր դատարանները լռեցին: Եվ շուտով «սումգայիթի» անպատժելիությունը ծնեց նոր չարիքՙ հայերի ցեղասպանություններ Բաքվում եւ ադրբեջանական այլ քաղաքներում, որտեղ դարեր ի վեր ապրել էին հայերը: Իսկ Նախիջեւանից այդ ժամանակ արդեն արտաքսում էին վերջին մի քանի հազար հայ ընտանիքներին:
…Գերագույն Խորհրդի նստաշրջանում ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորները Ղարաբաղի, Նախիջեւանի, Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի, Շուշիի հետ կապված բոլոր հարցերը քննարկեցին միայն փակ դռների հետեւում, առանց լրագրողների: Բացառություն կազմեցին միայն համագումարները: Եվ արդեն առաջին համագումարում ես ելույթ ունեցա, առաջարկելով ուղղել անհեթեթությունը, որը կայանում էր նրանում, որ ԽՍՀՄ-ում երեսունութ ինքնավար կազմավորումներից միայն երկու հայկականըՙ Նախիջեւանը եւ Ղարաբաղը կրում են ոչ թե ազգային հատկանիշով անվանումներ, ինչպես դա պահանջում է սահմանադրությունը, այլ աշխարհագրական: Հարյուրավոր պատգամավորներ սատարեցին իմ լիովին տրամաբանական առաջարկը: Ապարդյուն: Միայն տարիներ անց իմ կողմից անչափ հարգված Եվգենի Պրիմակովը, որը որպես ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահ հաճախ էր իր աշխատասենյակում ընդունում ղարաբաղյան պատվիրակներին, ասաց, որ Ղարաբաղի եւ Նախիջեւանի տրամաբանական անվանումների հարցը քննարկելու ժամանակ Գորբաչովը պատասխանել է. «Տրամաբանությունըՙ տրամաբանություն, իսկ գլխացավանքից չես ազատվի»:
…1990 թվականի սեպտեմբերին ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը եւ ես (որպես ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորներ) Մոսկվայում ընդունեցինք Նախիջեւանի մեր հայրենակիցների մի մեծ խմբի: Դրանք, ըստ էության, «վերջին մոհիկան»-հայերն էին, զրկված հայրենիքից: Նրանք պատմեցին այն մասին, թե ինչպիսի անթաքույց լկտիությամբ, չվախենալով պատժվելուց, այնտեղ ջարդում էին, ավերում, նույնիսկ պայթեցնում ամեն հայկականը: Խոսքը ոչ միայն Ջուղայի շիրմաքար-խաչքարերի, այլեւ այն մասին էր, որ բոլոր գյուղերն ու քաղաքները դադարել էին հայկական լինելուց: Ժամանակի հետ, ինչպես սրտի ցավից շնչակտուր պատմում էին մեր բոլոր հյուրերը, վիճակն ավելի վատացավ, քանզի ադրբեջանցիները շարունակում էին սպանել հայերին միայն այն պատճառով, որ նրանք հայեր էին, ավերել հայկական մշակույթի գլուխգործոցները արդեն ոչ թե գիշերով, այլ օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ: Դա իսկական ցեղասպանություն էր: Եվ Վիկտոր Համբարձումյանը անդադար խոսում էր նախիջեւանցիների հետ հանդիպման մասին ու անդադար կրկնում. «Նախիջեւանում ցեղասպանություն է, իսկ մենք հանցավոր լռություն ենք պահպանում»:
ԹԵԵՎ ՉԷԻՆՔ ԼՌՈՒՄ: ԽՈՍՈՒՄ ԷԻՆՔ: ԳՐՈՒՄ: ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՆՈՒՄ: ՈՒՂԱՐԿՈՒՄ ԷԻՆՔ պաշտոնական դիմումներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Ֆրեդերիկո Մայորինՙ համառորեն պահանջելով ստեղծել միջազգային հանձնաժողով, փրկելու համար Նախիջեւանի հնագույն հայկական պատմական եւ մշակութային հուշարձանները, այդ թվում (առաջին հերթին) համաշխարհային քրիստոնեական տաճարաշինության իսկական գլուխգործոցները: Եվ, իհարկե, խորապես գիտակցում էինք, որ պետք է պահանջենք ու գործենք ողջ ժողովրդով, ողջ Հայաստանով, ողջ աշխարհով: Քանզի խոսքն իրոք ցեղասպանության մասին էր:
…Եվ ահա արդեն 1998 թվականի հունվարի 28-ին նախագահ Հ.Ալիեւը ոչ թե մի ինչ-որ միտինգում, այլ Սահմանադրական հանձնաժողովի նիստի ժամանակ, ոչ թե ադրբեջաներեն, այլ հատուկ տեքստը բազմաձայնելու նպատակովՙ ռուսերենով, ելույթ ունեցավ լկտի հայտարարությամբ (դատելով ըստ ամենայնի, տեքստը չէր խմբագրվել). «Նախիջեւանի շրջակա հողերը նույնպես ադրբեջանական հողեր էին, բայց, չնայած դրան, այնտեղ ապրում էին հայերը: Ճիշտ այնպես, ինչպես նրանք զավթել էին այլ հողեր, օրինակ, որոշ հողեր ներկայիս Թուրքիայի տարածքում կամ ադրբեջանական հողերՙ Զանգեզուրի երկրամասը, որը Նախիջեւանը բաժանում է Ադրբեջանից: Եթե մենք այն ժամանակ վերցնեինք Զանգեզուրը, ապա, գուցեեւ Նախիջեւանին պետք չէր լինի ինքնավարություն…»: Հ.Ալիեւը չհապաղեց խոսել եւ ադրբեջանական այնպիսի «կորուստների» մասին, ինչպիսիք էին «Գաֆանի (Կապանի-Զ.Բ.) եւ Մեղրիի շրջանները, եւ նույնիսկ Էրիվանը (Երեւան)»: Ընդգծում եմ, որ այդ ամենը տեղի էր ունենում այն ժամանակ, երբ արդեն գործում էր Ղարաբաղյան կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խումբը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի խուլ լռությունը, մեր աններելի պասիվությունը թույլ տվեցին արդեն Ալիեւ կրտսերին լիովին ավերել Ջուղայի վերջին երեք հազար խաչքար-գլուխգործոցները, որոնք փշրվեցին եւ երկաթուղով հեռացվեցին բաց վագոններով: Եվ այս անգամ էլ լռեց ՄԱԿ-ի հիմնական կառույցներից մեկըՙ ՅՈՒՆԵՍԿՕ-ն: Չկան գլուխգործոցներըՙ չկան խնդիրնե՞ր: Շատ է թուրքավարի: Բայց եթե նույնիսկ հայերի հարազատ հողում չմնա ոչ մի հայ, ոչ մի տաճար, ոչ մի խաչքար, դա դեռեւս չի նշանակում, թե Նախիջեւանը հայկական չէ: Քանզի խոսքը հողի մասին չէ, տարածքի մասին չէ, այլ Հայրենիքի՛:
…Խորհրդային ողջ ժամանակահատվածում Նախիջեւանի բնիկ հայ բնակչության համար մշտապես ու կանխամտածված ստեղծվում էին կյանքի անտանելի պայմաններ: Հայ բնակչությունը զրկված էր շփումներից իր հայաստանյան ազգականների հետ, ինչը շատ ընտանիքների ստիպում էր տեղափոխվել Հայկական ԽՍՀ եւ ԽՍՀՄ այլ հանրապետություններ: Բայց չէ՞ որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Համաձայնագրի երկրորդ հոդվածում հենց այդպես էլ գրված է, որ «ցեղասպանության տակ հասկացվում է մի որեւէ խումբ անձանց համար կանխամտածված կերպով այնպիսի անտանելի կենսական պայմանների ստեղծումը, որոնք հաշվարկված են լիակատար կամ մասնակի ֆիզիկական ոչնչացման նպատակով»:
ԱՀԱ ՈՒՐԵՄՆ, ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՔՆԱՎԱՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ կանխամտածված կերպով մնաց առանց հայերի եւ ամեն հայկականիՙ լեզվի, ավանդույթների, ազգային տոների, պատմական հուշարձանների… Եվ աշխարհը լռում էր: Գուցե դա՞ էր պատճառը, որ Ալիեւ ավագը լկտիաբար խոստովանում էր. «Նախիջեւանի ինքնավարությունը չափազանց լուրջ գործոն է, որը կարող է օգնել կորցրած մյուս հողերի (?-Զ.Բ.) վերադարձման հարցի լուծմանը, ծառայել այդ նպատակին: Նախիջեւանի ինքնավարությունը պատմական իրադարձություն է Թուրքիայի հետ Նախիջեւանի եւ Ադրբեջանի սահմանի ստեղծման տեսանկյունից»:
Հենց այստեղ էլ թաղված է շան գլուխը: Իսկ մենք այսօր Նախիջեւանի հայ ժողովրդի ցեղասպանության հարցով համամոլորակային մակարդակով զբաղվելու փոխարեն թույլ ենք տալիս պատմականՀայաստանի մաս կազմողՙ Ղարաբաղի ազատագրված հատվածները համարել «վիճելի», այդպիսով դրանք վերածելով սակարկման առարկայի: Այնինչ մեծ արյան գնով ազատագրված անխտիր բոլոր հայկական տարածքները մինչեւ Հոկտեմբերյան հեղափոխությունն ընդգրկված էին, կրկնում եմ, պատմական Հայաստանի կազմում: Իսկ ինչ վերաբերում է Նախիջեւանին, ապա առաջարկում եմ կարդալ Ֆ.Ա.Բրոկհաուզի եւ Ի.Ե.Եֆրոնի հեղինակավոր հանրագիտարանը. «Նախիջեւան – հին հայերի մոտ Նաքսուանա, քաղաք Էրիվանի գավառում, Ղարաբաղյան բարձունքների նախալեռներում»: Դե տեսեք, թե աշխարհագրական որ գոտուն է հասնում Լեռնային Ղարաբաղ պատմական հասկացությունը:
Գյուլիստանի եւ Թուրքմենչայի պայմանագրերի ստորագրումից հետո գրեթե ողջ Արեւեւելյան Հայաստանը մտավ Ռուսական կայսրության կազմ: Այնպես որ, բոլոր խոսակցություններն Ադրբեջանի մասինՙ որպես այդպիսին, կարող են լինել միայն Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո: Դա Լենինի եւ Ստալինի նվերն էր Աթաթուրքին, որն, ի դեպ, տարիներ անց անկեղծորեն խոստովանեց. «Մենք արագացրեցինք կապի հաստատումը բոլշեւիկների հետ, հուսալով, որ հաջողության դեպքում կոչնչացնենք հայկական պետությունը, որը թարախաբշտիկ է մեր երկրի մարմնին»: Մեզանից շատե՞րն արդյոք գիտեն այսօր այդ մասին:
Ս.Ն.Յուժակովի 22 հատորանոց հանրագիտարանի առաջին հատորում (1904 թվականի) «Ադրբեջան» բառը գրված է ոչ այնտեղ, որտեղ ժամանակակից հանրագիտական հրատարակություններում նշված է Ադրբեջանի հանրապետությունը: Պարսկաստանի հյուսիսային մասում կան մի քանի պատմական նահանգներ: Դրանցից մեկն է (մեջբերում եմ). «Ադերբայջանը, որտեղ ապրում են քոչվորական կենսակերպ վարող թուրքեր եւ քրդեր»: Ըստ որում քրդերը ցածրադիր վայրերում զբաղվում են հողագործությամբ, իսկ այ թուրքերը (ադերբեջանցիները) միայն «քոչվորներ» են:
Ադրբեջանի ներկայիս տարածքում իրենց հազարավոր քրիստոնեական տաճարներով ու եկեղեցիներով ապրող հայերի հետ մեկտեղ ապրում էին նաեւ մահմեդական ազգություններՙ լեզգիներ, թալիշներ, քրդեր, թաթեր, բուդուխներ, խրիզներ, խինալուգներ, թուրքեր, որոնք էլ մեծամասամբ ապագա ադրբեջանցիներն էին: Դա անվիճելի փաստ է: Ինչ վերաբերում է ադրբեջանական «թվաբանությանը», ապա, ինչպես գրել է քուրդ գիտնական Շաքրո Մգոնը, «ազգային պատկանելությունը Ադրբեջանի ղեկավարությունը գիտակցաբար փոխարինել եւ փոխարինում է կրոնականով»: Այլ կերպ ասած, Ադրբեջանը բնակեցնող մահմեդական ազգերի բոլոր ներկայացուցիչներին արհեստականորեն վերափոխում են ադրբեջանցիների, որոնց, կրկնում եմ, դեռ ոչ վաղուց անվանում էին «թուրքեր»: Լենինը նրանց անվանում էր «կովկասյան թաթարներ», Բրոքհաուզի եւ Եֆրոնի հանրագիտարանըՙ «ադերբեջանյան թաթարներ» կամ, նույն տեղումՙ «շիա մահմեդականներ»:
…ՈՐՊԵՍԶԻ ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՆ ԳԼՈՒԽ ՀԱՆԻ Նախիջեւանի հայերի ցեղասպանության հարցից, պետք է լավ պատկերացնի, թե ինչ կատարվեց Ղարաբաղի հետ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո: ԽՍՀՄ-ի փլուզումը, բնականաբար, Ադրբեջանին հնարավորություն տվեց վերջնականապես ավերել համառ Ղարաբաղը: Ըստ էության, Բաքուն սկսեց չհայտարարված պատերազմ: Բայց մեծ կորուստների գնով մենք ազատագրեցինք հայրենիքի որոշ (ոչ բոլոր) մասեր, որոնք դեռ Հոկտեմբերյան հեղափոխությունից առաջ միացյալ Հայաստանի մասերն էին, որի մեջ, բնականաբար, մտնում էր ապագա ԼՂԻՄ-ըՙ խրթին սահմանագծերով: Ադրբեջանական քարտեզագիրները մշտապես սեղմում էին Ղարաբաղի քարտեզը: Իսկ փոխվում էր ոչ միայն քարտեզը: Հերոսաբար ազատագրված շրջաններումՙ Լաչինում, Քարվաճառում, Կուբաթլուում, Զանգելանում, Ջեբրայիլում, Ֆիզուլիում, Աղդամում ընդամենը հետքեր էին մնացել պատմական Հայաստանից: Նույն պատկերն էր Ելիզավետպոլի նահանգի, պատմական Գարդմանքի, Գյուլիստանի երկրամասի (Շահումյանի շրջան, լեգենդար Գետաշենի, Մարտունաշենի ահռելի տարածքներում, մարշալներ Բաղրամյանի եւ Բաբաջանյանի կախարդական գյուղ Չարդախլուում, որտեղ ընդհանուր հաշվով կային մոտ ութ հարյուր տաճարներ, եկեղեցիներ, մատուռներ, հարյուրավոր ու հարյուրավոր գերեզմանոցներՙ իրենց հազարավոր ու հազարավոր խաչքարերով: Եվ այդ ամենից հետո այսօր պահանջում են «ազատագրել» հայկական պատմական յոթ շրջանները, որոնք մինչեւ խորհրդային իշխանությունը մեկ ամբողջություն էին կազմում: Մասնատումն ու վերածումը շրջանների իրագործվեց հետո, Ստալինի օրոք: Այնպես որ, ողբերգությունը Արեւելյան Հայաստան եկավ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո: Իսկ չէ՞ որ, ի դեպ, նույնպիսի ողբերգության մասին գրել է Ռուսաստանի նախագահ Վ.Վ.Պուտինը. «Հեղափոխությունից հետո բոլշեւիկները զանազան նկատառումներով, թող Աստված նրանց դատավոր լինի, Ուկրաինայի միութենական հանրապետության կազմում ներառեցին Ռուսաստանի պատմական հարավի նշանակալից տարածքներ: Դա արվեց առանց հաշվի առնելու բնակչության ազգային կազմը»:
Ինչ վերաբերում է ԼՂԻՄ-ին, ապա դեռեւս 1930 թվականին Հայ եկեղեցու Արցախյան թեմի առաջնորդ Վրթանես սրբազանը նամակատարի միջոցով ս. Էջմիածին ուղարկեց հեռագիր. «Մեզ սկզբում ասացին, թե համաձայն պետական աթեիզմի ծրագրիՙ քանդելու են միայն յուրաքանչյուր երկրորդ եկեղեցին: Բայց ավերեցին համարյա բոլորը: Շնորհիվ Ղարաբաղի ղեկավարների համառ խնդրանքի, պահպանեցին ընդամենը մի քանի կիսաքանդ տաճարներ, որոնց մեջ են Ամարասըՙ IV դար, Դադիվանքըՙ IX դար, Գանձասարըՙ XII դար, Շուշիի Սուրբ Փրկիչըՙ XIX դար: Այսպիսով, ոչնչացվել են 112 եկեղեցիներ եւ 17 տաճարներ»:
Նշեմ, որ Ղարաբաղի ազատագրման առաջին իսկ օրերից (1994թ.) Հայ Առաքելական Եկեղեցու Արցախյան թեմի առաջնորդ Պարգեւ արք. Մարտիրոսյանիՙ Արցախի Հերոսի ջանքերով հայրենիքի ազատագրված մասի ողջ տարածքում արդեն վերականգնվել է ավելի քան յոթանասուն եկեղեցի: Դրանց վերածնունդը շարունակվում է եւ այսօր:
Եվ այնուամենայնիվ Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարությունը (ես առաջին տեղում նշում եմ Թուրքիան, քանզի Մոսկվայում եւ Կարսում բոլոր փաստաթղթերը ստորագրվել են բացառապես թուրքերի կողմից), պղծելով հայոց պատմությունը, հայերի հայրենիքի ազատագրված մասն անվանում են «օկուպացված տարածք»: Նմանատիպ համատեքստով Ռուսաստանի նախագահ Վ.Վ.Պուտինը դեռեւս 2006 թվականին կարեւորագույն հարց բարձրացրեց գործուն կերպով «պատմական ճշմարտությունը պաշտպանելու» անհրաժեշտության մասին: Եվ Ռուսաստանն անցավ գործողությունների: Բարձր մակարդակով ստեղծվեց հատուկ հանձնաժողովՙ հակազդելու համար «պատմությունն ի վնաս Ռուսաստանի վերարտագրելու ավելի ու ավելի ագրեսիվ փորձերին»: Իսկ չէ՞ որ ճիշտ նույնպիսի խնդիր է կանգնած նաեւ Հայաստանի առջեւ:
