ԳԱՅԱՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Ուղեկցությամբ Վանաձոր քաղաքի ՌԱԿ պատասխանատուներից Նելլի Գյուլզատյանի, ընտանիքը, որին մենք այցելեցինք` Լոռու մարզի, Վանաձոր քաղաքի Զինկոմիսարիատից զորակոչված 1981 թվականին ծնված պայմանագրային զինծառայող Դավթյան Կարեն Պարգեւի ընտանիքն էր: Կարենի ընտանիքը ապրում էր ծնողների, կնոջՙ Մարինեի եւ երկու անչափահաս երեխաների հետՙ 3 տարեկան աղջկա եւ 1.7 ամսական տղայի հետ: Դավթյան Կարենի հայրըՙ Պարգեւը, Արցախյան ազատագրական պայքարի առաջին օրերից որպես կամավոր մեկնել է Արցախ: Մարտնչել եւ վերադարձել է ռազմաճակատից: Երբ Կարենը իր ընտանիքի անդամներին հայտնում է, որ ցանկանում է շարունակել իր զինվորական ծառայությունը որպես պայմանագրային ծառայող, մայրը եւ կինը դեմ են եղել, խնդրել են չգնալ, մնալ ընտանիքի հետ: Բայց նա մնացել է անդրդվելի: Կարեն Դավթյանը ջոկատի գնդացրորդն էր: Ուներ աներեր ձեռք, սուր աչք: Հերթական մարտական հերթապահության ժամանակ մարտական առաջադրանք կատարելիս, ձնահոսքի պատճառով ընկնում է ձորը ու մահանում թթվածնային անբավարարությունից: Կարեն Դավթյանի ծնողները անբուժելի հիվանդ են: Նրա մահից հետո կնոջն ու երկու երեխաներին տրամադրվել է երկսենյականոց բնակարան, որի վերանորոգման աշխատանքները շարունակվում են: Մենք գումարը հանձնեցինք այդ բնակարանում:
Հաջորդ ընտանիքը, որին մենք այցելեցինք, Վանաձորի Զինկոմիսարիատից զորակոչված 1996 թվականին ծնված շարքային Մինասյան Հայկ Սամվելի ընտանիքն էր: Նա ապրում էր խիստ անբարեկարգ երկու սենյականոց բնակարանում, ծնողների եւ 3 քույրերի հետ: Նա տան միակ արու զավակն էր: Մինասյան Հայկը դասակի ավագ ռադիոհեռախոսավարն է, կարեւոր հաղորդագրությունների մասին առաջինն էր իմանում եւ արագ կատարում բոլոր հրամանները: Հայրըՙ Սամվելը, պատմում էր, որ մահվան օրը խոսել է որդու հետ, նա հանգիստ էր, բայց քչախոս: Ընդհանրապես նա հասկանալով ընտանիքի սոցիալական ծանր վիճակըՙ շատ քիչ բան էր ուզում ծնողներիցՙ մեկ-մեկ մարտկոց, սափրվելու եւ այլ հիգիենիկ պարագաներ: Ուրախ ու կատակասեր էր, քույրերի հետ շատ կապված …Վանաձոր քաղաքում իր դպրոցում բացվել է Հայկի անունով դասարան: Մինասյան Հայկը հետմահու պարգեւատրվել է ԼՂՀ եւ ՀՀ Արիության շքանշանով:
Մյուս ընտանիքը, որտեղ եղանք, Վանաձոր քաղաքի Զինկոմիսարիատից զորակոչված 1997 թվականին ծնված շարքային Քալաշյան Սպարտակ Սարգսի ընտանիքն էր: Նրանց ընտանիքը ապրում էր երկու սենյականոց բնակարանումՙ ծնողների եւ կրտսեր քրոջ հետ: Նրանց մենք հանդիպեցինք բնակարանի վերանորոգման գործերով տարված: Հայրըՙ Սարգիսը, պատմում էր, որ ինքը նույնպես 25 տարի առաջ մասնակցել Արցախյան պատերազմին: Սպարտակի մորեղբայրը 1992 թվականին զոհվել է 19 տարեկան հասակում Մարտակերտում, ինչպես եւ Սպարտակը: Հայրը մեծ հպարտությամբ ասում էր, որ իր հերոս տղան դաստիարակվել է հայրենասիրական մթնոլորտում, դեռ մանկուց նա գիտեր ինչ է պատերազմը, ուր է գնացել հայրը, երբեք մորը չէր հարցնում, թե երբ կգա հայրը, գիտեր լուռ սպասել: Սպարտակ Քալաշյանը հորը ասում էր արի դիրքեր, մեզ սովորեցնելու շատ բան ունես: Հայրըՙ Սարգիսը, ասում էր – այս սերունդը ավելի ուժեղ է քան մենք: Ի դեպ Քալաշյանների ընտանիքը որշել է արու զավակ ունենալ Սպարտակ անունով:
Հաջորդ ընտանիքը ապրում էր Սպիտակ քաղաքից 40 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կաթնաջուր գյուղում: Սպիտակ քաղաքի Զինկոմիսարիատից զորակոչված 1996 թվականին ծնված շարքային Վարդերեսյան Արտյոմ Արսենի ընտանիքը ապրում էր գյուղապետարանի հարակից տարածքում: Արտյոմի պապըՙ Անդրանիկը, ֆիդայի է եղել, հայրըՙ Արսենը նույնպես Արցախյան պատերազմի մասնակից, քաջ ու պինդ տղա են մեծացրել: Դպրոցում լավ է սովորել, խելացի էր, մեքենաներից գլուխ էր հանում: Հայրը ասում էր, որ բոլորովին չէր վախենում բանակ գնալուց: Գյուղից շատ երիտասարդներ են մեկնել Ռուսաստան արտագնա աշխատանքի, բայց նա մնացել է: Արտյոմ Վարդերեսյանը ապրում էր ծնողների, պապի եւ 2 քույրերի հետ: Հայրենասիրական դասերն ստացել է հորից ու պապից: Ծնողները ցույց տվեցին մի քանի շնորհակալագրեր լավագույն զինծառայության համար: Հայրը պատմում էր, որ Արտյոմի մոտՙ դիրքերում է եղել նրա մահվանից մեկ օր առաջ: Արտյոմը մահացել է դիրքերում գիշերային հերթափոխում հակառակորդի դիպուկահարի գնդակից: Վարդերեսյանների մայրը երազ է տեսել, որտեղ Արտյոմը գալով տուն ասել է -Ես վերադարձա: Ընտանիքը որոշել է արու զավակ ունենալ: Վարդերեսյան Արտյոմը հետմահու պարգեւատրվել է ՀՀ եւ ԼՂՀ շքանշաններով: