Կառավարության երեկվա որոշմամբ կստեղծվի Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամ, որը կգործի պետություն-մասնավոր հատված համագործակցության սկզբունքով, կաջակցի միջազգայնորեն մրցունակ արտադրանքի արտադրության, ներքին եւ արտաքին շուկաներում հայկական գինու վարկանիշի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացմանը: Ակնկալվում է, որ հիմնադրամը կհանդիսանա այս ոլորտում կառավարության մոտեցումներն ու սկզբունքները կյանքի կոչող կառույց եւ կհամախմբի գինեգործության զարգացման ծրագրերն իրականացնող բոլոր օղակների ջանքերը:
Հրազդանին 150 մլն դրամՙ կառավարության կրճատված աշխատակազմի բյուջեից
Կառավարության աշխատակազմի բյուջեից 150 մլն դրամ կկրճատվի եւ կուղղվի Հրազդան քաղաքում մի շարք ենթակառուցվածքների վերանորոգմանը: Այդ մասին նիստի ժամանակ հայտնեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Կառավարության որոշման համաձայն, 120 մլն դրամը կհատկացվի մի քանի բակերի ասֆալտապատմանը, 30 մլն դրամը մի քանի շենքերի վերելակների վերանորոգմանը:
Ընդհանուր առմամբ կվաճառվի 1082 ծառայողական մեքենա
Եվս 383 ծառայողական մեքենաներ կառավարության երեկ ընդունած որոշմամբ հետ են վերցվել պետական մարմիններից եւ օտարման նպատակով ամրացվել պետական գույքի կառավարման վարչությանը: Ինչպես հայտնեց հարցը ներկայացնող, պետական գույքի վարչության պետ Արման Սահակյանը, հաշվառված 798 տրասպորտային միջոցներն արդեն իսկ դարձել են 1082, որովհետեւ ավելացվել են նաեւ ոստիկանության եւ պաշտպանության նախարարության տրանսպորտային միջոցները: Ավտոմեքենաների գնահատման գործընթացները սկսվել են, որոշ մրցույթներն արդեն հայտարարված են: