ԻՐԻՆԱ ՄԻՆԱՍՅԱՆ
Այս երեք գրությունների հեղինակները 18-19 տարեկան ուսանողներ են, ապագա լրագրողներՙ Խ. Աբովյանի անվան պետական Մանկավարժական համալսարանի սաներ: Նրանք թերեւս վարժ չեն գրում, թերեւս դեռ խակ են նրանց մտքերը, թերեւս փորձում են կրկնել ավագներին, սակայն նրանք նոր են, ինչպես իրենց ուսանող ընկերները, որոնց գրածներից այսուհետեւ «Ազգ»ի նորաբաց այս էջում պարբերաբար կհրատարակենք ուշագրավ նյութերՙ միշտ ակնկալելով թարմ հայացք:
Պոլիէթիլենային տոպրակները քայքայվում են 100-400 տարվա ընթացքում: Աշխարհում աղբի 75 տոկոսը պոլիէթիլենային տոպրակներն են:
Տեւական ժամանակ է, ինչ պոլիէթիլենային տոպրակները որոշ Երեւանյան սուպերմարկետներում դարձել են վճարովի:
Բնակիչներից ոմանք դժգոհում են, իսկ մի մասն էլ կողմ է այս որոշմանը, հիմնավորելով, որ սա բնապահպանական խնդիրներից որոշակիորեն խուսափելու միջոց է:
Տոպրակների գինը տարբեր սուպերմարկետներում տարբեր է. մեկումՙ 10 դրամ, մյուսումՙ 20: Օրինակՙ «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցը նախօրոք տարածել էր հայտարարություն, որ իրենց մոտ տոպրակները կդառնան վճարովի արժեքըՙ 20 դրամ, իսկ «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցում էլ 10 դրամ է:
Տոպրակների վճարովի դառնալու հանգամանքը արդարացվում է նաեւ նրանով, որ շատ մթերքներ կվաճառվեն ավելի ցածր գներով:
Ի դեպ, «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցում որոշ ժամանակ տոպրակները դադարել էին լինել վճարովի: Դրամարկղի աշխատակիցն էլ երեւույթը պարզաբանում էր հետեւյալ կերպ. «Այսօր մեզ մոտ տոպրակների ակցիա է»:
Սակայն մի քանի օր անց. «անկոչ» 10 դրամը նորից ձեռք է բերում նախկին դիրքը:
Այս մասին փորձեցի որոշակի պարզաբանում ստանալ սուպերմարկետի աշխատակիցներից, ովքեր միահամուռ պնդում էին, թե «մեզ ինչ ասում են, դա էլ անում ենք, ուրիշ ոչնչից տեղյակ չենք»:
Այս ամենին զուգահեռՙ «Երեւան Սիթի»-ի աշխատակիցները առաջարկում են հաճախորդներին իրենց հետ բերել տոպրակներ եւ չբողոքել դրանց վճարովի լինելու հանգամանքից, ու գլխավորը նշում են, որ իրենք դեռ ուշ են միացել այս նախաձեռնությանը,- ասում էր աշխատակցուհիներից մեկը:
Ստեղծված խառնաշփոթից բողոքում են հաճախորդները, պնդելով, որ սա եւս գումար աշխատելու միջոց է: Այս մասին խոսեցի հաճախորդներից մի քանիսի հետ: «Ասում ենՙ իբրեւ թե այս կերպ փորձում են լուծել որոշ բնապահպանական խնդիրներ, բայց դրան զուգահեռ իբր անում են ամենը, որ 10 դրամը չդիպչի մարդկանց գրպանին, ամոթալի է ուղղակի նման հայտարարություններ տարածելը»:
Մեկ ուրիշն էլ ասաց. «Ավելի լավ է իրենց հատուկ զեղչերը պահեն իրենց, բայց նման ամոթալի բաներ չանեն, ուրիշ հարցՙ եթե խոսքը վերաբերվեր թղթե տոպրակներին եւ ոչ թե այս կերպ իրենց կեղծ կենսոլորտասիրությունը ի ցույց դնեին: Ես նախընտրում եմ ինձ հետ բերել հատուկ գնումների համար նախատեսած պայուսակ, քան օգտվել իրենց վճարովի տոպրակներից: Ամո՛թ է»:
Իրականում սա փորձ է անել այնպես, որ մարդիկ քիչ օգտագործեն պոլիէթիլենային տոպրակները, որպեսզի չաղտոտվի շրջակա միջավայրը: Հնարավոր է սա միջոց հանդիսանա առհասարակ պոլիէթիլենային տոպրակների օգտագործումից հրաժարվելու համար:
Օրինակՙ պոլիէթիլենից արդեն իսկ հրաժարվել են ԱՄՆ-ի Լոս Անջելես, Սան Խոսե եւ Սան Ֆրանցիսկո քաղաքներում: Ավստրալիայում 2008 թվականից հանրախանութներում արգելվում է անվճար պոլիէթիլենային տոպրակների տրամադրումը: Իռլանդիայում յուրաքանչյուր պոլիէթիլենային տոպրակի գնման համար լրացուցիչ 15 տոկոս վճարելը դրանց օգտագործումը կրճատել է 75-90 տոկոսով: Իտալիան արգելել է օգտագործել մեկ անգամ կիրառվող պոլիէթիլենային տոպրակները 2012 թվականինՙ մասամբ բնապահպանական, մասամբ էլ տնտեսական նկատառումներով, որպեսզի զարկ տա կենսաբանորեն քայքայվող պոլիէթիլենային տոպրակների արտադրմանը, իսկ Եվրոպական Միությունը վերջերս օրենք է ընդունել այդ նույն պոլիէթիլենային տոպրակները գալիք 15 տարիների ընթացքում 80 տոկոսով կրճատելու մասին: Վերջին նախաձեռնությունն էլ եղել է Ֆրանսիայում, ընդունվել է օրենք, որով արգելվել է պոլիէթիլենային տոպրակների կիրառումը հանրախանութների դրամարկղերում, իսկ 2020 թվականից կարգելվի նաեւ պլաստիկե ամանեղենի եւ բաժակների օգտագործումը: