Փառք Աստծու պաշտոնապես հերքվեցին այն խոսակցությունները, թե իբր Հանրապետության հրապարակում, երբ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը էկումենիկ արարողություն կմատուցեն, հրապարակ մուտքը տոմսերով է լինելու: Փոխարենը հայտնի դարձավ, որ Պապը, երբ այցելի Խոր Վիրապ, այնտեղից աղավնիներ է բաց թողնելու դեպի Արարատ:
Գուցե տեղ հասնեն, եթե Պապն է բաց թողնում, հաստատ տեղ կհասնեն, համենայնդեպս աղավնիները Արարատ վերադառնալու գենետիկ հիշողություն ունեն, այդ առումով տարբերվում են մարդկանցից, որոնց պարագայում, եթե բոլորը ճանապարհները տանում ենՙ Հռոմ, ապա աղավնիների պարագայում բոլոր ճանապարհները տանում են Արարատ:
Բայց ոչ Պապի. նա մարդ է: Հայաստանից հետո, որտեղ Ֆրանցիսկոս պապը կլինի հունիսի 23-25-ը, նա կայցելի Լեհաստան, որի Կրակով քաղաքումՙ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ նա կմնա հունիսի 25-31-ը: Ի դեպ, Երիտասարդության միջազգային օրը կաթոլիկների ներկայիս քահանայապետի թերեւս ամենասիրելի տոներից է, քանի որ նաՙ որպես Պապ իր առաջին ուղեւորությունը Վատիկանից եւ Իտալիայից դուրսՙ կատարել է հենց այդ օրվա հետ կապվածՙ Բրազիլիա, 2013-ի հուլիսին: 2014-ի մայիսին Պապն այցելեց Իսրայել եւ Հորդանան, նույն տարվա օգոստոսինՙ Հարավային Կորեա, սեպտեմբերինՙ Ալբանիա, նոյեմբերինՙ Ֆրանսիա, նույն ամսինՙ նաեւ Թուրքիա, 2015-ի հունվարին Պապը եղել է Շրի Լանկայում եւ Ֆիլիպիններում, հունիսինՙ Բոսնիայում եւ Հերցեգովինայում, հուլիսինՙ Էկվադորում, Բոլիվիայում եւ Պարագվայում, սեպտեմբերինՙ ԱՄՆ-ում, նոյեմբերինՙ Կենտրոնական-Աֆրիկյան Հանրապետությունում, Քենիայում եւ Ուգանդայում: Այս տարի իր արտասահմանյան ուղեւորությունները Պապը սկսել է Կուբայից եւ Մեքսիկայից, որտեղ եղել է փետրվարին, ապա ապրիլին Ֆրանցիսկոս քահանայապետն այցելեց հունական Լեսբոս կղզի:
Հայաստանից եւ Լեհաստանից հետո, այս տարվա սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը Պապը կայցելի Վրաստան եւ Ադրբեջան, իսկ հոկտեմբերի 31-ին կլինի Շվեդիայում:
Եթե հետաքրքրական է, ապա ասեմ, որ փաստորեն Պապը իր այս տարի նախատեսվելիք բոլոր այցերն էլ ներառյալ եղել եւ լինելու է 25 երկրում, ընդ որումՙ Կուբան միակ երկիրն է, որը Ֆրանցիսկոս պապն այցելել է երկու անգամ: Այդ երկրներից 5-ը մահմեդական են, 2-ըՙ բուդդայական (Հարավային Կորեան, եթե կարելի է ասելՙ կոնֆուցիական-բուդդայական է), եւ վերջապես 18-ըՙ քրիստոնյա: Ընդ որում, Պապըՙ քրիստոնյա երկրներից ավելի շատ այցելել է ոչ կաթոլիկյանները, օրինակ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության բնակչության 50 տոկոսից ավելին բողոքական է, կաթոլիկներն էլ միայն 29 տոկոս են կազմում, Ուգանդայում էլ, ճիշտ է, կաթոլիկները 41,9 տոկոս են կազմում, բայց մեծամասնությունը կրկին բողոքական է, նույնըՙ Քենիայում:
Այնպես որ, չնայած ներկայիս Պապը սիրում է Կուբան, բայց նա նախընտրում է այցելել ոչ կաթոլիկ պետություններ, համենայնդեպս ավելի շատ, քան կաթոլիկները:
Իր այցը Հայաստան Ֆրանցիսկոս պապն արդեն իսկ անվանել է «Ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա պետություն», այսինքն Պապը գիտի, որ մենք առաջինն ենք ընդունել քրիստոնեությունը պետական կրոն, եւ սա շատ կարեւոր է այն առումով, որ կարիք չկա առիթի դեպքում Պապից հետաքրքրվել, թե գիտի՞ արդյոք կաթոլիկ հովվապետը, որ մենք առաջինն ենք ընդունել քրիստոնեությունը: Ցեղասպանության մասին էլ, կարծում եմ, կարիք չկա հարցեր ուղղելու, քանի որ ըստ ամենայնի Ծիծեռնակաբերդի տնօրինությունն արդեն իսկ արծաթափայլ եղեւնու տնկի է նախապատրաստել հատուկ Ֆրանցիսկոս պապի համար, որպեսզի վերջինս այն տնկի հուշահամալիրում:
Այնպես որ, հաշվի առնելով որ Պապը գիտի որ մենք առաջինն ենք քրիստոնեությունն ընդունել, որ ցեղասպանվել ենք, եւ որ հենց Արարատի մարզից է պետք դեպի Արարատ աղավնիներ բաց թողնել, նշանակում է Ֆրանցիսկոս պապը մեր մասին ամեն բան գիտի: Մեր եւ մեր երկրի: Իսկ մե՞նք, ի՞նչ գիտենք Վատիկանի մասին, շատ քիչ բան, բացի նրանցից, ովքեր կարողացել են ամառային մեկ օրըՙ ոչ ամբողջությամբ անցկացնել Վատիկանում եւ ամբողջ քաղաք-պետությունը վազքով են անցել, քանի որ տեղի ժամանակով, ճիշտ կեսգիշերին պետության բոլոր 6 դարպասները փակվում են, եւ ով չի հասցրել դուրս գալ, ստիպված է գիշերել սրբերից մեկի արձանի կողքին, եթե իհարկե Պապի անվտանգությունն ապահովող աշխարհի ամենափոքրիկ բանակի զինվորներըՙ շվեյցարական գվարդիականները չհայտնաբերեն ու չտանեն զբոսաշրջիկին հատուկ սպասասրահՙ մինչեւ առավոտ, երբ Վատիկանը կրկին կբացի իր դարպասները:
Հենց զբոսաշրջիկներին, քանի որ Վատիկանումՙ այս տարվա հունվարի դրությամբ ապրում է 13 գվարդիական ընտանիք, որոնցում մեծանում էՙ մինչեւ 10 տարեկան 17 երեխա: Նրանք բոլորն էլ իրար դեմքով ճանաչում են, ճիշտ էՙ ընտանիքներով քաղաքից դուրս չեն գալիս, քանի որ ընտանիքների հայրերը Պապի գվարդիականներն են: Ընդհանուր առմամբ Պապն ունի 133 գվարդիական, որոնցից փաստորեն 120-ը կա՛մ ամուրի են, կա՛մ այրի, կա՛մ… Վատիկանում այդ մասին չեն խոսում, սակայն միայն չեն խոսում: Ամուսնացած գվարդիականներից օրինակ Մարսել Ռիեդին, ում պապն էլ, հորեղբոր որդին էլ գվարդիական են եղել, այն երջանիկն է, որն իր ապագա լեհուհի կնոջըՙ Մագդալենա Վոլինսկայի հետ ծանոթացել է Վատիկանի Առաքյալների տաճարի բակի բրոնզե դարպասների մոտ, որից հետո նրանք ամուսնացել են, ունեն երկու դուստրՙ Մելանին եւ Մարիսյան, որոնց կնքել է անձամբ նախկին Պապՙ Բենեդիկտոս 16-րդը:
Հետաքրքական է, որ երբ Պապի գվարդիականները դադարեն ծառայել նրան, ապա անմիջապես կզրկվեն Վատիկանի քաղաքացիությունից ու Վատիկանում ապրելու իրավունքից, բացառությամբՙ Վատիկանում ծնված երեխաները, սակայն վերջին ժամանակներում նման նախադեպ չկա: Բանն այն է, որ Վատիկանում հիվանդանոց չկա, որտեղ կարող են երեխաներ ծնվել, այսինքն, օրինակ, գվարդիական Մարսելի կինըՙ Մագդալենան իր երկու աղջիկներին էլ ունեցել է Հռոմում, որին Վատիկանը կապված է Սուրբ Պետրոսի հրապարակով: Այսինքն փոքրիկ Մելանիի եւ Մարիսյայի մուտքըՙ աշխարհ եղել է Հռոմիցՙ Վատիկանՙ Սուրբ Պետրոսի հրապարակով… Երջանիկ մարդիկ:
Բացի գվարդիականներից, Վատիկանն ունի նաեւ շուրջ հազար քաղաքացի: Ի դեպ Վատիկանի քաղաքացիություն ստանալու համար պետք է այնտեղ ապրել եւ աշխատել, ու քանի որ այնտեղ ապրելու եւ աշխատելու համար պետք է կա՛մ գվարդիական լինել, կա՛մ հոգեւորական, ապա… Վատիկանը աշխարհի միակ պետությունն է, որը գրանցված է ՅՈւՆԵՍԿՕ-ումՙ որպես համաշխարհային մշակութային ժառանգության մասնիկ: Սա ոչ այնքան քաղաք-պետություն է, որքան քաղաք-թանգարան, պատահական չէ, որ Վատիկանը աշխարհում միակ երկիրն է, որտեղ չեն կիրառում մուտքը եւ ելքը հաստատող