Զարմանալի խիտ ժամանակներ ենք ապրում: Այնքան խիտ, որ նրա տված մտորելու առիթները երբեմն ժամանակ չունենք անգամ նկատելու: Խտության վերջին բաղադրիչներից էին արտաքին ուղղությամբ Ղարաբաղյան հիմնախնդրի հետսանկտպետերբուրգյան զարգացումները ու Հռոմի պապի` Հայաստան այցի հեռուն նետված քարը, ինչպես նաեւ էլի ներքին ու արտաքին համալիր խնդիրների խոշորացույց` ՀՕՊ միավորված համակարգ ստեղծելու մասին համաձայնագրի վավերացումը հայոց խորհրդարանում եւ Ընտրական օրենսգրքի` «դարակազմիկ» լրացումը: Սրանք բոլորը տարվա հետագա ընթացքի ուղենիշ իրադարձություններ են: Խտության նոր չափաբաժինը կավելանա նաեւ մոտակա օերին` հուլիսի 4-ին ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում Հայաստան է ժամանելու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Հավանաբար այդ այցի ընթացքում հնչելիք հայտարարությունները հստակություն կմտցնեն այն հարցում, թե վերջապես ի՞նչ քննարկումներ են եղել Սանկտ Պետերբուրգում, կամ ո՞ր ձեռքբերվածի դրականը չփոշիացնելու մասին էր խոսում Լավրովի գերատեսչության ներկայացուցիչ Մարիա Զախարովան, երբ ասում էր, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորումը լռություն է պահանջում, հրապարակային հռետորաբանությունը խանգարում է, քանի որ պետք է գործեն դիվանագետներն ու փորձագետները: Եթե նկատի առնենք այն, որ հարեւան երկրի անկրկնելի նախագահ Ալիեւն էլ որոշ առումով պարզություն մտցեց` իր երկրում ներքին հանդիպումներից մեկում հայտարարելով, թե չի համաձայնել շփման գծում հրադադարի խախտումների վերահսկման մեխանիզմ տեղակայելու կամ դիտորդների ավելացման` Հայաստանի նախագահի պայմանին, ԼՂՀ կարգավիճակն էլ ապագայի խնդիր է, բայց ոչ իր երկրի տարածքային ամբողջականության հաշվին, ուրեմն իսկապես` Լավրովից հստակություն սպասելու նյութ կա: Չնայած Ալիեւի` ներքին օգտագործման համար արված հայտարարություններին, ոչ միայն մենք, այլեւ իր սեփական ժողովուրդը վաղուց չի հավատում, մեր Նալբանդյանն էլ միշտ ասում է` հանդիպումներին Ալիեւն ասում է մի բան, իր երկիր գնալուց հետո` լիովին այլ բան:
Ավելորդ չէ նշելը, որ տարածաշրջանային այցի շրջանակում Հայաստանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը նույնպես արտահայտվել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ եւ ասել, թե կողմերի եւ ԵԱՀԿ-ի համար ակնհայտ է` անհնար է ստատուս-քվոյի պահպանումը, եւ երկարատեւ խաղաղության փնտրտուքի մեջ է նաեւ անձամբ ինքը որպես ԵԱՀԿ գործող նախագահ: Իսկ ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Լուկաշեւիչը չի ուշացրել պատասխան հայտարարությունը, թե շարժիչ ուժը ոչ թե ԵԱՀԿ գործող նախագահն է, այլ Մինսկի խմբի համանախագահները… Իսկ ահա Արցախում գտնվող ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսն էլ մյուս կողմից է տաք պահել նյութը` Արցախն արդեն պետք է ներկայացված լինի բանակցային գործընթացում:
Անցած շաբաթ, իհարկե, բոլորիս ժամանակը լցված էր Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցով:Այցը լայնորեն լուսաբանվել է, ու չնայած մեծ գայթակղություն կա դրա զանազան մանրամասներին անդրադառնալու, սակայն շաբաթական պարբերականի սուղ հնարավորությամբ դա դժվար է: Նկատենք միայն, որ աշխարհում հավանաբար ամենահայտնի եւ ամենից ընդունելի հոգեւորականը Հայոց ցեղասպանության հարցում մնաց իր բարձրության վրա, նորից կրկնեց իր նախորդ որակումները` այդպիսով միջազգային մի հսկայական կապիտալ դնելով Հայաստանի եւ հայերիս բանկում: Դա անգնահելի ծառայություն է, իսկ թե ինչպես կօգտագործենք այդ կապիտալը` կմսխե՞նք, թե կօգտվենք դրանով ընձեռված հնարավորությունները բազմապատկելով, սա արդեն մեր` հայերիս խնդիրն է:Իսկ զուտ ճանաչողական առումով` ողջ աշխարհում Պապից ավելի լավ, փաստորեն, մեր գովազդը ոչ ոք չի արել` առաջին քրիստոնյա ազգին եւ Հայ Առաքելական եկեեղեցուն բարձր դասելով, նրա հոգեւոր ու աշխարհիկ տաղանդներից մեջբերումներ անելով, նրա մշակույթի վերաբերյալ իր հիացմունքը հայտնելով, Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր տեսակետները կրկնօրինակելի դարձնելով ուրիշ պետությունների ղեկավարների համար, այս իմաստով` Պապի այցի քաղաքական ու քաղաքակրթական նշանակության արտացոլանքը Եվրոպայում դեռ կհաջորդի:
Երեք չորսերի «դարակազմիկ» համաձայնությունը
Հետաքրքրական է, որ համաձայնության մասին ենթավերնագրի տակ ստիպված ենք առաջինը պատմել անհամաձայնության սուր, կարելի է ասել` սկանդալային այն դրսեւոման մասին, որ տեղի ունեցավ քաղաքական ուժերի, այսպես կոչված, երեք չորսերի («4+4+4» ձեւաչափ) համաձայնությամբ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթի` Ազգային ժողովում հրավիրված վերջին արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ, ինչը խոսուն փաստ է առ այն, որ Հայաստանի ընդդիմադիր անվանված դաշտում ապագա խորհրդարանի սուղ տեղերի համար մրցակցությունն այնպես է սրվել, որ կենաց-մահու կռվի են անցնում` առանց միջոցների խտրականության:
Նիկոլ Փաշինյանն , իրեն հատուկ կոլորիտային սարկազմով, պատասխանեց արտահերթի ընթացքում դեպի իր անձն ու իր գլխավորած քաղաքական ուժն արված այն ակնարկներին, որոնք կասկածի տակ էին դնում միակ իրական ընդդդիմադիրը լինելու նրա հավակնությունը: Փաշինյանի խոսքը մինչեւ հիմա եղած ելույթներից միգուցե ամենից ոճայինն էր, պարուրված որակումներով ու անձնական վիրավորանքներով, որը տեղից ընդհատում էին իրենց ընդդիմադիր անվանած ուժերի ղեկավար կանայք` Հեղինե Բիշարյանն ու Նաիրա Զոհրաբյանը : Ավելի ուշ եւ ավելի սկանդալային եղանակով Փաշինյանին ԱԺ ամբիոնից պատասանեց Հեղինե Բիշարյանը: Այս բոլորի ընդհանուր հանրագումարը կարելի է անվանել ընդդիմադիրների քողազերծման դասական օրինակ, ընդ որում` անտառի օրենքով, երբ երկուսը կռվում են, նրանց որսը փախցնում է մի երրորդը. ահա այդ տպավորությունն ունեինք այդ բոլորից հետո Ընտրական օրենսգրքի առթիվ ելույթ ունեցած Լեւոն Զուրաբյանի անհողդողդ տոնից: Վերջինիս հանդեպ իշխանության սուպերհանդուրժողականության նոր չափաբաժինը եւ խորհրդարանում տեղի ունեցածը հուշում են, որ, այնուամենայնիվ, ընդդիմության իշխանահաճո հատվածը միայն կանցնի հաջորդ խորհրդարան, անկախ Ընտրական օրենսգրքի ձեւափոխություններից, ու միգուցե այդ առթիվ ինչ-որ համաձայնություն արդեն կա, ու դա միմյանց բզկտելու պատճառ է դառնում:
Անցնելով բուն թեմային` նշենք, որ երեք չորսի կամ «4+4+4» ձեւաչափով քաղաքական ուժերի` ԸՕ-ի օրենսգրքի վերաբերյալ առաջարկությունների քննարկման սենսացիոն անվանված համաձայնությունն ի վերջո ԸՕ օրենսգրքի վերաբերյալ կայացավ, իշխանությունը գոնե երեւութապես համաձայնեց ընդդիմության ` ընտրությունների ընթացքի վերահսկողությունը բարելավող ՀԱԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ առաջարկներին, բացառությամբ, իհարկե, ռեյթինգային քվեարկությունը հանելուց ու ընտրողների ցուցակներն ընտրություններից հետո հրապարակելուց: Այս գործի դրոշակակիրը համարվեց ՀԱԿ-ը: Սակայն խնդիրն այն է, որ այս առաջարկները ներառող փոփոխությունների փաթեթը, որն Ընտրական օրենսգրքի ընդունումից հետո կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի ներկայացմանբ վերստին բերվել էր ԱԺ` արտահերթ նիստով ու, երկու ընթերցում անցնելով `քվեարկությամբ ընդունվեց, եթե-ապայով է: Փոփոխությունները կյանք կմտնեն, եթե գտնվի առաջարկները ներդնելու համար անհրաժեշտ 16 մլն եվրոն, որի 3,5 մլն-ը այսպես թե այնպես տրամադրելու է կառավարությունը` դեռ առանց այս փոփոխությունների ընդունված Ընտրական օրենսգրքի նորամուծությունները կյանքի կոչելու համար: Չնայած` միջազգային դոնոր կազմակերպությունները խոստացել են, ու ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հաշվել էր 12 մլն եվրոյի խոստում: Հիմա եթե մեր իշխանավորներն իսկապես ուզում են վերահսկողական մեխանիզմները կյանքի կոչել` կնպաստեն անհրաժեշտ միջոցների հայհայթմանը, եթե ոչ` չեն նպաստի, վերջին դեպքում փոփոխությունները չեղյալ կհամարվեն: Իսկ դրանք գործառնական իմաստով բավական բարդ ներդրվելիք առաջարկներ են: Ասենք` ներդրվելու է ընտրողների մատնահետքերով նախնակական էլեկտրոնաային գրանցման համակարգ, եւ ընտրողների մատնահետքերի նախնական հավաքագրման բազան ապահովելու համար 300 կենտրոն պետք է գործի, ոստիկանության 300 աշխատակից առանձնացվի, տվյալները հավաքագրող 300 սարք պետք է տեղադրվի, քանի որ միայն նախնական հավաքագրումից հետո քվեարկության օրը հնարավոր կլինի ընտրողների մատնահետքերով գրանցումը տեխնիկական սարքերով, որոնց վրա նույնպես մեծ գումարներ են ծախսվելու: Ընտրողների ցուցակները հասանելի դարձնելու բավական բարդ մեխանիզմ է գործելու, թույլ է տրվելու նաեւ քվեարկության ընթացքի եւ արդյունքների ամփոփման տեսանկարահանում եւ հատուկ ստեղծված կայքերի միջոցով այդ ընթացքի օնլայն հեռարձակում: Իհարկե, առաջարկներին միս ու արյուն տված բոլոր պատգամավորներն էին նշում, որ Հայաստանում ընտրությունների հանդեպ վստահության վերականգնումը միշտ էլ ոչ թե Ընտրական օրենսգրքերից է կախված եղել, այլ իշխանության կամքից` ընտրությունների ընթացքում վատ սովորույթներից հրաժարվելու առումով: Սակայն համաձայնության օրենդրական ցուցափեղկը երեւի նաեւ իշխանությանն էլ է տարբեր պատճառներով հարկավոր եղել, որի ներկայացուցիչները նույնպես խոսում էին կոնսենսուսից եւ վստահության մթնոլորտի անհրաժեշտությունից: Մի խոսքով` հարմար համարվեց այս թեական փաթեթը բերել խորհրդարան եւ ընդունել, տեսնենք, թե ինչպիսին կլինի այս մի թղթի հետագա ճակատագիրը, որի քննադատությունը ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանն անվանեց պտղաջրերի հետ պտուղն էլ թափելու գործընթաց: Դե, հիմա կարելի է համարել, որ պտուղը փրկվեց, բայց նրա բնականոն ծնունդի համար պտղաջրերը, այսինքն` ֆինանսները պետք են:
ՀՕՊ նոր համաձայնագիր` լրացուցիչ ռեսո՞ւրս, թե վտանգ անվտանգությանը
Այս շաբաթ խորհրդարանը քննարկում էր ՀՀ եւ ՌԴ միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը, որը վավերացվեց: Ըստ գաղափարի եւ այն ներկայացնող կառավարության ներկայացուցիչ, պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանի` այս համաձայնագիրը պատերազմական իրավիճակում հակաօդային պաշտպանության լրացուցիչ ռեսուրս ստանալու հնարավորություն է, որ համաձայնագրի գործողության հինգ տարիների ընթացքում թույլ կտա Հայաստանին` օդային տարածքը պաշտպանելիս օգտագործել Ռուսաստանի դաշնության հակաօդային պաշտպանության ժամանակակից միջոցները, այդ թվում ռուսների կործանիչ ավիացիան: Միավորված տարածաշրջանային զորքերի համատեղ գործողությունների համակարգումն իրակացնելու է ՌԴ զինված ուժերի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարը, իսկ ընդհանուր ղեկավարումը` ՌԴ հարավային զինվորական օկրուգի զորքերի հրամանատարը: Սա մտահոգիչ էին համարում համաձայնագրի ընդդիմախոսները, որոնք իրենց ելույթներւմ խորհրդարանում շեշտադրում էին, թե Հայաստանի օդային տարածքի անվտանգությունն այդպիսով հայտնվում է կասկածի տակ, եւ տարատեսակ երկիմաստ իրավիճակներում կարող է սպառնալիք պարունակել երկրի անվտանգությանը, երբ Հայաստանի շահը կթելադրի պաշտպանություն, իսկ Ռուսաստանի շահն` ընդհակառակը: Հիշվում էին ե՛ւ ապրիլյան քառօրյա պատերազմը, երբ հակագրոհի հրամանն ուշացել էր, ե՛ւ ռազմավարական դաշնակցի` Ադրբեջանին հարձակողական զենք վաճառելու պարագան, ե՛ւ մեր հարեւաններից երկուսի հետ Ռուսաստանի տարատեսակ շահերը: Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության պայմանագիր դեռ անցած դարի իննսունականներից ունենք, սակայն ապրիլյան պատերազմի օրերին «անգամ մեզ չեն զանգահարել ու հարցրել` կարծես թե ձեր վրա կրակում են, ո՞նց եք, ուր մնաց` պարտավորություն կատարվեր»: Մտահոգությունների վերաբերյալ ելույթներում կարեւորվում էր, որ երկիմաստ պահերին որոշիչ կդառնա այն, թե ով է հրաման տալու, ավելի պատկերավոր` ով է «պուսկը» տալու, եթե մեզ պետք լինի ռուսական օդուժ վեր բարձրացնել, իսկ ռուսներին` ոչ: Պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանն ու ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը , ԱԺ փոխխոսնակները, ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչները համոզված էին` այդպիսի խնդիր չկա, ՀՕՊ միավորված համակարգում Հայաստանի ՀՕՊ-ը պահպանելու է իր ինքնուրույնությունը եւ ենթարկվելու է Հայաստանի գերագույն հրամանատարին: Իսկ լրացուցիչ ռեսուրսը հնարավորություն կտա մեր ռեսուրսներից ուղղել նաեւ Արցախ, բացի այդ` տարածաշրջանային օդային սպառազինության մեջ հավասարակշռություն կլինի, քանի որ հնարավորություն կստանանք կիրառել կործանիչ ավիացիա եւ ավելի ժամանակակից լոկացիոն համակարգեր :
ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ն ու ՀՀԿ-ն կողմ էին համաձայնագրին, ՀԱԿ-ից հնչած տարբեր տեսակետները մտահոգություններին տրվեցին, «Ժառանգության» ղեկավար եւ մենակ մնացած անդամ Զարուհի Փոստանջյանն , իհարկե, դեմ էր: Համաձայնագիրը վավերացվեց 102 կողմով: Դեմ էին Թեւան Պողոսյանը, Հրանտ Բագրատյանը, Նիկոլ Փաշինյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Զարուհի Փոստանջյանը, Էդմոն Մարուքյանը, Տիգրան Ուրիխանյանը : Համաձայնագիրը ենթատեքստով փաստորեն մեր հարավային հարեւանից սպասվող օդային վտանգի դեմ Հայաստանին տրամադրվելիք ռեսուրսի վերաբերյալ էր, բայց ամբողջ խնդիրն այն է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ սառույցը Էրդողանի ներողություն հայցող նամակից հետո հալվում է, ու պատմությունը մեր տառապանքին փորձ է ավելացրել: Մեզ հիմա ոչինչ չի մնում անելու, քան հերթական անգամ կյանքով ստուգելու, թե կգործի՞ արդյոք այս համաձայնագիրը, թե՞ առանց այս թղթի ենք մեր երկիրը պաշպանելու, ինչպես որ միշտ պաշտպանել ենք: Իսկ պատգամավորներից յուրաքանչյուրի ելույթն այս անգամ գրառել-պահում ենք` եթե պետք լինի, այնուամենայնիվ, հին հարդը քանդելու: