Ամիսներ առաջ ամերիկյան հասարակական հեռուստաալիքով պատահաբար ակնդրեցի ռուսական «Պառնաս» ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ Իլյա Յաշինի ճեպազրույցը, ուր նա ներկայացնում էր Չեչնիայի ինքնավար հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի գործունեության մասին իր կազմած ծավալուն զեկույցըՙ «Սպառնալիք ուղղված ազգային անվտանգությանը» վերնագրով:
«Վերջին տարիներին Ռուսաստանում ձեւավորվել է մեր տեղական «Քվազի Իսլամական պետությունը»,- ասում էր իր խոսքում Իլյա Յաշինը: -Մեկուսացված կրեմլյան իշխանություններիցՙ «չեչենական խալիֆաթն» ապրում է իր սեփական օրենքներով, շարիաթի որոշ նորմեր գերադասելով ՌԴ օրենքներից: Կադիրովը վարում է կենտրոնախույս ներքին եւ արտաքին քաղաքականություն: Չեչնիայում ստեղծված է Կադիրովի անձի պաշտամունք, նա իրեն համարում է չեչենների գլխավոր իմամ: Չեչեն զինյալները ահաբեկչական հարձակումներ են իրականացնում Կադիրովի հակառակորդների դեմ Մոսկվայում եւ Ռուսաստանի սահմաններից դուրս: Չեչնիայի նախագահը ողողված է շքեղության մեջ, նա ունի իր սեփական գազանանոցն ու ձիանոցը, երկրում թույլատրվում է բազմակնությունը, կան հարեմներ: Բնակչության աշխատավարձից եւ բիզնեսից ամեն ամիս պարտադիր գումարներ են պահվում իր հորՙ Ահմեդ Կադիրովի հիմնադրամի համար: Կադիրովը ստեղծել է իրեն հավատարմության երդում տված բազմահազարանոց բանակ: Փաստորեն նա Չեչնիան վերածել է կենտրոնից օտարվող մի երկրի, ուր սակայն շարունակում են հոսել տասնյակ միլիարդների հասնող դաշնային կենտրոնի գումարները: Այս իրավիճակը սպառնում է Ռուսաստանի ազգային անվտանգությանը եւ նախադրյալ ստեղծում նոր պատերազմի բռնկման համար»,- նշում էր իր խոսքում ռուսազգի ընդդիմախոսը:
Այս ամենում նա մեղադրում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ նրա վարած պրոմահմեդական քաղաքականությանը, ասելով որ Պուտինը տեղյակ է Կադիրովի կամայականություններից եւ, այնուամենայնիվ, շարունակում է նրան աջակցել դրա դիմաց ունենալով Չեչնիայում «կայունություն» եւ «խաղաղություն»:
Նշենք, որ այս զեկույցի համար շարժառիթ է հանդիսացել անցյալ տարի փետրվարին ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանությունը, ինչում, ըստ կանխավարկածի, նշմարվել է չեչենա-ինգուշական հետք, եւ պատվիրատուն, ըստ Իլյա Յաշինի ենթադրության, Ռամզան Կադիրովն է:
Իսկ ինչ աղերս ունեն Չեչնիային առնչվող վերոշարադրյալ իրողությունները Կովկասի հարավում գտնվող Հայաստան երկրի հետ: Կարծում եմՙ ամենաուղղակի:
Պետք է ընդունել այն փաստը որ Պուտինն, ի տարբերություն Ռուսաստանի նախկին նախագահ Բորիս Ելցինի, կարողացավ Հյուսիսային Կովկասի ամենաանհնազանդ երկրիՙ Չեչնիաի հարցում վարել այսպես ասածՙ փափուկ ռեժիմի, «Պուտին-Կադիրով» ֆորմատի կիսապաշտոնական քաղաքականություն, փոխարենն ունենալով իր իշխանավարության տարիների համար «անգլխացավ» եւ չպատերազմող Չեչնիա: Սակայն ի՞նչ է լինելու Պուտինի հեռանալուց հետո:
Առանձնակի Նոստրադամուս լինել պետք չէ կանխատեսելու համար, որ վաղ թե ուշ Ռուսաստանի Դաշնության հիմքերը կքանդվեն: Դրա մասին են վկայում այսօր Ռուսաստանի շուրջը ընթացող խիստ անբարենպաստ միջազգային զարգացումները, ինչպես նաեւՙ այդ երկրի ներսում տեղի ունեցող քայքայիչ պրոցեսները, պայմանավորված իսլամի գործոնով: Եվՙ «Կտրվելու է այնտեղ, որտեղ բարակ է»: Իսկ Ռուսաստանի Դաշնության հսկա տարածքում այսօր «ամենաբարակ» տեղը թերեւս Հյուսիսային Կովկասն է:
Հիմնական խնդիրներից մեկը Հյուսիսային Կովկասում ապրող ռուսական բնակչության կտրուկ նվազումն է, ինչը մեծ թափ ստացավ առանձնապես Չեչնիայի առաջին (1994-1996) եւ երկրորդ (1999 -2001) պատերազմներից հետո: Այսօր Հյուսիսային Կովկասում ապրող ռուսների թիվը կազմում է ընդհանուր բնակչության ընդամենը 20 տոկոսը: Ամբողջ Ռուսաստանի Դաշնությունում Հյուսիսային Կովկասը միակ վայրն է, ուր ռուսական տարրը նվազագույնն է, ինչը քիչ պատճառ չէ որպեսզի ապագայում Ռուսաստանն առհասարակ դուրս մղվի այնտեղից, թեկուզ եւ այդ երկրներում անկախության հանրաքվե անցկացնելու ճանապարհով: Այս ինքնավար երկրները սակայն զարգանում են ի հաշիվ կրեմլյան գանձարանից տրամադրվող միլիարդավոր ռուբլիների հասնող դոտացիաների եւ ներդրումների, չնայած այն հանգամանքին, որ Չեչնիայում, Ինգուշեթիայում եւ Դաղստանում ռուսազգի բնակչություն գրեթե չի մնացել:
Հաջորդ պատճառըՙ Հյուսիսային Կովկասում, մասնավորապես Չեչնիայում, իշխանական մակարդակով տարվող իսլամացման ակտիվ գործընթացներն են, ինչը միտում ունի ներառել տեղի մահմեդական բոլոր երկրներըՙ հեռանկարում ստեղծելով այնտեղ մահմեդական երկրների Էմիրություններ: Հյուսիսային Կովկասի յոթ պետություններից միայն Հյուսիսային Օսիան է հիմնականում քրիստոնյա երկիր:
Այս իրավիճակում Ռուսաստանը կա՛մ պետք է կրկին պայքարի Հյուսիսային Կովկասի համար, որպեսզի պաշտպանի իր ներդրումները, կա՛մՙ ուղղակի հեռանա Կովկասից: Հեռանալը կլինի ինքնասպանությանը համազոր քայլ, քանզի դա նախադեպ կհանդիսանա Ռուսաստանի Դաշնության հետագա կազմաքանդման գործընթացի համար: Այսօր առավել քան երբեւէ Ռուսաստանի Դաշնությունում կան ռեալ նախանշաններ իսլամի դրոշի տակ հավաքելու այդ երկրում ապրող 21 միլիոն մահմեդականների եթե ոչ բոլորին, ապաՙ զգալի մասին, եւ դրանում, իր մարտնչող իսլամական գաղափարների անարգել տարածմամբ, մեծ դեր ունի Ռուսաստանի Իսլամական Կոմիտեի ղեկավար, ադրբեջանցի Հեյդար Ջամալը:
Ավելացնենք այս ամենին հանուն Կովկասի ռուս-թուրքական դարավոր պայքարի մինչ օրս չմարող առկայծումները եւ Ռուսաստանին Կովկասից դուրս մղելու Թուրքիայի վաղուց փայփայած համաթուրանական նկրտումները: Եթե դիտարկենք այսօր ողջ Կովկասում առկա ռուս-թուրքական շանսերի հարաբերակցությունը, ապա ստեղծված պատկերը ակնհայտորեն Ռուսաստանի օգտին չէ: Կովկասը պահելու գործում ո՞վ է կանգնելու ռուսների կողքին, Թուրքիայի փոքր եղբայր Ադրբեջա՞նը, թե՞ հակառուս Վրաստանը…
Ռուսաստանը պետք է աչքի լույսի պես արժեւորեր Հայաստանի հետ իր ռազմավարական դաշնակցությունը եւ չենթարկեր այն փորձության, ինչպես դա արեց ապրիլյան պատերազմի ժամանակ: Հայաստանը Կովկասում Ռուսաստանի լինելիության միակ պատվարն է եւ այս հանգամանքը մեր երկիրը, որպես Ռուսաստանի վրա ազդեցության միջոց, պետք է լավ օգտագործի: Այսօր հայ-թուրքական սահմանին կանգնած ռուս զինվորն այնտեղ է ոչ այնքան հայերի անվտանգությունն ապահովելու, որքանՙ Ռուսաստանի Դաշնության կովկասյան սահմանը հսկելու անհրաժեշտությամբ: Եվ ռուս որոշ փորձագետների հնչեցրած «սպառնալիքը», թեՙ Հայաստանում շարունակվող հակառուսական տրամադրություններին ի պատասխան Ռուսաստանը ստիպված կլինի դուրս հանել Հայաստանից 102-րդ բանակը, հեռու է լրջությունից:
Հունիսի 3-ին Գերմանիայի Բունդեսթագը ընդունեց պատմական որոշում, ճանաչելով եւ ընդունելով իր հանցակցությունը հայերի բնաջնջման գործում: Հայոց եղեռնի մեջ մեղսակցության առումով Ռուսաստանը թերեւս Գերմանիային հաջորդող երկիրն է, որի ոչ սկզբունքային, երկնչոտ, դավադիր դերը հայոց փրկության գործում հանգեցրին աղետալի հետեւանքների: Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում թուրքերի հայաջինջ քաղաքականության մեջ իր դերն ունեցավ ռուսական գործոնը, ինչը խորացավ քեմալա-բոլշեւիկյան դաշինքի կողմից հայկական տարածքները մսխելու հանցավոր գործարքով: Ռուսաստանի ձեռքում այսօր կա մի զորեղ կռվան, որով նա կարող է ազատվել հայերի նկատմամբ ունեցած իր մեղավորության բեռիցՙ չեղարկել 1921թ.-ի Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագիրը:
Հունիսի 3-ին Բունդեսթագի պատգամավորներից մեկը մեկնաբանելով Գերմանիայի ընդունած բանաձեւը ասաց հետեւյալ տպավորիչ խոսքերը. «Ես հավատում եմ, որ կգա այն օրը, երբ ես կքայլեմ Երեւանից դեպի Արարատ լեռը»:
Այո, Արարատի վերադարձը սոսկ հայության պայքարը չպետք է լինի, ինչին լծված ենք ահա 101 տարի: Արարատի ու նրա շրջակա տարածքների վերադարձը պետք է լինի նաեւ քրիստոնյա աշխարհի եւ ողջ առաջադեմ մարդկության պատվի խնդիրը:
Նյու Յորք