կնիքներ: Սա նշանակում է, որ Վատիկան այցելողները իրենց անձնագրերի կնիքով չեն կարող հաստատել իրենց այցելությունը, ինչպես օրինակ Լուվր այցելողների անձնագրում չի նշվում, որ այցելել են Լուվր: Ի դեպ, եթե որոշել եք այս ամառ այցելել Վատիկան, ապա նախքան դարպասներից ներս անցնելը մի լավ կերեք Հռոմում, քանի որ Վատիկանում մեկ-երկու սրճարան կա միայն, որտեղ հնարավոր չէ կուշտ ուտել: Իրենքՙ վատիկանցիները սնվելու համար հիմնականում գնում են Հռոմ, փոխարենը հռոմեացները գալիս են Վատիկան, որպեսզի տեղի փոստով ուղարկեն իրենց նամակներն ու կարեւոր փաստաթղթերը: Բանն այն է, որ Վատիկանի փոստը համարվում է աշխարհում ամենաապահովը: Այսինքն, եթե դուք Վատիկանի փոստով Աստծուն նամակ հղեք, ու խնդրեք, օրինակ, հարյուր եվրո, ապա նամակը հաստատ տեղ կհասնի, գուցե պատասխան էլ ստանաքՙ քեշ, անշուշտ: Եվրոն Վատիկանի պաշտոնական դրամն է: Ճիշտ է, Վատիկանն ունի իր խորհրդանիշերով մետաղական եվրոներ, որոնք, քանի որ քիչ են թողարկվում, համարվում են խիստ հազվագյուտ ողջ Եվրոպայում:
Վատիկանյան եվրոն Եվրոպայում հազվադեպ է հանդիպում, բայց այ գինինՙ Վատիկանում հազվադեպ չէ: Ալկոհոլի այս տեսակն օգտագործելու առումով Վատիկանն աշխարհում առաջին երկիրն է: Բանն այն է, որ Վատիկանում մեկ շնչի հաշվարկով խմում են ավելի շատ գինի, քան աշխարհի որեւէ այլ երկրում: Սուրբ քաղաքում մեկ մարդը խմում է տարեկան 54 լիտր գինի:
Ի դեպ, այսպիսի թեւավոր խոսք կաՙ «Խմել, ինչպես Հռոմի պապը»: Այս խոսքը գալիս է Պապ Բենեդիկտոս 12-րդից, ով ըստ վկայությունների անտանելի խմող էր եւ «կարողանում էր ավելի շատ խմել, քան հինգ կարդինալներ միասին»:
Ինչ վերաբերում է Ֆրանցիսկոս պապին, ապա 2014-ի ապրիլին, երբ Ֆրանցիսկոս պապը հանդիպեց Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթին, վերջինս Պապին ի թիվս այլ նվերների նվիրեց նաեւ… մեկ շիշ վիսկիՙ իսկական Balmoral: Հազիվ թե թագուհին Պապին նվիրեր մի այնպիսի բան, որը Պապը չի սիրում: Բայց եթե անգամ նա վիսկի չի սիրում, գինի հաստատ սիրում է: Բանն այն է, որ Ֆրանցիսկոս պապը, որի ոչ սուրբ անունըՙ Խորխե Մարիո Բերգոլիո է, իտալական արմատներ ունի, չնայած ծնվել է Արգենտինայում: Նրա նախնիները Իտալիայիՙ Պյեմոտնա շրջանից են, որը հայտնի է իր գինեգործությամբ: Պապի պապ Ֆրանչեսկո Բերգոլիոն, ապրել է Պյեմոնտա շրջանի Պորտակոմար դը Աստի բնակավայրում եւ ունեցել է սեփական խաղողի այգիներըՙ թողարկելով իր կարմիր գինին, որը կոչվում էր Գրինյոլինո (համանուն խաղողի սորտից): Ի դեպ, իտալական մամուլը հաճախ է Պապին կոչումՙ Գրինյոլինո պապ: Գինու հանդեպ Պապի հատուկ վերաբերմունքը ապացուցվում է նաեւ այն հանգամանքով, որ Ֆրանցիսկոսն առաջին Պապն է, ով իր սեփական գինին է թողարկում: Ընդ որումՙ ինչպես սպիտակ, այնպես էլ կարմիր, որոնք առաջին անգամ 2013-ին ներկայացվեցին Պապի նստավայրերիցՙ Castel Gandolfo-ում: Պապի գինեգործական ընկերությունը հայտնի է, որ ներմուծում է սպիտակ խաղողիՙ հազվադեպ տրեբիաննո սորտը եւ կարմիր խաղողի կրկին հազվադեպ հանդիպողՙ չեզանեզե եւ աֆիլե սորտերը:
Այնպես որ Ֆրանցիսկոս պապին հանգիստ կարելի է հարցեր տալՙ հայկական գինու մասին, եթե իհարկե նա գիտի, որ Հայաստանը ոչ միայն Արարատին հեռվից նայելու, առաջին քրիստոնեա եւ Ցեղասպանություն տեսած ժողովրդի եւ սուրբ Նարեկացու երկիրն է, այլեւ գինու հինավուրց հայրենիքը: