«N զորամասն ի՞նչ է, անունն ասա», դժգոհելով հուշեցի Ստեփանակերտից հեռախոսով նյութը թելադրող մեր թղթակից Վահրամ Աղաջանյանին : Նա, թեՙ «խելքդ չի հասնում, գրիր, ինչ թելադրում եմ»: Խելքս մի բանի էր հասնումՙ տեղեկատվությունը պիտի օբյեկտիվ լինի, օպերատիվ, ստույգ: Վահրամի օբյեկտիվին հավատում էի, օպերատիվը կար, ստույգն էի ուզում: Ինձ համար, մեզ համար «ռազմական գաղտնիքը» պատմության դասագրքերից հնացած արտահայտություն էր: Մինչեւ հիմա էլ թեեւ չեմ հասկանում ռազմական գաղտնիքիՙ երբեմն արհեստականորեն ուռճացված սահմանները, բայց 90- ականներից ի վեր պատերազմական շրջանների մասին գրված յուրաքանչյուր տող հենց այդ դիտակետից էինք ընկալում: Մի պատվիրան կարՙ թշնամուն կամ հակառակորդին չօգնել մեր տրամադրած տեղեկատվությամբ: Վահրամի գրածը երբեմն շա՛տ աղմուկ էր հանում, օրինակՙ երբ կարծիք էր հայտնել, թե Ղարաբաղյան խնդիրը կրոնական ներկայացնելու փորձի ձախողմանը կարող են նպաստել նաեւ մահմեդականացված հայերը, եթե նրանց հանդեպ մեր վերաբերմունքը վերաձեւակերպենքՙ հայ են, մահմեդական են, այլադավան: Խմբագրություն շատերը եկան, դժգոհեցին, Վահրամի առաջարկը, բնական է, ինչպե՞ս պիտի միանշանակ ողջունեին, բայց մենք շատ ուրախ էինք, որ այս ուղղափառ կարծիքը հենց «Ազգ»-ն էր ներկայացնումՙ մտածել տալիս, ուղիներ թելադրում:
«Ուռռա, հաղթել ենք» հոդվածներ մեր թերթում չէինք տպագրում, ազգամիջյան կռիվներ չէինք թեժացնում, ոչ էլ ատելություն տարածում, փորձում էինք մեր հարեւանների մասին միշտ առատ նյութ տպագրելովՙ հանրությանն իրազեկել նաեւ նրանց խնդիրներից: Ադրբեջանում, բնականաբար թղթակից չենք ունեցել, բայց մեր թերթը միշտ հետեւել է նրանց աշխատանքին: Նրանք էլՙ մեր: Կովկասը ներկայացնող լրագրողների հանդիպումներ Թբիլիսիում էին կազմակերպվում, «Ազգից» Հակոբ Ասատրյանն ու Արիս Ղազինյանը , հիշում եմ, միշտ մասնակցում էին, ու նրանց այդ հանդիպումները հարստացնում էին մեր թերթի էջերը: Գերմանիայում մի քանի անգամ առիթ եղել է համեմատել ադրբեջանցի եւ թուրք լրագրողներին: Առաջինները աչքի չեն ընկել հայաստանցի լրագրողիս հետ ծանոթանալուՙ այսպես ասեմՙ բուռն ցանկությամբ: «Թշնամի ենք» բացատրությունը նրանց տարածություն պահելու թերեւս ամենաըմբռնելի ձեւակերպումն է: Միայն հունիսի 7-ին Բեռլինում Մերկել-Ալիեւ ասուլիսին ադրբեջանցիներից մեկը, ինչպես հետո պարզվեցՙ եվրոպական թղթակցական գրասենյակի ղեկավար Օրհան Սատտարովը, ժպտադեմ զրույց սկսեցՙ հավանաբար կռահելով, որ եսՙ ասուլիսին ներկա միակ հայ թղթակիցս Երեւան չեմ վերադառնում: Մեր զրույցից կռահեցիՙ եթե գիտեր, որ մեր թերթն այժմ չունի նաեւ ռուսերեն տարբերակը, ուրեմն ժամանակին մեզ հետեւել է, կարդացել, ու նաեւ տեղյակ է, թե Գերմանիայից ինչ եմ հաղորդում: Ու ծանոթ կլինի, որ գրածս հեռու է քարոզչությունից, «մաքուր» լրագրություն է: «Էլի կհանդիպենք», ասաց, երբ տեսավ, որ միակ հայը լինելու հանգամանքն ինձ չի կաշկանդելՙ անվախ խոսում եմ, այնպես, ինչպես տեսածս ու լսածս թղթին եմ հանձնում, ինչպես, բարեբախտաբար, հետո առանց փոփոխության կարդում եմ խմբագրիս ստորագրած «Ազգի» տպագիր օրինակում:
Երբ ժամանակին «Ազգի» կայքէջում թուրքերեն լեզվով թարգմանվեցին մեր լուրերը, Գերմանիայում շատերը գնահատեցինՙ բարձրորակ թարգմանիչ ունեք: Թուրքերի այն շերտը, որ կարդում էր մեր թերթը, շատ լավ ճանաչում էր Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ «Ազգի» սթափ դիրքորոշումը: Հակոբ Չաքրյանին իհարկե առանձնացում էին, իսկ 2001- ին Մյուլհայմում կազմակերպված «Պատմության ծանր բեռը. հայ- թուրքական երկխոսության մի փորձ» գիտաժողովին, հիշում եմ, «Հյուրիեթի» գերմանաբնակ թղթակիցը մյուս թուրքերի հետ Չաքրյանին բաց չէր թողնումՙ հարց հարցի հետեւից էր տալիսՙ խոստովանելով, որ միշտ ընթերցում է նրա վերլուծությունները:
Երեւանում մենք թուրք չէինք տեսել: Գերմանիայում շատ տեսա: Փողոցում ինձ հանդիպած գլխաշորավոր կամ սեւ չադրայից միայն աչքերի բիբերը տեսանելի դարձնող թրքուհիներն էլ, նրանց մանուկ, ահել ու ջահելն էլ նորություն էին ինձ համար: Նրանց, որ մեր պատմության, գրքերի ու ֆիլմերի մեջ էին, ճանաչում էի, նրանց, որ ինձ հետ Գերմանիայի նույն փողոցում էին ապրում, չէի ճանաչում, բայց արդեն խորթ էին: Նկատել եմՙ թուրքերն, ուր ասես մոտենում, ժպտադեմ զրույց են պարտադրում:
Թղթակիցները կամ գրագետ շերտը, երբ իմացել են, որ լրագրող եմ, այցեքարտ են տվել, անպատճառ հրավիրել Թուրքիաՙ նույնիսկ խոստացել ճանապարհածախսը հոգալ: Ընթերցողներիս մոտավոր ենթադրությունները փարատելու համար կարճ կապեմՙ դեռ չեմ գայթակղվել: Թուրքիայում մեր թերթը թղթակից չի ունեցել, բայց «Մարմարայից», «Ժամանակից» Երեւան այցելող մեր հայ գործընկերներն անպայման «Ազգ» էին այցելում: Նրանք ինչ նվեր էլ բերելու լինեին, աչքահուլունքն անպակաս էր: Երեւի դրա համար էլ չար աչքը, խոշոր հաշվով, չէր դիպչում մեզՙ վազում էինք ու ոչ մեկիս ոտքը չէր կոտրվում, բռնարարքներ ու սպառնալիքներ հնչում էին, բայց կյանքի իրավունքից չէինք զրկվում բարեբախտաբար, թերթը պարբերաբար, տարբեր պատճառներով լույս չտեսավ, բայց դեռ կենսունակ է: Ու դեռ ավելինՙ «Ազգի» ընթերցողը, շաբաթաթերթին չվարժվածՙ դեռ օրաթերթ է հոլովում ու ստիպում աշխատակազմին ամեն ինչ անել, որ օրաթերթի տեսքով նորից վերադառնա:
90-ականների «Ազգում» երկու թուրքագետ աշխատակից ունեինքՙ Հակոբ Չաքրյանը եւ Մուրադ Բոջոլյանըՙ խիստ տարբեր հայացքներով: Բոջոլյանը հավատարիմ էր իր մյուս «երդմանը». ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանի թուրքերենի թարգմանիչը թեեւ չէր շրջանցում իր լիազորություններն ու չէր գաղտնազերծում կողմերիՙ այս կամ այն տետ-ա-տետ հանդիպման մանրամասներ, բայց մեր թերթում իր վերլուծությունը շատ հաճախ ենթադրել էր տալիս, թե նա թարգմանն է նաեւ երկուՙ հարաբերություն չունեցող երկրների գերթաքուն իղձերի: Նույնիսկ այդ ժամանակ ոչ ընթերցողների, ոչ էլ խմբագրակազմից որեւէ մեկի մտքով չէր կարող անցնել, որ նա կարող էր նաեւ հատուկ հանձնարարություն կատարել, հայտնվել Ազգային անվտանգության ծառայության ուշադրության կենտրոնում ու հետագաՙ կարծեմ 10 տարին անցկացնել մեկուսարանում:
Հակոբ Չաքրյանի գերկարծր դիրքորոշումը Բոջոլյանի գրածից շատ էր տարբերվում: Ես նրա վերլուծությունները կարդալով, համոզված էի, որ որեւէ բան բաց չեմ թողել «թուրքական լրահոսից»ՙ ապավինում էի նրա մասնագիտական բարձր որակին եւ հավատում, որ զինված եմ անաչառ ու թարմ տեղեկատվությամբ: Հենց այդ վստահությունն օգնեց, որ Բոննում 1997- ին բանավոր հարցազրույց վարեմ ԳԴՀ-ում Թուրքիայի դեսպան Վոլքան Վուրալի հետ, որ մեր թերթի մասին, ենթադրում եմ, գիտեր: Հակոբ Չաքրյան անուն- ազգանունը վստահություն էր ներշնչել նաեւ գերմանաբնակ թուրքերի շրջանում: Երբ ժամանակին ինտերնետային տարբերակով ամեն օր թարմացվում էր «Ազգի» թուրքերեն տարբերակը, նրանք ջանում էին կապ հաստատել մեր թերթի հետՙ համոզված լինելով, որ Հայաստանի հասարակությանը իրենց գաղափարները փոխանցելու լավագույն փոստատարը «Ազգն» էՙ իրենք են խոստովանելՙ «անաչառ է, զգույշ, օպերատիվ»:
Հակոբ Չաքրյանն ու Մուրադ Բոջոլյանն իհարկե մշտական ներկայություն ունեին, բայց «Ազգ»-ի ընթերցողի համար իսկական հայտնություն էր Լուսիկ Ղուկասյանը: Մի լրագրող, որ 90-ականներին գնաց Թուրքիա, հարցազրույցներ վարեց բոլոր ազդեցիկ կուսակցությունների ղեկավարների, նույնիսկ վարչապետուհու հետ, ու դրանք անգլերենից թարգմանաբար տպագրվեցին մեր թերթի էջերում: Գյումրեցի, մոսկվայաբնակ Լուսիկը, որի վրա կրկնակի քաղաքաբնակ լինելն իր ամուր դրոշմն է դրել, ոտքից գլուխ տպավորեց մեզ առաջին իսկ հանդիպումից: Աշխույժ, թարմ հումորով, հաստատակամ, ու նաեւ գիտեր, համոզված էր, որ իր նորաձեւության վերջին ճիչ հագուկապն էլ իր գեղեցիկ դրսեւորման պարտադիրն է: Գյումրիի երկրաշարժին հարեւան երկրից էլ պատրաստակամություն էին հայտնել օգնել ու շատ լավ գիտեին մեր անլույս, անհաց կենցաղը: Ցորեն էին առաջարկում: Ոնց ուրախացա, որ այդ պինդութունդ հարցազրույցների հեղինակըՙ Մոսկվայի մեր թղթակից Լուսիկ Ղուկասյանը թուրքերին նաեւ իր չքնաղ տեսքով էր հաղթել: Իսկ մի քանի տարի առաջ նրա հետ զրույցից խույս չէր տվել Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Բյուլբյուլօղլուն: Ով չի հասցրել ժամանակին կարդալ, կարող է ըմբոշխնել այս վերջինըՙ մեր արխիվում այն որոնելով:
(շարունակելի)