ՊԱՏԱՀԱԿԱ՞Ն Է ԱՐԴՅՈՔ, ՈՐ ՄԻԱՅՆ ՀԱՆՈՒՆ նրա, որպեսզի պատմության մեջ խցկի «Ադրբեջան» բառը, Ալիեւ ավագը դեռ 1998 թվականին օրենսդրորեն ադրբեջանցիների… ցեղասպանության համար ամրագրեց հատուկ ամսաթիվՙ 1918 թվականի մարտի 31-ը, երբ դեռեւս չէր կազմավորվել այդ միութենական (խորհրդային) հանրապետությունը: Ըստ Ալիեւի, պարզվում է, բոլշեւիկները Վլադիմիր Լենինի եւ Բաքվի Ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Ստեփան Շահումյանի գլխավորությամբ (անհեթեթ ստի համար հայ էր հարկավոր) «1918 թվականի մարտին իրագործել են ցեղասպանություն, ընդհանուր առմամբ ոչնչացնելով հինգ հարյուր հազար ադրբեջանցիների»: Իսկ այ Կրեմլում Լենինի թանգարանային բնակարանի պատին կախված է Անդրկովկասի մեծ քարտեզ (անձամբ եմ տեսել), որտեղ Ադրբեջան չկա: Միայն Հայաստան եւ Վրաստան: Մինչդեռ որ այսօր ողջ ադրբեջանական ժողովուրդը, մանավանդ երիտասարդ սերունդը, հավատում է Ադրբեջանում իբր 1918 թվականի ցեղասպանության մասին այդ ողջ բարբաջանքին:
Իրականում հենց 1918 թվականի սկզբին Ելիզավետպոլ եւ Շամխոր կայարանների մոտակայքում տեղի ունեցավ 2000 զինվորների ահասարսուռ կոտորած (եւ փաստորեն ցեղասպանություն) միայն այն պատճառով, որ նրանք ռուսներ էին: Խորհրդային ժամանակներում այդ մասին գրելն արգելված էր: Այն օրերին ռուսների ջարդերը շարունակվել էին նաեւ Աղստաֆա, Դալլար, Եվլախ, Խաչմաս կայարաններում: Ռուսական ջարդերի անմիջական ղեկավարներն էին կովկասյան թաթարների մահմեդական ազգային խորհրդի անդամներ Ա.Զիյատխանովը, Ա.Սոֆիկյուրսկին, Լ.Մագալովը, Մ.Ռուստամբեկովը (վերջինս, ի դեպ, հայկական ջարդերի կազմակերպիչն էր Նուխի, Արիշ եւ այլ շրջաններում): Ահա թե իրականում ինչ է կատարվել 1918 թվականին: Եվ այդ ամենից հետո Ռուսաստանի խոշոր պաշտոնյաներից մեկը, գտնվելով Բաքվում, հանդիսավորապես հայտարարեց Ռուսաստանի եւ Ադրբեջանի մի ինչ-որ բազմադարյան բարեկամության մասին: Բարեկամությունՙ ասենք թե, բայց այ «բազմադարյան»ՙ պատմական անհեթեթությո՛ւն է:
…Ես հարգանքով եմ վերաբերվում Ղարաբաղյան կարգավորման գծով Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին: Սակայն չեմ կարողանում հասկանալ, թե ինչու հենց որ Ադրբեջանը, խախտելով 1994 եւ 1995 թվականների հրադադարի մասին համաձայնագրերը, հերթական անգամ բարբարոսական արկածախնդրություն կազմակերպեց 2016 թվականի ապրիլի 2-ի գիշերը, համանախագահ պետությունների նախագահներն ու արտգործնախարարները մտադրվեցին հնարավորինս ակտիվորեն արագացնել խնդրի լուծումը: Փոխանակՙ առաջին հերթին պատժեին բարբարոսներին եւ սադրիչներին: Չէ՞ որ ապրիլյան առավոտվա սարսափները նորություն չէին: Բիշկեկյան համաձայնություններից հետո առաջին իսկ օրերից, առանց բացառության բոլոր 22 տարիների ընթացքում, ադրբեջանցիները գնդակոծել են նույնիսկ հրթիռներով ոչ միայն ղարաբաղյան գյուղերն ու ավանները, այլեւ ՄԱԿ-ի անդամ հանդիսացող Հայաստանի Հանրապետության բնակավայրերը: Եվ այդ ամբողջ ընթացքում աշխարհը լռում էր:
2004 ԹՎԱԿԱՆԻՆ ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՍՊԱՆ ԳԻՇԵՐԸ կացնով կտրեց քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանի գլուխը միայն այն պատճառով, որ նա հայ էր: Թվում էր, ո՞րը կարող է ամենասարսափելին լինել բոլոր հանցագործություններից: Եվ Բուդապեշտի դատարանը վճիռ կայացրեցՙ «ցմահ»: Մի քանի տարի անց Ադրբեջանի նախագահը այդ գլխակերին դուրս կորզեց (ոչ հանուն գեղեցիկ աչքերի): Բայց դա քիչ էր: Գլխակերը (բառացի իմաստով) ոչ միայն ազատ արձակվեց, այլեւ հանդիսավոր պայմաններում ծաղիկներով ընդունվեց ուրախ տոնի ժամանակ, որ կազմակերպել էր ինքըՙ Ադրբեջանի նախագահը: Ողջ աշխարհի աչքի առաջ բարբարոսը բարձրացվեց ոչ միայն պարզապես հերոսի, այլեւ երիտասարդության համար ընդօրինակման տիպարի աստիճանի: Այդպես էլ ստացվեց:
2016 թվականի այն ապրիլյան արյունոտ օրերին գտնվեց մի ադրբեջանցի զինծառայող, որը, այսպես ասած, ավելի հեռուն գնաց իր «բուդապեշտյան» ուսուցչից: Նա ոչ միայն պարզապես կտրեց հայկական զինվորիՙ ազգությամբ եզդի 20-ամյա Քյարամ Սլոյանի գլուխը: Դժվար է պատկերացնել, որ մեր դարում զինվորական համազգեստով մարդը, ԻԼԻՊ-ի տականքների նման, ձեռքերում բռնած տանի կտրած գլուխ (թող ների ընթերցողն ինձ հարկադրված նատուրալիզմի համար) եւ ցուցադրի այն ամբոխի ծաղրալի վայնասունի տակ: Ցինիզմը կրկնվեց. այն նույն մարդը, Ադրբեջանի նախագահը, դարձյալ հանդիսավոր պայմաններում, դեմքին ժպիտ խաղացնելով ոճրագործին է հանձնում Ադրբեջանի բարձրագույն շքանշանը: Այդ հրեշավոր ցինիզմը ցուցադրեցին ադրբեջանական հեռուստատեսությամբ:
Իսկ աշխարհը շարունակում է լռել: Իսկ համանախագահ երկրների նախագահներն ու արտգործնախարարները, անտեսելով այդ ամբողջ մղձավանջը, հանկարծ հենց հիմա գալիս են այն եզրակացության, որ պետք է որքան կարելի է արագ լուծել Արցախի խնդիրը, հիմնվելով 1994-95 թվականների փաստաթղթերի վրա: Իսկ չէ՞ որ լավ հայտնի է, թե այն ժամանակ ինչ էր կատարվում Ղարաբաղում եւ նրա շուրջ. ով սկսեց եւ ինչպես ավարտվեց պատերազմը 1994 թվականին: Ինչպես հայտնի է, այն ժամանակ հաղթական Հայոց բանակը պետք է վերադարձներ (ի դեպ, առանց արյունահեղության) ադրբեջանցիների զավթած հայկական Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ գյուղերը, Շահումյանի շրջանի տասնմեկ գյուղեր, լեգենդար Գետաշենը, Մարտունաշենը եւ շատ ուրիշներ, որոնց բաժին էր ընկել Նախիջեւանի ողբերգական ճակատագիրը: Բայց վերեւից ինչ-որ մեկը կասեցրեց մեր հայրենիքի մասերն ու մեր հայրենակիցներին փրկելու փորձը:
Այդ պատճառով ես խորապես համոզված եմՙ բանակցությունների սեղանի շուրջ պետք է նստել միայն այն ժամանակ, երբ կոնկրետ կիմանանք, թե ինչով են պսակվելու իրողություններն այն բանից հետո, հենց որ թանաքը չորանա թղթի վրա: Քանզի կասկածներ չի հարուցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմավորման օրինականությունըՙ ազատագրված հայկական պատմական շրջանների հետ միասին:
…Հայ եւ ամերիկյան մեծ գրող Վիլյամ Սարոյանը, որի հետ երջանկություն եմ ունեցել երկարատեւ ճամփորդություններ կատարել Հայաստանով, Ռուսաստանով եւ Մերձբալթիկայով, մի անգամ իր սիրելի հայտնի գրող Հրանտ Մաթեւոսյանի ներկայությամբ ասաց. «Ես ծնվել եմ Ֆրեզնոյում: Եվ մանկուց մտածում էի, թե Ամերիկան իմ հայրենիքն է: Բայց, երբ արդեն հասուն գրող լինելով այցելեցի իմ ծնողների եւ նախնիների տունը Բիթլիսում, ես հասկացա, որ իմ հայրենիքը Բիթլիսն է, որտեղ հիմա ապրում են թուրքերը: Այդ ժամանակից ի վեր ես ուրիշ մարդ դարձա: Ես համաձայն եմ Գյոթեի հետ, որը գտնում էր, որ «լուսավորյալ ժողովուրդների իսկական արիությունը կայանում է հանուն հայրենիքի ինքնազոհաբերման գնալու պատրաստակամության մեջ»: Նույնն էլ կատարվում է իմ բոլոր հայրենակիցների հետ, որոնք ցրված են բոլոր հինգ մայրցամաքներով»:
…Կես դարի ընթացքում ինձ վիճակվեց այցելել գրեթե բոլոր հայկական համայնքները բոլոր հինգ մայրցամաքներում: Եվ ամենուր համոզվեցի, որ, իրոք, չկա ավելի վեհ հիվանդություն, քան հայրենիքի կարոտը: Հիվանդությունն այդ քրոնիկական է: Հայերը դրանից հավանաբար երբեք չեն ազատվելու: Սակայն դա չի նշանակում, թե խոսքը պատմական հայրենիքի կորստի հետ հաշտվելու մասին է: Ես խորապես համոզված եմ, որ մեր ժողովուրդը պարզապես իրավունք չունի գերի տրվել «կատարված փաստի ֆենոմենին»: Իբրՙ արդեն ուշ է, իբրՙ գնացքը մեկնել է, իբրՙ գործելն անօգուտ է:
Ընդհակառակը: Միայն գործե՛լ: Ժամանակն է, որ մենք գիտենանք եւ պատմենք աշխարհին, որ չկա Ղարաբաղի խնդիր: Կա Ադրբեջանի խնդիր, որն իրականացրեց Նախիջեւանի բնիկ հայերի հրեշավոր ցեղասպանություն: Իսկական ապարտեիդը ոչ միայն քաղաքական, սոցիալ-տնտեսական, քաղաքացիական իրավունքներից, այլեւ ազգային պատկանելությունից զրկելն է եւ նույնիսկ տարածքային մեկուսացումը: Մարդկության դեմ կատարված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին Համաձայնագրի առաջին հոդվածը սկսվում է բարձրահունչ տողով. «Վաղեմության ոչ մի ժամկետ չի կիրառվում (ցեղասպանական) հանցագործությունների նկատմամբ, անկախ դրանց կատարման ժամանակից»: Այստեղ կարեւոր է այն, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Համաձայնագրի տրամաբանորեն ստուգված բազմաթիվ դրույթները բոլորովին «չեն նախատեսում բացառություն որեւէ դեպքում»: Իսկ դա նշանակում է, որ համաձայն Ցեղասպանության հանցագործության կանխման եւ դրա համար պատժվելու մասին համաձայնագրի VIII եւ IX հոդվածների, Հայաստանը ի դեմս Ազգային ժողովի իրավունք ունի ըստ ՄԱԿ-ի կանոնադրության դիմել Միավորված Ազգերի Կազմակերպություն օրինական պահանջովՙ ձեռնարկել «բոլոր անհրաժեշտ միջոցները»: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ համաձայն նշված IX հոդվածիՙ «նյութերը նույնպես հանձնվում են Միջազգային դատարանի քննությանը»: Հարկ է ընդգծել եւ այն, որ Նախիջեւանի դեպքում «պատժելի են ցեղասպանության փորձին ուղղված գործողությունները եւ մասնակցությունը ցեղասպանությանը»:
Այսպիսով, Նախիջեւանում ցեղասպանությունն իրագործվեց Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո եկած բոլոր սերունդների աչքի առաջ: Նախիջեւանյան վերջին մի քանի հազար հայերը արտաքսվեցին 1991 թվականին: Իսկ վերջին հազարավոր սրբազան խաչքարերը փշուրների վերածվեցին եւ դուրս բերվեցին բաց վագոններով արդեն երրորդ հազարամյակի սկզբին: Կրկնում եմ, խաչքարերը ոչ միայն փոքր ճարտարապետության գլուխգործոցներ են, այլեւ առաջին հերթինՙ շիրմաքարեր, որոնց տակ ննջում են հայերի նախնիների աճյունները: Հանճարներ Կոմիտասի, Արամ Խաչատրյանի եւ բազմահազար տաղանդաշատ նախիջեւանցիների նախնիների: Կարծում եմ, քչերն են տեղյակ, որ հայերի համար այդ սրբազան վայրում բարբարոսներն արդեն հիմա ստեղծել են ռազմական գոտի, մարտական հրաձգարան:
Մնում է չլռել: Ձա՛յն բարձրացնել: Գործե՛լ:
Հ.Գ. – Ես արդեն ոտք եմ դրել իմ կյանքի իններորդ տասնամյակ: 1937 թվականին զրկվել եմ հորիցս, որը Լեռնային Ղարաբաղի լուսավորության ժողկոմն էր եւ դատապարտվեց որպես «ժողովրդի թշնամի»: Ինձ մեծացրել է պապս, որը պատերազմի առաջին երկու տարիներին կորցրեց երեք զավակներին: Չորս տարի ծառայել եմ Բալթիական նավատորմում: Ավարտել եմ Ռյազանի բժշկական ինստիտուտը: Տասը տարի որպես բժիշկ եմ աշխատել Կամչատկայում: ԽՍՀՄ առողջապահության նախարարի կողմից պարգեւատրվել եմ Առողջապահության գերազանցիկի մեդալով: Քառասուն տարի աշխատել եմ որպես Հայաստանում «Լիտերատուրնայա գազետա» թերթի սեփական թղթակից: Գրել եմ մոտ ութսուն գիրք: Եվ դրանցից գլխավորներն եմ համարում «Դժոխք եւ դրախտ»-ըՙ Ղարաբաղյան պատերազմի մասին, եւ «Հաղթելով մահին»ՙ ԳՈՒԼԱԳ-ում ծնողներիս ողբերգական ճակատագրի մասին: Եղել եմ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր եւ համագումարներում ու նստաշրջաններում իմ բոլոր ելույթները վերաբերվել են բացառապես Նախիջեւանի եւ Ղարաբաղի ճակատագրին:
ԳՈՐԾԻ ԻՄԱՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏՔ Է ԱՍԵՄ, ՈՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՎԱՐՏԻՑ եւ Բիշկեկյան այսպես կոչված խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո երեք անգամ փոխվել են նախագահները համանախագահ երկրներում: Եվ, իհարկե, որքան էլ մանրազնին նրանք ուսումնասիրած լինեն հարցը, շատ բաների, գլխավորի, մանրամասների մասին կարող են չիմանալ: Իսկ նրանց համար, ովքեր տիրապետում են տեղեկատվության ողջ ծավալին, միանշանակ է. միայն այն բանից հետո, երբ Նախիջեւանում ցեղասպանություն գործելու համար Ադրբեջանը պատժամիջոցների կենթարկվի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի համաձայնագրի օրինական կիրառմամբ, կարելի կլինի ձեռնամուխ լինել Ղարաբաղի հարցին:
Ստեղծված բարդ իրավիճակում ես խնդրում եւ խորհուրդ եմ տալիս բոլոր երեք համանախագահներին, նախքան հարցի վերջնական լուծմանը ձեռնարկելը, որքան էլ դա միամիտ է հնչում, այցելել Ղարաբաղ: Լինել Ամարաս վանքում, որը մեկուկես հազար տարվա ընթացքում տեսել է մեկուկես հազար փորձանք ու դժբախտություն: Հենց այնտեղ է հայոց այբուբենի ստեղծող սուրբ Մեսրոպ Մաշտոցը բացել առաջին դպրոցը, որտեղ հայերը Հայաստանում առաջինը սովորեցին գրել եւ կարդալ մեսրոպյան երեսունվեց սրբազան տառերով: Հատկանշական եւ հուզիչ է (հատկապես այսօր) այն, որ Մաշտոցն իր երեսունվեց տառերը, որոնք ժողովուրդն անվանել էր «զինվորներ», սկզբում տարավ Ագուլիս նախիջեւանյան (!- Զ.Բ.) քաղաքը, որտեղ դարերի ընթացքում վեր էին խոյացել տասներկու փառահեղ հայկական քրիստոնեական տաճարներ ու եկեղեցիներ: Ի դեպ, դրանց մասին սրտալի եւ արիաբար իր «Քարե երազներ» գրքում գրել է ադրբեջանցի տաղանդավոր գրող Աքրամ Այլիսլին: Մաշտոցն ասես կանխատեսել էր, որ բարբարոսներն ավերելու էին Ագուլիսը: Եվ իր դպրոցը բացեց ղարաբաղյան Ամարասում: Ամարաս վանքը առանձնապես Ղարաբաղյան պատերազմի տարիներին մշտապես գտնվում էր բարբարոսների նշանակետում: Ամեն ինչ վերականգնվեց եւ վերստեղծվեց հաղթանակից հետո:
…Ամարասից քիչ հեռու գտնվում է Մաճկալաշեն գյուղը, որտեղ մինչեւ վերջերս ապրում էր հիրավի սուրբ մի կինՙ Ռայա մայրիկը, որն իր որդու թաղմանը (ես ներկա էի այնտեղ Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի խոսնակ բարոնուհի Քոքսի եւ ռուս գրող Անդրեյ Նույկինի հետ) ասաց, դիմելով ժողովրդին. «Այսօր ես զոհաբերում եմ իմ երկրորդ որդուն, որը կյանք տվեց հայրենիքի համար, Ամարասի համար: Բայց Աստված մի՛ արասցե, որ դուք թշնամուն թույլ տաք նորից սրբապղծություն անել եւ նորից անարգել մեր պապերի ու մեր երեխաների գերեզմանները եւ մեր սուրբ Ամարասը»: