Ադրբեջանական վայնասունՙ փոխանցված տեղական գրանտակերներին
Հայաստանի անկախության 25-ամյակի շքերթը, բացի մեր բանակի եւ պետության կայացվածության մասին վկայելուց, առանձնահատուկ էր ցուցադրված զինտեխնիկայի առումով եւ դրանով պայմանավորված ուղերձով:
Առանձնահատկությունը, մասնավորապես, հայկական բանակի համալրումն էր ժամանակակից զինտեխնիկայով: «Իսկանդեր» հրթիռային համակարգը գլխավոր հաճելի անակնկալն էր մեզ համար եւ վայնասունի առաջացման պատճառը հարեւան Ադրբեջանում: Փաստը, որ բացի Հայաստանից Ռուսաստանը ոչ մի այլ երկրի չի տրամադրել այդ համակարգը, չնայած բազմաթիվ դիմումների եւ ձեռնտու առաջարկներիՙ այդ թվում Սաուդյան Արաբիայի պես հարուստ երկրի կողմից, առիթ տվեց, որպեսզի մեր թշնամի երկրում վայնասունը փոխարինվի ցանկալին իրականի փոխարեն մատուցվող մեկնաբանություններով, իբր թե դա ոչ թե Հայաստանին է պատկանում, այլ ռուսական ռազմակայանին: Ադրբեջանի այս վարկածը, մեծագույն հաճույքով, որպես փոխանցում վերցրեցին ամերիկյան եւ եվրոպական գրանտակերները, որոնք էլ իրենց հերթին սկսեցին իրենց տխմար «մեկնաբանությունները»ՙ «պռակատով են տվել պառադի համար», «դրանք մերը չեն», «հին զենք են տվել» եւ այլն:
Այդուհանդերձ, նաեւ ռուսական աղբյուրները հաստատեցին, որ այդ հզոր զենքը ՀԱՊԿ շրջանակակներում ներքին գներով տրամադրվել է Հայաստանին եւ այն 200 մլն դոլար ռուսական վարկի շրջականերում չէ: Պարզապես համառոտ տեղեկացնենք, որ «Իսկանդերը» հնարավորություն է տալիս ոչնչացնել հակառակորդի զորքի կուտակումները, ճշգրիտ հարվածներ հասցնել նրա հրամանատարական կետերին, ոչնչացնել նրա հրթիռահրետանային մարտկոցները եւ այդ ամենը մինչեւ 500 կմ հեռավորության վրա (փորձագետները նշում են, որ Հայաստանին տրամադրվել է մոտ 300 կմ հեռավորության վրա խոցելու հնարավորություն ունեցող «Իսկանդեր»): Ընդ որում, նշանակետի ճշգրտությունը տատանվում է 1-2 մետրի սահմաններում: Այսինքն, դրանք, ըստ էության, անվրեպ հրթիռներ են, եւ իսկապես լուրջ զսպիչ գործոն կարող են հանդիսանալ Ադրբեջանի համար:
Բացի «Իսկանդերից», Հանրապետության հրապարակով անցան նաեւ բազմիցս քննարկման առիթ դարձած «Սմերչ» համազարկային կրակի համակարգերը, որոնք ուներ Ադրբեջանը եւ հիմա ունենք նաեւ մենք, ապա նաեւ «Ինֆաունա» եւ «Հ-325ձ» ռադիոէլեկտրոնային պայքարի, «Բուկ» զենիթահրթիռային համակարգերը եւ այլն: Սրանք արդեն 200 մլն դոլար վարկի շրջանակներում ստացված զինատեսակներն են, որոնց Հայաստան հասնելու մասին ավելի վաղ նշել էին պաշտպանության ոլորտի պատասխանատուները:
Անկախության 25 ամյակի շքերթի ուղերձն, անշուշտ, առաջին հերթին ուղղված էր Ադրբեջանինՙ 1. Մենք ունենք զենք, որ դուք չունեք, չնայած ձեր նավթային միլիարդներին, 2. Մենք արդեն ունենք այն զինատեսակները, որոնք դուք ունեիք նախկինում եւ մենք չունեինք, 3. Նոր պատերազմի սկսելու դեպքում այս ամենը կգործադրվի եւ հետեւանքները ձեզ համար ողբալի կարող են լինել, 4. Ռուսաստանը, որքան էլ որ ձեզ զենք վաճառի, մեր ռազմավարական դաշնակիցն է եւ կատարում է իր պարտավորություններըՙ այդ թվում ժամանակակից զինտեխնիկայի մատակարարման առումով:
Այս շքերթի առանձնահատկությունը շատ ծանր կտանեն նաեւ վերեւում նշված գրանտարկերնեը, որոնց համար հակառուսական արշավը գոյության, ապրուստի միջոց է: Իհարկե, բացահայտ կեղծիքներ տարածելը, ագրեսիվ հռետորաբանությունն ու անհանդուրժողականությունը կշարունակեն մնալ նրանց զինարանում: Պարզապես, վերոնշյալ զարգացումները կդժվարացնեն նրանց այդ սեւ գործը: Ինչ մնում է վերջիններիս քարոզչությանը զոհ դարձած մարդկանց, ապա շատերը կհասկանան, որ Ռուսաստան-Հայաստան դաշինքը իսկապես ռազմավարական է եւ անհրաժեշտ է ինչպես մեզ, այնպես էլ Ռուսաստանին: Ոմանք արդեն սկսել են դա ընկալել, ինչը նկատվում է անգամ ապատեղեկատվության տարածման պարարտ հող ֆեյսբուքում եւ սոցիալական այլ ցանցերում:
Մարդիկ սկսել են հասկանալ, որ, այո, Ռուսաստանն ունի իր պետական շահերը, որ Ռուսաստանն իր այդ շահերից ելնելով է մեզ էժան գներով ժամանակակից սպառազինություն տրամադրում, իսկ որոշ զինատեսակաների ուշացումով տրամադրումն էլ ավելի շատ մեր պետության ղեկավարների ուշացած աշխատանքի հետեւանք է, որ Հայաստանն էլ ունի իր պետական շահերը եւ հենց այդ շահերն են պահանջում լինել դաշնակից Ռուսաստանին, քանզի այդ դաշինքը մեր ազգային-պետական անվտանգության կարեւորագույն բաղադրիչն է, որ Ռուսաստանն էլ այս տարածաշրջանում իր ներկայությունն է պահպանում Հայաստանի շնորհիվ, որ դաշնակիցների միջեւ կարող են լինել խնդիրներ, որոնք հաղթահարվում են, եթե ջանքեր են գործադրվում շահերի հնարավորինս ներդաշնակեցման ուղղությամբ, որ ի վերջո, այդ ռազմավարական դաշինքը բնական է դարձնում նաեւ ռուսական 102-րդ ռազմակայանի զորախմբի ներկայությունը եւ ռուսական դրոշի ծածանվելը Հայաստանի անկախության 25-ամյակի շքերթին: