Կան ամերիկյան ֆիլմեր, որոնք ամերիկյան չեն, համաշխարհային են: Ամերիկան ինքը համաշխարհային է, բայց դա այլ խոսակցություն է: Այդ ֆիլմերից մեկիՙ «Կնքահայրը» ֆիլմի երրորդ մասում մի դրվագ կա, որտեղ կնքահորՙ Մայքլ Կոռլեոնեի եղբայրըՙ տաքարյուն Սաննին, առաջարկում է եղբորը սպանել իրենց ընտանիքի բոլոր թշնամիներին (չէ՞ որ կարող են): Մայքլը, ում հրաշալի մարմնավորում է Ալ Պաչինոն, պատասխանում է. «Երբեք, երբեք պետք չէ ատել սեփական թշնամիներին, դա թուլացնում է քեզ նրանց դեմ պայքարում»:
Հավանաբար այդ պատճառով էլ այսքան թույլ ենք ե՛ւ որպես պետություն, ե՛ւ որպես հասարակություն: Բայց որպեսզի արդարության դեմ չմեղանչենք, ճշտեմՙ նաեւ ա՛յդ պատճառով է հավանաբար, որ թույլ ենք: Թուլությունն, ընդ որում, ամոթ չէ, անգամ սարսափելի չէ. ամոթն ու սարսափելին սեփական թուլությունը չնկատելն է, իսկ ամենասարսափելինՙ այդ թուլությունը ուժի տեղ դնելն է: Մենք ատում ենք ադրբեջանցիներին, արդարացիորեն, բայց չգիտես ինչու զարմանում ենք, թե ինչու չենք կարողանում նրանց հաղթել: Չենք հաղթել, մոռացեք Բաքվում թեյ խմել սիրողների այդ հերոսական պնդումները, թե ադրբեջանցիներին մենք հաղթել ենք. ամենեւին, մենք ուղղակի չենք պարտվել:
Չնայած կա մի ոլորտ, որտեղ նրանց իսկ խոստովանությամբ, հաղթել ենք նրանց. կինոն է: Դուք օրինակ ճանաչո՞ւմ եք Թեւանիկին: Նա այն պատանին է, ով իր հասակակից ընկերների հետ Ադրբեջան է հաղթել, ոչ ամենեւին մարտի դաշտում, ասենք ադրբեջանական անօդաչու թռչող սարք, կամ տանկ ոչնչացնելով (չնայած տանկ նա ոչնչացնում է), այլՙ առանց ատելու ապրելու իր վճռականությամբ, գեղեցիկի վրա չկրակելու դաստիարակությամբ, մաքրությամբ: Դա այն միակ զենքն է, որով հնարավոր է Ադրբեջանին հաղթել, քանի որ Ադրբեջանը չունի այդ զենքից, ռուսներն էլ այդ զենքից, եթե ունեն էլ, ապա չեն վաճառում նրանց: Այն կա՛մ ունենում է ժողովուրդը, կա՛մ չի ունենում: Իսկ ունենում է ի ծնե, խաղաղ գյուղերում, պատերազմի համը, հոտը, գույնը տեսած, չմոռանալով, այլեւս չտեսնելու մեծ ցանկությամբ, պատերազմը հեռու վանելու համառությամբ… Թեւանիկն այդ ամենը կրող տղան էր, նա Ջիվան Ավետիսյանի համանուն ֆիլմի հերոսն է ու իմ կարծիքովՙ նա առհասարակ հերոսն է:
Ջիվանն իմ ընկերն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է, այդ պատճառով էլ ճշմարտությունից կխոսեմ, օրինակ չեմ ասի, որ Ջիվանը ծնվել է Արցախում, երբ այն սովետական Ադրբեջանի կազմում էր, չեմ պատմի, թե ինչպես է իր մանկությունն անցկացրել նկուղում, որը գյուղի միակ ապահով տեղն էր, չեմ նկարագրի, թե ինչու նա դառը թեյ չի խմում, որովհետեւ դառը թեյը նրա համար պատերազմի համն ունի, քանի որ այդ տարիներին էր, որ դառը թեյ էին խմում (շաքարավազ չկար), եւ վերջապես չեմ ներկայացնի, որ դպրոցի դասասենյակում տեղադրված վառարանի խողովակներիցՙ ապակիներին թափվող մուրը հոտ ունի, անտանելի, անտանելի հիշվող, հիշվող, չջնջվող… Չեմ պատմի այս ամենը, քանի որ այս ամենը Ջիվանը պատմում է իր ֆիլմերում, ոչ ուղիղ: Ոչ ուղիղ մանկություն, պատանեկություն ունեցողը չի կարող ուղիղ բան պատմել, ուղիղ կինո նկարել, ծալքերը շատ են, թանձրությունն առատ, մշուշն անվերջանալի, հարցերնՙ անպատասխան, ուղերձը մեկըՙ թշնամուն չեն ատում, առհասարակ չեն ատում, չեն ատում, որպեսզի հաղթեն: Դժվար է, իսկ ո՞վ ասաց, որ հաղթելը հեշտ գործ է: Հաղթելը պատերազմի ժամանակ հայրենի գյուղը չլքելու պես մի բան է, այնտեղ մնալն է, անգամ այն ժամանակ, երբ շուրջբոլորդ բոլորը խոսում են ադրբեջաներեն, երբ աղջկադ ամուսնուն ադրբեջանցիներն այրել են նրա աչքերի առջեւ, ինչի հետեւանքով էլ նա հայտնվել է հոգեբուժարանում, ապա վերադարձել տունՙ հիվանդ ու հյուծված, հաղթելը նրան խնամելն է, այս ամենը տեսնելն ու ապրելն է, անմարդկայնության մեջ մարդ մնալն է: Հաղթելն այն է, ինչ անում է Աբգարը, Աբգարը հաղթողն է: Նա Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի հերոսն է: Իր գյուղի վերջին բնակիչը, իր հիվանդ աղջկանՙ Յուրգային խնամողը, ադրբեջանցի Իբրահիմի ընկերը, ադրբեջանական կոմենդանտի թշնամին, բայց ադրբեջանցի Իբրահիմի ընկերը: Ի դեպ, ինչո՞ւ հենց Աբգար, կապ ունի՞ այս անունը քրիստոնեության հետ. ունի՛: Իսկ ինչո՞ւ հենց Իբրահիմ, կապ ունի՞ այդ անունը մահմեդականության հետ. ունի՛: Աբգարն ու Իբրահիմը ընկերներ են. «Վերջին բնակիչը» ֆիլմի ուղերձն ե՞ք ուզում, ահա՛ դրանցից մեկը:
Էլի կան, ֆիլմը մի ուղերձ չի ունենում, հնարավոր է, որ Ոսկե ծիրան մրցանակ չունենա, բայց առանց ուղերձ ֆիլմ չի լինում: Աբգարը սովորական հայ գյուղացի է, քարտաշ վարպետ, շրջանում ամենալավը: Նրա ընտանիքը վաղուց արդեն գյուղում չէ. մենք տեսնում ենք, թե ինչպես են գյուղը լքում նրա ընտանիքի վերջին անդամները, ինչպես են նրան խնդրում, որ նա էլ լքի. պատերազմ է… Մենք տեսնում ենք, որ նա մնում է, ամուր փակելով գյուղի գերեզմանոցի դարպասները, հավանաբար որպեսզի էլ զոհ չլինի, այլեւս այդ դարպասները բացող չլինի: Չեն էլ բացում, համենայնդեպս ֆիլմում գերեզմանոցի դարպասներն էլ ոչ ոք չի բացում, չնայած պատերազմ է: Աբգարը սպասում է իր դստերըՙ Յուրգային, որն իրականում նրա դուստրը չէ: Յուրգան լիտվուհի բուժքույր Ուրտեի աղջիկն է, ով համաշխարհային երկրորդ պատերազմի ժամանակ մահից փրկել է Աբգարին, բայց քանի որ ինքը անբուժելի հիվանդ էր, մահացել էՙ խնդրելով Աբգարին պահել իր դստերըՙ Յուրգային: Աբգարն էլ պահել է: Գերի է ընկել գերմանացիներին, ապա փախել է, հետո բանտարկվել է Սիբիրում, կրկին փախել է ու Յուրգայի հետ եկել է տուն: Ի՞նչ իմանար Աբգարը, որ հայրենիքից էլ է փախչելու, ինչ իմանար, որ ադրբեջանցի Իբրահիմի հետ կրակի շուրջ նստած ասելու է, որ ամեն մարդու դրախտն իր հայրենիքում է, եւ տեսնես ազգ կա՞, որ իր հայրենիքը չի կորցրել… Ֆիլմի ուղերձ ե՞ք ուզում, ահա դրանցից եւս մեկը:
Յուրգան մեծանում է իր ընկերուհիՙ ադրբեջանցի Իբրահիմի դստեր Ռեբեկայի հետ: Աղջիկները ջրի են գնում, Յուրգան գնում է Իբրահիմի տուն եւ հարցնումՙ «Ռեբեկան կյամ չի՞ քյնանք ջրի», Ռեբեկան էլ գնում է: Սա մենք չենք տեսնում ֆիլմում, սա մենք հասկանում ենք, մի տեսակՙ զգում, ինչպես Աբգարի սազի նվագը, որը «համ սրտիդ միջին է, համ էլՙ շատ հեռու»: Հետո ամուսնանում է Արամի հետ, հետո սկսվում է պատերազմը, հետո ադրբեջանցիները ողջ-ողջ այրում են Արամինՙ Յուրգայի աչքի առջեւ, մենք սա էլ չենք տեսնում, Ջիվանի ֆիլմում մենք շատ բան չենք տեսնում, քանի որ շատ բան զգում ենք: Հետո Յուրգան անհետանում է, համենայնդեպս Աբգարը չգիտի, թե նա ուր է, ո՞ղջ է… Հետո ադրբեջանցի Իբրահիմը բերում է իր հայ ընկեր Աբգարի դստերըՙ Յուրգային Աբգարի տուն, բերում է, քանի որ Յուրգան հիվանդ է, չի խոսում, միայն հիշում է, երազում է, տեսնես ի՞նչ, հիշելըՙ պարզ է, երազելըՙ ի՞նչ: Հետո Յուրգան լողանում էՙ ջրով, ջուրը մաքրություն է… Հետո ասում է իր միակ խոսքերըՙ «Ռեբեկան կյամ չի՞ քյնանք ջրի», հենց Ռեբեկան, բացառապես ադրբեջանուհի Ռեբեկան եւ լիտվուհի-հայի աղջիկ Յուրգան, միասին, միասինՙ ջրի:
Ադրբեջանցի կոմենդանտը ծեծում է Աբգարինՙ հրամայելով անհապաղ լքել գյուղը, որի վերջին բնակիչն է: Ադրբեջանցի Իբրահիմը թեյ է խմում Աբգարի հետ ու խնդրում վերջինիս մնալ. գործ կա: Ադրբեջանցի Մամեդովի կարգադրությամբ քարի վրա մեծ մակագրություն պետք է արվի եւ դա հենց Աբգարը պետք է անի: Գիտե՞ք ինչ մակագրություն, արաբերեն, Ղուրանիցՙ «Բոլոր անհավատները պետք է մահանան»: «Անհավատ» Աբգարը պետք է դա մակագրի քարին, նա հարցնում է իր ընկեր Իբրահիմին, ի՞նչ են նշանակում այդ արաբերեն բառերը, Իբրահիմը պատասխանում էՙ «Յուրգան ինչպե՞ս է»… Իբրահիմն ու Աբգարը ընկերություն են անում, գեղեցի՜կ: Եւ խոսում են, խոսում են ադրբեջաներեն, որովհետեւ այդ տարիներին այդ գյուղերում ադրբեջաներեն խոսել են, խոսում են հայերեն, որովհետեւ միշտ այդ գյուղերում հայերեն խոսել են, խոսում են հայերեն ու ադրբեջաներեն: Դուք ֆիլմի ուղերձ ե՞ք ուզում, ահա՛ դրանցից եւս մեկը…
Ֆիլմում ադրբեջաներենը շատ չէ, ֆիլմում ադրբեջանցիներն են շատ, ֆիլմում էլ այդ տարիներին այդ գյուղերում էլ: Իսկ ադրբեջանցիները, որքան էլ մենք ատենք նրանց, միմյանց հետ ադրբեջաներեն են խոսում, անգամ, եթե Կալիֆորնիայի խաղաղօվկիանոսյան ափին գտնվող փոքրիկ Մոնտերեյ քաղաքի լողափին պառկած չորանում ենՙ ոսկե ծիրան ուտելով, այն համարելով ադրբեջանական միրգ:
Հետո Ռեբեկան, ադրբեջանուհի Ռեբեկան, ով հղի էր կոմենդանտից եւ ով երեխա չէր կարողանում ունենալ, քանի որ ով ծնվում էր Ռեբեկայիցՙ մահանում էր, երեխա է ունենում: Իբրահիմիՙ մահմեդական, ծեր եւ իմաստուն մայրը քրիստոնյա Յուրգայի ձեռքը բռնած նրան բերում է Ռեբեկայի ծնունդն ընդունելու: Այդպիսի սովորույթ-ավանդույթ կա, երբ մահմեդական կնոջը չի հաջողվում երեխա ունենալ, նրա ծնունդն ընդունում է քրիստոնեա, ապա երեխային կոչում են ծնունդն ընդունողի «քրիստոնեական» անունով, որպեսզի ապրի: Ռեբեկայի այդ երեխան ապրում է, ու կարեւորն այն չէ, որ քրիստոնեան է օգնել, կարեւորն այն է, որ մահմեդականը չի կարող ապրել առանց քրիստոնեայի եւ հակառակը: Դուք ֆիլմի ուղերձ ե՞ք ուզում, ահա մեկն էլ դրանցից.
Հետո հեռանում են, մշուշի մեջ, Աբգարը, Իբրահիմը, որ Յուրգային պաշտպանելով սպանել էր ադրբեջանցի Արտիսին, հեռանում են: Ադրբեջանցի կոմենդանտը եւս սպանվում է. ո՞վ է սպանել, պարզ չէ: Ջիվանը կոմենդանտի եւ Յուրգայի վրա հարձակված Արտիսի դիակները ցույց է տալիս, որովհետեւ նրանք մեռել են, որովհետեւ նրանք պետք է մեռնեն: Աբգարը, Յուրգան եւ Իբրահիմը չեն հեռանում, փախչում են, փախչում են դրախտից. ամեն մարդու դրախտն իր հայրենիքում է: Յուրգան փաթաթված է շալով, այդ շալով փաթաթված է եղել Աբգարի տատըՙ փրկվելով Ցեղասպանությունից… Այդ շալը լավ շալ չէ, այն փախուստի շալ է, մի տեսակ ժողովրդական, հայ ժողովրդական: Աբգարն ու Իբրահիմը նույն անձրեւանոցով են, լրիվ նույն, նույն գույնի, չափսի, տեսքի… Պատերազմը Իբրահիմի համար էլ է նույն գույնի, չափսի, տեսքի, Աբգարի համար էլ, նրանք երկուսն էլ այդ միեւնույն պատերազմը կրողներն են, այդ պատերազմը տանողները եւ դրանից փախչողները: Լուսադեմին Իբրահիմը գնում է նամազի, քրիստոնեա Աբգարն ասում էՙ «Մեզ համար էլ աղոթիր»: Դուք ֆիլմի ուղերձ ե՞ք ուզում, ահա եւս դրանցից մեկը:
Սահմանին, որից այս կողմ Հայաստանն է, քիչ է մնում եւ… Ադրբեջանցիները հարձակվում են: Յուրգան մենակ է մնում, արդեն ոչ թե շալով փաթաթված, այլ անձրեւանոցով, որը հենց պատերազմն է: Աբգարը հրահանգում է Իբրահիմին փախցնել աղջկան, մինչ ինքը կփորձի զսպել ադրբեջանցիներին: Աբգարին մենք էլ չենք տեսնում, ոչ կենդանի, որ մեռած: Իբրահիմին էլ… Ջիվանը այս երկուսի դիակները ցույց չի տալիս, որովհետեւ նրանք մահացել են, բայց չեն մեռել, չպետք է մեռնեն. դրախտում են, ամեն մարդու դրախտն իր հայրենիքում է:
Յուրգան մնում է ողջ եւ մենակ, շուրջբոլորը ադրբեջանական տանկեր են, պատերազմ է, եւ գիտե՞ք, թե ինչ է ասում Յուրգան, նա ասում էՙ «Ռեբեկան կյամ չի՞ քյնանք ջրի»… Ռեբեկան աստվածաշնչյան անուն է, Աստվածաշունչը մաքրություն եւ արդարություն է, որի ծարավ ենք: Դուք ֆիլմի ուղերձ ե՞ք դեռ ուզում, ահա դրանցից ամենակարեւորը:
Կյամ չե՞ք քյնանք ջրի…
Հ.Գ.- Ջիվան Ավետիսյանիՙ «Վերջին բնակիչը» ֆիլմի պրեմիերան կայացավ այս տարվա «Ոսկե Ծիրան» կինոփառատոնում: Ֆիլմը, որիՙ «համ սրտիդ միջի, համ էլ շատ հեռու» երաժշտությունը գրել է Սերժ Թանկեանը: Դա ոչ թե Արցախի, այլ մարդու մասին է, 5 երկրների համատեղ արտադրանք էՙ Հայաստան, Լիտվա, Շվեդիա, ԱՄՆ եւ Լիբանան, եւ չարժանացավ ոչ մի մրցանակի: Հերոսները հիմնականում խոսում էին ադրբեջաներենՙ հայերեն տիտրերով թարգմանությամբ: Իսկ մենք ատում ենք ադրբեջանցիներին եւ ադրբեջաներենը: Նրանք էլՙ մեզ…
Յուրգան մենակ մնացՙ անձրեւանոցով: