Հռոմի պապի Հայաստան կատարած այցի քաղաքական նշանակությունը առաջին զգացողներից եղավ Էրդողանը, Թուրքիայի նախագահը, որ փորձեց եռօրյա այցի ողջ իմաստը նսեմացնել «խաչակրական նոր արշավանք» կոչելով այն: Մինչդեռ Ֆրանցիսկոս պապի յուրաքանչյուր խոսքի, ժեստի, սիմվոլիկայի մեջ խտացված կար խաղաղ համակեցության, հոգեւոր զարթոնքի, քաղաքակրթությունների զարգացման կոչ: Ըստ երեւույթին, Էրդողանի վրա ամենաշատը ազդել էր հավաքական ջանքերով մարդկային տառապանքներին վերջ տալու, Աստծու անունով Աստծու հետեւորդներին հալածողներին ու ոչնչացնողներին զսպելու եւ կղզիացնելու Պապի հրավերն ու վճռակամությունը: Այսինքն բաներՙ որոնց ծագումնաբանորեն դեմ է էրդողանականությունը: «Գողՙ սիրտը դող», ասում է մեր ժողովուրդը նման պարագաներում: Արդարեւ, հանդուրժողականությունն ու արդարամտությունը թշնամին են թրքության, մանավանդ երբ նման կոչերը հնչում են հենց այն երկրից, որը զոհ է դարձել հենց այդ թշնամանքի:
Դրան հակառակ, Ֆրանցիսկոս պապի խոսքերին, ավելի շուտՙ ոգուն խիստ համահունչ էր նախագահ Սերժ Սարգսյանի բերած ավելի քան համոզիչ օրինակը հայ-իրանական հարաբերությունների մասինՙ որպես մոդել կրոնական ու քաղաքակրթական համակեցության եւ հանդուրժողականության:
Նպատակ չունեմ իմաստավորելու Հռոմի պապի եռօրյա այցի քաղաքական նշանակությունը: Այդ աշխատանքը հրաշալիորեն կատարել է մեր իմաստուն պատմաբանըՙ պրոֆ. Նիկոլայ Հովհաննիսյանը, որի հոդվածը կարելի է կարդալ մեր թերթի ներկա համարի 4-րդ էջում: Սակայն անհրաժեշտ եմ համարում մի երկու մատնանշում կատարել Պապի այցի վերաբերյալ:
Կազմակերպչական իմաստով այցը անթերի էր, բծախնդրորեն նախապատրաստված եւ իրականացված: Սակայն ներկայացուցչական առումով Հայ առաքելական եկեղեցին դժբախտաբար խոցելի էր. նվիրապետական չորս աթոռներից երեքի գահակալներըՙ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսը, Երուսաղեմի Հայոց պատրիարքը, Կոստանդնուպոլսո հայոց պատրիարքական փոխանորդը անձնապես բացակա էին: Եթե վերջին պարագան դնենք մի կողմ.- Աթեշյան սրբազանին Երեւանում սպասում էր բողոքող երիտասարդների խումբը, որի պատճառով նա Մոսկվայից վերադարձել էր իր կեցավայր,- ապա Արամ Ա կաթողիկոսի բացակայությունը իրավամբ տեղիք է տալիս արարողակարգային եւ այլ կարգի «անհարմարությունների» շուրջ տարբեր ենթադրությունների, մինչ Նուրհան պատրիարքի բացակայությունը հուշում է նրա ըմբոստական կեցվածքի շարունակման մասին: Բոլոր պարագաներում, բարձրաստիճան մեր կրոնական ղեկավարների այդ բացակայությունը, այն էլՙ իսկապես պատմական իրադարձության պահին, կրկին ցուցահանեց Հայ եկեղեցու ներքին տարբաժանվածությունը, չասելու համար պառակտվածությունը: Նրանք Ամենայն հայոց հայրապետի կողքին պիտի լինեին այդ օրերին: Այլեւս ոչ ոք թող չփորձի հիմարացնել մեզ, թե մեր ազգային եկեղեցին մեկ է ու միասնական…
Երկրորդ մատնանշումս վերաբերում է մեր զանգվածային լրատվամիջոցներին: Այցի ամբողջ ընթացքում եւ այնուհետեւ մեր լրագրողները, հատկապես հեռուստալրագրողներն ու մեկնաբանները, շեշտելով շեշտում էին ընդամենը մեկ բանՙ Պապը ճանաչել եւ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Նույնիսկ Վատիկան վերադարձի պահին, օդանավի մեջ, հայ լրագրողը փորձում էր սեփական ականջով վերստուգել արդեն վաղուց ստուգվածը: Մինչդեռ Քահանայապետի օրակարգում բազմաթիվ էին հրատապ մյուս հարցերը նաեւ, որոնց մի մասը թվարկվեց այս հոդվածի սկզբում: Այդ հարցերի մեջ էին քաղաքացիական իրավունքների, սոցիալական զարգացման նման կարեւորագույն խնդիրներ, որոնք թվում է, չեն հետաքրքրում հայաստանյան լրագրությանը, ինչպես չեն հետաքրքրում հայրենական իշխանություններին, որոնք, թվում է, արդեն լուծել են դրանք…
Այո, Պապը խոսեց ոչ թե որպես կրոնապետ կամ քահանայապետ, այլՙ որպես համաշխարհային առաջնորդ, որի ամբիոնը Հայաստանն էր, մի երկիր ու մի ժողովուրդ, որի հրաշալի հարությունը նա զգաց եւ որպես օրինակ ցույց տվեց ողջ մարդկությանը: