Ռուսաստանի օդատիեզերական ուժերը առաջին անգամ Իրանի մի ռազմական օդանավակայան են օգտագործել Սիրիայում իսլամիստ գրոհայիններին հարվածելու համար: Օգոստոսի 16-ին Ту-22МЗ Су-34 ռմբակոծիչները Համադանի (Իրան) օդանավակայանից թռել են մարտական առաջադրանք կատարելու: Այդ մասին հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը, վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:
Ռուսական ռմբակոծիչները «Իսլամական պետություն» եւ «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների օբյեկտներին խմբային հարված են հասցրել Հալեպի, Դեյր էզ-Զորի եւ Իդլիբի նահանգներում: Ոնչացվել են 5 խոշոր զինապահեստ, կառավարման 3 կետ եւ գրոհայինների պատրաստման ճամբարներ: Սպանվել են զգալի թվով գրոհայիններ:
Մոսկվան եւ Թեհրանը պայմանավորվել են ռուսական օդատիեզերական ուժերի կողմից Համադանի ավիաբազայի օգտագործման մասին: Նման փոխգործողությունը էլ ավելի է մերձեցնում երկու երկրներին: Ռուսական օդատիեզերական ուժերը Սիրիայում գրոհայինների դեմ ավիահարվածների նոր փուլ են սկսել: Al-Masdar News հրատարակությունը հաղորդում է, որ Ту-22МЗ ռմբակոծիչները իրանական ռազմակայան են թռել ՌԴ հարավիցՙ Մոզդոկի օդանավակայանից: Իրանում վերաբազավորված ռուսական ռմբակոծիչների ստույգ թիվը չի նշվում: Ի դեպ, անցյալ շաբաթ Մոսկվայում բանակային միջազգային խաղերի փակման արարողությանը ներկա էր Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը: Al-Masdar News-ի հաղորդման համաձայն, Մոսկվան եւ Թեհրանը օրերս ստորագրել են համաձայնագիր, որը ռուսական ռազմօդանավերին հնարավորություն է տալիս Սիրիայում թիրախներին հասնելու ժամանակամիջոցը կրճատել 60 տոկոսով, ինչպես նաեւ միջոցներ խնայել եւ մեծացնել օդատիեզերական ուժերի հարձակման արդյունավետությունը:
ՌԴ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության նախկին ղեկավար, գեներալ-գնդապետ Լեոնիդ Իվաշովը «Գազետա» համացանցային գործակալությանը տված հարցազրույցում պարզաբանել է, որ Իրանում ավիաբազայի օգտագործման հարցը Մոսկվա-Թեհրան վստահական հարաբերությունների եւ սիրիական ռազմաճակատում համագործակցության շարունակման ցուցանիշ է: Նա հիշեցրել է, որ Բաղդադում ստեղծված է ռուս-իրաքա-իրանական տեղեկատվական-համակարգիչ կենտրոն: Դրա հիմնական խնդիրներն են մերձավորարեւելյան տարածաշրջանին առնչվող ընթացիկ տվյալների հավաքումը, մշակումը, ամփոփումը եւ վերլուծումը գրոհայինների դեմ պայքարի համատեքստում, տեղեկատվության բաշխումը եւ օպերատիվ փոխանցումը մասնակից երկրներ Ռուսաստանի, Իրանի, Իրաքի եւ Սիրիայի գլխավոր շտաբներին: Գեներալի խոսքերով, Բաղդադում գործում է ռուս-իրաքա-իրանական համակարգիչ ռազմական շտաբ, որտեղ կատարվում է հետախուզական տվյալների փոխանակություն, որոշվում են գլխավոր սպառնալիքները եւ թիրախները:
Եթե Ту-22МЗ ռմբակոծիչը Մոզդոկի օդանավակայանից թռչի «Իսլամական պետության» տարածքի օբյեկտներին հարվածելու եւ վերադառնա մեկնակետ, ապա օդանավի մարտական բեռնվածքը չպետք է գերազանցի 8-9 տոննայից, այլապես վառելիքը չի բավականացնի մեկնակետ վերադառնալու համար: Մարտական լրիվ բեռնվածքով (24 տոննա) Ту-22МЗ-ի մարտական կիրառության շառավիղը կազմում է ընդամենը 800 կմ: Ռուսական օդատիեզերական մարտամեքենաները ստիպված են թռչել Իրանի եւ Իրաքի վրայով: Մոզդոկի օդանավակայանից մինչեւ, օրինակ, Պալմիրայի թիրախները ընկած հեռավորությունը ավելի քան 2 հազար կիլոմետր է, իսկ Համադանի ավիաբազայիցՙ մոտ 900 կմ:
Սիրիական Լաթաքիա քաղաքի «Խմեյմիմ» ավիաբազան պիտանի չէ Ту-22МЗ-ի բազավորման համար: Սակայն ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովը «Գազետային» տված հարցազրույցում ասել է, որ «Խմեյմիմի» օգտագործման վերաբերյալ Մոսկվայի եւ Դամասկոսի կնքած պայմանագրի վավերացումից հետո ավիաբազան կընդլայնվի եւ կամրացվի, որպեսզի հնարավոր լինի տեղաբաշխել ավելի մեծ խմբավորում, իսկ ռազմավարական ռմբակոծիչները «անհրաժեշտության դեպքում» կարողանան այնտեղ վայրէջք կատարել:
Ту-22МЗ հեռահար ռմբակոծիչների կողմից Համադանի ավիաբազայի օգտագործումը մի շարք էական առավելություններ է տալիս Ռուսաստանի օդատիեզերական ուժերին: Մինչեւ Ռաքքայում եւ Հալեպի շրջակայքում տեղաբաշխված ահաբեկիչների օբյեկտները ընկած հեռավորությունը կրճատվում-հասնում է 800-900 կլիոմետրի: Դա հնարավորություն է տալիս կտրուկ ավելացնել Ту-22МЗ ռմբակոծիչների մարտական բեռնվածքը (վերաբեռնման տարբերակովՙ 21,5 տոննա, ОФАБ-250-270 տիպի 42 ռումբ):
Ռազմադիվանագիտական հարցերի ռուս մասնագետներից մեկը Սիրիայում ջիհադիստների դեմ թեւավոր հրթիռների կիրառությունը խիստ անհավանական է համարում, սակայն վստահ է, որ անհրաժեշտության դեպքում ՌԴ օդատիեզերական ուժերը համաձայնություն կստանան «դրանց սկզբունքային օգտագործման» համար: